Skip to main content

#ԷմՋիԷմՓարտներս իրավաբանական ընկերության քաղաքացիական եւ վարչական գործերով փաստաբան Սոսե Չանդոյանը «Հարց քաղաքացուց» շարքի շրջանակներում անդրադարձել է քամու հետեւանքով ծառի կոտրվելու արդյունքում քաղաքացու շարժական գույքին վնաս հասցնելու ու դրա փոխհատուցման պատասխանատվությանը։
Ներկայացնում ենք փաստաբանի պարզաբանումը․

Նկարագրված դեպքի մասով տուժած քաղաքացու առաջին քայլը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգն է, որից հետո մեկնելով դեպքի վայր՝ ԱԻՆ աշխատակիցները արձանագրում են տեղի ունեցածը եւ մեքենայի սեփականատիրոջ խնդրանքով տրամադրում ապացույց-քաղվածք, ինչն էլ հիմք է հանդիսանում հետագա գործողությունների համար: Նկատենք, որ եթե մեքենան չունի կասկո ապահովագրություն, ապա տուժած անձի կողմից ներկայացված հայցը բավարարելու դեպքում փոխհատուցման բեռը ընկնում է կոտրված ծառերի մասով՝ քաղաքապետարանի վրա այն պարագայում, եթե ապացուցվի, որ ծառը կոտրվել է օրինակ՝ ծառերի սանիտարական խնամքը՝ էտը, սխալ կազմակերպելու հետեւանքով, իսկ սանիտարական հատումն իրականացվում է քաղաքապետարանի բնապահպանության վարչության փորձագետների կողմից ուսումնասիրության եւ դրանից բխող եզրակացության հիման վրա:

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 30-րդ կետի համաձայն՝ ավագանին ընդունել է Երևանի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների պահպանման և օգտագործման կանոնների վերաբերյալ որոշումներ: Իսկ Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի նոյեմբերի 18-ի «Երևան քաղաքի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների պահպանման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» թիվ 36-Ն որոշմամբ հաստատվել է Երևան քաղաքի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների պահպանման և օգտագործման կանոնները, 4-րդ կետով ամրագրված է՝ ծառերի, թփերի հատումը և բուսաշերտի տեղահանումը իրականացվում է սանիտարական և հակահամաճարակային հսկողություն իրականացնող մարմինների եզրակացության հիման վրա։ Ծառերի ու թփերի հատումը, ինչպես նաև բուսաշերտի տեղահանումն իրականացվում է Երևանի քաղաքապետի կողմից լիազորված մարմնի տրված թույլտվության առկայության դեպքում։

Leave a Reply