«Հարց քաղաքացուց» շարքի շրջանակներում «Էմ Ջի Էմ Փարտներս» իրավաբանական ընկերության տնօրեն Մուշեղ Խաչիկյանը անդրադարձել է սնանկության թեմային։
👉Հաշվի առնելով թեմայի արդիականությունը, քաղաքացիներին հուզող հարցերի բազմազանությունը՝ սնանկության վերաբերյալ անդրադարձը կլինի շարունակական։
1️⃣ Ո՞վ կարող է սնանկ ճանաչվել, ե՞րբ եւ ինչպե՞ս:
✔Սնանկ կարող է ճանաչվել ցանկացած իրավաբանական կամ ֆիզիկական անձ, բացառությամբ ՀՀ-ի, բանկի, վարկային ապահովագրական ընկերության ևւ այլն։ Սնանկությունը լինում է բացառապես դատարանի վճռով սեփական նախաձեռնությամբ կամ հարկադրված՝ պարտատիրոջ պահանջով, եթե պարտապանն անվճարունակ է:
➡️Հարկադրված սնանկության դիմումի հիման վրա պարտապանը դատարանի վճռով կարող է սնանկ ճանաչվել, եթե թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը (2մլն) գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 90-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է (փաստացի անվճարունակություն)։ Վճարային պարտավորությունն անվիճելի է, եթե պարտապանը չի առարկում դրա դեմ։ Ավելի պարզ ասած՝ պարտապանն ունի 2մլն դրամի պարտք, որը 3 եւ ավելի ամիս է՝ չի կարողանում վճարել։
➡️Կամավոր սնանկության դիմում կարող է ներկայացնել, եթե պարտապանի պարտավորություններն օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի և ավելի չափով գերազանցում են պարտապանի ակտիվների արժեքը, այսինքն՝ պարտապանի պարտքը 2մլն դրամ եւ ավելի է, իսկ գույքը՝ դրանից քիչ։
2️⃣ Եթե սնանկ ճանաչվելուց տարիներ հետո անձը որոշում է մարել պարտքերը, ի՞նչ պետք է անի։
✔Սնանկ ճանաչվելով անձը ազատվում է բոլոր տեսակի պարտքերից, գործընթացի ավարտից հետո չի կարող որոշել մարել պարտքերը։
3️⃣ Սնանկ ճանաչվելու հետեւանքները անձի համար, ի՞նչ է պետք հաշվի առնել այդ քայլին գնալուց առաջ։
✔Սնանկության գործընթաց սկսելուց առաջ պետք է գիտակցել, որ ինչ գույք ունես, օտարվելու է, իսկ եթե չունես որեւէ գույք, ապա սնանկ ճանաչվելուց հետո, օրինակ, տեւական ժամանակ բանկերը կմերժեն վարկ տրամադրել եւ այլն։
Ո՞վ կարող է սնանկ ճանաչվել, ե՞րբ եւ ինչպե՞ս․ Հարց քաղաքացուց


