«Հարց քաղաքացուց» շարքի շրջանակներում «Էմ Ջի Էմ Փարտներս» իրավաբանական ընկերությունը շարունակում է անդրադառնալ սնանկության թեմային։ Ընկերության տնօրեն Մուշեղ Խաչիկյանը այս անգամ անդրադարձել է սնանկ ճանաչվող անձի գույքի տնօրինման վերաբերյալ հարցերին։
1․ Ո՞վ եւ ինչպե՞ս է տնօրինում սնանկ ճանաչվող անձի գույքը։
-Նախ պետք է նկատի ունենալ, որ պարտապանի գույքի կազմում ներառվում են պարտապանին պատկանող ցանկացած գույքը, ներառյալմտավոր սեփականության օբյեկտ կամ այլ գույքային իրավունքներ, ինչպես նաև երրորդ անձին պատկանող ապահովված իրավունքի առարկաները: Պարտապանին սնանկ ճանաչելուց հետո մինչև նրա վերաբերյալ լուծարելու մասին որոշում ընդունելը, պարտապանի ղեկավարը գործում է կառավարչի համաձայնությամբ և նրա հսկողության ներքո։ Պարտապանի ղեկավարին արգելվում է պարտապանի գույքը տնօրինելու կամ պարտապանի համար գույքային պարտավորություն առաջացնող ցանկացած գործողություն կատարել առանց կառավարչի թույլտվության: Պարտապանին պատկանող գույքի տնօրինումը նրա լուծարման մասին որոշում կայացնելուց հետո իրականացնում է կառավարիչը։ Լուծարումից հետո պարտապանի ղեկավարը զրկվում է գույքը տնօրինելու և կառավարելու իրավունքներից:
2․ Եթե սնանկ ճանաչվող անձը ունի գույք՝ տուն, մեքենա, կամ համասեփականատեր է, ի՞նչ է սպասվում նրան։
-Սնանկ ճանաչվող անձի գույքի վրա բռնագանձում տարածվում է։ Բայց օրենքով սահմանվում է, թե որ գույքի վրա բռնագանձում չի կարող տարածվել։ Ըստ այդմ՝ բռնագանձում չի կարող տարածվել ֆիզիկական անձ պարտապանին պատկանող միակ բնակարանի վրա, որը հանդիսանում է մշտական բնակության միակ վայր, և որի մեկնարկային գինը հավասար կամ ցածր է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարից, այն է՝ 4,9 մլն դրամ։ Այսինքն՝ այդ գումարը տալիս ես սնանկ ճանաչված անձին՝ որպես վերջին կացարանի գումար, իսկ մնացած գումարը ըստ հերթականության բաշխվում է պարտատերերի միջեւ։ Համասեփականատեր լինելու դեպքում բռնագանձումը տարածվում է միայն սնանկ ճանաչված անձի գույքի մասնաբաժնի վրա, մյուս սեփականատերերի գույքի վրա բռնագանձում չի տարածվում։
3․ Ամուսինների դեպքում եթե մեկը սնանկ է ճանաչվում, մյուսի գույքի, աշխատավարձի վրա կարո՞ղ է բռնագանձում տարածվել, ինչպե՞ս է դա ազդում։
-Եթե գույքը համատեղ սեփականություն է, ձեռք է բերվել ամուսնությունից հետո, ապա սնանկ ճանաչված անձի մասով բռնագանձում կտարածվի։ Իսկ սնանկ ճանաչվող անձի ամուսնու/կնոջ աշխատավարձի վրա բռնագանձում չի տարածվում։



