Skip to main content

❓❓❓Հարց քաղաքացուց. ժառանգությունն ըստ կտակի, ե՞րբ եւ ինչպե՞ս է բացվում ժառանգությունը

✅«Հարց քաղաքացուց» շարքի շրջանակներում «Էմ Ջի Էմ Փարտներս» իրավաբանական ընկերությունը շարունակում է անդրադառնալ ժառանգության վերաբերյալ հիմնական հարցերին:
Փաստաբան👩‍🎓 Լուսինե Գրիգորյանն այս անգամ անդրադարձել է ըստ կտակի ժառանգությանը, ինչպես նաեւ ժառանգության բացմանն ու ընդունմանը:
1. Ինչպե՞ս է իրականացվում ժառանգումն ըստ կտակի: 👇
➡️Ըստ կտակի ժառանգման դեպքում՝ անձը մինչև իր մահը կազմում է կտակ, որում արտահայտում է իր կամքը, թե ում կանցնի իր գույքը իր մահվանից հետո։
➡️Եթե ըստ օրենքի ժառանգման դեպքում ժառանգատու կարող է լինել ցանկացած անձ՝ անկախ գործունակության աստիճանից, ապա կտակ կարող է կազմել բացառապես գործունակ անձը։
➡️Եթե կա կտակ, գործում է անձի կտակով արտահայտված կամքը։ եթե չկա կտակ, գործում է ժառանգումն ըստ օրենքի։ Կտակի վավեր լինելու հիմնական պայմանը օրենքով սահմանած ձևի պահպանումն է, այսինքն, կտակը պետք է կազմվի գրավոր՝ նշելով այն կազմելու վայրը, ժամանակը, անձամբ ստորագրվի կտակարարի և վավերացվի նոտարի կողմից։
➡️Եթե ըստ օրենքի ժառանգման դեպքում ժառանգների շրջանակը և նրանց անցնելիք բաժինների չափը որոշված է օրենքով և թվով չորս հերթերի ժառանգները ժառանգատուի հետ գտնվում են ազգակցական կապի մեջ, ապա ըստ կտակի ժառանգման դեպքում ժառանգատուն ազատ է և կարող է ընտրել ցանկացած մեկին, ում կցանկանա փոխանցել իր գույքը։ Ժառանգատուն կարող է իր գույքը կտակել նաև իր հարևանին։ Սակայն, կտակ կազմելու ազատությունը սահմանափակվում է ժառանգության պարտադիր բաժնի վերաբերյալ կանոններով: Մասնավորապես, ժառանգատուի անչափահաս և անաշխատունակ ժառանգները ժառանգական գույքում պարտադիր բաժին ունեն եւ դրանից չեն կարող զրկվել կտակի ուժով:

2. Ինչպե՞ս է ընդունվում ժառանգությունը։👇
➡️ Ժառանգությունը ձեռք բերելու համար ժառանգը պետք է այն ընդունի։ Ժառանգությունն ընդունվում է ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին ժառանգի կամ ժառանգի լիազորված ներկայացուցչի դիմումը ժառանգատուի մահվան օրվանից 6 ամսվա ընթացքում ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելով։ Ժառանգության բացման վայրը ժառանգատուի բնակության վերջին վայրն է, և եթե այն արտասահմանում է կամ անհայտ, ապա ժառանգության բացման վայր է համարվում ժառանգության զանգվածի մեջ մտնող անշարժ գույքի կամ դրա առավել արժեքավոր մասի (անշարժ գույքի բացակայության դեպքում՝ շարժական գույքի կամ դրա առավել արժեքավոր մասի ) գտնվելու վայրը։
➡️Ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում նաև այն դեպքում, երբ ժառանգը ժառանգատուի մահից հետո վեց ամսվա ընթացքում առանց ընդմիջումների փաստացի տիրապետում կամ կառավարում է ժառանգված գույքը, ներառյալ, երբ ժառանգը միջոցներ է ձեռնարկում գույքը պահպանելու և այն երրորդ անձանց ոտնձգություններից կամ հավակնություններից պաշտպանելու համար, իր հաշվին կատարում է գույքը պահպանելու ծախսերը։ Իրավական պրակտիկայում այս եղանակով ժառանգության ընդունումը կոչվում է փաստացի տիրապետման ուժով ժառանգության ընդունում, որի ապացուցման բեռը կրում է հենց այդ փաստը վկայակոչող կողմը։
➡️Բարդություններից խուսափելու համար նախընտրելի է սահմանված 6 ամսյա ժամկետում ներկայացնել դիմում և համարվել ժառանգությունն ընդունած ժառանգ։

Շարունակելի… 👌
Ժառանգության վերաբերյալ ցանկացած հարցով խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել «Էմ Ջի Էմ Փարտներս» իրավաբանական ընկերության գրասենյակ:

Leave a Reply