Skip to main content

Ինչպես հայտնել էինք, «Էմ Ջի Էմ Փարտներս» ընկերության «Հարց քաղաքացուց» նախագծի շրջանակներում մեր մասնագետները կանդրադառնան քաղաքացիներին հուզող բազմաթիվ հարցերի:

Եւ այսպես, առաջին թեման, որին անդրադարձել ենք, ժառանգությունն է՝ անխուսափելի իրողություն, որին բոլորս առնչվել կամ առնչվելու ենք, հետեւաբար՝ ոլորտի իրավական կարգավորումները իմանալը կարեւոր է:

《Էմ Ջի Էմ Փարտներս》-ի փաստաբան Լուսինե Գրիգորյանը անդրադարձել է ժառանգության մասին ամենահիմնական հարցերին:

1․ Ի՞նչ է ժառանգությունը, ինչպե՞ս է իրականացվում։

Ժառանգությունը քաղաքացու մահվանից հետո մնացած գույքն է, ժառանգատուի գույքային այն իրավունքներն ու պարտականությունները, որոնք չեն դադարում նրա մահվամբ, այլ կարող են փոխանցվել նրա ժառանգներին։ Ժառանգությունը կատարվում է երկու ձևով ՝ ըստ կտակի և ըստ օրենքի։ Ժառանգությունը կատարվում է ըստ օրենքի, եթե չկա կտակ:

2․ Ինչպե՞ս է իրականացվում ժառանգությունն ըստ օրենքի:

Ըստ օրենքի ժառանգության դեպքում ժառանգական գույքն անցնում է օրենքով նախատեսված հերթերով ժառանգներին։ Օրենքը հստակ սահմանում է 4 հերթի ժառանգներ, դրանք են՝ 1-ին հերթի ժառանգներ՝ ժառանգատուի ամուսինը, ծնողները, երեխաները, թոռները՝ ներկայացման իրավունքով: Այն դեպքում, երբ առաջին հերթի ժառանգներից և ոչ մեկը կենդանի չէ, կամ այն դեպքում, երբ այդպիսիք կան, սակայն ժառանգատուն իր կտակով զրկել է այս կամ այն ժառանգին, կամ եթե ժառանգներն իրենք են հրաժարվել գույքը ժառանգելուց, կամ եթե այդպիսիք ճանաչված են անարժան ժառանգ, ապա ժառանգության են հրավիրվում երկրորդ հերթի ժառանգները:

2-րդ հերթի ժառանգներն են ժառանգատուի հարազատ համահայր կամ համամայր եղբայրները, քույրերը։ 3-րդ հերթի ժառանգներն են ժառանգատուի հայրական և մայրական կողմի պապն ու տատը, 4-րդ հերթի ժառանգներն են ժառանգատուի ծնողների եղբայրները և քույրերը (հորեղբայրներ, հորաքույրներ, քեռիներ, մորաքույրներ)։

Շարունակելի..

Ժառանգության վերաբերյալ ցանկացած հարցով խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել #ԷմՋիԷմ_Փարտներս գրասենյակ։

Leave a Reply