Skip to main content

Ես արդեն պատմել եմ, թե ինչպես եմ իրականացրել «սև» արդարադատություն, որով այնքան հպարտանում եմ:  Իսկ ուզու՞մ եք տեսնել այն մուսային, որը Մուսա լեռան պես կանգ-նեց իմ թիկունքին ու ինձ վարակեց այդ անելու անդիմադրելի ոգով ու տենդով:  Ուզու՜մ եք, և նա արժանի է Ձեր հետ ծանոթանալու, իսկ դուք էլ երբեք չեք զղջա դրա համար:

Հեռավոր 2000 թվականն էր, իսկ ես ընդամենը սկսնակ դատավոր էի` 2 տարվա, բայց հարուստ փորձով:  Աշխատում էի ՀՀ տնտեսական դատարանում և քննում էի առավելապես հարկային գործեր:  Հարկային օրենսդրությունը շատ բարդ ու ծավալուն էր, բայց ես արդեն տիրապետում էի դրա այբուբենին ու նոտաներին, որոնք միանգամայն բավարար էին հարկային ծովում առանց փրկարար օղակի լող տալու և հարկային օպերաներ ու սիմֆոնիաներ գրելու համար:

Այդ ժամանակահատվածում «ԱրմենԹել» ընկերության սեփականատերերը հույներ էին` իրենց օֆշորային կազմակերպություններով, և լուրջ խնդիրներ էին ծագել այդ ընկերության ու Հայաստանի կառավարության միջև, այնքան լուրջ, որ վեճի լուծմամբ զբաղվելու էր Լոնդոնի արբիտրաժը, իսկ այնտեղ Հայաստանի շահերը ներկայացնելու էր ամերիկյան մի իրավաբանական ընկերություն, որի գործընկերը հանդիսացող մի ամերիկահայ փաստաբան արդեն Երևանում էր:

Մի գեղեցիկ օր արդարադատության նախարարից ստացա հեռախոսազանգ, որն ավարտվեց հանդիպման մասին պայմանավորվածությամբ:  Հանդիպումը կայացավ, իսկ դրա բուն նպատակը հետևյալն էր:  Լոնդոնի արբիտրաժում Հայաստանի շահերը ներկայացնող ամերիկյան իրավաբաններին անհրաժեշտ էր ծանոթացնել Հայաստանի հարկային օրենսդրությանն այն չափով, որը բավարար կլիներ արբիտրաժում հաղթանակ տանելու համար:  Հաշվի առնելով անգլերենի իմ իմացությունը և հարկային օրենսդրության հետ ունեցածս ջերմ կապերը, կառավարությունում որոշել էին ինձ վերապահել այդ առաքելությունը, որը կատարելու համար մեկ շաբաթով պետք է գործուղվեի ԱՄՆ` Նյու-Յորք, իսկ դրա համար պահանջվում էր իմ համաձայնությունը, քանի որ գործուղման բուն նպատակը քողարկվելու էր:  Ես տվեցի համաձայնությունս և հետագայում էլ երբեք չփոշմանեցի դրա համար, քանի որ հենց այդ ուղևորության ընթացքում ես հանդիպեցի այն մուսային, որի մասին պատմելու եմ:

Մի քանի օր անց ես արդեն Նյու-Յորքում էի և տեղավորվել էի մի շքեղ հյուրանոցում:  Ամեն առավոտ` նախաճաշից հետո, հյուրանոցի մուտքի մոտ ինձ սպասում էր մի ավտոմեքենա, որն ինձ փոխադրում էր «աշակերտներիս» մոտ:  Օրն անցնում էր նրանց գրասենյակում` հայկական հարկային օրենսդրության թնջուկները լուծելով:  Երեկոյան հյուրընկալողներիս ուղեկցությամբ շրջում էի քաղաքում, նախընտրելով այն վայրերը, որտեղ լինել չէի հասցրել 1992թ. Նյու-Յորքում առաջին անգամ եղածս ժամանակ:  Ընթրելուց հետո հրաժեշտ էինք տալիս իրար` հանգստանալու և հաջորդ օրը կրկին հանդիպելու ակնկալիքով:

Հյուրանոցում հանգստանալ նշանակում էր հեռուստացույց դիտել և քնել:

Վերջին գիշերն էր:  Առավոտյան մեկնելու էի:  Իրերս հավաքելուց և ճամպրուկում տեղավորելուց հետո որոշեցի ծանոթանալ վերջին լուրերին ու անմիջապես քնել.  հոգնել էի անընդհատ հարկային խաչբառեր լուծելուց:  Բայց ճակատագիրն այլ բան էր կանխորոշել ու լուրերն ավարտվելուն պես ինձ մատուցեց այնպիսի մի անակնկալ, որն անմիջապես փախցրեց քունս ու ինձ գամեց հեռուստացույցին:  Էկրանին մեկնարկելիք ֆիլմի վերնագիրն էր, որը մոռացության տվեց ամեն ինչ ու ինձ մտովի դարձրեց այդ ֆիլմի գլխավոր հերոսը:  Իհարկե, ես այդ դերը խաղացի տարիներ անց` Հայաստանում, բայց հպարտ եմ նրանով, որ ես այն խաղացի ոչ թե ֆիլմում` ինչպես ամերիկացի դերասանը, այլ իրական կյանքում` որպես գործող դատավոր:

«Սև արդարադատություն».  սա էր ֆիլմի վերնագիրը, և այն առավել, քան խոստումնալից էր:  Ակնհայտ էր, որ առջևում շատ վեհ, առեղծվածային ու անկանխատեսելի սցենար էր սպասում, և ես ավելի շուտ բաց կթողնեի առավոտյան կայանալիք թռիչքը, քան կեսգիշերին սկսվող այդ ֆիլմը, որի հերոսը տպավորվեց իմ մեջ ու դարձավ իմ մուսան:

Հիմա, երբ պատմեմ ֆիլմը, դուք էլ կհամոզվեք, որ խոսքն իսկապես նախադեպը չունեցող իրադարձության մասին է` արդարադատություն բառի բուն իմաստով, բայց սև` դարձյալ այդ բառի բուն իմաստով:

Անհամբեր շարժումներ եք կատարում, կարծես թե պատրաստ եք արդարադատության գույները զանազանելուն:  Դե սկսենք:

Ասում են, որ մաֆիան անմահ է:  Այսպիսի խոսքերը ծնվում են կյանքի փորձից:  Բայց այդ նույն փորձը ցույց է տալիս, որ կյանքի մայրուղին երկկողմանի երթևեկություն է ենթադրում, իսկ միակողմանի ճանապարհը համ կարճ է լինում, համ էլ ավարտվում է մահակով:  Չէ՞ որ կատվի վազքը մինչև  մարագն է, իսկ սեպն էլ հանում են մեկ այլ սեպով:  Ուրեմն մաֆիան էլ անմահ չէ.  նրա դահիճն արդարադատությունն է` սև, թե սպիտակ:

Իզուր չհիշատակեցի մաֆիան:  Ամերիկյան մաֆիայի պարագլուխներից մեկի մասին էր ֆիլմը, բայց գլխավոր հերոսը նա չէր:  Գլխավոր հերոսը կբացահայտվի վերջում:

Մաֆիայի պարագլխի չարագուշակ համբավը լայնորեն տարածված էր:  Նրա ձեռքերը թաթախված էին բազմաթիվ անմեղ մարդկանց արյամբ, բայց նա ցոփ ու շվայտ կյանք էր վարում, ամեն անգամ ինչ-որ հրաշքով սպրդելով ոստիկանության կազմակերպած դարանակալումներից:  Տարիներն անցնում էին, նրա համբավն ավելի ու ավելի ահասարսուռ էր դառնում, իսկ ոստիկանությանն էլ չէր հաջողվում նրան կանգնեցնել այնպիսի փաստի առաջ, որից նա չկարողանար խույս տալ:

Վերջապես մի օր բախտը կարծես ժպտացել էր ոստիկանությանը:  Հաջողվել էր ձեռք բերել մաֆիայի պարագլխին մեղսագրվող հերթական ծանր հանցագործությունը հենց նրա ձեռքով կատարված լինելու փաստը հաստատող ապացույց և կալանավորել հանցագործին:                  

Տեղի ժողովուրդը հանգիստ շունչ քաշեց:  Բոլորը հրճվում էին այն մտքից, որ մաֆիայի պարագլխի վերջը եկավ:  Նրան մահապատիժ էր սպառնում, եթե դատարանում ապացուցվեր նրա մեղքը:

Սպասումի դաժան օրերն անցան, եկավ դատավարության օրը:

Դատական նիստի դահլիճը լեփ-լեցուն էր, ազատ նստատեղեր չկային, և շատերն էլ կանգնած էին մնացել:

Արդեն զբաղված էին նաև երդվյալ ատենակալների և կողմերի համար նախատեսված տեղերը:  Ամբաստանյալի ձեռքերը շղթայված էին, իսկ նրան պաշտպանելու համար ներկայացել էր փաստաբանների մի ստվար զանգված:  Ակնհայտ էր, որ նա փող չէր խնայել այս անգամ ևս սպրդելու համար:

Ներս մտավ դատավորը` երիտասարդ մի տղա, զբաղեցրեց իր տեղը, սկսեց դատավարությունը և նախապատրաստական գործողությունները կատարելուց հետո ձայնը տվեց մեղադրող կողմին` դատախազներին:  Նրանք մի քանիսն էին և հերթով ներկայացրին մեղադրանքներն ու դրանք հաստատող ապացույցները, որոնք շատ ծանրակշիռ էին թվում:

Հերթը հասավ ամբաստանյալի փաստաբաններին:  Բոլորը, և հատկապես դատավորն ու երդվյալ ատենակալները, անհամբեր սպասում էին, թե ինչպես են փաստաբանները հակադարձելու դատախազներին:  Փաստաբանները սկսեցին հեռվից և իրար հերթ չտալով վիճարկում էին ոստիկանության այն գործողությունները, որոնք հանգեցրել էին մաֆիայի պարագլխի կալանավորմանը և մեղադրական ապացույցների ձեռք բերմանը:

Դահլիճում մթնոլորտը գնալով շիկանում էր:  Կարծես թե փաստաբանների խոսքը գնալով ավելի ու ավելի վճռական և համոզիչ էր հնչում, ինչը դահլիճում ներկաներին ջղաձգում էր:  Աստիճանաբար տեսանելի էր դառնում, որ արդարադատությունն այս անգամ էլ էր անզոր գըտ-նըվելու:

Այդպես էլ եղավ:  Փաստաբաններն իրենց խոսքն ավարտեցին այն համոզիչ ու փաստարկված պնդմամբ, որ ոստիկանությունն ամենակարևոր ու վճռորոշ ապացույցը ձեռք է բերել օրենքի խախտմամբ, և այն պետք է դուրս բերվեր ապացույցների կազմից:  Սա նշանակում էր, որ դատախազների առաջադրած և հիմնավոր թվացող մեղադրանքները մեկը մյուսի հետևից փլուզվելու էին:

Միայն ամբաստանյալի և նրա փաստաբանների դեմքերն էին ողողված ժպիտներով:

Մյուսները խիստ մտահոգված էին:  Մտահոգությունը տեսանելի էր նաև երիտասարդ դատավորի դեմքին:  Նա չէր էլ կասկածում, որ ոճրագործը հենց ամբաստանյալն է` մաֆիայի պարագլուխը, բայց ոչինչ անել չէր կարող, քանի դեռ չէր հնչել ամբաստանյալի մեղավորության կամ անմեղության մասին երդվյալ ատենակալների վերդիկտը:

Դատաքննությունն ավարտվեց, և երդվյալ ատենակալները հեռացան խորհրդակցական սենյակ:  Դատավորը  մնաց իր տեղում և սպասումի ծանր րոպեների ընթացքում կարծես թե ծերացավ:

Ի վերջո, երդվյալ ատենակալները վերադարձան, և նրանցից ավագը դահլիճի լռությունը ճեղքեց վերդիկտի հրապարակմամբ` «Անմեղ է»:

Դահլիճը թնդաց ամբաստանյալի փաստաբանների ծափերից:  Նրանք գրկախառնվում և շնորհավորում էին միմյանց:  Հաղթանակը մեծ էր, մեծ էր նաև դրա դիմաց ստանալիքը:

Ամբաստանյալը սպասողական հայացքն ուղղել էր դատավորին, իսկ նա կարծես թե չէր հավատում իր ականջի լսածին:  Վերդիկտը հրապարակած երդվյալ ատենակալն այն հանձնեց դատավորին:  Անձամբ ընթերցելով այն ու հավաստիանալով, որ ամբաստանյալն անմեղ է ճանաչվել, դատավորը կարգադրեց հանել նրա ձեռքերն օղակած ձեռնաշղթաները և ազատ արձակել նրան:  Այլ բան անել դատավորը չէր կարող` ըստ օրենքի:  Բայց դա միայն ըստ օրենքի և միայն բոլորի տեսադաշտում:  Իսկ օրենքից վե՞ր և աչքից հեռու՞:  Շարունակենք հետևել իրադարձություններին:

Դատական նիստն ավարտվեց:

Ամբաստանյալն իր շքախմբի ուղեկցությամբ դուրս ելավ դահլիճից` հեգնական ու ամբարտավան ժպիտը դեմքին, ծանր ու մեծ քայլերով հասավ դատարանի շենքի շքամուտքին, հաղթական մի հայացք ձգեց դեպի հետ ու սկսեց աստիճաններով իջնել դեպի փողոց, որտեղ նրան սպասում էր մի շքեղ լիմուզին:  Նրա ուղեկիցներից մեկը թանկարժեք մի սիգար հրամցրեց նրան, մյուսը մոտեցրեց կրակայրիչը, երրորդը բացեց լիմուզինի հետևի դուռը, և նա առոք-փառոք տեղավորվեց մեքենայում:  Լիմուզինը հանդիսավոր կերպով շարժվեց:

Իսկ ի՞նչ էր տեղի ունենում դատարանում:  Կարծես թե ոչ մի արտառոց բան:  Դատավորը դահլիճից մտավ իր առանձնասենյակը, վրայից հանեց ու զգեստապահարանում կախեց պատ-մուճանը, այդ նույն պահարանից հանեց ու հագավ ջինսե մի սովորական բաճկոն, ապա` բացեց չհրկիզվող պահարանը, այնտեղից ինչ-որ բան վերցրեց, դրեց ծոցագրպանում ու դուրս եկավ սենյակից:  Իջնելով ծառայողական բակը, դատավորը մոտեցավ այնտեղ կանգնած մոտոցիկլե-տին, գլխին դրեց սաղավարտը, գործի գցեց մոտոցիկլետի շարժիչը և ծառայողական բակից դուրս եկավ դեպի փողոց:  Թվում էր, թե նա տուն է գնալու, բայց նրան սպասում էին ոչ թե տանը, այլ փողոցում, ընդ որում, սպասողն ինքն էլ չգիտեր, որ սպասում է նրան:

Քիչ անց մաֆիայի պարագլխի լիմուզինը և դատավորի վարած մոտոցիկլետը հայտնվեցին նույն փողոցում:  Առջևից գնում էր լիմուզինը, իսկ նրան կրնկակոխ, բայց  աննկատ ու համաչափ ընթացքով հետապնդում էր մոտոցիկլետով դատավորը, ով առանց պատմուճանի և սաղավարտով անճանաչելի էր:

Քողարկված հետապնդումը երկար չտևեց:  Առջևում խաչմերուկ էր, իսկ լուսացույցի գույնը` կարմիր:  Փողոցում նույն ուղղությամբ գնացող մեքենաներ չկային, և լիմուզինը, հասնելով «կանգ» գծին, կանգ առավ:  Հենց դրան էր սպասում դատավորը:  Կտրուկ ավելացնելով մոտոցիկլետի արագությունը, նա ակնթարթորեն մոտեցավ լիմուզինին ու կանգ առավ դրա հետևի դռան մոտ:  Լիմուզինի ապակիներն անթափանցելիորեն մգեցված էին, և ներսը չէր երևում, բայց դատավորը կասկած անգամ չուներ, որ մաֆիայի պարագլուխը նստած էր սրահի հետնամասում:

Դատավորը բարձրացրեց ձեռքը և թակեց լիմուզինի հետևի դռան ապակին:  Ոչինչ չկասկածելով, մաֆիայի պարագլուխը սեղմեց ապակին իջեցնող կոճակը և զարմացած հայացքն ուղղեց սաղավարտով մոտոցիկլավարին, փորձելով հասկանալ, թե ով է նա և ինչ է ուզում:  Թե ով էր նա, ես գիտեի, բայց թե ինչ էր ուզում, իմացա երբ նա կատարեց իր ուզածը:  Դատավորն ակնթարթորեն ծոցագրպանից հանեց խլացուցիչով մի ատրճանակ, փողի ծայրը սեղմեց մա-ֆիայի պարագլխի ճակատին, կրակեց ու կատաղի արագությամբ սլացավ առաջ:  Սա ֆիլմի վերջին դրվագն էր, և ավելին պետք էլ չէր:  Համոզված լինելով, որ իր առջև անուղղելի ոճրագործն էր, դատավորը ոչ միայն վճռեց, որ նա արժանի էր մահապատժի, այլև սեփական ձեռքով ի կատար ածեց այն ու հանգիստ խղճով վերադարձավ իր ծանր գործին:  Ճիշտ է, դատավորի արածն օրենքից դուրս էր, բայց դա էր արդարադատության պահանջը` նրա ընկալմամբ, և ես դարձա նրա երկրպագուն ու զինակիցը, իսկ նա` իմ մուսան:  Պատահական չէ, որ ֆիլմի վերնագիրն էլ վկայակոչում է սև, բայց արդար դատություն, արդարությունը դասելով ամեն ինչից վեր:

Հանրահայտ է, որ մուսաները չեն լռում:  Չլռեց նաև իմ մուսան:

Ես վերադարձա Ամերիկայից ու անցա իմ սովորական գործերին, բայց հարմար առիթով արդարության գույնն անտեսելու և սև, բայց արդար դատություն իրականացնելու մարմաջն ինձ ուղեկցում էր անընդհատ:

Ի վերջո, պատեհ առիթը ծառացավ իմ առաջ, և հնչեց իմ մուսայի հրամայական ձայնը:  Ես իրական կյանքում, ոչ թե ֆիլմում իրականացրի արդարադատություն, որը վեր էր օրենքից ու կարող էր կոչվել «սև», բայց որ դա իսկապես արդարադատություն էր, կասկածի տակ չդրեց անգամ դրանից տուժած կողմը:  Հետաքրքրե՞ց:  Լավ է, բայց դրա մանրամասներին ծանոթանալ ցանկացողները պետք է ընթերցեն հենց դրան նվիրված պատմությունը, որը գրել չեմ զլացել:

Եթե ձեզ հանդիպի «Արդարություն օրենքից վեր կամ «սև» արդարադատություն» վերնագրով ստեղծագործություն, իմացեք, որ դա հենց այն է, ինչ փնտրում էիք:  Ով փնտրում է, նա գտնում է:  Ուրեմն փնտրեք նաև դուք, և անպայման կգտնեք:     

Leave a Reply