Skip to main content

Խոսքը վերաբերում է «Կիլիկիա» գարեջրի դատարկ շշին, որի դիմաց ստանում ես գարեջրով լի շիշ` չվճարելով շշի արժեքը:  Բայց սա կարող ես անել միայն «Կիլիկիա» գարեջրի գործարանի ֆիրմային խանութներում, եթե գիտես դրանց տեղը և դրանցում կիրառվող այս հնարքը:  Այս մասին ես չգիտեի ոչ միայն այն պատճառով, որ գարեջուր չեմ սիրել և չեմ գնել, այլ այն պատճառով, որ առիթ չէի ունեցել ծանոթանալու գարեջրի շուկայի ծակուծուկերին:  Բայց ոչինչ, դարձիր դատավոր, և ամեն ինչին տակուգլխից ծանոթանալու առիթները հերթ կկանգնեն այնպես, որ գլուխդ կպտտվի, և կմոռանաս, թե բուն ինչ կրթություն ես ստացել:  Վեճեր ծագում են կյանքի անխտիր բոլոր ոլորտներում, ուր մարդ արարածը ոտք է դրել, և այդ վեճերը լուծող դատավորն ինքն էլ, ուզի, թե չուզի, ոտք է դնում համապատասխան ոլորտ և յուրացնում առնվազն դրա այբուբենը:

2000-ական թվականների սկիզբն էր:  Ես ՀՀ տնտեսական դատարանի նորանշանակ դատավորներից մեկն էի, բայց արդեն հասցրել էի յուրացնել այդ դատարանում քննվող գործերի շարքում քանակապես առավելություն կազմող հարկային գործերի ու դրանց քննության ժամանակ կիրառելի օրենքների նոտաներն այնպես, որ, ներողություն անհամեստությանս համար, հարկային սիմֆոնիաներ էի գրում վճիռների ձևով, և դրանք դահլիճում ընդունվում էին ծափահարություններով:  Ծափահարողները բացառապես հարկային մարմինների հակառակորդներն ու նրանց զինակիցներն էին:  Ես 9 տարի աշխատեցի ՀՀ տնտեսական դատարանում, և այդ ողջ ընթացքում հանրապետության ամբողջ հարկային համակարգն ինձ մոտ 9 գործ չշահեց:  Ինչու՞:  Որովհետև այդ համակարգի աշխատողները քնում և արթնանում էին միայն մեկ մտայնությամբ` հնարավորինս շատ գումարներ հասցնել պետական բյուջե:  Դարձյալ հարց է ծագում` ինչու՞:  Որովհետև տնտեսավարող սուբյեկտներին լրացուցիչ վճարման առաջադրված գումարների 10 տոկոսն ուղղվում էր այդ գումարներն առաջադրող հարկային աշխատողների նյութական խրախուսմանը` պարգևավճարների ձևով, և նրանց ախորժակն ուտելիս ավելի էր բացվում:  Նրանք մոռանում էին իրենց կերածը նախ եփել իրավական նորմերի կաթսայում և անընդհատ փորձում էին ուտել օրենքով չհամեմված հում կամ կիսահում ուտելիք:  Իսկ ես մտածում էի նրանց առողջության մասին և թույլ չէի տալիս տուրք տալ իրենց ստամոքսի պահանջներին ու որկրամոլությանը:  Ես նրանց միշտ քարոզում էի սեղանից վեր կենալ նախքան կշտանալը և ուտել միայն այն ու միայն այնքան, ինչ և ինչքան ցուցված էր հարկային հարաբերությունները կարգավորող բժշկի` հարկային և այլ օրենսդրության, կողմից:  Բայց ես ասում էի, ես էլ լսում էի:  Արդյունքը լինում էր այն, որ նրանք դահլիճից հեռանում էին սրտխառնոցով և կերածը փսխելով:

Այդպես եղավ նաև «Կլիլիկիա» գարեջրի գործարանի գործով:

Հարկային տեսչությունը ստուգում էր իրականացրել գործարանում և արդյունքում կազմած ստուգման ակտով գործարանին պետական բյուջե լրացուցիչ վճարման ենթակա հարկային պարտավորությունների գումար էր առաջադրել շուրջ 190.000.000 դրամի չափ, համարելով, որ գործարանն այդ չափով քողարկել կամ պակաս էր հաշվարկել իր վճարելիք հարկերը:

Գործարանը ներգրավել էր փաստաբանի, և վերջինիս կազմած` հարկային ստուգման ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին հայցադիմումը մուտքագրվել էր ՀՀ տնտեսական դատարանի գրասենյակ, բայց հաջորդ օրն իսկ հետ էր վերցվել:  Բանն այն էր, որ ես երկու օր հետո արդեն արձակուրդում էի լինելու, և գործարանի սեփականատերերը, տեղեկանալով այդ մասին, հասկացել էին, որ իրենց հայցադիմումը կհանձնվի մեկ այլ դատավորի, մինչդեռ նրանք ցանկանում էին, որ հենց ես քննեմ իրենց գործը:  Երբ արձակուրդս սպառվեց և ես ներկայացա աշխատանքի, հայցադիմումը կրկին ներկայացվեց:  Թե ի՞նչ հրաշքով, չգիտեմ, բայց հայցադիմումը հանձնվեց հենց ինձ:  Երևի գործարանի սեփականատերերն Աստծո նվիրյալներ էին և շատ էին աղոթել դրա համար, իսկ Աստված ականջալուր էր եղել նրանց աղոթքին ու հաղթանակի ակնկալիքով կատարել էր նրանց կամքը:  Ամե՜ն:

Ես հայցադիմումը վարույթ ընդունեցի, ծանոթացա գործում եղած փաստաթղթերին և սկսեցի գործի քննությունը, որը տևեց շուրջ յոթ ամիս:  Երկու կողմերն էլ նախանձախնդիր կերպով հաճախում էին դատական նիստերին:  Գործարանի երկու սեփականատերերը, որոնցից մեկը նաև գործարանի տնօրենն էր, պարտադիր ուղեկցում էին փաստաբանին ու երբեք չէին լքում դահլիճը նախքան դատական նիստի ավարտը:   Հարկային տեսչության ներկայացուցիչների կազմը ժամանակ առ ժամանակ ավելանում կամ նվազում էր, բայց իրավախորհրդատուն և ստուգմանը մասնակցած տեսուչներից 2-ը մշտապես ներկայանում էին դատական նիստերին ու ակտիվորեն մասնակցում էին գործի քննությանը:  Այս առումով կարծես թե ամեն ինչ նորմալ էր, քանի դեռ գործի հասարակական հնչեղությունը չէր անցել սովորական սահմանը:

Որպեսզի ընթացքում հարցեր չառաջանան, ստիպված եմ անդրադառնալ ստուգման ակտով արձանագրված առաջին դրվագին, որի շրջանակներում հաշվեգրվել էր ամբողջ ակտով լրացուցիչ վճարման առաջադրված գումարի գրեթե կեսը` շուրջ 90.000.000 դրամ:

Ստուգողները հավաստի չէին համարել և չէին ընդունել գործարանի տնօրենի այն պնդումները, թե գործարանի ֆիրմային խանութներում, որոնք Երևանում մի քանիսն էին, շշով գարեջուր չի վաճառվում, քանի դեռ գնորդը չի հանձնում այնքան դատարկ շիշ, որքան լիքը շիշ ցանկանում է գնել.  հանձնե՞լ ես 5 դատարկ շիշ, կստանաս 5 շիշ գարեջուր` վճարելով միայն շշի պարունակությունը կազմող գարեջրի գինը, չե՞ս հանձնել ոչ մի դատարկ շիշ, չես կարող շշով գարեջուր գնել:  Ըստ ստուգողների, գործարանը ֆիրմային խանութներում ևս առանց վերապահումների վաճառել էր շշով գարեջուր, գանձել նաև շշի գինը կազմող գումարները և դրանք թաքցրել հարկային հսկողությունից` չներառելով հարկման ենթակա եկամուտների կազմում:  Գործարանի հաշվապահական փաստաթղթերը պատշաճ ձևով կազմված էին ֆիրմային խանութներին վերաբերվող պնդումներին համապատասխան:  Հարկային տեսչությունը հակառակը պնդում էր, բայց առանց համապատասխան ապացույցների, չնայած ապացուցման պարտականությունը կրում էր հենց ինքը:  Չգիտես ինչու, այս դրվագը որոշակի հետաքրքրություն էր առաջացրել կառավարական որոշ շրջանակներում, և դրա ձայնը շուտով լսվեց:

Մի օր արդարադատության նախարարն ինձ հրավիրեց իր մոտ և սկսեց ընկերաբար հետաքրքրվել «Կիլիկիայի» գործով:  Ես ընդհանուր գծերով ներկայացրեցի գործի էությունն այնքանով, որքանով դա թույլատրելի էր, ձեռնպահ մնալով գնահատողական դատողություններ անելուց:  Միաժամանակ ես հասկացա, որ նա արդեն բավական ծանոթ է գործին, թերևս, հարկային ծառայության ղեկավարների հետ շփումներից:  Երբ խոսում էի ստուգման ակտի առաջին դրվագի մասին, նա հանկարծ ընդհատեց ինձ շատ տարօրինակ մի հարցով.  «Իսկ դու փորձե՞լ ես քո համոզմունքի համար ոչ թե որպես դատավոր, այլ որպես սովորական քաղաքացի գնում կատարել «Կիլիկիայի» որևէ ֆիրմային խանութից:  Դրանով դու կպարզեիր, թե որքանով են ճիշտ «Կիլիկիայի» պնդումները»:

Ես երկար մտածելու կարիք չունեի, առավել ևս, որ որպես դատավոր վրդովվել էի այդ հարցից:  Պատասխանս չոր էր, բայց ամբողջական ու հիմնված օրենքի տառի վրա.  «Իհարկե, չեմ փորձել և չեմ էլ փորձի:  Ես հարկային տեսուչ չեմ, և դա իմ գործառույթը չէ:  Եթե նույնիսկ ես ինձ թույլ տամ այդ անել քողարկված ձևով, միևնույնն է, ես դրա ոչ դրական, ոչ էլ բացասական արդյունքները չեմ կարող պաշտոնապես ներառել գործում:  Սա մեկ:  Երկրորդը, այսօր արդեն շատ ուշ է այդ մասին մտածելու համար անգամ, քանի որ ստուգումը վաղուց ավարտված է:  Այդ մասին ժամանակին պետք է մտածեին ստուգումն իրականացնող անձինք` ընթերակայի ներգրավմամբ կազմակերպելով հսկիչ գնում, ինչը չեն արել:  Իսկ այսօր արդեն գնացքը գնացել է, և ես չեմ ցանկանում այլևս խոսել այդ մասին»:  Մեր զրույցը սրանով ավարտվեց, և ես հեռացա:  Ինձ քաջ ճանաչելով, նախարարը հասկացավ, որ տվյալ գործի մասին այլևս ոչ մի բառ չի կարողանա կորզել ինձնից:

Թվում էր, թե փորձարարության թեման նախարարի հետ զրույցով ավարտվեց, բայց այդպես լինում է միայն Գյուլնազ տատի հեքիաթներում:

Օրեր էին անցել նախարարի հետ հանդիպումից:  Աշխատանքային տարբեր խնդիրների քննարկման բերումով մեր դատարանի նախագահի աշխատասենյակում էի:  Ամառ էր, շոգ:

«Սառը գարեջուր չխմե՞նք», հանկարծ առաջարկեց դատարանի նախագահը:

Այդ պահին իմ մտքով ոչինչ չանցավ և ես պարզապես հրաժարվեցի, ասելով, որ գարեջուր չեմ սիրում և չեմ խմում:

«Լավ, ես մենակ կխմեմ», շարունակեց դատարանի նախագահը, ապա` ներքին հեռախոսով կանչեց իր վարորդին, նրան որոշակի գումար տվեց ու հանձնարարեց. «Մի քանի շիշ գարեջուր բեր, բայց միայն «Կիլիկիայի» ֆիրմային խանութից:  Ուրիշ խանութից թեկուզև «Կիլիկիա» գարեջուր չգնես, միմիայն «Կիլիկիայի» ֆիրմային խանութից:  Այս խոսքերը լսելուն պես ես հասկացա, որ դատարանի նախագահի փորացավը գարեջուրը չէր, և նրա բերանն էլ գարեջրի ծարավից չէր չորացել:  Նա շարունակում էր այն, ինչ չէր հաջողվել նախարարին, ում հետ շատ մտերիմ էին:  Նա արդեն գիտեր, որ ես իրենց փորձարարությունը չեմ կատարի, և որոշել էր ինքն իրականացնել այն իր վարորդի միջոցով և իմ հեռակա ներկայությամբ:  Արդյունքն ինձ համար ամենևին հետաքրքիր չէր, բայց ստիպված էի դեռ մնալ դատարանի նախագահի աշխատասենյակում` քննարկման ենթակա հարցերը սպառելու համար:

Մոտ մեկ ժամ հետո բացվեց դատարանի նախագահի աշխատասենյակի դուռը և ներս մտավ դատարկաձեռն վարորդը` շփոթված տեսքով:  ««Կիլիկիայի» մի քանի ֆիրմային խանութ մտա, բայց ոչ մի տեղ գարեջուր չտվին, շեֆ», ասաց վարորդը և սպասողական դիրք ընդունեց:

«Իսկ ինչու՞ չտվին, ի՞նչ ասացին», անակնկալի  եկած` հարցրեց դատարանի նախագահը:

«Դատարկ շիշ էին ուզում, իսկ ես չունեի»:

«Հասա՞ք ձեր ուզածին», անցավ իմ մտքով, «դե վայելեք ու փորձեք պաշտպանել հարկային տեսչությանը:  Ձեր ուզած հսկիչ գնման ձախողված փորձն էլ կատարեցիք ինքներդ:  Մնում է, որ ինքներդ ձեր արածն էլ կասկածի տակ դնեք»:

Ես լռում էի, ասելիքս վաղուց ասել էի, իսկ դատարանի նախագահն էլ չգիտեր, թե ինչ ասի:  Այդպես էլ  լուռ բաժանվեցինք իրարից:

Դատավարությունը շարունակվում էր: 

Ստուգման ակտի գումարի կեսի ճակատագիրն արդեն պարզ էր բոլոր նրանց համար, ովքեր «Կիլիկիայի» ֆիրմային խանութներից գարեջուր գնելու փորձ էին կատարել կամ տեղեկացել այդ փորձի ձախողման մասին:

Բարեբախտաբար, միջամտության այլ փորձեր չկատարվեցին, և այլ գարեջրամոլներ չհայտնվեցին իմ շրջապատում:

Ակտի մնացած մասը քննելիս` ինձ մոտ տպավորություն էր առաջացել, թե ստուգողները ստուգողական գործողություններն իրականացրել էին գարեջրի ֆուրշետից հետո` կատարները տաքացած, կամ էլ գործարանի ողջ տարածքում սփռված գարեջրի բուրմունքով արբած:  Խախտումներ էին արձանագրվել գրեթե բոլոր հարկատեսակներով, որոնց գործարանն առնչվում էր իր գործունեության բերումով, բայց արձանագրվածի էությունը երևի կարելի էր հասկանալ միայն գարեջրի շշերը խմելու միջոցով դատարկելու և գործարանի ֆիրմային խանութներում գնումներ կատարելու համար դատարկ շշեր հավաքելու միջոցով, ընդ որում, որքան շատ, այնքան լավ ու հասկանալի:  Ենթադրական բնույթի դատողություններ ու որևէ կերպ չհիմնավորված եզրակացություններ, ապացույցների հակասականություն կամ իսպառ բացակայություն, օրենքի ակնհայտ աղավաղումներ և այլն:  Ահա սա էր ակտի` դատարկ շշերին հաջորդող ու լիքը շշերին վերաբերվող մյուս կեսի էությունը:  Հարցեր, այն էլ` բազմաթիվ, տալիս էի միայն ապացուցման պարտականությունը կրող պատասխանողին, իսկ հայցվորի ներկայացուցիչները կարծես վայելում էին իրենց հանդեպ դատարանի անտարբերությունը:  Այնպիսի տպավորություն էր, թե դահլիճում ներկայացում էր ընթանում ռեժիսոր-դատավորի հսկողությամբ, իսկ հայցվորի ներկայացուցիչներն էլ հանդիսատեսներն  էին:

Վերջապես եկավ ներկայացման վարագույրը փակելու պահը:  Այդ օրը դատական նիստին պատասխանողի կողմից ներկայացել էր միայն հարկային տեսչության իրավախորհրդատուն, իսկ հայցվորի շքախումբն ավելի ստվար էր դարձել:

«Լցրեք գարեջրի դատարկ շշերը և բացեք լիքը շշերը:  Շուտով կողմերից մեկի կամ մյուսի հաղթանակի կենացն ենք խմելու», ասացի ես և հեռացա խորհրդակցական սենյակ` վճիռ կայացնելու:  Շատ բան չունեի անելու, գործի կեսը դատարկ շշերն արդեն արել էին, մյուս կեսով էլ ստուգողների աչքին լիքը երևացած շշերը դատարկվել էին:

Երբ ակտն ամբողջությամբ անվավեր ճանաչելու մասին վճիռը հնչեց, հայցվորի ներկայացուցիչներն սկսեցին ծափահարել, իսկ նրանց ուղեկցողների ձեռքերին հայտնվեցին գարեջրի լիքը շշեր և բաժակներ:  Ես, իհարկե, հրաժարվեցի հյուրասիրությունից, բայց դահլիճից դուրս գալուց առաջ հայցվորի ներկայացուցիչներին հորդորեցի.  «Այնպես արեք, որ հարկային տեսչության ներկայացուցիչը ձեր գարեջրի համը տեսնի, թե չէ մինչև հիմա նա դատարկ շշերի զնգոցն է լսել միայն»:

Տեսա՞ք, թե ինչ լավ բան են դատարկ շշերը, որոնցով սկսվեց գործի քննությունը, իսկ լավ  սկիզբը գործի կեսն է, և գործի բարեհաջող առաջին կեսն էլ լավ սկիզբ է գործի երկրորդ կեսի համար:              

Leave a Reply