Դարեր առաջ ասված այս հանրահայտ խոսքը ճշմարիտ է բոլոր ժամանակաշրջանների համար` և՛ այս խոսքին նախորդած, և՛ դրան հաջորդած, և՛, դժբախտաբար, ներկայիս: Ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր եղել, և դա սկսվել է հենց դրախտից: Ինչո՞ւ էր Ադամին ու Եվային արգելվել ուտել խնձորը, որը հասունացել էր հենց ուտելու համար, և դրանում ոչ մի մեղք չկար (այսօր բոլորն ուտում են խնձոր և չեն պատժվում դրա համար), և ինչո՞ւ դրախտի տիրակալը խնձորն ուտելու համար նրանց վտարեց դրախտից: Որովհետև դրախտի տիրակալը նրանցից ուժեղ էր և ինքն էր որոշում, թե ինչ կարող էին անել Ադամն ու Եվան, և ինչ չէին կարող անել: Իրավունքը նրա սրի ծայրին էր:
Մարդկության հետագա ամբողջ պատմությունը ցույց տվեց, որ զտարյուն իրավունքը չի կարող դիմանալ ուժին, առավել ևս` իշխանական ուժին: Կարծում եմ, որ ցանկացած պետության մեջ կա մի սահմանագիծ, որից վեր իրավունքը խոնարհվում է իշխանական ուժին, ուղղակի տարբեր պետություններում այդ սահմանագծի բարձրությունն է տարբեր: Ցավոք սրտի, այս կարծիքս վերաբերվում է նաև մեր պետությանը, որտեղ իշխանական ուժի առաջ անզոր է նաև Սահմանադրությունը: Չհավատացողներին առաջարկում եմ շարունակել ընթերցումը և ծանոթանալ այն պատմություններին, որոնց անմիջական մասնակիցն եմ եղել ես:
2000-ական թվականների սկիզբն էր: Ես ՀՀ տնտեսական դատարանի դատավոր էի: Ստացածս հերթական հայցադիմումներից մեկը գրավեց իմ ուշադրությունը: Հայցվորը Հայաստանի Հանրապետությունն էր` հանձին ՀՀ ֆինանսների նախարարության: Պատասխանողն ամբողջությամբ մասնավոր մի բաց բաժնետիրական ընկերություն էր: Հայցագինը, որն ընկերության կանոնադրական կապիտալից առանձնացնելու և ՀՀ գանձապետարան մուտքագրելու պահանջով հայցվորը դիմել էր դատարան, կազմում էր շուրջ 900.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ կամ 32կգ ոսկի, արծաթ և ռոդիում:
Ժամանակին ընկերությունը պետական գործարան էր եղել: Հայաստանի անկախացմանը և Հայաստանում սոցիալիստական կարգերի փլուզմանը հաջորդած սեփականաշնորհման գործընթացին մասնակցել էր նաև գործարանը, որը վերակազմակերպվել էր բաց բաժնետիրական ընկերության: Վերջինիս բաժնետոմսերի 20 տոկոսն անհատույց բաշխվել էր աշխատողների միջև` կամավորական հիմունքներով, իսկ 80 տոկոսն օտարվել էր հատուցմամբ: Ընկերության կանոնադրական կապիտալն արդեն ամբողջացած էր, իսկ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում էլ ընկերությունը և դրա կանոնադրական կապիտալի չափը գրանցված էին: Այս կարգավիճակով ընկերությունն արդեն գործել էր շուրջ մեկ տարի, երբ վերը նշված հայցադիմումը ներկայացվեց դատարան:
ՀՀ կառավարությունում ուշացումով, բայց գլխի էին ընկել, որ խոշոր բացթողում են թույլ տվել գործարանի սեփականաշնորհման ժամանակ: Գործարանի տարբեր հաստոցների դետալներում պարունակվում էին ընդհանուր կշռով շուրջ 32 կգ ոսկի, արծաթ և ռոդիում, ինչն անտեսվել էր սեփականաշնորհման ժամանակ: Բայց գնացքն արդեն գնացել էր, ինչպե՞ս հասնել դրա հետևից: Շատ հեշտ: Չէ՞ որ իրավունքը կառավարության սրի ծայրին էր: Եվ ՀՀ կառավարությունը կայացրել էր որոշում` ընկերության կանոնադրական կապիտալից 32 կգ ոսկի, արծաթ և ռոդիում կամ դրանց արժեքը կազմող 900.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ առանձնացնելու և ՀՀ գանձապետարան մուտքագրելու մասին: ՀՀ կառավարության այս որոշումը կամովին չէր կատարվել ընկերության կողմից, և ՀՀ ֆինանսների նախարարությունը ձեռնամուխ էր եղել դրա կատարմանը դատական կարգով:
Հայցադիմումն իսպառ զուրկ էր իրավական հիմնավորումներից և ավելի շատ պատվեր էր հիշեցնում, բայց դատարանի առաքելությունը ոչ թե պատվեր կատարելն է, այլ արդարություն սերմանելը, ինչի մասին ՀՀ կառավարությունը չէր էլ մտածել: Իսկ ես այդ մասին չմտածել չէի կարող. ես Բազազ Արտեմի Գիքորը չէի: Ես իմ վճիռներով ասում էի «էստի համեցեք», բայց բացառապես արդարություն ստանալու համար:
Դատական նիստին ներկայացել էր միայն ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչը, ով սահմանափակվեց միայն պատվեր-հայցադիմումն ընթերցելով: Ընկերության որևէ ներկայացուցիչ դատական նիստին չէր ներկայացել: Երևի ընկերությունում էլ մտածել էին, թե իրավունքը ՀՀ կառավարության սրի ծայրին է, և անիմաստ էին համարել դատական նիստին մասնակցելը: Խեղճերը չգիտեին, որ դատարանում իրավունքն իմ գրչի ծայրին էր, որն ավելի սուր էր, քան ցանկացած սուր:
Ես հայցը մերժեցի այն պատճառաբանությամբ, որ ՀՀ կառավարության որոշումը հակասում էր ՀՀ սահմանադրությանը, խախտում էր դրանով ընկերությանը երաշխավորված սեփականության իրավունքը և ենթակա չէր կիրառման: Ես վստահ էի, որ վճիռը կբողոքարկվի, և այդպես էլ եղավ: Վճիռն ամենայն մանրամասնությամբ փաստարկված և պատճառաբանված էր` ՀՀ սահմանադրության և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի տառին համապատասխան, և ես լիահույս էի, որ դրա դեմ ներկայացված վճռաբեկ բողոքը չի բավարարվի: Անաչառությունն ու անկողմնակալությունն այդ էին պահանջում: ՀՀ կառավարության և ընկերության հակամարտությունը, որն ավելի շատ գլադիատորների մենամարտ էր հիշեցնում, պետք է ավարտվեր ընկերության հաղթանակով: Պետք է, բայց բոլորովին այլ բան տեղի ունեցավ:
ՀՀ վճռաբեկ դատարանը կայացրեց որոշում, որի պատճառաբանական մասում որևէ դատական սխալ արձանագրված չէր, և իմ բոլոր գործողությունները որակված էին որպես ճիշտ: Այդ բովանդակությամբ պատճառաբանական մասին ծանոթացող անաչառ ընթերցողը կարող էր ճիշտ գուշակել որոշման եզրափակիչ մասի բովանդակությունը` վճռաբեկ բողոքը մերժել: Բայց անաչառ մարդիկ հաճախ են անակնկալ փաստի առաջ կանգնում և աչառության զոհ դառնում: Այդպես եղավ նաև ՀՀ վճռաբեկ դատարանի այս որոշման պարագայում: Արձանագրելով հանդերձ, որ ՀՀ տնտեսական դատարանն ամեն ինչ ճիշտ է արել, ՀՀ վճռաբեկ դատարանը որոշել էր բեկանել վճիռը և գործն ուղարկել նոր քննության: Թե ինչ պետք է արվեր գործի նոր քննության ժամանակ, որ չէր արվել նախորդի ժամանակ, պարզ չէր: Պարզ էր մի բան` իրավունքը դարձյալ հայտնվել էր սրի ծայրին: Այլ կերպ լինել չէր կարող: Գործը ճիշտ և անթերի լուծած վճիռը չէր կարող հենց այնպես բեկանվել:
Ես անհամբեր սպասում էի, թե ով և ինչպես է իրականացնելու գործի նոր քննությունը, ինչ վճիռ է կայացվելու արդյունքում, և ՀՀ վճռաբեկ դատարանն ինչ ճակատագրի է արժանացնելու այդ վճիռը: Բայց իմ սպասումները չիրականացան ճիշտ այնպես, ինչպես չիրականացավ գործի նոր քննությունը:
Որոշ ժամանակ անց ականջիս լուրեր հասան այն մասին, որ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումից հետո ԱԱԾ-ի «ԱԼՖԱ» ջոկատը ներխուժել էր ընկերություն, և ավտոմատների փողերի ներքո ստորագրվել էր հաշտության համաձայնություն, ըստ որի` հայցագինը կազմող գումարի 20 տոկոսը թողնվել էր ընկերությանը, իսկ 80 տոկոսն ուղղվել էր ՀՀ գանձապետարան` հայցապահանջին մասնակի համապատասխան: Չեմ կարող ասել, թե որքանով էին հավաստի այս լուրերը, բայց կարող եմ ասել մի բան, որն իմ ներքին համոզմունքն է: Գուցե ավտոմատներ չէին եղել և որևէ դեր չէին կատարել իրականում, բայց սուրը, որի ծայրին գտնվում էր իմ վճռից հետո այս վեճը փաստացի լուծած «իրավունքը», հաստատ ճոճվել էր: Իսկ թե ով էր ճոճել այն, մնում է միայն գուշակել:
Սա ընդամենը մի օրինակ էր այն բանի, որ «ժողովրդավարություն» կոչվող հեքիաթի վերջում երկնքից ընկնող խնձորները բաժին են հասնում միայն հեքիաթն ասողին, իսկ լսողները և մյուս սպասողներն այդպես էլ սպասում են իրենց խնձորներին, որոնք միշտ խակ են մնում: Սա տխուր իրողություն է, բայց այն փոխել չի լինի, քանի դեռ սուրը, որի ծայրին իրավունքն է, մեկընդմիշտ պատյան չի դրվել ու պահպանության չի հանձնվել դրախտում. Ադամն ու Եվան այլևս այնտեղ չեն և չեն կարողանա սուրը հանել պատյանից:
Ես հիշեցի համանման մի պատմություն ևս, դարձյալ ՀՀ տնտեսական դատարանի գործունեության տարիներից, և դարձյալ իրավունքը սրի ծայրին բարձրացնելու մասին:
Իմ վարույթում հայտնվեց մի գործ, որով անմիջապես սկսեց հետաքրքրվել դատական համակարգի մի պաշտոնյա: Գործը վերաբերվում էր մի ընկերության` գրանիտի հանքի շահագործման իրավունքը դադարեցնելուն և այդ իրավունքը մեկ այլ ընկերության շնորհելուն: Այդ ընկերությունը ոչնչով աչքի չէր ընկնում, բայց երբ պաշտոնական աղբյուրներից հորդորները հասան գործն այդ ընկերության օգտին լուծելուն, և ես սկսեցի հետաքրքրվել դրա պատճառով, ինձ ստիպված խոստովանեցին, թե իրականում ով էր այդ ընկերության քողարկված սեփականատերը: Խոսքը վերաբերվում էր բարձրաստիճան մի պաշտոնյայի: Ես արդեն որոշակիորեն ծանոթ էի գործով ներկայացված պահանջի հիմքում դրված փաստարկներին, որոնք սոսկ փուչիկների տպավորություն էին թողնում ու փոքրիկ հպումից կպայթեին, և ստացածս հորդորներին ի պատասխան` բացահայտորեն ասացի, որ հիշատակված բարձրաստիճան պաշտոնյայի սպասելիքն իրականանալ չի կարող:
Առաջին դատական նիստին հայցվորի որևէ ներկայացուցիչ չէր ներկայացել: Փոխարենը ներկայացվել էր ինչ-ինչ պատճառով գործի քննությունը հետաձգելու վերաբերյալ միջնորդություն, որը ես բավարարեցի: Մինչև հաջորդ դատական նիստն ինձ տեղեկացրին, որ արդարադատության համակարգի մի բարձրաստիճան պաշտոնյա ցանկանում է հանդիպել ինձ հետ: Հանդիպումը կայացավ, և ես լսեցի նույնը, ինչ լսել էի նախկինում: Իմ պատասխանն էլ նույնն էր` ոչ: Եվս երկու հանդիպում նույն անձի հետ, և ևս երկու անգամ` ոչ: Ընդ որում, վերջին հանդիպման ավարտին, երբ համոզվեցի, որ սրով զինվածները չեն նահանջելու, ծառայողական վկայականս գրպանիցս հանեցի, դրեցի պաշտոնյայի առաջ և հայտարարեցի. «Սա կթողնեմ այստեղ և մեկընդմիշտ կհեռանամ, բայց իմ ձեռքով Ձեր ուզածը չի լինի»: «Չէ, չէ, ինչ եք ասում, վարվեք այնպես, ինչպես ճիշտ եք համարում, մենք այլևս չենք միջամտի», ասաց պաշտոնյան, և մեր զրույցն ավարտվեց:
Հենց երկրորդ դատական նիստի սկզբում հայցվորը բացարկ հայտնեց ինձ: Այդ ժամանակաշրջանում բացարկի հարցը լուծում էր դատարանի նախագահը, ով մերժեց բացարկը. այն իսպառ զուրկ էր հիմնավորումներից: Չանցած մեկ ամիս, հայցվորը ներկայացրեց երկրորդ բացարկը, որն իր իրավական սնանկությամբ չէր տարբերվում նախորդից, բայց զարմանալիորեն այն բավարարվեց: Գործը հանձնվեց նորանշանակ մի դատավորի, ով շատ արագ և հլու-հնազանդ բավարարեց հայցը. նրա վճիռը մտավ օրինական ուժի մեջ: Այստեղ էլ «իրավունքը» կիրառվեց սրի ծայրով:
Հերթը հասավ վերջին պատմությանը, բայց հակառակ զարգացմամբ` որպես բացառություն: Մի զարմացեք, բացառությունը հաստատում է կանոնը: Այս դեպքում նախ հնչեց կանոնը, ապա` բացառությունը. իրավունքը սրի ծայրից տեղափոխվեց իմ գրչի ծայրին ու վերջնական հաղթանակ տոնեց:
Գործարարությամբ զբաղվող երկու հարազատ եղբայրներ հանրությանը հայտնի էին միմյանց միջև անընդհատ ծագող վեճերով, որոնք նրանց հաճախ կանգնեցնում էին դատարանի առաջ: Կարելի է ասել, որ նրանք դարձել էին ոխերիմ թշնամիներ: Երևի նրանք առաջնորդվում էին «այն, ինչ չի կարելի գնել փողով, կարելի է գնել շատ փողով» սկզբունքով, և նրանցից յուրաքանչյուրին իր ունեցած փողը միշտ քիչ էր թվում, ու նա ցանկանում էր մյուսի հաշվին ավելացնել այն: Նրանցից մեկը գտնվում էր իրավապահ համակարգի մի բարձրաստիճան ու ազդեցիկ պաշտոնյայի հովանավորության ներքո, ինչից միշտ օգտվում էր, և ինչը նույնպես հանրահայտ փաստ էր:
Ես ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր էի, երբ ինձ էլ «բախտ» վիճակվեց զբաղվել «եղբայրական» վեճի լուծմամբ: Վեճն առնչվում էր շատ խոշոր շահի և առաջին ատյանի դատարանում լուծվել էր հովանավորյալի օգտին: Ես նախագահող դատավորն էի (վերաքննիչ դատարանում գործը քննվում է երեք դատավորի կազմով), և գործն ու վերաքննիչ բողոքը գտնվում էին ինձ մոտ: Մանրամասնորեն ծանոթանալով դրանց, ես համոզվեցի, որ առաջին ատյանի դատարանում իրավունքը գտնվել էր հովանավորի սրի ծայրին. գործն ակնհայտորեն սխալ էր լուծվել, իսկ դատավորի թույլ տված սխալները ճչում էին այն մասին, որ դրանք պատահաբար չեն թույլ տրվել: Զարմանալիորեն ինձ հովանավորության որևէ ձայն չհասավ. հովանավորը կամ վստահ էր, թե բոլորը գիտեին այն փաստի մասին, որ առաջին ատյանի դատարանում հաղթած կողմն իր հովանավորյալն է, և այդ խոսուն փաստն ինքնին բավարար է հովանավորությունը լռությամբ շարունակելու համար, կամ էլ տեղեկություններ էր հավաքել իմ մասին ու հասկացել, որ անիմաստ է իմ առաջ որևէ կերպ բացահայտվելը: Ինչևէ, հովանավորի լռությունն ինձ միայն ուրախացնում էր, քանի որ զերծ էի մնում իմ սուրը հանելու անհրաժեշտությունից և աշխատելու էի միայն գրչով:
Բողոքի քննությունն իրականացվեց մի քանի դատական նիստերում, որոնցից յուրաքանչյուրին կողմերի ներկայացուցիչներից բացի միջին տարիքի մի տղամարդ էլ էր ներկայանում` պաշտոնական հագուկապով: Նա ոչ մեկի հետ չէր շփվում, լուռ նստում էր դահլիճի նստատեղերի վերջին շարքում` մուտքի դռան մոտ, և նիստն ավարտվելուց հետո հեռանում էր: Ակնհայտ էր, որ կողմերի ներկայացուցիչներն էլ նրան չէին ճանաչում: Նույնքան ակնհայտ էր, որ նա կողմերից մեկի դիտորդն էր, բայց պարզ չէր, թե որի:
Բողոքի քննությունն ավարտվեց, եկավ դատական ակտի հրապարակման պահը: Ես սկսեցի հրապարակումը, բոլորը ոտքի կանգնած լսում էին ինձ: Երբ արտասանում էի «վերաքննիչ բողոքը բավարարել` վճիռը բեկանել և փոփոխել» բառերը (վճիռը փոփոխվեց հօգուտ ոչ հովանավորյալի), ես աչքի տակով զուգահեռաբար հետևում էի դիտորդին: Նրա դեմքին խորը և տեսանելի զարմանք էր դաջված, աչքերը լայն բացած նայում էր ինձ ու կարծես չէր հավատում իր լսածին: Ես ավարտեցի հրապարակումը և դատական նիստը փակված հայտարարեցի, ինչից հետո անսպասելի մի բան տեղի ունեցավ: Թվում էր, թե գործով շահագրգիռ բոլոր անձինք պետք է հեռանային դահլիճից, բայց նույնիսկ կողմերի ներկայացուցիչները չհասցրեցին այդ անել, իսկ երեք դատավորներս էլ չհասցրեցինք նստել:
Դիտորդը հայացքն ուղիղ ինձ պարզած առաջ եկավ, հասավ դահլիճի հատակից բավական բարձր այն հարթակին, որի վրա գտնվում էին դատավորների համար նախատեսված սեղանը և աթոռները, և որի վրա այդ պահին կանգնած էինք երեք դատավորներս, կանգ առավ ու երախտագիտությամբ լի ուրախ ձայնով ասաց բառացիորեն հետևյալը. «Հարգելի պարոն Չիլինգարյան, այս քաղաքում Ձեր մասին լեգենդներ են պատմում, ես չէի հավատում, բայց հիմա ես էլ եմ պատմելու: Շնորհակալություն»: Ասաց, շրջվեց ու հեռացավ առանց կողմերի ներկայացուցիչներին նայելու:
Հիմա եկեք գուշակենք, թե ում դիտորդն էր նա: Ես գուշակել եմ` ոչ հովանավորյալինը, իսկ եթե դուք հակառակ կարծիքին եք, ապա խորհուրդ եմ տալիս նորից կարդալ այս վերջին դրվագը:
Ինչ վերաբերվում է հրապարակածս դատական ակտին, ապա այն մտավ օրինական ուժի մեջ և թույլ չտվեց, որ իրավունքը կրկին հայտնվի սրի ծայրին:



