Դեռևս սոցիալիստական հասարակարգի պայմաններում` վարագուրապատված Սովետական Միության օրոք, մեքենաների լայնակի հետնապակին ներսից վարագուրապատելն արգելված չէր: Պայմանը մեկն էր` անհրաժեշտ էր մեքենայի աջ կողմում ևս տեղադրել հայելի` թիկունքի լիարժեք տեսադաշտ ապահովելու համար. այդ ժամանակաշրջանում մարդատար ավտոմեքենաներ արտադրող գործարաններում հայելի տեղադրվում էր մեքենայի միայն ձախ կողմում:
Սոցիալիստական կարգերի փլուզումից և Հայաստանի անկախության հռչակումից հետո որոշակի փոփոխություններ կատարվեցին նաև ճանապարհային երթևեկության կանոններում: Մասնավորապես, արգելվեց մարդատար ավտոմեքենաների հետնապակու վարագուրապատումը, բացառությամբ կանոնների հավելվածում նշված անձանց` ՀՀ նախագահին, վարչապետին, խորհրդարանի նախագահին, կաթողիկոսին և մի շարք այլ անձանց, սպասարկող ծառայողական մեքենաների: Մնացած դեպքերում անհրաժեշտ էր անհատական թույլտվություն ստանալ ներքին գործերի նախարարից, իսկ դա լինում էր բացառիկ դեպքերում` առանց հատուկ կանոնակարգման, կարելի է ասել` նախարարի հայեցողությամբ: Հետո եկավ մի պահ, երբ տրված անհատական թույլտվությունները ևս սկսեցին հետ հավաքել: Դրան հաջորդեցին այլ փոփոխություններ, որոնց մասին կխոսեմ քիչ ավելի ուշ:
1999թ. ես ստանձնեցի դատավորի պաշտոն: Նույն թվականին գնեցի լրիվ նոր «Ժիգուլի ՎԱԶ 2106» մակնիշի մարդատար ավտոմեքենա և անմիջապես այն տարա համապատասխան արհեստավորների մոտ` որոշակի համալրումներ կատարելու համար: Իմ ցուցումով մեքենայի աջ կողմում տեղադրվեց գործարանային արտադրության հայելի և մեքենայի հետնապակին ներսի կողմից վարագուրապատվեց սև գույնի անթափանց շերտավոր վարագույրով, իսկ մեքենայի կառավարման վահանակի վրա էլ տեղադրվեց հատուկ էլեկտրական սեղմակ, որի միջոցով կարելի էր իջեցնել և բարձրացնել վարագույրը:
Ես սկսեցի շահագործել գնածս և վերասարքավորածս մեքենան, որի սրահում բարձրացված վարագույրի պայմաններում ավելի զով էր, և ինձ համար էլ` ավելի հարմարավետ: Բայց «հարմարավետ» բառն այստեղ բացառություններ էլ ուներ: Այն ամենևին հարմարավետ չէր ճանապարհային ոստիկանության տեսուչների համար, և նրանք ինձ հաճախ էին կանգնեցնում վարագույրի պատճառով: Այս հարցում էլ ամեն ինչ միատեսակ չէր ընթանում և կային բացառություններ: Սկսեմ մի քիչ հեռվից:
Որպես դատավոր, ես ունեի երկտակ ծալվող ծառայողական վկայական` իմ լուսանկարով, պաշտոնիս նշումով և հանրապետության նախագահի ստորագրությամբ: Վկայականը բացելիս` ձախ կողմում վերը նշվածն էր, իսկ աջ կողմում` նույնը` առանց լուսանկարի, և ռուսերեն լեզվով: Ես վկայականը պահում էի երկտակ ծալվող համապատասխան չափերի կաշվե պատյանում, որի ներսում` ձախ և աջ կողմերում, պոլիէթիլենային թափանցիկ թաղանթներով գրպանիկներ էին, և դրանց մեջ էլ տեղավորվում էին վկայականի երկու թևերը: Վարորդական իրավունքի վկայականս տեղավորված էր նույն պատյանում` աջ թևի գրպանիկում, ծածկելով ծառայողական վկայականիս աջ ռուսերեն էջը, որը Հայաստանի տարածքում որևէ մեկին ցույց տալու կարիք չէր կարող լինել:
Երբ ճանապարհային ոստիկանության տեսուչները մեքենան վարելիս կանգնեցնում էին ինձ, իսկ դա լինում էր վարագույրի պատճառով, ես կանոնները չէի խախտում, բնականաբար, նախ պահանջում էին վարորդական իրավունքի վկայականս, և ես այն ներկայացնում էի առանց նկարագրածս պատյանից հանելու: Բացելով պատյանը և տեսնելով դրա ձախ կողմի գրպանիկից երևացող ծառայողական վկայականս, տեսուչները սովորաբար այն անմիջապես վերադարձնում էին ինձ, բարի ճանապարհ մաղթում և հեռանում, բայց դա` սովորաբար, ինչը նշանակում է, որ այստեղ էլ էին լինում բացառություններ: Դրանցից մի քանիսը պահպանվել են իմ հիշողության մեջ, և ուզում եմ դրանք էլ հանձնել թղթին:
Ես իմ մեքենայով ընթանում էի Երևանի Չարենցի փողոցով` սահմանված արագությամբ: Մեքենայի ձախ կողմի հայելում նկատեցի, որ ճանապարհային ոստիկանության մի մեքենա հետևից արագ մոտենում է ինձ: Ես հասկացա, որ ինձ կանգնեցնելու են հենց վարագույրի պատճառով: Այդպես էլ եղավ: Տեսուչները հավասարվեցին ինձ և բարձրախոսով հրահանգեցին կանգնել: Պահպանելով կանոնները, ես միացրի աջ թարթիչը, համաչափ կերպով դանդաղեցրի մեքենայի ընթացքը և այն կանգնեցրի մայթեզրի մոտ, միաժամանակ իջեցնելով իմ դռան ապակին` տեսուչների հետ շփումը հնարավոր դարձնելու համար: Իրենց մեքենան կանգնեցնելով իմ մեքենայի հետևում, որտեղից լավ երևում էր վարագույրը, երկու տեսուչ իջան մեքենայից և մոտեցան ինձ բացածս պատուհանի կողմից: «Խնդրեմ, ներկայացրեք Ձեր վարորդական իրավունքի վկայականը», ներկայանալուց հետո շատ քաղաքավարի կերպով ասաց տեսուչներից մեկը, և ես նրան հանձնեցի երկու վկայականներս պարունակող և վերևում նկարագրածս պատյանը: Քանի դեռ նա զննում էր վկայականներս, մյուս տեսուչը մատն ուղղեց դեպի մեքենայի վարագույրը և դիմեց ինձ. «Գիտե՞ք, որ վարագուրապատված մեքենայով երթևեկելն արգելված է, և դրա համար տուգանք է նախատեսված»: «Գիտեմ», պատասխանեցի ես, «հանգիստ կատարեք Ձեր պարտականությունները, իսկ հետո ես կմտածեմ իր իրավունքների իրականացման մասին»: Այդ ընթացքում առաջին տեսուչն արդեն ծանոթացել էր վկայականներիս և դրանք հանձնեց երկրորդ տեսուչին, միաժամանակ ինչ-որ բան շշնջալով նրա ականջին, ապա` դարձյալ շրջվեց դեպի ինձ և ավելի ընդգծված քաղաքավարությամբ ասաց. «Պարոն դատավոր, ներեցեք, բայց մեզ էլ են քողարկված ձևով հետևում, և մենք չենք կարող առանց որևէ գործողություն կատարելու բաց թողնել Ձեզ: Ես խնդրում եմ իջեցնել վարագույրը, հետո շարժվել: Մեզնից հեռանալուց հետո` երբ կուզեք, կրկին բարձրացրեք վարագույրը: Ես խոստանում եմ, որ մենք Ձեր հետևից չենք գա և նորից չենք կանգնեցնի Ձեզ: Բարի ճանապարհ»: Այս խոսքերը լսելով, երկրորդ տեսուչն ինձ վերադարձրեց վկայականներս ու նույնպես բարի ճանապարհ մաղթեց: Ես այլ բան չունեի նրանց ասելու, քան շնորհակալություն հայտնելը: Արագ իջեցրի վարագույրը, հրաժեշտ տվեցի տեսուչներին և շարժվեցի: Մոտ հարյուր մետր անցնելուց հետո ես կրկին բարձրացրի վարագույրը: Ինձ համար դա սկզբունքային հարց էր. վարագույրը որևէ կերպ չէր խոչընդոտում ոչ երթևեկությանը` ընդհանրապես, ոչ էլ իմ կողմից մեքենան վարելուն` մասնավորապես, իսկ որոշակի անձանց էլ վարագուրապատված մեքենայի վարումը թույլատրված էր, չնայած նրանց արյունն էլ կապույտ չէր: Այլոց մասին ոչինչ ասել չեմ կարող, բայց ես պատրաստ էի վարագույրի արգելքի դեմ պայքարելու, նախ` վարագույրը բարձրացված վիճակում մեքենան վարելու, ապա` դրա համար իմ նկատմամբ սանկցիա կիրառվելու դեպքում` արգելքը և սանկցիան պարտադիր կերպով դատական կարգով վիճարկելու միջոցով: Ափսոս, այդպես պատրաստ էլ մնացի և երբևէ բախտ չունեցա այս հարցով հայտնվելու դատարանում:
Հաջորդ բացառությունը որակապես այլ բնույթի էր` նախորդի հակապատկերը:
Ես մեքենայով ընթանում էի Երևանի Աբովյան փողոցով` դեպի Հանրապետության հրապարակ: Կինս ինձ հետ էր` կողքիս նստատեղին: Մեքենայի վարագույրն իհարկե բարձրացված էր: Առջևում երևաց մայթեզրի մոտ կանգնած մի մեքենա` ճանապարհային ոստիկանության տարբերանշաններով, որի մոտ կանգնած էր մեկ տեսուչ` կապիտանի ուսադիրներով: Հենց ես մոտեցա, տեսուչը երկու-երեք քայլ առաջ եկավ` կանգնելով ուղիղ իմ դիմաց, գործի դրեց սուլիչը և ձեռքի փայտիկն ուղղեց մայթեզրի կողմը: Ես կատարեցի տեսուչի հրահանգը, նրա ցույց տված տեղում կանգնեցրի մեքենան և իջեցրի իմ դռան ապակին: Կինս, ով նույնպես մեքենա վարել գիտեր և ուներ վարորդական իրավունքի վկայական, զարմացած հարցրեց. «Ինչի՞ համար կանգնեցրեց, դու խախտում թույլ չես տվել»: «Վարագույրի համար», պատասխանեցի ես: Տեսուչը հանդիսավոր քայլերով մոտեցավ, ներկայացավ և պահանջեց վարորդական իրավունքի վկայականս: Արդեն ասել եմ, թե որտեղ և ինչպես էր այն տեղավորված, և ես ինչպես էի այն ներկայացնում ճանապարհային ոստիկանության տեսուչներին: Այս հարցում ոչինչ չէր փոխվել: Տեսուչն ուշադիր զննեց ծառայողական վկայականս, ապա` մի ակնթարթ հայացքն ուղղեց վարորդական իրավունքի վկայականիս ու ինձ հարցրեց. «Դուք վարագույրի անհատական թույլտվություն ունե՞ք»: «Ոչ, չունեմ», պատասխանեցի ես: Տեսուչը շարունակեց. «Վարագուրապատված մեքենայով երթևեկելու համար տուգանք է նախատեսված, և ես հիմա պարտավոր եմ ակտ կազմել»: «Գիտեմ, կազմեք ակտը, միայն թե արագ, ես շտապում եմ», ասացի ես և սպասում էի, որ տեսուչը կատարի իր պարտականությունը, բայց նա հապաղում էր` հայացքը սևեռած ծառայողական վկայականիս: Վերջապես նա կրկին խոսեց. «Գիտե՞ք, նախկինում տրված անհատական թույլտվություններն էլ հիմա նախարարի հրահանգով հետ ենք վերցնում, ահա, տեսեք, թե քանի հատ կա արդեն ինձ մոտ»: Նա գրպանից հանեց ինչ-որ քարտեր և պարզեց դեպի ինձ, բայց դրանք ինձ բացարձակապես չէին հետաքրքրում: «Հարգելիս, ես անհատական թույլտվություն չեմ ունեցել և չունեմ, որ Դուք այն հետ վերցնեք: Դուք պետք է ակտ կազմեք և տուգանք նշանակեք, ես դրան եմ սպասում, իսկ եթե ակտ չեք կազմելու, ապա վերադարձրեք իմ փաստաթղթերը և շարունակեք Ձեր գործը», արդեն անհամբեր ու խիստ ձայնով ասացի ես, բայց ես ասացի, ես էլ լսեցի. տեսուչը չէր էլ մտածում ակտ կազմելու մասին և ինչ-որ անկապ բաներ էր ասում: Ի վերջո, նա կոնկրետ առաջարկ արեց. «Եթե դեմ չեք, եկեք իմ մեքենայում շարունակենք մեր զրույցը»: Երկու բան անցավ մտքովս. կամ նա կաշկանդված էր կնոջս ներկայությունից` չիմանալով, թե ով է նա, կամ էլ չէր բացառում իր համակարգում իրականացվող ներքին հսկողության զոհ դառնալու հնարավոր տարբերակը և ուզում էր արտաքուստ ձևացնել, թե ակտ է կազմում իր մեքենայում, որը հարաբերականորեն փակ տարածք էր, ու դրա ներսում կատարվողը դրսից տեսանելի չէր: Միամիտ մարդ: Ի՜նչ իմանայի, որ փակ տարածքը նրան անհրաժեշտ էր այլ բանի համար: Ինչևէ, ես մտածեցի, որ դա ամեն ինչ ավարտելու ամենաարագ տարբերակն է, արագ իջա իմ մեքենայից և տեղավորվեցի տեսուչի մեքենայում` վարորդի կողքի նստատեղին: Տեսուչն էլ զբաղեցրեց իր տեղը, բայց նա լռում էր` դեմքի անհասկանալի արտահայտությամբ: «Դուք առաջարկեցիք զրույցը շարունակել Ձեր մեքենայում, ես էլ համաձայնեցի, հիմա ինչո՞ւ եք լռում, խոսեք կամ վերջապես կազմեք ակտը», որոշակի ողջամիտ ժամանակ համբերելուց հետո հարձակման անցա ես: «Իսկ Դուք ինձ ասելու բան չունե՞ք, չէ՞ որ ես ակտ չեմ կազմում», կմկմալով ասաց տեսուչը` հայացքը խոնարհած դեպի ցած: Ես, իհարկե, ասելիքս լրիվ ասել էի արդեն ու այլ ասելիք չունեի, բայց գլխումս միանգամից մի միտք կայծակեց ու այն վերջնականապես հանեց ինձ հունից: Ես հասկացա, որ տեսուչն ինձնից ոչ թե ասելիք, այլ անելիք էր ակնկալում: «Ի՞նչ է, Դուք սպասում եք, որ ես Ձեզ գումա՞ր տամ», պոռթկացի ես: Տեսուչը կարմրեց և շարունակում էր գլխահակ լռել: «Նայեք աչքերիս մեջ և ասեք, ես ճի՞շտ եմ հասկացել», հարցրեցի ես արդեն մեղադրական տոնով ու ակնհայտ հեգնանքով: Տեսուչն ավելի կարմրեց, բայց ձայն չհանեց: Ամեն ինչ պարզ էր, ես չէի սխալվել, տեսուչն ինձնից փրկագին էր ակնկալում` կաշառքի տեսքով: «Հիմա ուշադիր լսեք ինձ», շատ խիստ տոնով ասացի ես, «Դուք ծանոթացաք իմ փաստաթղթերին և իմացաք, որ ես դատավոր եմ: Այդուհանդերձ, Դուք այնքան հանդուգն և տարրական ողջամտությունից զուրկ մարդ եք, որ փորձում եք դատավորից կաշա՞ռք շորթել: Թե՞ չգիտեք, թե ինչ ասել է դատավոր, և ինչ ասել է կաշառք: Գոնե գիտե՞ք, թե ինչ պատիժ է նախատեսված կաշառք շորթելու համար: Գիտե՞ք, որ Դուք արդեն մի ոտքով բանտում եք, և իմ մեկ զանգը բավական է, որ Ձեր երկրորդ ոտքն էլ հայտնվի այնտեղ: Կողմնորոշվեք, ես Ձեզ հինգ րոպե ժամանակ եմ տալիս: Կամ ակտը կազմում եք և վերադարձնում եք փաստաթղթերս, կամ էլ դա անում եք առանց ակտ կազմելու: Այլընտրանք չկա: Արագացրեք, եթե հինգ րոպե հետո իմ փաստաթղթերն ինձ մոտ չլինեն, ապա Ձեր ղեկավարներից մեկը կգա ակտ կազմելու, իսկ թե ինչ ակտ, ինքը կորոշի»: Խոսքս ավարտելուն պես գրպանիցս հանեցի ձեռքի հեռախոսս ու ցուցադրաբար ձևացրեցի, թե կոնկրետ հեռախոսահամար եմ որոնում: Պետք է տեսնեիք տեսուչի դեմքը. մեռած էր, թաղած չէր: Երևի արդեն պատկերացնում էր, թե ինչպես է աշխարհին նայում ճաղերի հետևից, և հասկացել էր, թե ում հետ գործ ունի: Այլևս ոչ մի ակնթարթ չկորցնելով, տեսուչը փաստաթղթերս այնպես արագ պարզեց ինձ, կարծես դրանք այրում էին իր ձեռքը: «Աշխատեք այլևս չհանդիպել ինձ, ես Ձեր դեմքը, ավելի ճիշտ` դեմքի իսպառ բացակայությունը, երբեք չեմ մոռանա», սա իմ հրաժեշտի խոսքն էր: Ես իջա տեսուչի մեքենայից, դուռը դիտավորյալ բաց թողեցի և արագ հայտնվեցի իմ մեքենայում` կնոջս կողքին: Նրա հարցական հայացքին պատասխանեցի հաղթական հայացքով, և դա բավարար էր: Մենք շարժվեցինք առաջ, հետևում թողնելով կիսամեռ տեսուչին և նրա չիրականացած երազանքը:
Հասանք վերջին բացառությանը, որը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ճանապարհային երթևեկությունը կարգավորող օրենսդրությունը փոփոխությունների կատարման փուլում էր: Այդ պահի դրությամբ արդեն ընդունվել և ուժի մեջ էին մտել «Իրավական ակտերի մասին» և «Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին» ՀՀ օրենքները, իրենց ուժով դադարեցնելով ճանապարհային երթևեկության մինչ այդ գործած կանոնների գործողությունը, իսկ նոր կանոնները դեռևս չէին ընդունվել: Նախկին կանոնների գործողության դադարման մասին հանրային ընկալումը զրոյական էր, և բոլորը դրանց վերաբերվում էին որպես գործող կանոնների: Հենց այդ նկատառումներով ես մեքենայիս սրահի ներսում եղած փոքրիկ գրպանիկում պահում էի ինչպես իրավաբանական ուժից զուրկ կանոնները, այնպես էլ նշածս օրենքները:
Մի օր կրկեսի մերձակա խաչմերուկից մուտք գործեցի Արշակունյաց պողոտա և միանգամից նկատեցի, թե ինչպես հանդիպակաց գոտով խաչմերուկին մոտեցող ճանապարհային ոստիկանության մեքենան կտրուկ ավելացրեց արագությունը, խաչմերուկում հետադարձ կատարեց ու սկսեց մոտենալ ինձ: Բարձրախոսով հնչեց մեքենայիս հաշվառման համարանիշը և կանգ առնելու մասին հրահանգ, որը ես կատարեցի: Տեսուչն առաջ անցավ իմ մեքենայից, կանգնեցրեց մեքենան և արագ դուրս գալով դրանից` մոտեցավ ինձ: Իհարկե, ես մեքենայից չէի իջել, բայց իջեցրել էի դռանս ապակին: Տեսուչը կապիտանի ուսադիրներ էր կրում: Ներկայանալուց հետո նա պահանջեց վարորդական իրավունքի վկայականս, որը ծառայողական վկայականիս ուղեկցությամբ հանձնեցի նրան: Փաստաթղթերին ծանոթանալուց հետո նա շատ վստահ ու տիրական ձայնով ասաց. «Վարագույրն արգելված է: Դրա համար տուգանք է նախատեսված: Հիմա ակտը կկազմեմ»: Ես ժպտալով դիմեցի նրան. «Կազմեք, եթե դա իրավաչափ եք համարում, բայց խնդրում եմ նախ ինձ ասեք, թե ինչ օրենսդրական ակտով է սահմանված Ձեր ասած արգելքը»: «Ճանապարհային երթևեկության կանոններով», հնչեց ինքնավստահ պատասխանը: Ես սրահի գրպանիկից հանեցի ճանապարհային երթևեկության կանոնները և հարցրեցի. «Սա՞ նկատի ունեք»: «Այո, լավ է, որ Ձեր մոտ պահում եք, բա ինչո՞ւ չեք կարդում այն», ավելի ինքնավստահ ձայնով հարցրեց տեսուչը: Ես ձեռքս պարզեցի դեպի սրահի գրպանիկը և այնտեղից հանեցի նաև «Իրավական ակտերի մասին» և «Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին» ՀՀ օրենքները: Դրանք ցուցադրաբար պահելով տեսուչի դեմքի առաջ, ես դարձյալ ժպտալով հարցրեցի. «Ես կանոնները կարդացել եմ, իսկ Դուք այս օրենքները կարդացե՞լ եք»: Տեսուչը կնճռոտվեց և դժգոհ տոնով հարցրեց, թե ինչ օրենքներ էին դրանք և ինչ կապ ունեին կանոնների հետ: Ես սկսեցի բացատրել իրավական այն մեխանիզմները, որոնց թելադրանքով իմ ներկայացրած օրենքների պայմաններում դադարել էր կանոնների գործողությունը: Յուրաքանչյուր դրվագը պարզաբանելիս` ես բացում էի օրենքների համապատասխան հոդվածները, և տեսուչն ուշադիր կարդում էր դրանք: Զգացվում էր, որ տեսուչը կամ հասկանում էր իմ բացատրածը և իր կարդացածը, կամ էլ պարզապես վստահում էր ինձ` որպես դատավորի: Ինչ որ մի պահից տեսուչի դեմքին թույլ ժպիտ հայտնվեց, հետո նրա դեմքից ուրախություն ու խանդավառություն սկսեցին ճառագայթել: Երբ ես ավարտեցի խոսքս ու սպասողական հայացքս ուղղեցի տեսուչին, նա արդեն երջանկության գագաթնակետին էր հասել, նրա ոտքերը կարծես կտրվել էին գետնից, ու նա կարծես ճախրում էր երկնքում: Նա ինձ վերադարձրեց փաստաթղթերս, ձեռքը պարզեց դեպի ինձ ու երախտագիտությամբ լի ձայնով ասաց. «Ցավդ տանեմ, էս ինչ լավ բան ասեցիք, իմ սեփական մեքենան էլ վարագույր ունի, սրանից հետո ես էլ չեմ իջեցնի այն: Շնորհակալություն, բարի ճանապարհ»: Ես սեղմեցի տեսուչի ձեռքը, ու մենք բաժանվեցինք իրարից:
Ահա սրանք էին այն ներկայացումները, որոնք ժամանակին տեղի ունեցան փակ վարագույրի հետևում ու փակ էլ մնացին մինչև այսօր, երբ ես բացեցի վարագույրն ու ժամանակի չվարագուրապատված մեքենայով Ձեզ հետ տարա դեպի անցյալը:



