Skip to main content

Շտապողին տղա չի ծնվում: Իսկ դանդաղ շտապողի՞ն: Ո՞վ գիտի: Մարդկությունն այս հարցի պատասխանը դեռ չի տվել: Դեռ: Չգիտեմ, երբևէ կտա՞, թե՞ չէ: Բայդ դա կարևոր չէ: Առյուծն առյուծ է, լինի էգ, թե որձ: Զավակն էլ զավակ է, լինի աղջիկ, թե տղա: Աղջիկ կա, որ հազար տղա արժե, տղա էլ կա, որ միայն կոչվում է տղա: Իրականում աղջիկն էլ, տղան էլ անփոխարինելի են, եթե բնության շնորհած տիտղոսը կրում են արժանավայել ձևով ու հպարտորեն: Կանացիություն, սա մի հզոր ու անխորտակելի ուժ է, որը կարող է զինաթափ անել նույնիսկ ամենաուժեղ տղամարդուն և հաղթանակ շնորհել ամենաթույլին. էնպես շուրթեր, վարդի թերթեր, թե հաղթություն քեզ մաղթեն, էլ քեզ ոչ շահ, ոչ ահ ու մահ, ոչ զենք ու զորք կհաղթեն: Տղամարդկություն, սա էլ ոչ միայն կանացիության ուժի գիտակցումն ու ընկալումն է, ինչպես նաև սեփական ֆիզիկական ուժի կամավոր ստորադասումը կանացի փխրուն մարմնին, այլև այդ մարմնի և դրանում պարփակված քնքուշ էության գոտևորումն անխոցելի վահանով. ու միշտ ուրախ, հաղթանակով, իր ամրոցն է դառնում նա, սպասում է էնտեղ կինը, ջահել կինը սևաչյա: Ի վերջո, կա ևս մի չափանիշ, որը թույլ չի տալիս կնոջը կամ տղամարդուն նախապատվություն տալու փորձ անգամ կատարել. նրանք երկուսն էլ կրում են «մարդ» տիտղոսը, որը սեռական տարբերություններ չի ճանաչում: Ուրեմն մի տխրեք, որ շտապել և աղջիկ եք ունեցել, և շատ մի ուրախացեք, որ դանդաղել և տղա եք ունեցել: Այս կյանքում մի քիչ դանդաղ շտապեք, և ով էլ ծնվի, որպես մարդ մեծացրեք նրան ու հպարտացեք նրանով, մնացածը բնությունը կանի: Ես բոլորովին այլ բան էի ուզում պատմել, բայց ժողովրդական ասացվածքը շեղեց ինձ: Ի՜նչ արած, ես էլ տղամարդ եմ համարում ինձ, և շտապեցի տղամարդավարի խոստովանել այն թուլությունս, որը կնոջս հայացքի ներքո դարձել է անկոտրում ուժ: Ոչինչ, հիմա կվերադառնամ բուն ասելիքիս, որը նույնպես կապված է շտապելու հետ, բայց աշխատանքի դաշտում: Այստեղ շտապելն արդարացված է, բայց միայն չափի մեջ, այսինքն` պետք է մի քիչ դանդաղ շտապել, այլապես սկսում են ձվի մեջ մազ որոնել, և որովհետև չեն գտնում, այն արհեստականորեն ներմուծում են ձվի մեջ: Շուրջ 20 տարի առաջ էր: Ես աշխատում էի ՀՀ տնտեսական դատարանում` որպես դատավոր: Դժբախտաբար, մեր երկրում դատական իշխանության անկախությունն այդպես էլ չարժևորվեց ու չգնահատվեց մյուս երկու իշխանությունների կողմից և, ըստ իս, առայսօր չի կայացել: Միշտ էլ շատ քիչ են եղել իրապես անկախ դատավորները, ովքեր լռելյայն հայտարարվել են որպես persona non grata` վստահություն չներշնչող անձ, թիրախավորվել են ամեն առիթով և կարգապահական տույժի ենթարկվել այն բանի համար, որ համարել են, թե մածունը սպիտակ է: Ըստ մյուս իշխանությունների, մածունը գունավոր է, և իրենք պետք է որոշեն, թե դատավորը որ գույնն ընտրի: Ես այն քիչ ու մյուս իշխանությունների կողմից չսիրված դատավորներից էի, ում համար մածունը միշտ սպիտակ էր, և ով երբեք տուրք չէր տալիս դատական գործերին արտաքին միջամտության փորձերին, ինչ աղբյուրից էլ դրանք ելնեին: Ես ապրում էի պատերազմական դրության պայմաններում և ամեն օր սպասում էի հարձակման, բայց հպարտ էի իմ անկախությամբ ու դատավորի կոչման նվիրյալ պաշտպանը լինելով: Օրերից մի օր ստացա մի գործ, որն իր բարդությամբ չէր առանձնանում սովորական այլ գործերից: Առանձնահատուկ էր միայն հայցագինը` 1.350.000.000 դրամ: Հայցվորը հայկական մի շինարարական կազմակերպություն էր, որը հսկայածավալ շինարարական աշխատանքներ էր կատարել «ԱրմենԹել» ընկերության պատվերներով, դրանց դիմաց վճարվելիք գումարները չէր ստացել և դիմել էր դատարան` պատասխանող «ԱրմենԹել» ընկերությունից 1.350.000.000 դրամ բռնագանձելու պահանջով: Այդ ժամանակահատվածում ռուսներն արդեն գնել էին «ԱրմենԹել» ընկերության կանոնադրական կապիտալում հույների և ՀՀ կառավարության երբեմնի ունեցած բաժնեմասերը, և 1.350.000.000 դրամի վճարման բեռը կրելու էր արդեն նրանց պատկանող ընկերությունը: Թե ինչպես էր կատարվել այդ բաժնեմասերի գնումը, այսբերգի ստորջրյա մասին էր վերաբերվում և տեսանելի չէր, բայց աստիճանաբար տեսանելի էր դառնում, որ «ԱրմենԹել» ընկերությունը հայտնվել էր ընդհուպ մինչև հանրապետության նախագահի անձնական հովանավորության կենտրոնում` ի հեճուկս երկրում գործող սահմանադրության և օրենքների: Գործը ստանալուց հետո որևէ միջամտության փորձ չեղավ: 25 օր հետո մեկնարկելու էր իմ տարեկան արձակուրդը, ուստի գործով դատական նիստը նշանակեցի 9 օր հետո, առավոտյան ժամը 10:00-ին, որպեսզի հասցնեմ օրենքով սահմանված մեկամսյա ժամկետում ավարտել գործի քննությունը և հրապարակել վճիռը: Եկավ նշանակված դատական նիստի օրը: Դահլիճ մտնելուն պես նկատեցի, որ կողմերից մեկը չէր ներկայացել դատական նիստին: Կողմերի համար նախատեսված սեղաններից մեկը թափուր էր, իսկ մյուսը զբաղեցրել էին երկու տղամարդ, ինչպես քիչ անց պարզվեց` հայցվոր ընկերության տնօրենը և փաստաբանը: Դատական նիստի քարտուղարն ինձ հայտնեց, որ դատարանի գրասենյակում նիստից անմիջապես առաջ ստացվել է պատասխանող «ԱրմենԹել» ընկերության գրավոր միջնորդությունը`գործի քննությունը հետաձգելու մասին, և ինձ հանձնեց միջնորդությունը: Դրանում նշված էր, թե ընկերության ներկայացուցիչը կանչվել է դատախազություն և չի կարող մասնակցել դատական նիստին: Տարօրինակ ու անհասկանալի էր ոչ միայն այն, որ «ԱրմենԹել» ընկերությունը, ունենալով իրավաբանական մեծ վարչություն, կարող էր դատական այդ կարևոր նիստին մասնակցելու համար լիազորել մեկ այլ ներկայացուցչի, բայց ձեռնպահ էր մնացել այդ անելուց, այլև այն, որ նախապատվությունը տրվել էր ոչ թե դատարանից, այլ դատախազությունից ստացված ծանուցագրին: Ակնհայտ էր, որ «ԱրմենԹել» ընկերությունը փորձում էր ժամանակ շահել, և դա ինքնանպատակ չէր: Ես կանխազգում էի հասունացող միջամտության հոտը և որոշեցի բացառել անգամ դրա փորձը: Լսելով պատասխանողի միջնորդությունը մերժելու մասին հայցվորի ներկայացուցիչների կարծիքը, ես որոշեցի անհիմն լինելու պատճառաբանությամբ մերժել միջնորդությունը: Հաջորդաբար կայացրեցի երկրորդ որոշումը` սեփական նախաձեռնությամբ հետաձգեցի գործի քննությունը` դրան մասնակցելու համար պատասխանողին ընձեռելով ևս մեկ հնարավորություն: Հաջորդ դատական նիստը նշանակեցի նույն օրը` ժամը 15:00-ին: Սա ահազանգ և նախազգուշացում էր «ԱրմենԹել» ընկերությանը, որտեղ չէին կարող չհասկանալ, որ այդ օրը ժամը 15:00-ին նշանակված դատական նիստում գործի քննությունը կիրականացվի իրենց բացակայությամբ, եթե դարձյալ խուսափեն նիստին ներկայանալուց: Դրա համար անհրաժեշտ էր մեկ բան` ապահովել «ԱրմենԹել» ընկերության նախնական ծանուցումը ժամը 15:00-ին նշանակված դատական նիստի մասին: Ժամանակը սուղ էր, և փոստային ծառայության միջոցով այդ անել հնարավոր չէր լինի: Մնում էր միայն մեկ տարբերակ` ծանուցագրի առաքումը և հանձնումը սուրհանդակի միջոցով: Որպես սուրհանդակ ընտրեցի օգնականիս, նրան հանձնեցի ծանուցագիրը և որոշակի դրամական գումար, հանձնարարեցի «տաքսի» ծառայության միջոցով շտապ հասնել «ԱրմենԹել» ընկերության կենտրոնական գրասենյակ, հանձնել ծանուցագիրը և մինչև դատական նիստն սկսվելը դատական ծանուցագրի ստացումը հավաստող կտրոնը ներկայացնել ինձ: Մեկ ժամ չանցած օգնականս վերադարձավ և ինձ հանձնեց ծանուցագրի կտրոնը` «ԱրմենԹել» ընկերության դրոշմակնիքի դրոշմով, համապատասխան աշխատակցի ստորագրությամբ, հանձնման ամսաթվի և ժամի նշմամբ: Ես արդեն պատրաստ էի գործը պատասխանողի բացակայությամբ քննելուն: Կանխազգացումս ինձ չէր խաբել: Նշանակված ժամին դահլիճում ներկա էին միայն հայցվորի ներկայացուցիչները, իսկ պատասխանողից չէր ստացվել անգամ որևէ միջնորդություն: Ես հանգիստ բացեցի դատական նիստը, արձանագրեցի պատասխանողի անհիմն բացակայությունը և գործն այդ պայմաններում քննելու վերաբերյալ հայցվորի ներկայացուցիչների համաձայնությունը, ապա` անցա գործի քննությանը: Լսեցի հայցվորի ներկայացուցիչներին, հետազոտեցի գրավոր ապացույցները, հայտարարեցի պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան ներկայացված չլինելու մասին և, հավաստիանալով, որ հայցվորը չունի որևէ միջնորդություն, գործի քննությունն ավարտված հայտարարեցի ու կայացվելիք դատական ակտի հրապարակումը նշանակեցի 10 օր հետո` մինչև արձակուրդիս մեկնարկը: Հայցը հայցագնի գերակշռող մասով ակնհայտորեն հինավորված էր: Այդ գումարի չափ աշխատանքներ հայցվորի կողմից կատարված և պատասխանողի կողմից ընդունված լինելու մասին լիարժեք ու անվիճելի ապացույցներ առկա էին, իսկ վճարումների դաշտը դատարկ էր: Իմ կայացրած վճռով հայցը բավարարվեց հենց այդ մասով, իսկ մնացած մասով այն մերժվեց: Օրեր անց ես արդեն ընտանիքիս անդամների հետ վայելում էի վաստակածս հանգիստը, բայց նաև սիրտս վկայում էր, որ «ԱրմենԹել» ընկերությունն իր թքածը չի լիզելու և, ինչպես ասում են, տղա է բերելու իմ դեմ: Փառք ու պատիվ հանրապետության նախագահին. երբ արձակուրդից վերադարձա, ինձ հասանելի աղբյուրներից իմացա, որ նրա ստորջրյա ցուցումով իմ վճիռն «ԱրմենԹել» ընկերության կողմից բողոքարկվել և վճռաբեկ դատարանի կողմից բեկանվել էր: Բայց դրանք ծաղիկներն էին, իսկ դառը պտուղները ճաշակեցի քիչ ավելի ուշ: Իզուր չէր, որ հանրապետության նախագահը կրում էր նաև գերագույն գլխավոր հրամանատարի տիտղոսը, և նրա հերթական ստորջրյա ցուցումով իմ նկատմամբ հարուցվեց նաև կարգապահական վարույթ: Ախորժակն ուտելիս է բացվում, և ինձ խժռելու ախորժակը ոմանց մոտ բացվել էր: Կարևոր չէր, որ ես ոչ միայն որևէ խախտում թույլ չէի տվել, այլև գործը քննել էի օրենքով սահմանված ժամկետում, կարևոր էր, որ ինձ դաս տալու առիթ էր մոգոնվել, և իմ ձեռքով կրակից շագանակներ կարող էին հանվել հօգուտ «ԱրմենԹել» ընկերության և ի հեճուկս դրա հովանավորության: Հիմա կպատմեմ, թե ինչ խախտում էր վերագրվում ինձ, և դուք կհասկանաք, թե ինչու պետք է դանդաղ շտապել աշխատելիս: Ես արդեն նշել եմ, որ ՀՀ տնտեսական դատարանում գործի քննության համար օրենքով սահմանված էր մեկամսյա ժամկետ: Գործն ստանալուց 9 օր հետո ես ավարտել էի դրա քննությունը, ևս 10 օր հետո հրապարակել էի վճիռը: Ստացվեց 19 օր` 1 ամսվա փոխարեն, այսինքն` ավելի արագ, քան օրենքով սահմանված առավելագույն ժամկետն էր, ընդ որում, բոլոր դատավորներին միշտ պաշտոնապես կոչ էր արվում չխախտել դատավարական ժամկետները: Ի՞նչ եք կարծում, ես խախտե՞լ էի գործի քննության ժամկետը: Իհարկե, ոչ: Հապա ինչու՞մն էր բանը: Պարզվեց, որ որոշակի անձանց համար հաճո դեպքերում խախտում է նաև ժամկետը չխախտելը, ինչն իմ դեպքում կամայականորեն որակվեց որպես անհարկի շտապողականություն, և ես այդ մեղադրանքով հայտնվեցի արդարադատության խորհրդի առաջ որպես մի ամբաստանյալ, ով հանդգնել էր բավարար համարել 2 դատական նիստերի մասին «ԱրմենԹել» ընկերությանը հանձնված ծանուցագրերը, չտանել «ԱրմենԹել» ընկերության նազ ու տուզը, սահմանված ժամկետում նրա կամավոր ու չպատճառաբանված բացակայությամբ ավարտել գործի քննությունը և «ԱրմենԹել» ընկերությանը հրամցնել նրա անբարեխղճության դառը պտուղները` շինարարական կազմակերպությանը հասանելիք գումարի վճարման պարտականությունը: Այլ սուբյեկտի պարագայում իմ արածը կընդունվեր ծափահարություններով, բայց «ԱրմենԹել» ընկերության պարագայում դրանց փոխարեն հնչեցին Պարույր Սևակի խոսքերը. «Միայն թե դու … մե քիչ կամաց գնա, գոզա՛լ, Որ քո կամաց և անշտապ քելքի չափին համաչափվի Մեր խեղճ սրտի տրոփյունը հաճախակված»: Արդարադատության խորհրդի նիստն սկսվեց: Դահլիճը նման էր սգո սրահի: Խորհրդի հատկապես դատավոր անդամների գլուխները խոնարհված էին, դեմքերը` խոժոռ ու մտահոգ: Թերևս, նրանք մտածում էին, որ նույն դամոկլյան սուրը կախված է նաև իրենց գլխին, և լավ կլիներ, որ այն տեղից չշարժվեր դեպի թիրախը: Ճիշտ է, արդարադատության խորհրդի անդամների աթոռներին նրանք իրենց ավելի պաշտպանված էին զգում, բայց դա ոչ թե պաշտպանվածություն էր, այլ ինքնապաշտպանվածություն` խոնարհության ու ձայնազրկության ձևով: Ես շատերի դեմքին նաև ամոթի դրոշմն էի տեսնում` ամոթ սեփական անճարակությունից և արդարության համար պայքարի ոգու բացակայությունից: Բոլորը լուռ լսում էին մեղադրող կողմի ծիծաղելի փաստարկները, բայց չէին ծիծաղում: Իսկ միգուցե չէին էլ լսում, քաջատեղյակ լինելով, թե ինչ է իրականում կատարվել, և իրենք ինչ հագուստ են հագցնելու կատարվածին: Ես վստահ էի, որ գերագույն գլխավոր հրամանատարի պատվերն արդեն ընդունված էր կատարման, իսկ ինձ կարգապահական տույժի ենթարկելու մասին որոշումն էլ արդեն գրված էր: Երբ խոսելու հերթը հասավ ինձ, ես հիշեցի, որ լավագույն պաշտպանությունը հարձակումն է, և լայնորեն բացեցի զինանոցիս դարպասները: Խորհրդի որոշ անդամներ` առավել տարեցները և ինձ լավ ճանաչողները, գլուխները բարձրացրին և աչքունքով սկսեցին ինձ ակնարկել, որ զուսպ լինեմ ու շատ չխոսեմ, բայց գնացքն արդեն գնացել էր, և ես ոչ մեկին չէի նկատում: Ես գոնե ինձ համար բավարար և համոզիչ ձևով պետք է ցույց տայի, որ մատաղացու գառ չէի, և որ իմ արարքը ոչ միայն օրենքի խախտման անգամ չնչին տարրեր չէր պարունակում, այլև արժանի էր խրախուսման և որդեգրման: Ես գիտեի, որ իմ ասածը տեղ չէր հասնում, շուրջ բոլորս խուլուհամրեր էին, բայց լռել չէի կարող և ասացի այն ամենը, ինչ մտածում էի, իհարկե, կոռեկտ և իրավական չափավոր լեզվով` պահպանելով էթիկայի կանոնները, բայց ասածներս մի փութ մեղրով էլ չէին ուտվի: Ես մոռացել էի, որ էթիկայի կանոնները կիրառելի են միայն էթնոսի ծնունդ ունեցողների նկատմամբ, որպիսիք դահլիճում գրեթե չկային, բայց ես ինձ այդպիսին էի համարում և այլ կերպ վարվել չէի կարող: Իհարկե, տիրապետելով հայերեն լեզվին և իրավունքի լեզվին` կարողացա նաև շառաչուն ապտակների փոխարինող դատողություններ հնչեցնել` անհամբեր սպասելով դրանց համարժեք արձագանքին, բայց հնչեց միայն մեկ արձագանք, որի մասին չխոսել չեմ կարող: Հարձակման տպավորություն թողած պաշտպանական ելույթս ավարտվելուն պես ինձ հարց տալու ցանկություն հայտնեց խորհրդի գիտնական անդամներից մեկը` Ռ. Ավագյանը, ով ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի գիտաշխատողներից էր: Հարցը հնչեց, այն էլ` ընդգծված ու մտացածին ենթատեքստով. «Իսկ ի՞նչ շարժառիթով շտապեցիք պատասխանողի բացակայությամբ ավարտել գործի քննությունն ընդամենը 2 նիստով, առավել ևս, որ հայցագինը 1.000.000.000 դրամ էր»: Պարզ է, չէ՞, թե ինչ էր ակնարկում Ավագյանը. այդպիսի հայցագնի պայմաններում որքա՞ն կաշառք էի ստացել հայցվորից, որպեսզի արագ և ի նպաստ հայցվորի ավարտեմ գործը: Ես որոշեցի Ավագյանի վառած կրակի վրա յուղ լցնել և հանգիստ պատասխանեցի. «Նախ, ես չեմ շտապել, այլ գործել եմ օրենքին համապատասխան, ընդ որում, օրենքը հորդորում է գործը քննել, որպես կանոն, մեկ դատական նիստում, բայց կողմերի հավասար հնարավորություններն ապահովելու համար ես նշանակել եմ նաև երկրորդ նիստը, իսկ պատշաճ ծանուցված պատասխանողն ինքն է որոշել չներկայանալ նաև այդ նիստին, և դա նրա իրավունքն է: Ես նրան բերելու համար ինքնաթիռ չպետք է ուղարկեի: Ինչ վերաբերում է հայցագնին, դրա չափից գործի քննության ժամկետը կախված չէ` ի գիտություն Ձեզ: Եվ վերջաբանը, հայցագինը ոչ թե 1.000.000.000 դրամ էր, այլ 1.350.000.000 դրամ, և Դուք էլ դրա հետ կապված ենթադրական հաշվարկներ անելիս որպես ելակետ ընդունեք այդ գումարը»: Ուզում էի ասել, որ եթե կաշառք եմ ստացել` ըստ իր ակնարկի, ապա դրա գումարը շատ ավելի մեծ է եղել, քան ինքն էր կարծում, և նա հասկացավ քողարկված միտքս ու այլևս հարցեր չտվեց: Վարույթի շրջանակներում կաշառքի մասին խոսք չկար ու չէր կարող լինել ընդհանրապես, և Ավագյանը, թերևս, փորձում էր վախս չափել, մտածելով, թե երկու վախը մի մահ է, բայց նրա չափիչը տեղում խոտանվեց: Իմ վախը վաղուց արդեն չափված էր տվածս երդմամբ: Խորհուրդը հեռացավ խորհրդակցական սենյակ` կայացնելու արդեն իսկ կայացված որոշումը, շատ արագ վերադարձավ ու ինձ նկատողություն հայտարարեց: Հետաքրքիր է, չէ՞, ինձ դատապարտեցին շտապելու համար, բայց իրենք ինձնից ավելի շտապեցին` ամենևին չփորձելով սեղմել արգելակման ոտնակը: Երևի պատվերի մեջ ներառված էր նաև դրա կատարման ժամկետը, և այդ կատարման մասին հարկ էր զեկուցել ժամ առաջ: Վերջ, հոգնեցի: Բոլորիդ կոչ եմ անում շտապել, բայց մի քիչ դանդաղ, այլապես ձեզ կպատժեն առանց դանդաղելու: Իսկ ես կշարունակեմ շտապել այնքան, որքան հարկ կհամարեմ: Ես արդեն մկրտվել եմ այդ դաշտում և գիտեմ, որ պատահաբար չեն եզը բարձրացնում ու դրա տակ հորթ որոնում: Իհարկե, այդ հորթը չի հայտնաբերվում, բայց նրան նվիրված հուշարձան անպայման կանգնեցնում են, և նույնքան մերկ, որքան գոյություն չունեցած Դավիթի արձանը:

Leave a Reply