«Ոտքի՛, Դատարանն է գալիս». հնչեց դատական կարգադրիչի ձայնը:
Դատական նիստերի դահլիճում տարբեր գործերով իրենց հերթին սպասող անձինք ոտքի կանգնեցին: Դատավորը մտավ դահլիճ, զբաղեցրեց իր տեղը, բոլորին հրավիրեց նստելու և հերթական դատական նիստը հայտարարեց բացված:
Տվյալ դատական նիստում քննվում էր ոմն անհատ ձեռնարկատիրոջից հօգուտ Հայաստանի Հանրապետության 300.000 դրամի չափ հաստատագրված վճարի գումար բռնագանձելու պահանջի վերաբերյալ տարածքային հարկային տեսչության հայցի հիման վրա հարուցված քաղաքացիական գործը:
Հայցվորի շահերը ներկայացնում էր տեսչության իրավաբանական բաժնի աշխատակիցը:
Պատասխանողը ներկայացել էր առանց փաստաբանի: Նրա կոկորդը վիրակապված էր, և նա չէր կարողանում խոսել ու հազիվ ինչ-որ բան էր շշնջում: Նրա դալուկ և գունատ դեմքին տագնապ էր դաջված, քայլում էր դանդաղ ու երերալով, ձեռքերը դողում էին: Նրան ուղեկցող տիկինը հայտնեց, որ պատասխանողն իր ամուսինն է, ում կոկորդում ամիսներ առաջ քաղցկեղ հայտնաբերվելու կապակցությամբ կատարվել է վիրահատություն, և նրա ձայնալարերը հեռացվել են, իսկ ինքն էլ ամուսնուն ուղեկցում է նրա շշուկը «թարգմանելու»` ամուսնու խոսքը բարձրաձայնելու համար: Ամուսինների հագուկապից ակնհայտ էր նրանց անապահով, թշվառ վիճակը:
Դատավորը խոսքը տվեց հայցվորի ներկայացուցչին, և վերջինս ներկայացրեց տեսչության պահանջի հիմքում դրված փաստերն ու դրանք հաստատող ապացույցները: Օրենքի տեսանկյունից դրանք անվիճելի էին, և պատասխանողն էլ հայցադիմումի պատասխան կամ հայցի դեմ որևէ առարկություն չէր ներկայացրել:
Խոսելու հերթը պատասխանողինն էր, և Դատավորը նրան թույլատրեց խոսել նստած: Պատասխանողի կինը ոտքի կանգնեց և փորձեց կցկտուր ձևով Դատարանին ներկայացնել այն պատճառները, որոնք պատասխանողին զրկել են պետության հանդեպ իր պարտավորությունը կատարելու հնարավորությունից: Պատասխանողի հիվանդության պատմությունը լսելուց և համապատասխան բժշկական փաստաթղթերը զննելուց հետո Դատավորը տիկնոջը թույլ չտվեց շարունակել խոսքը` «Նստե՛ք, տիկին, Դատարանի համար ամեն ինչ պարզ է»: Թերևս, ամեն ինչ պարզ էր նաև դահլիճում գտնվող անձանց համար. բոլորը կլանված ու համակ ուշադրությամբ հետևում էին իրենց չվերաբերվող գործի քննության ընթացքին ու տխուր հայացքներով նայում պատասխանողին ու նրա կնոջը, ում, ըստ ամենայնի, սպասում էր պարտություն` 300.000 դրամ կազմող և նրանց հնարավորություններից դուրս գտնվող գումարի վճարման բեռի տեսքով:
Ըստ հայցվորի ներկայացրած ապացույցներով հաստատվող և պատասխանողի կողմից չվիճարկված ու նրա կնոջ կողմից վկայակոչված փաստերի, պատասխանողը ժամանակին աշխատել էր ավտոպարկում` որպես բեռնատար մեքենայի վարորդ, և ավտոպարկի սեփականաշնորհման գործընթացի շրջանակներում ինքն էլ շատ ցածր գնով գնել էր վերանորոգման ենթակա մի բեռնատար մեքենա` այն սարքին վիճակի բերելու և բեռնափոխադրումներ իրականացնելու միջոցով ընտանիքի կենսապահովման միջոցները վաստակելու նպատակով: Նկատի ունենալով, որ բեռնափոխադրումների իրականացումը հարկային պարտավորություններ առաջացնող ձեռնարկատիրական գործունեություն է, պատասխանողն անհրաժեշտ փաստաթղթերի տեսականին ճշտելու նպատակով նախ այցելել էր տարածքային հարկային տեսչություն, ստացել իր ակնկալած տեղեկությունները, իսկ ավելի ուշ նույն տեսչություն էր ներկայացրել իր` որպես անհատ ձեռնարկատիրոջ, կարգավիճակը հավաստող փաստաթղթերն ու իր կողմից իրականացվելիք գործունեությանն առնչվող այն ելակետային տվյալները, որոնք պահանջվում էին այդ գործունեության առնչությամբ իր կողմից պետությանը վճարվելիք հաստատագրված վճարի չափի հաշվարկման համար: Պատասխանողի ներկայացրած փաստաթղթերի հիման վրա հարկային տեչությունում մեկնարկել էր պատասխանողի կողմից վճարվելիք ամենամսյա հաստատագրված վճարի հաշվարկը:
Կարծես թե ամեն ինչ պատրաստ էր պատասխանողի կողմից բեռնատարի վերանորոգմանը և այն արագ ավարտելուց հետո բեռնափոխադրումների իրականացմանը ձեռնամուխ լինելու համար, բայց ճակատագիրն այլ բան էր կանխորոշել և պատասխանողի կյանքը շրջել էր գլխիվայր. նա հարկադրված էր եղել ունեցած սուղ միջոցներն ու ամբողջ ժամանակը տրամադրել կոկորդում հայտնաբերված քաղցկեղի բուժմանը` ձեռնպահ մնալով բեռնափոխադրումների իրականացումից և անհրաժեշտ եկամուտների բացակայության ու բուժման համար պահանջվող շոշափելի ծախսերի պայմաններում անկարող լինելով կատարել պետության հանդեպ իր ունեցած հարկային պարտավորությունը: Տարված լինելով կյանքի փրկությանն ուղղված հոգսերով ու անտեղյակ լինելով օրենսդրությամբ սահմանված հնարավորությունների մասին, պատասխանողը հարկային տեսչություն չէր ներկայացրել ենթադրյալ գործունեության դադարեցման մասին դիմում, որը ներկայացվելու դեպքում կկասեցներ հաստատագրված վճարի հաշվարկը: Այս պայմաններում նրա կողմից վճարվելիք ամենամսյա հաստատագրված վճարի` հարկային տեսչությունում մեկնարկած հաշվարկն օրենքին համապատասխան շարունակվել էր, և հարկային տեսչության կողմից հայցադիմումի ներկայացման պահի դրությամբ նրա պարտքը կազմել էր 300.000 դրամ, իսկ պատասխանողի ընտանիքի անդամների` նրա վիճակի բերումով որոշակի զիջումներ կատարելու վերաբերյալ հարկային տեսչությանը ներկայացված խնդրանքները թողնվել էին անարձագանք:
Դատավորը հայտարարեց, որ գործի քննությունն ավարտված է, և վճիռ կայացնելու հա-մար պետք է հեռանար խորհրդակցական սենյակ, բայց հապաղեց այդ անել: Նրա դեմքը շատ լարված ու մտահոգ էր, և նա սևեռված էր միայն մեկ մտքի վրա` «Այս դժբախտ մարդուց անգամ 3 դրամ բռնագանձելն արդար չէ, բայց ինչպե՞ս մերժել հայցվորի հիմնավորված պահանջը, որ դա չորակվի որպես անգրագիտություն ու ակնհայտ անհամապատասխանություն զբաղեցրած պաշտոնին»:
Րոպեներ անց Դատավորի դեմքը պայծառացավ ու ողողվեց հպարտ ժպիտով. նա գտավ իրեն տանջող հարցի պատասխանը: Գիտակցելով հանդերձ, որ իր կողմից արդար համարվող ձևով հարցը կարող էր լուծվել բացառապես օրենքին հակասող վճիռ կայացնելով, ինչի համար ինքը կարող էր պաշտոնանկ արվել, նա որոշեց անգամ այդ գնով ամեն ինչից վեր դասել արդարությունը: Բայց միայն հայցը մերժելու մասին վճռի կայացումը բավարար չէր, քանի որ այդ վճիռը հայցվորի կողմից բողոքարկվելու դեպքում ոչ միայն կծագեր լիազորությունների դադարեցման ձևով Դատավորի պատասխանատվության սպառնալիքը, ինչին նա պատրաստ էր հանուն արդարության, այլև բողոքարկված վճիռը կբեկանվեր և կփոփոխվեր` պատասխանողին թողնելով հայտնի հեքիաթի կոտրված տաշտակի առաջ: Գործի այսպիսի ելքը կիմաստազրկեր այն, ինչ մտածել էր անել Դատավորը, ուստի նախքան վճռի կայացումը և հրապարակումն անհրաժեշտ էր կատարել ինչ-որ ապահովագրական քայլ, և Դատավորը որոշեց, որ այդպիսին կարող էր լինել միայն հայցվորի հանդեպ հոգեբանական գրոհը:
Դահլիճում ներկաները լարված սպասում էին Դատավորի խոսքին, և նա վերջապես խոսեց` խիստ տոնով դիմելով հայցվորի ներկայացուցչին. «Հայցվո՛ր, ոտքի կանգնեք: Դատարան դիմելուց առաջ Դուք արդեն տեղյակ էիք պատասխանողի անմխիթար վիճակի մասին: Ձեր կողմից սպասարկվող տարածքում արդյո՞ք չկային բարեգործության ընդունակ հարկատուներ, ում միջոցով կարող էիք կազմակերպել պատասխանողի ոչ մեծ, բայց նրա համար ահռելի պարտքի մարումը: Ինչու՞ այդպես չեք վարվել»:
Հայցվորի ներկայացուցիչը շփոթված ոտքի կանգնեց և սկսեց ինչ-որ բան կմկմալ, բայց Դատավորն անհողդոդ ձայնով ընդհատեց նրան. «Ձեր հայցը հիմնավորված է, բխում է օրենքից և ենթակա է բավարարման»: Հայցվորի ներկայացուցիչը լայն ժպտաց` սպասված հաղթանակի վաղաժամ բերկրանքը դեմքին, բայց Դատավորը խիստ ձայնով շարունակեց. «Մի շտապեք ուրախանալ, ես հիմա հեռանում եմ խորհրդակցական սենյակ և կայացնելու եմ Ձեր հայցը մերժելու վերաբերյալ վճիռ»:
Դահլիճում քար լռություն տիրեց: Բոլորն ապշել ու կարկամել էին. Դատավորն իրավունք չուներ հրապարակայնորեն կանխակալ կարծիք հայտնել կայացվելիք վճռի մասին, առավել ևս` շեշտելով, որ կայացնելու է օրենքին հակասող վճիռ:
Նույն անհողդողդ ձայնով և ցուցամատը թափահարելով, Դատավորը շարունակեց հայցվորի ներկայացուցչին ուղղված իր սպառնալից խոսքը. «Դատական նիստից հետո կվերադառնաք Ձեր աշխատատեղը և տեսչության պետին իմ անունից կասե՛ք` «Աստված չանի՛, որ Դուք այս վճռի դեմ բողոք ներկայացնեք: Անպայման կասե՛ք, ստուգելու եմ»»:
«Կասեմ», շփոթված ու գլխիկոր շշնջաց հայցվորի ներկայացուցիչը:
Դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ, կարճ ժամանակ անց վերադարձավ և հանգիստ խղճով, հպարտ կեցվածքով ու խրոխտ ձայնով հրապարակեց հայցը մերժելու մասին վճիռը: Դահլիճը թնդաց ծափահարություններից. կատարվածն աննախադեպ էր ու աներևակայելի, բայց արժանացավ հանրային անթաքույց ճանաչման ու հավանության:
Անցավ ժամանակ, սպառվեց վճռի բողոքարկման ժամկետը, հայցվորն այդպես էլ չբողոքարկեց վճիռը, և այն մտավ օրինական ուժի մեջ` պատասխանողին ազատելով անտանելի բեռից: Արդյո՞ք հայցվորն ինքն էլ արդար համարեց կատարվածը, հայտնի չէ: Ակնհայտ է մի բան` «սև», բայց արդար դատությունը վերջնական հաղթանակ տարավ:
Լսու՞մ եք, ճերմակ աղավնինե՛ր, արդարությունը հաղթեց ու ճախրեց չոր և սահմանափակ օրենքից վեր: Դու՛ք էլ ճախրե՛ք կապույտ ու անեզր երկնքում և ամենուր տարածե՛ք արդարության բերկրանքը:



