Skip to main content

Հավսա՜ր, զգա՛ստ:  Հավասարությունը դեպի այն մեկը, ով մարտի դաշտում մենակ մնաց, բայց չմոռացավ, որ ինքը զինվոր է:  Ես հիմա չեմ բացահայտի, թե խոսքն ում մասին է, բայց դուք ինքներդ կհասկանաք, եթե ճանաչում եք նրան:  Իսկական զինվորը կռվում է ոչ թե փառքի ու շքանշանի համար, այլ ազատության ու ինքնիշխանության համար, և ես հիմա ազատություն կտամ մարտի դաշտում մենակ մնացած զինվորի լեզվին, զինվոր, ով մի ամբողջ ականապատված դաշտ անցավ առանց ականորսիչի, և նրա ոտքերի տակ պայթած ականներն ու դրանց առաջացրած վերքերը միայն պայքարի նոր ուժ հաղորդեցին նրան:  Հենց դրանով էր նա իսկական զինվոր:

Զինվորը Դատավոր էր, ով զորացրվելուց և դատավորի պաշտոնն ստանձնելուց հետո էլ շարունակեց ոգով մնալ որպես զինվոր, այն էլ` առաջնագծում:  Տարիների պաշտոնավարումը և կուտակվող փորձառությունը նրան ավելի էին կոփել` իսպառ զրկելով հանձնվելու ունակությունից ու նույնիսկ մտայնությունից:  Նա միայն մեկ հրամանատար էր ճանաչում` արդարությունը, և պատրաստ էր նրա լուռ հրամանով անգամ կրծքով փակել անարդարության հրակնատը` մետաղի ջարդոնի վերածելով այնտեղից թռչող գնդակները:

Դատավորն աշխատում էր ՀՀ տնտեսական դատարանում, որտեղ գործերը քննվում էին երեք դատավորի կազմով:  Միևնույն կազմում նրա հետ միասին աշխատում էին մեկ տղամարդ և մեկ կին դատավորներ:

Մի օր Դատավորի գործընկերը, ով տարիքով նրանից մեծ էր, մտավ նրա աշխատասենյակը, անհանգիստ շարժումներ անելով տեղավորվեց աթոռին և սկսեց պատմել, թե իր իբր մտերիմ ընկերն ինչ անարդարության է բախվել առաջին ատյանի դատարանում:  Ըստ նրա պատմածի, ընկերոջ դեմ ուղղված հայցն անհիմն կերպով բավարարվել էր, ընդ որում, վիճելի հարցը կենսական ու սկզբունքային նշանակություն ուներ ընկերոջ համար:  Պատմությունն ավարտվեց նրանով, որ առաջին ատյանի դատարանի վճռի դեմ ներկայացվել էր վերաքննիչ բողոք, որը դեռևս որևէ դատավորի չէր հանձնվել, քանի որ գործը դեռևս չէր ստացվել ՀՀ տնտեսական դատարանում:  Դատավորը լսեց գործընկերոջը և հապաղեց որևէ կերպ արձագանքել նրան.  ակնհայտ էր, որ դեռ ամեն ինչ չի ասվել, և գործընկերոջ ատամի տակ դեռ էլի ինչ-որ բան կար:  Դատավորի հոտառությունը չխաբեց նրան:  Գործընկերը սկսեց կմկմալով դատողություններ անել այն մասին, որ լավ կլիներ, որ տվյալ գործը հանձվեր իրենց կազմին:  Թերևս, նա ակնկալում էր, որ Դատավորն ինչ-որ գործողություններ ձեռնարկի այդ ուղղությամբ, բայց նման բան Դատավորի մտքով չէր էլ անցնի:

Քանի որ գործերի բաշխումը կատարվում էր դատարանի նախագահի կողմից, Դատավորը գործընկերոջը խորհուրդ տվեց դիմել նրան` գործն իրեն հանձնելու խնդրանքով, բայց գործընկերն առարկեց.  «Չեմ ուզում այդ քայլին դիմել, մեր հարաբերությունները լավ չեն, հակառակը կանի»:

«Ի՜նչ արած», ասաց Դատավորը, «ուրեմն քեզ մնում է սպասել և հուսալ, ինչպես կասեր Էդմոն Դանտեսը կոմս Մոնտե Քրիստո դառնալուց հետո»:

Այդ օրվա խոսակցությունը դրանով ավարտվեց:

Անցան օրեր:  Դատավորը ծանոթանում էր նոր ստացած գործերի փաթեթին, երբ այդ գործերից մեկը գրավեց նրա ուշադրությունը:  Պատմությունը շատ ծանոթ էր, և Դատավորն անմիջապես մտաբերեց գործընկերոջն ու նրա պատմածը մտերիմ ընկերոջ մասին:  Զանգ գործընկերոջը, և րոպեներ անց նա հայտնվեց Դատավորի աշխատասենյակում:

«Սա՞ է ընկերոջդ գործը», հարցրեց Դատավորը` գործը հրելով գործընկերոջ առաջ:  Ընդամենը մի հայացք ձգելով գործի շապիկին ու դրա վրա կարդալով կողմերի անունները, գործընկերը կարծես թե գտավ այն, ինչ որոնել էր ողջ կյանքի ընթացքում:

«Այս գործը քե՞զ է հանձնվել, ուրեմն մենք միասին ենք քննելու այն:  Ծանոթացե՞լ  ես գործին, ի՞նչ կարծիք ունես», գործընկերոջ ձայնը թնդում էր անզուսպ ուրախությունից ու լի էր հուսադրող պատասխանի ակնկալիքով:

«Ծանոթացել եմ, հանգիստ եղիր», ասաց Դատավորը, «գործն ակնհայտորեն սխալ է լուծված, և անկախ նրանից, թե ով ում բարեկամն է, վճիռը ենթակա է բեկանման և փոփոխման:  Գործի փաստերը և դրանք անվիճելիորեն հաստատող ապացույցները պահանջում են հենց այդպես վարվել, իսկ առաջին ատյանի դատարանում գործը վերստին քննելու անհրաժեշտությունը բացակայում է:  Բայց այս մասին ընկերոջդ նախապես ոչինչ չասես»:

«Ինչպե՞ս չասեմ, ախր ընկերս պատրաստ է նաև որոշակի գումար տալ` ի նշան երախտագիտության», խանդավառված շարունակեց գործընկերը, «քո կարծիքը լսելուց հետո ես վստահ եմ, որ մեր գործընկերուհին էլ կմիանա մեզ»:

Դատավորն ապշել  էր.  «Ինչի՞ մասին ես խոսում: Դու չգիտե՞ս, որ ես արդարությունը չեմ վաճառում, իսկ անարդարությունն էլ չեմ հանդուրժում ոչ մի գնով:  Մոռացիր ասածդ, իսկ եթե պատրաստ ես ընկերոջիցդ գումար վերցնել և գրպանել այն, ապա դա կանես բացառապես քո անունից` Ձեր մտերմիկ հարաբերությունների շրջանակում, հեռու այս գործից»:   

Գործն ընդունվեց վարույթ և քննարկվեց նաև դատական կազմի երրորդ դատավորի հետ:  Վերջինը լիովին ընդունեց Դատավորի կարծիքը և բացառեց որևէ այլ մոտեցումը:

Նշանակվեց դատական նիստի օր, բայց նախքան այդ օրը նույն գործով սկսեց հետաքրքրվել նաև դատարանի նախագահը` հօգուտ հակառակ կողմի:  Դատավորի կողմից նրա խնդրանքի կտրուկ ու անվերապահ մերժումն այլընտրանք չուներ:  Նա խնդրում էր անփոփոխ թողնել վճիռը, ինչը կարող էր անել միայն դատավորի առաքելությանը և սեփական արժանապատվությանը ոչ թե դավաճանած, այլ դրանք հուղարկավորած մեկը, մինչդեռ Դատավորը պատրաստ էր ինքը հուղարկավորվել, բայց այդ արժեքները պահել անհասանելի բարձունքում:

Դատարանի նախագահը չէր համակերպվում Դատավորի մերժման հետ, չնայած նրան մանրամասն ներկայացվել էին գործի բոլոր հանգամանքները:  Ակնհայտ էր, որ դրանք նրան չէին հետաքրքրում, և նա մոռացել էր, ինչ ասել է դատարանի նախագահ և դատավոր, առավել ևս` Դատավորի պարագայում:

Դատական նիստից հետո դատարանի նախագահն ավելի ակտիվացավ:  Մի քանի ձախողված փորձերից հետո դատարանի նախագահը փոխեց մարտավարությունը և բացահայտեց անթույլատրելի միջամտության իբր իրական աղբյուրը:  Նա տվեց վճռաբեկ դատարանի նախագահի անունը և ասաց, որ նրա անձնական խնդրանքն է փոխանցում Դատավորին:  Դատարանի նախագահը Դատավորին խորհուրդ տվեց նաև խոսել վճռաբեկ դատարանի նախագահի հետ:  Դատավորի դեմքին արհամարհական ժպիտ հայտնվեց:  Նա տանել չէր կարող վճռաբեկ դատարանի նախագահին, ով իր երբեմնի ենթական էր եղել, և տնտեսական դատարանի նախագահը քաջատեղյակ էր այդ մասին:

«Դու երևի ինձնից լավ գիտես, որ քո նշած արարածն ինձ համար պարզապես գոյություն չունի որպես անձ:  Ինչպե՞ս կարող է նա անձնական խնդրանքով դիմել, այն էլ ինձ, ում բարևին անգամ չի արժանանում:  Ինչպե՞ս կարող է նա քիթը խոթել մի գործի մեջ, որով նախագահողը ես եմ:  Ինչ վերաբերվում է նրա զբաղեցրած պաշտոնին, որով նա զարմացել է, ապա նրան հիշեցրու` մի օր դու ես թամբի վրա, մի օր էլ թամբն ես շալակած տանում:  Թող չմոռանա, թե ում հետ գործ ունի:  Նա ինձ որևէ բան խնդրել չէր կարող կամ էլ գոռոզամտությունը թույլ չի տվել անել այդ, ուստի դիմել է քեզ, բայց ես արդեն մի քանի անգամ մերժել եմ հենց քո անունից ներկայացված նույն խնդրանքը, իսկ նրա անունից ներկայացված խնդրանքի մասին լսել անգամ չեմ ուզում, առավել ևս, որ այն ավելի շատ հնչում է որպես վերևից իջեցվող հրահանգ, քան խնդրանք:  Ինչևէ, սրանք ընդամենը լիրիկական զեղումներ են, և իմ իրավական դիրքորոշումն էլ դրանցով չէ պայմանավորված:  Իրավունքի դաշտում անձնական խնդրանքները տեղ չունեն, և դա իմ հավատամքն է:  Բավ է, այս մասին այլևս չխոսենք, եթե նույնիսկ Հռոմի պապը հայտնվի խնդրողի դերում», սրանով Դատավորը փորձեց եզրափակել իր համար առավել, քան տհաճ խոսակցությունը, բայց փորձը փորձանք դարձավ:  Զենքեր չունենալով հանդերձ, դատարանի նախագահը չէր հանձնվում.  ինչպիսի՜ նվիրում վերադասին, ով նույնիսկ վերադաս չէր այդ բառի բուն իմաստով, իսկ կատարածի առումով իսկական ստորադաս էր` այդ բառի արմատի բուն իմաստով:  Դատավորն արդեն զուգահեռաբար մտածում էր նաև, որ դատարանի նախագահը ձևականորեն է տալիս վճռաբեկ դատարանի նախագահի անունը` քաջ գիտակցելով, որ Դատավորի և նրա միջև որևէ շփում լինել չէր կարող նույնիսկ միջնորդի միջոցով, և որ դատարանի նախագահին առաջ էր մղում սոսկ իր անձնական շահագրգռվածությունը:  Դա ավելի էր նյարդայնացնում Դատավորին:

«Ես հիմա կհրավիրեմ մյուս երկու դատավորներին, որպեսզի լսենք նաև նրանց կարծիքը», ասաց դատարանի նախագահը և ձեռքը պարզեց հեռախոսին:  Շատ չանցած դատարանի նախագահի աշխատասենյակ մտան Դատավորի գործընկերը և գործընկերուհին:  Դատավորը հանգիստ սպասում էր, հուսալով, որ մյուս երկու դատավորները կաշկանդված կլինեն գործի լուծման մասին վերջնական քննարկման արդյունքում իրենց իսկ բերանից ելած խոսքերով:  Դժբախտաբար, ընդամենը հուսալով:  Դատավորը վստահ չէր, որ իր հույսը կարդարանա:  Ասում են, որ հույսը վերջինն է մահանում, բայց թեկուզև վերջինը` մահանու՞մ է, չէ՞:  Դատավորը ևս ականատես եղավ իր հույսի մահվանը:

Լսելով մյուս երկու դատավորների` Դատավորի կարծիքի հետ անմնացորդ համընկող կարծիքները, դատարանի նախագահը գործի դրեց ծանր հրետանին ու չսխալվեց:  Վճռաբեկ դատարանի նախագահի անունը և ցուցումը լսելուն պես, կազմի մյուս երկու դատավորներն ընկան երկմտանքի մեջ ու նայեցին Դատավորի դեմքին, որն ապակու պես սառն էր` զուրկ էմոցիաներից:  Նա միայն մի բան ասաց ու լռեց.  «Ես իմ խոսքն արդեն ասել եմ ու իմ թքածը չեմ լիզի, իսկ մնացածը դուք գիտեք:  Կարող եք նաև վերանայել ձեր դիրքորոշումը, եթե կյանքը կարողանում է ձեզ այդպես թելադրել»:

Դատարանի նախագահը գրեթե հասավ իր ուզածին:  Կազմի մյուս երկու դատավորներն առանց ձևականությունների պատրաստակամություն հայտնեցին փոխել իրենց դիրորոշումը, բայց մասնակի:  Դատարանի նախագահը խրախուսեց նրանց:  Վճիռն անփոփոխ թողնելը չափից դուրս ճչացող անօրինականություն կլիներ` հղի հետագա վտանգներով, և նրանք երեքով` դատարանի նախագահն ու կազմի մյուս երկու դատավորները, համաձայնության եկան այն հարցում, որ վճիռը պետք է բեկանել, բայց ոչ թե փոփոխել, ինչպես ես էի պնդում, այլ գործն ուղարկել առաջին ատյանի դատարան` նոր քննության:  Ասկարիդի ճկունություն`  վճռաբեկ դատարանի նախագահին կներկայացվեր, որ վճիռը բեկանվել, բայց չի փոփոխվել, և կարելի է առաջին ատյանի դատարանում հասնել նույն, բայց ավելի հիմնավորված վճռի կայացման, իմ առաջ էլ կփորձեին արդարանալ նրանով, որ վճիռը բեկանվել է, և կարելի է առաջին ատյանի դատարանում հասնել հակառակ վճռի կայացման, իսկ թե ինչքան կանցներ մինչև նոր վճռի կայացումը և ինչ կփոխվեր այդ ընթացքում, ոչ մեկին չէր հետաքրքրում.  էշ մի սատկիր, գարուն կգա, յոնջա կուտես:

Դատավորը մարտադաշտում մնաց մենակ, բայց մնաց որպես զինվոր, ով հանձնվել չգիտի:  Հեգնական ժպիտը դեմքին, նա դիմեց մյուս երկու դատավորներին.  «Ես գործը  հանձնում եմ ձեզ, գրեք այն որոշումը, որը չգրել չեք կարող, իսկ ես այն չեմ ստորագրի, ես հատուկ կարծիք կգրեմ»:  Գործը թողնելով սեղանին, Դատավորը հեռացավ ու տվյալ գործի  մասին այլևս ոչ մի բառ չփոխանակեց եռագլուխ դևի հետ:       

Երբ կազմի երկու դատավորների գրած որոշումը պատրաստ էր, այն ներկայացվեց Դատավորին:  Նա ուշադիր կարդաց որոշումը, ստորագրելու փոխարեն նշեց, որ ունի հատուկ կարծիք և անցավ դրա շարադրմանը:  Ըստ էության, Դատավորի հատուկ կարծիքն ուներ այն բովանդակությունը, որը պետք է ունենար տվյալ գործով կայացվելիք օրինական, հիմնավորված և պատճառաբանված վճիռը:

Անցան ամիսներ:  Դատավորը համակարգչային ծրագրի միջոցով հետևում էր գործի ընթացքին:  Եվ մի օր էլ բացվեց արդարության լույսը և վերակենդանացավ Դատավորի մահացած հույսը:  Հրապարակվեց առաջին ատյանի դատարանում գործի նոր քննության արդյունքում կայացված վճիռը:  Առանց սխալվելու կարելի է ասել, որ հրապարակվեց Դատավորի հատուկ կարծիքը, որից վճիռը չէր տարբերվում:  Հետագայում այդ վճիռը նույնիսկ չբողոքարկվեց ու մտավ օրինական ուժի մեջ:

Հիմա համոզվեցի՞ք, որ կյանքն ամենուր մարտադաշտ է, և այդ մարտադաշտում մեկն էլ զինվոր է ու կարող է հաղթանակի դրոշ ծածանել:  Ուրեմն կեցցե՛ այդ զինվորը, և երանի նրա ծածանած դրոշը երբեք թաթախված չլինի արյամբ:

Leave a Reply