Երևան-Սոչի չվերթի ինքնաթիռը պատրաստ էր թռիչքի: Ինքնաթիռի սրահում իրենց նստատեղերը զբաղեցրել էին բոլոր ուղևորները, բացի մեկից: Մեկնարկի պահը վրա էր հասել, բայց օդաչուները նույնիսկ գործի չէին գցել շարժիչները, իսկ թռիչքների կառավարման կենտրոնից սպասվող համապատասխան հրահանգն էլ ուշանում էր: Բոլորն սպասում էին տվյալ չվերթի ավիատոմս գնած, բայց բացակայող տղամարդուն, ով այդպես էլ չհայտնվեց ինքնաթիռում, և ինքնաթիռն ի վերջո մեկնեց առանց նրա. քաղաքացի Ոսկերչյանը մնաց Երևանում: Իսկ ի՞նչն էր պատճառը, ի՞նչ էր պատահել Ոսկերչյանի հետ: Նա վեճի էր բռնվել մաքսային ծառայության աշխատակիցների հետ, ովքեր նրան վերագրել էին մաքսային կանոնների խախտում: Մաքսային սահմանը հատելիս` նրա մոտ հայտնաբերվել էին մեծ քանակությամբ թանկարժեք զարդեր, որոնք ենթակա էին հայտարարագրման և որոշակի գումար վճարելու միջոցով մաքսազերծման, բայց չէին հայտարարագրվել Ոսկերչյանի կողմից և չէին մաքսազերծվել: Ըստ մաքսային ծառայության աշխատակիցների, Ոսկերչյանի կողմից թանկարժեք զարդերը թաքցվել էին մաքսային հսկողությունից: Մաքսային տեսուչ Բժշկյանը կազմել էր հայտնաբերված զարդերի առգրավման վերաբերյալ արձանագրություն, և թույլ տված խախտման համար Ոսկերչյանի նկատմամբ նշանակվել էր մեծ գումարի տուգանք, որը կամովին վճարելուց և Սոչի մեկնելուց Ոսկերչյանը հրաժարվել էր` ակնկալելով իր և մաքսային ծառայության միջև ծագած վեճի բարենպաստ լուծում դատական կարգով:
Տևական մի ժամանակահատվածի ընթացքում Ոսկերչյանն այդպես էլ չվճարեց նշանակված տուգանքի գումարը և չդիմեց Դատարան: Մաքսային ծառայությունը հարկադրված ինքը դիմեց Դատարան` նշանակված տուգանքի գումարը Ոսկերչյանից բռնագանձելու պահանջով:
Նշանակված օրը կողմերը կանգնեցին Դատարանի առաջ. հայցվորին ներկայացնում էր մաքսային ծառայության իրավաբանական բաժնի աշխատակիցը` միջին տարիքի մի կին, իսկ Ոսկերչյանը ներկայացել էր անձամբ` լիազորված փաստաբանի ուղեկցությամբ:
Դատական նիստին ներկայացած անձանց ինքնությունը և լիազորությունները ստուգելուց ու նրանց իրավունքները և պարտականությունները պարզաբանելուց հետո Դատավորը նախ լսեց հայցվորին, ապա` պատասխանողին, և անցավ ներկայացված գրավոր ապացույցների հետազոտմանը:
Առաջինը մաքսային տեսուչ Բժշկյանի կազմած արձանագրությունն էր: Դատավորը բարձրաձայն հրապարակեց այն, հատուկ շեշտադրմամբ կարդալով հետևյալ տողերը. «զարդերի մի մասը գտնվում էր Ոսկերչյանի ճամպրուկում, մի մասը` պիջակի ծոցագրպանում, իսկ մի մասն էլ թաքցված էր անդրավարտիքում` ներքին օրգանների մոտ»: Կարճատև դադարից հետո Դատավորը, հրապարակված փաստաթղթից կտրելով հայացքը, այն ուղղեց մաքսային ծառայության ներկայացուցչին և հարցրեց. «Ամեն ինչ ճի՞շտ է արձանագրված, այնպես, ինչպես եղե՞լ է»: «Այո». հաստատուն ձայնով հնչեց պատասխանը:
Դատավորն ամենայն լրջությամբ, բայց նկատելիորեն հեգնախառն տոնով շարունակեց. «Այդ դեպքում պարզաբանե՛ք, թե Ոսկերչյանի անդրավարտիքում կոնկրետ ի՞նչ ներքին օրգաններ էին տեղակայված և դրանցից կոնկրետ որի՞ մոտ ու ինչպե՞ս էին թաքցված զարդերը»:
Մաքսային ծառայության ներկայացուցիչը կարկամեց: Տիկնոջ դեմքն արագ կարմրեց, իսկ ճակատին հատնվեցին քրտինքի տեսանելի կաթիլներ: Նրա խիստ շփոթված վիճակն ակնհայտ ու աննկարագրելի էր: Բազմամարդ դահլիճում քար լռություն էր տիրում, և ներկաները, ովքեր համակ ուշադրությամբ հետևում էին դատավարության ընթացքին, մի կերպ զսպելով իրենց ծիծաղը` անհամբեր սպասում էին հնչած հարցի պատասխանին:
Ի վերջո մաքսային ծառայության ներկայացուցիչը խոսեց հազիվ լսելի ձայնով. «Հարգելի Դատարան, ես շատ վատ եմ զգում ինձ, միջնորդում եմ գործի քննությունը հետաձգել»:
Պատասխանող Ոսկերչյանը և նրա ներկայացուցիչն առարկեցին հայցվորի միջնորդության դեմ, բայց Դատավորը որոշեց բավարարել այն. տիկնոջն իսկապես տևական հանգիստ էր պետք, և դա Դատավորի անաչառ համոզմունքն էր ու անվիճելի էր նաև դահլիճում ներկա գտնվողների համար:
Գործի քննությունը հետաձգվեց և նշանակվեց մեկ այլ օր: Այդ օրը դատական նիստին ներկայացավ մաքսային ծառայության իրավաբանական բաժնի մեկ այլ լիազորված աշխատակից` երիտասարդ մի տղա:
Դատավորի համար պարզ էր, որ նախորդ դատական նիստին մասնակցած տիկինը պարզապես խուսափել էր տվյալ գործի հետագա քննությանը մասնակցելուց` գիտակցելով, որ ստիպված է լինելու ինչ-որ կերպ պատասխանել «Ոսկերչյանի անդրավարտիքում տեղակայված ներքին օրգանների» վերաբերյալ հարցին: Պարզ էր նաև, որ տիկինը նոր ներկայացուցչին չէր իրազեկել այդ հարցի մասին, և երբ Դատավորը կրկին հնչեցրեց այն, երիտասարդն անակնկալի եկավ և ասաց. «Հարգելի Դատարան, ես չհասկացա հարցը, խնդրում եմ պարզաբանել այն»:
Դատավորի արձագանքը չուշացավ. «Հարցը շատ պարզ է և հստակ, բայց ես ավելի կմանրամասնեմ այն: Վստահ եմ, որ դեռևս դպրոցում, իսկ հետագայում` նաև իրավաբանական մասնագիտությամբ բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսումնառության տարիներին սերտել եք համապատասխանաբար «Մարդու անատոմիա» և «Դատական բժշկություն» ուսումնական առարկաները, և դրանց շրջանակներում ստացած տարրական գիտելիքներից Ձեզ հայտնի պետք է լինի, որ մարդու ներքին օրգանները տեղակայված են նրա մարմնի երեք խոռոչներում` գլխի կամ գանգի, կրծքավանդակի և որովայնի խոռոչներում: Դրանցից առավել ստորինը և անդրավարտիքին առավել մոտ գտնվողը որովայնի խոռոչն է, որի ստորին եզրը համընկնում է անդրավարտիքի վերին եզրի հետ, այսինքն` անդրավարտիքը սկսվում է այնտեղ, որտեղ վերջանում է որովայնը: Այսպիսի դասավորվածության պայմաններում տեսուչ Բժշկյանի կողմից ի՞նչ ներքին օրգաններ են հայտնաբերվել Ոսկերչյանի անդրավարտիքում, ինչպե՞ս են դրանք կոչվում անատոմիայի լեզվով: Եթե մարդու մարմնի` անդրավարտիքով քողարկված մասում առկա են ներքին օրգաններ, ապա դրանք պետք է ունենան անվանում, որոնց իմացությունը հատուկ մասնագիտական գիտելիքներ չի պահանջում, իսկ եթե այդպիսիք անդրավարտիքում առկա չեն, ապա Ոսկերչյանն ինչպե՞ս կարող էր դրանց մոտ ինչ-որ բան թաքցնել»:
Մաքսային ծառայությանը ներկայացնող երիտասարդը շփոթվեց, բայց արագ կողմնորոշվեց և ասաց. «Հարգելի Դատարան, ես չեմ կարող պատասխանել այդ հարցին»:
Դատավորը լայն ժպտաց և շարունակեց. «Դուք իրավացի եք, այն հարցին, թե ի՞նչ ներքին օրգաններ են տեղակայված տղամարդու անդրավարտիքում, ոչ ոք չի կարող ողջամիտ և հիմնավորված պատասխան տալ, քանի որ տղամարդու անդրավարտիքում ներքին օրգաններ չկան և չեն կարող լինել: Իսկ այն, ինչ, թերևս, նկատի է ունեցել տեսուչ Բժշկյանը, վերաբերում է տղամարդու ոչ թե ներքին, այլ ամենաարտաքին օրգաններից մեկին, իսկ թե որին, կբացատրեք տեսուչ Բժշկյանին»:
Դահլիճում պոռթկաց ներկաների քրքիջը. բոլորին պարզ դարձավ, որ Ոսկերչյանի «անդրավարտիքում` ներքին օրգանների մոտ», որևէ զարդ թաքցված լինել չէր կարող, իսկ այն, ինչ թաքցված էր անդրավարտիքում, գուցե զարդ է ոմանց համար, բայց իրականում մարդու մարմնի արտաքին օրգան է:



