Արդարադատությունն առանց մաթեմատիկայի տկար կլիներ, քանի որ արդարություն որոնում են կյանքում տարբեր վեճերի ծուղակում հայտնված անձինք, իսկ կյանքը լի է վեճեր ծնող հաշվարկներով: Հաճախ մտովի հաշվարկածիդ արդյունքը կյանքում զրոյանում է` ուզես, թե չուզես, և ընդհակառակը` ոչինչ չհաշվարկելով, կանգնում ես գլխապտույտի հասցնող ահռելի թվերի առաջ: Բայց սա չի նշանակում, թե հաշվարկն ավելորդ է. այն պարտադիր է, իսկ մնացածը բախտի բան է: Ուրեմն փորձեք ամեն ինչ ճիշտ հաշվարկել` ապավինելով նաև Ձեր բախտին, իսկ եթե վերջինս դավաճանի, պարզապես լռեք կամ ստեղծված իրավիճակն ընդունեք որպես անշրջելի փաստ` համակերպվելով դրա հետ, ինչպես այդ արեց հարկային տեսչության ներկայացուցիչը` դատական մի գործով մեծ գումար ախորժելիս: Ի՞նչ, տեղյակ չե՞ք այդ դեպքի մասին: Լավ, ստիպված դա էլ կպատմեմ:
Հարկային տեսչության աշխատակիցները հաստատագրված վճարի գծով ստուգում էին իրականացրել վարսահարդարման ծառայություններ մատուցող մի Ընկերությունում և արձանագրել էին խախտումներ: Հաշվարկելով Ընկերության կողմից ամսեկան պարբերականությամբ վճարվելիք հաստատագրված վճարի գումարի չափը, նրանք արձանագրել էին, որ ստուգվող ժամանակահատվածի ընթացքում հաստատագրված վճարի գումարն Ընկերության կողմից պակաս է հաշվարկվել և վճարվել պետական բյուջե: Արդյունքում կազմվել էր Ընկերությանը լրացուցիչ հարկային պարտավորություններ առաջադրող ակտ: Ընկերության կողմից այն չէր բողոքարկվել, բայց դրանով վճարման առաջադրված շոշափելի գումարն էլ կամովին չէր վճարվել պետական բյուջե, և հարկային տեսչությունն այդ գումարն Ընկերությունից բռնագանձելու պահանջով դիմել էր ՀՀ տնտեսական դատարան: Այդ դատարանն ուներ երկու ատյան` առաջին, որտեղ սկզբնապես իրականացվում էր գործի քննությունը և կայացվում էր վճիռ, և վերաքննիչ, որտեղ կողմերից մեկի վերաքննիչ բողոքի հիման վրա գործի քննությունը կրկին իրականացվում էր ամբողջ ծավալով և կրկին կայացվում էր վճիռ, որն էլ իր հերթին ենթակա էր բողոքարկման ՀՀ վճռաբեկ դատարանում:
Եվ այսպես, առաջին ատյանի դատարանում Ընկերությունը ձեռնպահ էր մնացել գործի քննությանը մասնակցելուց, իսկ հարկային տեսչության ներկայացուցիչը դատական նիստում պնդել էր հայցադիմումով ներկայացրած պահանջը, որն էլ դատարանի վճռով բավարարվել էր: Ընկերությունը վճռի դեմ վերաքննիչ բողոք էր ներկայացրել, և գործը կրկին պետք է քննվեր ՀՀ տնտեսական դատարանի վերաքննիչ ատյանում` երեք դատավորի կազմով: Այդ դատավորներից մեկը ես էի, բայց դատական նիստը նախագահելու էր դատավոր Հ.-ն, և առաջին ատյանի դատարանից ստացված գործը գտնվում էր նրա մոտ: Նախկինում նա աշխատել էր որպես փաստաբան և բազմաթիվ գործերով մասնակցել էր իմ վարած դատական նիստերին, իսկ դատավորի պաշտոնն ստանձնելուց հետո անխոս կատարում էր իմ բոլոր ցուցումները: Նախքան դատական նիստը նա պետք է ծանոթացած լիներ գործին, բայց երբ նշանակված ժամին ես ու մյուս դատավորը մոտեցանք դատական նիստերի դահլիճի մուտքին, որի մոտ արդեն մեզ էր սպասում նախագահողը, նա կամացուկ` միայն մեզ համար լսելի ձայնով, շշնջաց` «Գործի քննությունը հետաձգենք, ես չեմ հասցրել ծանոթանալ գործին»: «Կարիք չկա», ընդհատեցի ես նրան, «դատական նիստը կսկսենք, իսկ մնացածը տեղում կպարզենք»: Նախագահողը փորձում էր համոզել ինձ, որ գործը բարդ է, և լավ կլինի, որ նախապես ծանոթանանք դրա մանրամասներին, բայց ես անդրդվելի էի: «Հարկային գործը բարդ չի լինում, առաջ», ասացի նախագահողին, և մենք մտանք դահլիճ:
Նախագահողը դատական նիստը հայտարարեց բացված: Կողմերից մեկի համար նախատեսված տեղը զբաղեցրել էր երիտասարդ մի աղջիկ, իսկ մյուսը թափուր էր: Պարզվեց, որ երիտասարդ աղջիկը հարկային տեսչության իրավաբանական բաժնի աշխատակից է և լիազորված է ներկայացնելու տեսչությանը տվյալ գործով: Ընկերության անունից որևէ մեկը չէր ներկայացել դատական նիստին, և իմ պնդմամբ որոշեցինք գործը քննել պատասխանողի բացակայությամբ: Նախագահողն անհանգիստ էր: «Ես կիրականացնեմ քո գործառույթները, իսկ դու հանգիստ նստիր և չխանգարես ինձ», կամացուկ ասացի ես նրան և հայցվորի ներկայացուցչին հրավիրեցի հայցը ներկայացնելու:
Հարկային տեսչության ներկայացուցիչն ինքնավստահ կեցվածքով ու ձայնով ընթերցում էր հայցադիմումը, իսկ ես հետևում էի նրա խոսքին` զուգահեռաբար ուսումնասիրելով հայցի հիմքում դրված ստուգման ակտը: Ու հանկարծ ուշադրությունս սևեռվեց ակտի այն հատվածին, որտեղ գտնվում էր հաստատագրված վճարի հաշվարկման համար օգտագործված տվյալների աղյուսակը: Դրա սյունակներից մեկը լրացված չէր: Դրանում պետք է նշված լիներ Ընկե-րության վարսահարդարման սրահում առկա` հաճախորդների սպասարկման համար նախատեսված նստատեղերի թիվը, բայց այն նշված չէր, մինչդեռ այն հաստատագրված վճարի ամսեկան գումարի չափը որոշելու համար օրենսդրությամբ սահմանված հաշվարկի բաղադրիչներից մեկն էր, ընդ որում` հաշվարկի եզրափակիչ գործողության բաղադրիչ: Ըստ օրենսդրությամբ սահմանված կարգի, Ընկերության գործունեությանն առնչվող մի շարք տվյալներով որոշակի թվաբանական գործողություններ կատարվելուց հետո ստացված արդյունքը պետք է բազմապատկվեր նստատեղերի թվով, և հաշվարկի եզրափակիչ գործողությունը հենց դա էր, ու դրա արդյունքն էլ իրենից ներկայացնում էր հաստատագրված վճարի ամսեկան չափը: Պատկերացրի՞ք, թե որքան կարևոր էր նստատեղերի թիվը:
Հարկային տեսչության ներկայացուցիչը դեռ շարունակում էր խոսել, բայց ես արդեն չէի լսում նրան, ինձ համար արդեն պարզ ու անվիճելի էր գործի ելքը:
Երբ հարկային տեսչության ներկայացուցիչն իր խոսքն ավարտեց հայցը բավարարելու մասին խնդրանքով, ես հարց ուղղեցի նրան. «Ի՞նչ կարգով է կատարվում վարսահարդարման ծառայություններ մատուցող սուբյեկտների կողմից վճարման ենթակա հաստատագրված վճարի ամսեկան չափի հաշվարկը»:
Հարկային տեսչության ներկայացուցիչը բացեց օրենսդրական համապատասխան ակտը և սկսեց ներկայացնել, թե ինչ տվյալներով և ինչպիսի թվաբանական գործողություններ են կատարվում:
«Շատ լավ»,- ասացի ես, «հիմա եկեք միասին հաշվարկենք սույն գործով պատասխանողի կողմից վճարման ենթակա հաստատագրված վճարի ամսեկան չափը»:
Հարկային տեսչության ներկայացուցիչը թվարկեց Ընկերությանը վերաբերելի տվյալները և սկսեց բանավոր կերպով կատարել որոշակի թվաբանական գործողություններ` ընդհուպ մինչև եզրափակիչ գործողությունը` նախորդ գործողությունների արդյունքի բազմապատկումը նստատեղերի թվով, իսկ երբ հերթը հասավ այդ գործողության կատարմանը, ես նրա ընդհատեցի.
«Հիմա ստացված թիվը բազմապատկեք 0-ով, ի՞նչ կստանաք»:
«Զրո», վստահ ձայնով հնչեց պատասխանը:
«Ճիշտ է, բայց դա նշանակում է, որ սույն գործով հայցագինը կազմում է 0 դրամ, և հենց այդքան գումար պետք է բռնագանձվի Ընկերությունից»,-շարունակեցի ես:
Հարկային տեսչության ներկայացուցիչը շփոթվեց: Նա չէր հասկանում, թե ինչ է կատարվում, բայց հասկանում էր, որ Ընկերությունից 0 դրամ բռնագանձվելը նշանակում է հայցի մերժում, ոչ թե բավարարում, և սկսեց բացատրել, որ հաշվարկի եզրափակիչ գործողությունը կատարելիս բազմապատկիչը չի կարող 0 լինել, քանի որ Ընկերության վարսահարդարման սրահում որոշակի թվով նստատեղեր են առկա եղել, և բազմապատկիչը պետք է լիներ այդ նստատեղերի թիվը: Ես հենց դրան էի սպասում:
«Խնդրեմ մոտեցեք և Ձեր իսկ գործընկերների կազմած ստուգման ակտում ցույց տվեք, թե որտեղ է նշված նստատեղերի թիվը և քանի նստատեղ է առկա եղել», առաջարկեցի ես նրան և նրա ուղղությամբ պարզեցի ստուգման ակտը:
Հարկային տեսչության ներկայացուցիչը մոտեցավ, վերցրեց ստուգման ակտը, բացեց այն էջը, որտեղ հաշվարկի տվյալները պարունակող աղյուսակն էր, ու քարացավ` աղյուսակում բոլոր տվյալները գրիչով լրացված էին, իսկ նստատեղերի թվին վերաբերող սյունակը դատարկ էր. ակտը կազմողները, թերևս, մոռացել էին այն լրացնել: Ճիշտ է, հաշվարկի վերջնական արդյունքին վերաբերող սյունակը լրացված էր` այնտեղ նշված էր Ընկերությունից բռնագանձման ենթակա գումարի չափը, բայց գործում առկա չէր նստատեղերի թվին վերաբերող որևէ ապացույց, որպիսի պայմաններում բռնագանձման ենթակա գումարի չափը չէր կարող գերազանցել 0 դրամը, և դա հասկացավ նաև հարկային տեսչության ներկայացուցիչը: Լուռ ու գունատված նա ինձ վերադարձրեց ստուգման ակտը և վերադարձավ իր տեղը:
«Ի վերջո, ի՞նչ եք խնդրում դատարանից», հարցրեցի ես նրան:
«Խնդրում եմ մեր հայցը մերժել», հազիվ լսելի շշնջաց հայցվորի ներկայացուցիչը:
Նախագահողը կարծես ննջում էր և որևէ կերպ չէր արձագանքում տեղի ունեցողին:
«Չլսեցի, խնդրում եմ մի քիչ բարձր կրկնել պատասխանը», դարձյալ դիմեցի հայցվորի ներկայացուցչին, և այս անգամ նա այնքան բարձր կրկնեց «խնդրում եմ մեր հայցը մերժել» բառերը, որ նախագահողն արթնացավ ու ապշած նրան էր նայում:
Հետո նախագահողը հայացքն ուղղեց ինձ և հարցրեց. «Ես ճի՞շտ լսեցի, հայցվորը խնդրում է հայցը մերժե՞լ, այսպիսի բան չի լինում նույնիսկ երազում»:
«Քո տեսած երազում` միգուցե, իսկ իմ վարած նիստում լինում է», հանգիստ պատասխանեցի ես, «լինում է միշտ, երբ հայցագինը որոշելու համար որևէ թիվ բազմապատկում ես 0-ով»:
Ի՞նչ եք կարծում, ի՞նչ վճիռ կայացվեց մեր կողմից: Իրավացի եք, հայցը մերժվեց. Ընկերությունից 0 դրամ բռնագանձել հնարավոր չէր:



