Skip to main content

Այդ օրը սովորական օր էր Դատավորի համար, և նրա կողմից դռնբաց դատական նիստում քննվող գործն էլ սովորական էր ու հարկային մարմինների և տնտեսավարողների մասնակցությամբ շարքային գործերից որևէ առանձնահատուկ դրվագով  չէր տարբերվում, քանի դեռ ….  Լավ, եկեք չշտապենք և սկսենք սկզբից:

Հարկային տեսչությունը ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող Ընկերությունից պետության օգտին լրացուցիչ հարկային պարտավորությունների գումար բռնագանձելու պահանջով դիմել էր դատարան, իսկ Ընկերությունն առարկում էր ներկայացված պահանջի դեմ, պատճառաբանելով, թե հարկային մարմնի կողմից սխալ են մեկնաբանվել և կիրառվել վերաբերելի իրավական նորմերը, ինչն էլ հանգեցրել է նրան, որ իր մոտ կատարված ստուգման արդյունքում իրեն հանիրավի վերագրվել է հարկային օրենսդրության խախտում, և իր նկատմամբ անհիմն կերպով հաշվարկվել են լրացուցիչ հարկային պարտավորություններ:

Կողմերի բացատրությունները լսելուց և ներկայացված ապացույցները հետազոտելուց հետո Դատավորի համար պարզ դարձավ, որ վեճի լուծման ոսկե բանալին կիրառելի օրենքում պարունակվող այն իրավական նորմն էր, որը ձևակերպող նախադասությունն օրենսդրի կողմից սկզբնապես ընդունված խմբագրությամբ գործել էր նախքան տվյալ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարվելը:  Ընկերությունում ստուգման իրականացման պահի դրությամբ տվյալ նորմն արդեն գործում էր նոր խմբագրությամբ` նախադասությունը եզրափակող վերջակետը փոխարինվել էր «բութ» կետադրական նշանով, որին հաջորդում էին դրան նախորդող արտահայտությամբ ձևակերպված կանոնից վերապահում և բացառություն սահմանող արտահայտություններ:  Իրավական նորմը նոր խմբագրությամբ բարենպաստ էր Ընկերության համար և բացառում էր Ընկերության նկատմամբ լրացուցիչ հարկային պարտավորությունների առաջադրումը, բայց տեսչության աշխատակիցներն անտեսել էին այդ հանգամանքը և իրավական նորմը կիրառել էին նախկին` ուժը կորցրած խմբագրությամբ:  Բացատրություններ ներկայացնելիս նշված հանգամանքը շարունակաբար անտեսվում էր նաև հարկային տեսչության շահերը ներկայացնող անձի` տվյալ տեսչության իրավաբանական բաժնի երիտասարդ աշխատակցի, կողմից, և Դատավորը փորձեց ճիշտ կողմնորոշել նրան օրենքի տառացի հրապարակման միջոցով:

«Դուք ծանո՞թ եք այն իրավական նորմի բովանդակությանը, որի մասին խոսում եք, և կարո՞ղ եք այդ նորմը հրապարակել ստուգման պահին գործող խմբագրությամբ».  Դատավորի հարցն ուղղված էր հարկային տեսչության իրավաբան-ներկայացուցչին:

«Այո».  հնչեց պատասխանը:

Հարկային տեսչության ներկայացուցիչն սկսեց թերթել իր առջև դրված փաստաթղթերը, դրանցից մեկն առանձնացրեց ու սկսեց կարդալ:  Նորմի սկզբնամասը հրապարակելուց և երբեմնի վերջակետին փոխարինած «բութ» կետադրական նշանին հասնելուց հետո նա գլուխը բարձրացրեց և լռեց այնպես, կարծես թե նորմում լրացում չէր կատարվել, և այն ավարտվում էր վերջակետով:  «Ավարտեցի՞ք», տարակուսած հարցրեց Դատավորը և, ստանալով դրական պատասխան, շարունակեց.  «Նորից և ամբողջությամբ հրապարակեք նորմը»:

Հարկային տեսչության ներկայացուցիչը նույնությամբ կրկնեց քիչ առաջ կատարած հրապարակումը և կրկին լռեց ու բարձրացրեց գլուխը:

Դատավորը երրորդ անգամ պահանջեց հրապարակել նորմը` ստուգման պահին գործած խմբագրությամբ, բայց ոչինչ չփոխվեց.  հարկային տեսչության ներկայացուցչի արձագանքը նույնն էր:

Լռությունն այնքան խորն էր տիրապետում դահլիճում, որ լսվում էր, թե ներկաներն ինչպես են շնչում:  Իսկ ներկաների թիվը բավական մեծ էր, դահլիճում էին նաև նույն օրը հաջորդաբար նշանակված այլ դատական նիստերին մասնակցելու համար ներկայացած անձինք:

Լուռ էր նաև Դատավորը:  Նրա համբերությունը սպառվել էր:  Հարկային տեսչության` տվյալ գործի քննությանը մասնակցելու համար լիազորված և առնվազն Ընկերության փաստարկները լսած իրավաբան-ներկայացուցիչն ակնհայտորեն չէր կարող տեղյակ չլինել օրենքում կատարված լրացման մասին և պարզապես խուսափում էր այն հրապարակելուց, ինչը միանգամայն հասկանալի, բայց անհանդուրժելի էր Դատավորի համար.  տվյալ լրացումն անվիճելիորեն բացառում էր հարկային տեսչության օգտին վեճի լուծումը, բայց արդյո՞ք դա կարող էր թույլ տալ հարկային տեսչության ներկայացուցչին հույսը դնել Դատավորի ենթադրյալ անտեղյակության վրա կամ մտածել, թե Դատավորը կհանդուրժի իր կողմից այդպիսի ունայն հույսի փայփայումը:  Սա հռետորական հարց չէ, և Դուք պատասխանը ճիշտ կռահեցիք.  Դատավորը չէր կարող հանդուրժել հարկային տեսչության ներկայացուցչի առերևույթ պարզունակ, բայց իր էությամբ Դատարանի նկատմամբ անհարգալից պահվածքը:

Դատավորը բարկացել էր, բայց զսպում էր իրեն:  Նրա գլխում մի միտք էր սևեռված` «Երիտասարդ, դու որոշել ես մենամարտե՞լ ինձ հետ:  Դու չե՞ս գիտակցում, որ Դատարանի առջև ես կանգնած:  Երևի դու համարում ես, թե ես անգրագետ ու բութ արարած եմ և լավ չեմ հասկանում այն, ինչն արդեն երեք անգամ կրկնել ես:  Դե ին՞չ, ես կսթափեցնեմ քեզ, և դա կանեմ այնպես, որ դու և մյուսները հասկանաք, թե ով ով է:  Ես հրապարակայնորեն ու բոլորի համար հասկանալի ձևով «ձեռնոց կնետեմ» քեզ, և դա կանեմ այնպես, որ դու չկարողանաս բարձրացնել այն կամ որևէ կերպ հակադարձել դրան:  Ես քեզ խոսքով այնպես «կապտակեմ», որ դու ձկան նման բերանդ բացուխուփ անես և այլևս չկարողանաս որևէ բան ասել` նախընտրելով ձեռնպահ մնալ ոչ միայն մտքի սրության հարցում ինձ հետ մրցելուց, այլև ինձ էթիկայի հետ կապված խախտում վերագրելուց»:

Դատավորի դեմքին հեգնական ժպիտ հայտնվեց:  Նա որոշել էր, թե ինչպես «ապտակի»  հարկային տեսչության ներկայացուցչին, և դիմեց նրան.  «Ձեր մոտ լավ չի ստացվում նորմի հրապարակումը:  Հիմա ե՛ս կհրապարակեմ այն, իսկ Դու՛ք ուշադիր լսեք»:

Դահլիճում ներկա գտնվողներն ակնկալում էին, թե Դատավորը պարզապես կհրապարակի նորմի ամբողջական տեքստը, և նրանք չէին սխալվում, բայց նրանց մտքով անգամ չէր անցնում, որ դա կկատարվի սառը ցնցուղի ուղեկցությամբ:

Գլուխը խոնարհելով իր առջև դրված օրենքի տեքստին, Դատավորը շատ մեղմ ու հանգիստ ձայնով ընթերցեց նորմի այն հատվածը, որը նախորդում էր «բութ» կետադրական նշանին և հարկային տեսչության ներկայացուցչի կողմից արդեն հրապարակվել էր երեք անգամ, ապա` գլուխը բարձրացրեց և, որոշակի ընդգծված դադարից հետո ուղիղ նայելով հարկային տեսչության ներկայացուցչի աչքերին, շեշտված առոգանությամբ ու խիստ ձայնով արտասանեց` «բութ», դարձյալ որոշակի ընդգծված դադար տվեց իր խոսքին` հայացքը չկտրելով հարկային տեսչության ներկայացուցչի դեմքից, այնուհետև կրկին գլուխը խոնարհեց օրենքի տեքստին և շարունակեց մեղմ ու հանգիստ ձայնով ընթերցել նորմի լրացված` «բութ» կետադրական նշանին հաջորդող, մասը:

Բոլորը հասկացան, որ Դատավորը «բութ» բառը հնչեցրեց միաժամանակ երկու իմաստով, և այդ բառը միայն կետադրական նշանին չէր վերաբերում:  Հասկացան նաև, թե ինչ հիմնական իմաստով օգտագործվեց այդ բառը և ում էր այն հասցեագրված:  Հասկացավ նաև հասցեատերը:  Նրա դեմքը կարմրեց, ու նա լուռ խոնարհեց գլուխը:  Իսկ ուրիշ ի՞նչ կարող էր անել նա:  Խոսելու փորձ կատարելու դեպքում անգամ նրա ձայնը չէր լսվի` խլանալով դահլիճում գտնվողների անզուսպ քրքիջից:  Չէին ծիծաղում միայն Դատավորը և հարկային տեսչության ներկայացուցիչը, իսկ թե ինչու և նրանցից ով ով է, որոշեք Դուք:

Leave a Reply