Skip to main content

Ի՞նչ կոչ է սա:  Արդյո՞ք այն վերաբերվում է վերմակին և ոտքերին:  Ոչ:  Վերմակը կարող է այնքան երկար լինել, որ մարդը մեծագույն ցանկության դեպքում անգամ չկարողանա ոտքերը ձգել մինչև վերմակի ստորին եզրը, եթե, իհարկե, չի պառկել այնպես, որ գլուխը ծածկվի վերմակով, բայց սովորաբար այդպես չեն պառկում, դա նորմալ չէ:  Վերմակը կարող է նաև այնքան կարճ լինել, որ մարդը ստիպված լինի ոտքերը ծալած պառկել, որպեսզի դրանք վերմակի ստորին եզրից դուրս չգան:  Սա էլ նորմալ չէ:  Այսպիսով, կոչն ուղղված չէ ոտքերը ցրտահարությունից կամ շոգեխաշումից պաշտպանելուն:  Հապա ինչի՞ն է այն ուղղված:

Կարծում եմ, որ այն մարդու վարքագծի չափիչն է և ուղղված է այդ վարքագծի չափավորմանն ըստ նրա իրավասության և թույլատրելի հնարավորությունների:  Ոտքը մարդու վարքագիծն է, իսկ վերմակը` նրա այն իրավունքների և թույլատրելի հնարավորությունների շրջանակը, որի սահմաններում նա կարող է ազատորեն շարժել ոտքը` առանց այլ անձի և իրեն վնաս պատճառելու կամ անհարկի ռեսուրսներ վատնելու:  Յուրաքանչյուրն ազատ է իր բռունցքն օդում ճոճելու և թափահարելու հարցում, բայց նրա այդ ազատությունն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է դիմացինի քիթը:  Սա վերը նշված կոչի մեկնաբանության իրավական կողմն է, և հենց դրան է վերաբերվում հետագա ասելիքս:

ՀՀ արդարադատության երբեմնի նախարար Հրայր Թովմասյանը կամ երբեք չէր լսել ժողովրդից ելած այս կոչը, կամ լսել, բայց չէր հասկացել, կամ էլ հասկացել էր, բայց սխալ` գերագնահատելով պաշտոնեական լիազորությունների տեսքով իրեն տրված վերմակի երկարությունը:  Ճիշտ է, այդ վերմակը բավական երկար էր, բայց ոչ այնքան, որ հասներ ու ծածկեր դատավորի լիազորությունները և նախարարին հնարավորություն տար ոտնահարել դրանք` ոտքերը վերմակի տակ պահելով հանդերձ:

Վերադառնանք պատմության սկզբին, որպեսզի ամեն ինչ պարզ ու հասկանալի դառնա նույնիսկ կարճ վերմակ ու կարճ ոտքեր ունեցողների համար:

Սրանից շուրջ 13 կամ 14 տարի առաջ էր:  Ես ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր էի:  Այդ դատարանում երեք դատավորների կայուն կազմերով քննվում էին առաջին ատյանի դատարանների կողմից քաղաքացիական գործերով կայացված վճիռների դեմ ներկայացված վերաքննիչ բողոքները, իսկ վերաքննության արդյունքում այդ դատարանի կայացրած որոշումները բողոքարկվում էին վճռաբեկության կարգով` ՀՀ վճռաբեկ դատարան:

Դատավորների կարգապահական պատասխանատվության հարցերը քննվում էին ՀՀ արդարադատության խորհրդի  կողմից, որի նախագահը ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահն էր, և որի կազմում ընդգրկված էին տարբեր ատյանների դատավորներ և գիտնական անդամներ:  Արդարադատության խորհուրդը դատավորների համար հանդես էր գալիս որպես դատարան, իսկ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու և ՀՀ արդարադատության խորհրդում գործի քննություն նախաձեռնելու իրավունքը վերապահված էր երկու սուբյեկտի` արդարադատության նախարարին և դատավորների էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին:

Իմ նախագահությամբ քննվեց առաջին ատյանի դատարանի ակնհայտ սխալ մի վճռի դեմ ներկայացված բողոք, որը կազմի երեք դատավորներիս կողմից միաձայն բեկանվեց և փոփոխվեց:  Գործում եղած ապացույցներին տրվեցին նոր գնահատականներ, և դրանց հիման վրա հաստատված համարվեցին նոր փաստեր, որպիսիք առաջին ատյանի դատարանը հաստատված չէր համարել, ինչպես նաև ժխտվեցին որոշակի փաստեր, որոնք առաջին ատյանի դատարանի կողմից հաստատված էին համարվել:  Բողոքի քննությունը տևեց շուրջ երկու ամիս:

Մեր որոշման դեմ ներկայացվեց վճռաբեկ բողոք, իսկ այն կողմը, որի համար մեր որոշումն անբարենպաստ էր, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին ներկայացրեց նաև հաղորդում մեր դեմ կարգապահական վարույթ հարուցելու մասին, ընդ որում, հաղորդման հեղինակը խնդրել էր կարգապահական վարույթ հարուցել նաև առաջին ատյանի դատարանում վճիռը կայացրած դատավորի դեմ:

Անցան ամիսներ:  Վճռաբեկ դատարանը վարույթ ընդունեց վճռաբեկ բողոքը:  Արդարադատության նախարարը լռում էր:

Ի վերջո, վճռաբեկ դատարանը կայացրեց որոշում վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործն ամբողջ ծավալով նորից քննելու համար առաջին ատյանի դատարան ուղարկելու մասին:  Ընդ որում, վճռաբեկ դատարանը ձեռնպահ էր մնացել գործում եղած որևէ ապացույց գնահատելուց և կցկտուր ու շատ վիճելի ձևով անդրադարձել էր միայն իրավունքի հարցերի:

Վճռաբեկ դատարանի որոշման հրապարակմանը մեկ ամիս հետո հետևեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի որոշումը` վերաքննիչ դատարանի երեք դատավորներիս նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին:  Առաջին ատյանի դատարանում վճիռը կայացրած դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցումը մերժվել էր այն պատճառաբանությամբ, որ այդ պահի դրությամբ վճռի կայացման 1 տարին արդեն լրացել էր:  Սա արդեն խոսում էր արդարադատության նախարարի կողմնակալ և աչառու վերաբերմունքի մասին:  Նա հատուկ սպասել էր, մինչև վճռի 1 տարին լրանա և իր վերմակի տակ ոտքերին ազատություն էր տվել նախքան վերաքննիչ դատարանի երեք դատավորներիս որոշման կայացման 1 տարին լրանալը:  Այդ ժամկետն օրենքով սահմանված էր որպես կարգապահական վարույթի հարուցման վաղեմության ժամկետ:

Առաջին ատյանի դատարանի մեր գործընկերը երևի գտնվում էր արդարադատության նախարարի անձնական հովանավորության ներքո և արժանացավ արհեստականորեն ստեղծված խտրական ներողամտության, բայց դա չէր, որ վրդովմունք առաջացրեց մեր մոտ:

Մեր նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին նախարարի որոշումը կարդալով, մենք ապշեցինք:  Պարզ էր, որ որոշումը նախարարը չէր գրել, բայց պարզ չէր, թե նա ինչպես էր ստորագրել այդ որոշումը, արդյո՞ք ստորագրելուց առաջ կարդացել էր այն:  Ամեն դեպքում որոշումը ստորագրված էր նրա կողմից, և դրա ողջ պատասխանատվությունը կրում էր  ինքը:

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ոտքերը մեկնել էր իր վերմակից դուրս` հանդգնության հասնող չափով:  Ես արդեն նշել եմ, որ վճռաբեկ դատարանը մեր որոշումը բեկանելիս չէր անդրադարձել ապացույցների գնահատմանը, իսկ դա գործառույթ է, որը վերապահված է բացառապես դատական իշխանությունը կրողներին` դատավորներին:  Այլ անձինք, անկախ զբաղեցրած պաշտոնից, կարող էին միայն հղում կատարել օրինական ուժի մեջ մտած դատական ակտերում ապացույցներին տրված գնահատականներին, բայց ոչ երբեք սեփական գնահատականներ տալ ապացույցներին և դատական ակտերում տրված գնահատականները համարել ճիշտ կամ սխալ, ինչը հակասահմանադրական միջամտություն է դատական իշխանությանը և դրա անկախության գլխատում:

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ևս բացառություն չէր կազմում վերը նշված հարցում, բայց երևի նրան թվացել էր, որ իր վերմակը սահմաններ չունի, և ինքն ազատ է ոտքերը ցանկացած երկարությամբ և ուղղությամբ պարզելու հարցում:  Նրա որոշմամբ մեզ կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար հիմք հանդիսացող խախտումներ էին վերագրվել բացառապես ապացույցների գնահատման հետ կապված, այն դեպքում, երբ այդ որոշումը կայացվելու պահի դրությամբ առկա չէր օրինական ուժի մեջ մտած և ապացույցների գնահատում պարունակող որևէ դատական ակտ:  Առաջին ատյանի և վերաքննիչ քաղաքացիական դատարանի ակտերը բեկանված էին, և օրինական ուժի մեջ էր միայն վճռաբեկ դատարանի դատական ակտը, բայց այն էլ զուրկ էր որևէ ապացույցի գնահատման դատողությունից:  Ավելին, գործն արդեն առաջին ատյանի դատարանում էր` ենթակա ամբողջ ծավալով նոր քննության, այսինքն` ապացույցները նորից պետք է գնահատվեին, և պարզ չէր, թե դրանց ինչ գնահատականներ տվող դատական ակտը հետագայում կմտներ օրինական ուժի  մեջ:  Այս պայմաններում արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի արածը` գործում եղած ապացույցների գնահատումը նախքան դատարանի կողմից այդ արվելը և սեփական գնահատականները դատավորների կարգապահական պատասխանատվության հիմքում դնելը, ոչ միայն դատական իշխանության բռնազավթման` ուզուրպացիայի, հանդուգն փորձ էր, այլև գործի նոր քննությունը ստանձնած դատավորի նկատմամբ ճնշման փորձ` ապացույցները գնահատելու հարցում:

Մենք ունեինք մեր նկատմամբ կարգապահական վարույթ հարուցած նախարարին պատասխան ներկայացնելու իրավունք:  Կազմի մյուս երկու դատավորները ձեռնպահ մնացին այդ իրավունքից օգտվելուց, ապավինելով  նրան, որ ես հենց այնպես կուլ չեմ տա նախարարի արածը և կգրեմ ավելին, քան իրենց մտքով կանցներ:

Ես հարցը սկզբունքային նշանակություն ունեցող համարեցի բոլոր դատավորների համար և որոշեցի սթափեցնել նախարարին, ցույց տալով, թե որքան է նրա վերմակի իրական երկարությունը` իրավասության սահմանը, և մեր դեպքում որքան շատ են այդ վերմակից դուրս եկել նրա ոտքերը` պաշտոնապես իրականացված գործառույթները:  8 էջ ամենայն մանրամասնությամբ ու նույնիսկ վերմակ չունեցողի համար պարզ լեզվով շարադրեցի այն, ինչ մտածում էի` հղում կատարելով ՀՀ սահմանադրության և օրենքների կիրառելի դրույթներին, և ուղարկեցի արդարադատության նախարարին, առաջարկելով վերացնել իր որոշումը և կարճել հարուցված վարույթը:  Ավա՜ղ, ինքնասիրահարված նախարարը չէր հասկացել նաև իմ գրածը կամ հասկացել էր, բայց չէր ցանկացել «լիզել իր թքածը», և մենք կանգնեցինք ՀՀ արդարադատության խորհրդի առաջ` որպես ամբաստանյալներ:

Արդարադատության խորհրդի նիստն սկսվեց:  Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն անձամբ ներկայացել էր խորհրդի նիստին, և ձայնը  տրվեց նրան` մեղադրանքից հրաժարվելու կամ այն պնդելու և ներկայացնելու համար:

Ամուր նստեք և չշտապեք հանգիստ շունչ քաշել:

«Խորհրդի նիստին գալուց առաջ ես վերանայեցի գործի բոլոր նյութերը, կարդացի դատավոր Կ. Չիլինգարյանի պատասխանը, տեսա իմ համապատասխան աշխատողների և իմ թույլ տված սխալները», այսպես սկսեց իր խոսքը Հրայր Թովմասյանը:  Սկիզբը խոստումնալից էր, և մենք արդեն թեթևամտորեն մտածում էինք, որ Հրայր Թովմասյանը կհրաժարվի մեզ կարգապահական տույժի ենթարկելու մասին միջնորդությունից, բայց անսպասելիորեն և անհասկանալի կերպով նրա խոսքը եզրափակվեց որևէ պատճառաբանությունից զուրկ հետևյալ նախադասությամբ. «Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ վերաքննիչ դատարանի երեք դատավորները պետք է ենթարկվեն կարգապահական տույժի»:  Ինչի՞ համար, պարզ չէր:

Ինչևէ, խոսելու հերթը հասավ մեզ, և մենք, ինչպես ասում են, ծամեցինք ու խորհրդի բերանը դրեցինք մեզ անվիճելիորեն արդարացնող բոլոր փաստարկները:  Բայց երևի խորհրդի անդամներն ուտելու ախորժակ չունեին և խորհրդակցական սենյակում որձկացին մեր փաս-տարկները` հավատարիմ մնալով նախարարի` վերմակից դուրս պարզված ոտքերը ցրտահարվելուց փրկելու սուրբ գործին ու դրանք ծածկելով կարկատած սավաններով:

Խորհրդակցական սենյակի դռան դեմ դիմաց կանգնած էր Հրայր Թովմասյանը:  Երբ դուռը բացվեց ու խորհրդի անդամները սկսեցին դուրս գալ խորհրդակցական սենյակից, մեր աչքով ընկավ չտեսնված մի բան, որի մասին լռել չեմ կարող:

Խորհրդի անդամներից մեկը` ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր, կանգ առավ դռան բացվածքում և, Հրայր Թովմասյանի աչքերին նայելով, բարձրացրեց աջ ձեռքի բութ մատը:  Այս ժեստի նշանակությունը հանրահայտ ու անվիճելի է:  Խորհրդի դատավոր անդամը չկարողացավ համբերել մի քանի վարկյան` մինչև կայացված որոշման հրապարակումը, և Հրայր Թովմասյանին հասկացրեց, որ ամեն ինչ արվել է նրա սրտով, և նա գոհ կմնա խորհրդից:  Հրայր Թովմասյանը հաճույքով ընդունեց խորհրդի անդամ դատավորի ժեստը, իսկ քիչ անց որոշման հրապարակմամբ  հավաստիացավ, որ այդ ժեստը խաբկանք չէր:  Ահա այսպես բթամատը և բթամիտը գտան իրար:

Խորհուրդը վերաքննիչ դատարանի երեք դատավորներիս հայտարարեց նկատողություն, քանի որ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն այդպես էր ցանկացել:  Ուրիշ ոչինչ:

Այստեղ մենք հասկացանք, որ Արդարադատության խորհրդի վերմակն էլ սահմաններ չունի, էլ ու՞մ ասես ոտքդ վերմակիդ չափ մեկնիր: Չէ, ժամանակն է վերախմբագրել այս կոչը` վերմակդ կարել տուր ոտքերիդ չափ և ոտքերդ աջուձախ շարժիր որքան և ինչպես ուզում ես: 

Leave a Reply