Skip to main content

Նորաստեղծ Ընկերությունը Վանաձորի մարդաշատ փողոցներից մեկում գտնվող ոչ մեծ մի շինություն ուներ, որտեղ զբաղվում էր հացաբուլկեղենի արտադրությամբ և վաճառքով.  շինության դիմային մասում խանութն էր, իսկ հետնամասում` խանութի անմիջական հարևանությամբ` հացաթխման արտադրամասը, ընդ որում, և՛ խանութը, և՛ արտադրամասն ունեին առանձին մուտքեր, և խանութի ու արտադրամասի ընդհանուր պատի մեջ արված բացվածքն էլ ապահովում էլ արտադրամասում թխված հացաբուլկեղենի փոխանցումը խանութ` առանց շինությունից դուրս գալու:  Ընկերության գործունեության մեկնարկը խոստումնալից էր.  խանութում մշտապես աշխույժ առևտուր էր կատարվում, և վաճառվող թարմ մթերքի պակաս երբեք չէր լինում, քանի որ արտադրամասն էլ պարապուրդի չէր մատնվում:  Բայց խանութում կար մի թերություն` վաճառասեղանին հսկիչ-դրամարկղային մեքենա դեռևս տեղադրված չէր:

Օրերից մի օր խանութ մտան երկու երիտասարդ, մոտեցան գնումներն ավարտած և վաճասեղանից հեռացող տիկնոջն ու խնդրեցին ցույց տալ հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոնը:  Պարզելով, որ տիկնոջն այդպիսի կտրոն չի տրամադրվել, նրանք տիկնոջը խնդրեցին փոքր-ինչ սպասել, մոտեցան վաճառողուհուն, ներկայացան որպես հարկային տեսչության աշխատակիցներ և հայտնեցին, որ հարկային տեսչության պետի տված հանձնարարագրի հիման վրա ստուգում են իրականացնում:  Երիտասարդներն իսկապես հարկային տեսչության աշխատակիցներ էին, և ստուգման հանձնարարագիրն էլ նրանց մոտ էր, իսկ ստուգումն էլ ավարտվեց նրանով, որ կազմվեց թույլ տրված խախտման` հսկիչ-դրամարկղային մեքենայի շրջանցմամբ առևտրի իրականացման, վերաբերյալ արձանագրություն, և Ընկերության նկատմամբ նշանակվեց 150.000 դրամի չափ տուգանք:  Օրեր անց հարկային տեսչությունը դիմեց դատարան` Ընկերությունից տուգանքի գումարը բռնագանձելու պահանջով, և կողմերի միջև կնքվեց հաշտության համաձայնագիր, որով Ընկերությունը պարտավորվեց որոշակի ժամանակահատվածի ընթացքում տուգանքի գումարը վճարել հավասար մասնաբաժիններով:

Վանաձորի հարկային տեսչությունը գտնվում էր այն նույն փողոցում, որտեղ Ընկերության խանութն էր, և աշխատանքի գնալիս ու աշխատանքից վերադառնալիս` տեսչության պետն անցնում էր խանութի առջևով:  Ի զարմանս իրեն, մի օր նա նկատեց, որ խանութի դռան վրա փակցված է ցուցանակ` «Փակ է», իսկ խանութն էլ իսկապես փակ էր, և ներսում ոչ ոք չկար:  Նույնը կրկնվեց հաջորդող մի քանի օրերի ընթացքում:  Տեսչության պետն անհանգստացավ. Ընկերությունը դեռևս ամբողջությամբ չէր վճարել տուգանքի  գումարը, և խանութն օրեր շարունակ փակ լինելու պայմաններում տուգանքի չվճարված մնացորդի ճակատագիրն անորոշ էր դառնում:

Տեսչության պետը քարտուղարուհուն հանձնարարեց հեռախոսով կապվել Ընկերության տնօրենի հետ և նրան հրավիրել տեսչություն` իր հետ զրույցելու:  Հանդիպումը չուշացավ:  Գործունեության դադարեցման պատճառների մասին տեսչության պետի հարցին ի պատասխան, Ընկերության տնօրենը պարզաբանեց.  «Գործերը լավ չեն, առևտուրը խիստ նվազել է:  Ընկերությունը վնասներ է կրել ու հսկիչ-դրամարկղային մեքենա գնելու հնարավորություն դեռ չունի:  Այս պայմաններում գործունեությունը շարունակելու դեպքում Ընկերությանը սպառնում է Ձեր կողմից նոր ստուգման իրականացումը և այս անգամ արդեն 300.000 դրամի չափ տուգանքի նշանակումը, մինչդեռ Ընկերությունը դեռևս չի մարել ու ի վիճակի էլ չէ մարել առաջին տուգանքի հետ կապված պարտքը»:

Փոքր-ինչ մտածելուց հետո տեսչության պետը հարցրեց.  «Եթե ես երաշխավորեմ, որ Ձեր խանութում 15 օր ստուգում չի կատարվի, և այդ ընթացքում Դուք ազատ կլինեք առանց հսկիչ-դրամարկղային մեքենայի առևտուր իրականացնելու հարցում, կհասցնե՞ք ժամկետից շուտ վճարել նախկին տուգանքի հերթական  մասնաբաժինը և գումար առանձնացնել հսկիչ-դրամարկղային մեքենա գնելու համար»:

Ընկերության տնօրենը խանդավառվեց:  Հարկային տեսչության պետի առաջարկը նրա սրտով էր, և գործերի հետագա բարենպաստ ընթացքի միամիտ կանխատեսումը նրան դրդեց ընդունել այն:  Հարկային տեսչության պետի երաշխավորած 15-օրյա ժամկետի հոսքը մեկնարկեց:

Հաջորդ օրն Ընկերության խանութը վերաբացվեց, և այնտեղ առևտուրը կրկին աշխուժացավ:

Անցավ 14 օր:  Ընկերության տնօրենն արդեն կուտակել և առանձնացրել էր հսկիչ-դրամարկղային մեքենայի գնման համար անհրաժեշտ գումարը:  Վաղ առավոտյան  նա մեկնեց Երևան, գնեց սարքը և, նույն օրը վերադառնալով Վանաձոր, անմիջապես մտավ հարկային տեսչություն` սարքի հաշվառման հետ կապված գործողությունները կատարելու համար:  Մեկ ժամ անց ամեն ինչ ավարտված էր, և Ընկերության տնօրենը հանգիստ շունչ քաշեց.  նա մտովի արդեն պատկերացնում էր Ընկերության գործերի հետագա ծաղկումը:  Բայց նրա բերկրանքը երկար չտևեց:  Հարկային տեսչությունում անելիքն ավարտելուն պես Ընկերության տնօրենը գնաց Ընկերության խանութը` հաշվառված սարքը տեղադրելու, բայց այնտեղ նրան տխուր անակնկալ էր սպասում.  այն մեկ ժամվա ընթացքում, երբ նա գտնվել էր հարկային տեսչությունում, վերջինիս երկու աշխատակից տեսչության պետի հանձնարարագրի հիման վրա կրկին ստուգում էին կատարել խանութում, կրկին որպես խախտում էին արձանագրել հենց հսկիչ-դրամարկղային մեքենայի բացակայությամբ առևտրի իրականացումը, և համապատասխան ակտով Ընկերությանը կրկին վճարման էր առաջադրվել տուգանք` այս անգամ արդեն 300.000 դրամի չափ:  Տեսչության պետն ուրացել էր իր իսկ տված երաշխավորությունը  և, իրազեկվելով այն մասին, որ Ընկերության տնօրենն արդեն իսկ հաշվառման է ներկայացրել գնված սարքը, հանձնարարել էր անհապաղ ստուգում իրականացնել Ընկերության խանութում, քանի դեռ Ընկերության տնօրենը չէր հասցրել սարքը տեղադրել և գործարկել այնտեղ:

Հարկային տեսչության պետի ուխտադրուժ վարքագիծն Ընկերության տնօրենի կողմից չներվեց.  նա որոշեց արժանի հակահարված հասցնել, իր անձնական միջոցների հաշվին ներգրավեց փաստաբանի և դիմեց դատարան` հարկային տեսչության կազմած ակտն անվավեր ճանաչելու պահանջով:

Դատավարությունն ընթանում էր ՀՀ տնտեսական դատարանում:  Հարկային տեսչությունը պատասխանողն էր և օրենքի ուժով ինքն էր կրում իր իսկ կազմած ակտի օրինականությունը և հիմնավորվածությունն ապացուցելու բեռը:  Գիտակցելով, որ սպասվում է թեժ պայքար, Վանաձորի հարկային տեսչության պետը Դատարանում հանդես գալու համար տեսչության իրավաբանի հետ միասին լիազորել էր նաև երկրորդ ստուգումն իրականացրած երկու տեսուչներին:  Ընկերության տնօրենը ներկայացել էր փաստաբանի ուղեկցությամբ:

Դատավորը նախ լսեց Ընկերության տնօրենին ու Ընկերության շահերը ներկայացնող փաստաբանին, ապա` հարկային տեսչության ներկայացուցիչներին, ընդ որում, ստուգումն իրականացրած և ակտը կազմած երկու տեսուչները հարցաքննվեցին որպես վկաներ, և նրանց ցուցմունքներն էլ կանխորոշեցին վեճի լուծումը:  Իսկ ի՞նչ բացահայտվեց այդ ցուցմունքներով, ի՞նչ էր կատարվել այն մեկ ժամվա ընթացքում, երբ Ընկերության տնօրենը զբաղված էր հարկային տեսչությունում հսկիչ-դրամարկղային մեքենայի հաշվառմամբ:  Հետաքրքի՞ր է, դե լսեք:

Հարկային տեսչության պետից ստուգման հանձնարարագիրն ստացած երկու տեսուչներն Ընկերության շինության բակի կողմից մուտք էին գործել արտադրամաս, որտեղ թևածում էր ջեռոցից նոր հանված և վաճառքի պատրաստ, բայց դեևս խանութ չփոխանցված խաչապուրիների ախորժալի բուրմունքը:  Առանց ներկայանալու, տեսուչներից մեկը վերցրել ու կերել էր մեկ հատ նորաթուխ խաչապուրի, ինչից հետո հացթուխին էր պարզել 150 դրամ` առաջարկելով ստանալ իր կերած խաչապուրու գինը կազմող գումարը:  Հացթուխն առարկել էր, շեշտելով, որ ինքը գումարն ստանալու իրավունք չունի, և տեսուչներին առաջարկել էր մտնել խանութ ու խաչապուրու արժեքը վճարել վաճառողուհուն, բայց տեսուչներն անդրդվելի էին մնացել.  ցուցմունք տալիս իրենք էլ պատմեցին, որ «հացթուխը հրաժարվում էր գումարը վերցնելուց, բայց մենք ստիպեցինք, և նա վերցրեց»:  Գումարը հացթուխի ձեռքում հայտնվելուց անմիջապես հետո տեսուչները ներկայացրել էին իրենց ծառայողական վկայականները և ստուգման հանձնարարագիրն ու հենց արտադրամասում կազմել էին Ընկերությանը 300.000 դրամի չափ տուգանք առաջադրող ստուգման ակտը, որը ստորագրելուց հացթուխը հրաժարվել էր:  Ահա և բոլորը:

«Ըստ Ձեզ, Ձեր կերած խաչապուրին գու՞յք է, թե՞ ոչ, եթե այո, ապա ու՞մ է պատկանել այն նախքան Ձեր կողմից հացթուխին ստիպողաբար գումար հանձնելը, և արդյո՞ք հացթուխը Ձեր կերած խաչապուրու դիմաց գումար ստանալու իրավասություն ուներ», հարցրեց Դատավորը տեսուչներից մեկին` նրա ցուցմունքը լսելուց հետո:  Վերջինը շփոթվեց ու հարցական հայացքն ուղղեց մյուս տեսուչին:  Տևական դադարից հետո մյուս տեսուչը ևս ոտքի կանգնեց և պատասխանեց.  «Խաչապուրին ես եմ կերել, բայց այն չեմ հափշտակել, դրա գինը վճարել եմ, այն իմն էր, հետևաբար ես իրավաչափ կերպով կերել եմ իմ գնած խաչապուրին, և գումարն էլ տվել եմ Ընկերության աշխատակից հանդիսացող հացթուխին:  Ամեն ինչ նորմալ է»:

Դատավորը շարունակեց.  «Դուք երևի ճիշտ չհասկացաք հարցը:  Բանն այն է, որ Ընկերությունը հացաբուլկեղենի վաճառքն իրականացնում է խանութում, ոչ թե արտադրամասում, և վաճառվող մթերքի յուրաքանյուր միավորն Ընկերությանն է պատկանում, քանի դեռ դրա դիմաց գնորդը չի վճարել, իսկ այդ գումարն էլ պետք է վճարվի ոչ թե հացթուխին, այլ խանութում գտնվող վաճառողին:  Ըստ Ձեր իսկ ցուցմունքի, Դուք հակառակ կերպ եք վարվել և դա նորմալ եք համարում:  Կարո՞ղ եք ներկայացնել Ձեր դիրքորոշման իրավական հիմնավորումը` վկայակոչելով համապատասխան օրենսդրական ակտերը»:

Տեսուչները գլխիկոր և լուռ կանգնած էին, իսկ հարկային տեսչության իրավաբանն անտարբեր հայացքով նայում էր առաստաղին, թերևս, համարելով, որ կատարվածն իր հետ որևէ առնչություն չունի, բայց նա սխալվում էր:  Դատավորը նույն հարցերն ուղղեց նրան ու դարձյալ որևէ պատասխան չստացավ, պարզապես հարկային տեսչության անունից հանդես եկող և նրա առջև գլխիկոր կանգնած անձանց թիվն ավելացավ ևս մեկով:

Ակնհայտ էր, որ պատասխանողը` հարկային տեսչությունը, բութ զենքերը վայր դրեց, իսկ թե ինչ վճիռ կայացրեց Դատավորը, երևի կռահեցիք:  Իրավացի եք, Դատավորը վճռեց բավարարել Ընկերության հայցը և անվավեր ճանաչել հարկային տեսչության կողմից կազմված ակտը:  Բայց սա դեռ բոլորը չէ:

Համոզվելով, որ հարկային տեսչության պետը և Ընկերությունում ստուգումն իրականացրած տեսուչները խախտել են ոչ միայն իրավական, այլև ամենատարրական բարոյական կանոնները, Դատավորը ևս որոշեց «քնքշորեն շոյել» հարկային տեսչությանը և կայացված վճռում արձանագրեց տառացիորեն հետևյալը.

«Մուտք գործելով Ընկերության հացաթխման արտադրամաս, տեսուչները նախ անթաքույց դիտավորությամբ վնաս են պատճառել Ընկերությանը` ուտելու միջոցով ոչնչացրել են սեփականության անձեռնմխելի և սահմանադրական մակարդակով պաշտպանված իրավունքով Ընկերությանը պատկանող գույքը` մեկ հատ խաչապուրի, հետո` իրենց իսկ խոսքերով` «ստիպել են հացթուխին վերցնել» խաչապուրու գինը կազմող 150 դրամ գումարը, այսինքն` վճարման ենթակա գումարը բռնության գործադրմամբ հանձնել են այն ստանալու իրավասություն չունեցող հացթուխին, այլ կերպ ասած` պատշաճ ձևով չեն հատուցել Ընկերությանը պատճառված վնասը, ինչից հետո էլ անմիջապես կազմել են Ընկերությանը 300.000 դրամի չափ տուգանք առաջադրելու վերաբերյալ ակտը:  Այս գործողություններից ոչ մեկը հարիր չէր իրեն որպես սոցիալական ու իրավական հռչակած պետությունը ներկայացնող մարմիններից որևէ մեկին ու դրա աշխատակիցներին»:

Ահա թե ինչ պատահեց, երբ Ընկերությանը պատկանող գույքից մեկ հատ 150 դրամանոց խաչապուրի պակասեց.  տեսուչը կերավ այն, բայց Ընկերությունը ստիպված կլիներ դրա դիմաց վճարել 300.000 դրամ, եթե Դատավորն անվավեր չճանաչեր ակտը:  Այստեղ են ասում` ո՞վ ուտի, ո՞վ վճարի ուտելու համար:

Leave a Reply