Մի զարմացեք, սնանկությունն էլ կարող է լինել երանելի շնորհ և մատուցվել սկուտեղի վրա, այն էլ ադամանդակուռ սկուտեղի: Ուզու՞մ եք այդպիսի սնանկություն: Եթե ուզում եք, ուրեմն դուք հոգով սնանկ եք ծնվել, և ձեր այդ սնանկությունը սնանկության գործերով ոչ մի կառավարիչ չի կարողանա առողջացնել: Լավագույն դեպքում ձեր միլիոնները կշատանան տարբեր ձևերով` սկսած ուրիշների պարտքերը չվճարելով և վերջացրած այդ կերպ «խնայված» միջոցները բազմապատկելով, բայց դրանից հոգու սնանկությունն ավելի կխորանա:
Հիշողությանս մեջ դեռևս 2011-2012թթ. վերաբերող մի դեպք է առանձնացել, որն այնքան ուրույն է նաև իմ աշխատաոճի տեսանկյունից, որ նմանը չգտանե զնմանին: Զգում եմ, որ ձեր հետաքրքրությունը շարժվեց հատկապես այն բանից, որ հիշատակեցի նաև իմ աշխատաոճը, եթե, իհարկե, ծանոթ եք դրան կամ լսել եք դրա մասին: Դե, ուրեմն ես կպատմեմ, և ում համար հետաքրքիր է, թող լսի, իսկ ում համար` ոչ, թող ականջները փակի և բացի միայն ծափահարությունների ժամանակ, եթե այդպիսիք լինեն:
Բուն պատմությունն ունի իր հետ առերևույթ չկապված նախապատմություն: Ինչպես ասում են, ծուխն առանց կրակի չի լինում, և ես նախ կպատմեմ կրակի մասին, որի ծուխը քուլա-քուլա բարձրացավ և շուրջ երկու տարի հետո հանգցրեց այն կրակը, որից ծնունդ էր առել:
Ես ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներից էի և քննում էի նաև սնանկության վարույթին առնչվող գործեր: Ստացել էի մի գործ, որն առանձնապես չէր տար-բերվում սնանկության նմանատիպ այլ գործերից, բայց այս գործն ուսումնասիրելիս` մի նոր միտք ծագեց իմ գլխում, և ես որոշեցի կյանքի կոչել այն` կայացվելիք դատական ակտում ներառելով օրենքի մեկնաբանման և կիրառման հետ կապված այդ նոր միտքը:
Աշխատանքային քննարկումների շրջանակներում պատահաբար պարզվեց, որ ճիշտ նույնպիսի մեկ այլ գործ էլ ստացել էր գործընկերներիցս մեկը, ում հետ մանրակրկիտ քննարկումից հետո հանգեցինք միևնույն իրավական եզրակացության: Երկու գործով էլ սնանկության գործով կառավարիչը դիմել էր դատարան` սնանկ ճանաչված անձի կողմից վերջին հինգ տարվա ընթացքում անհատույց օտարված գույքերը հետ բերելու պահանջով: Այսպիսի պահանջով դատարան դիմելու իրավունքը նրան վերապահված էր «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածով, բայց այդ հոդվածը լռում էր գույքի հետ բերման իրավական մեխանիզմի մասին, և դատարանները միայն այդ հոդվածի հիման վրա մեխանիկորեն բավարարում էին սնանկության գործերով կառավարիչների նմանօրինակ պահանջները: Նույնը կատարվել էր նաև իմ ու գործընկերոջս ստացած գործերով` առաջին ատյանի դատարանները բավարարել էին կառավարիչների պահանջները, վճռելով վերջին հինգ տարվա ընթացքում անհատույց օտարված գույքերը հետ բերել սնանկ ճանաչված անձանց սեփականության ներքո: Հետագան պարզ էր` այդ գույքերը հրապարակային սակարկություններով վաճառվելու էին, և ստացված գումարներն ուղղվելու էին սնանկ ճանաչված անձի պարտքերի մարմանը, սնանկության գործով կառավարչի վարձատրությանը և այլն:
Ծանրութեթև անելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածը, ես եկա այն եզրակացության, որ միայն այդ հոդվածը բավարար չէր գույքը հետ բերելու համար: Ինչու՞: Շատ պարզ: ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը մանրակրկիտ սահմանում է գործարքների, մասնավորապես` գույքի օտարման (այդ թվում` անհատույց օտարման) գործարքների կնքման, դրանք չկնքված համարելու, անվավեր ճանաչելու, վիճահարույց և առոչինչ գործարքների անվավերության հետևանքները կիրառելու կարգը, որից «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածը չէր կարող շեղվել կամ կիրառվել առանց այդ կարգում ներառված վերաբերելի նորմերի կիրառման` ինքնավար կերպով: Սա իր հերթին բացառում էր միայն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի հիման վրա գույքի հետ բերման պահանջի իրավաչափ բավարարումը, քանի որ գործարքով օտարված գույքը կարող էր հետ բերվել միայն գործարքի իրավական գոյությունը ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված որևէ հիմքով և կարգով զրոյացնելու և մինչև գործարքի կնքումը եղած դրությունը վերականգնելու միջոցով:
Երբ այս իրավական մեկնաբանությունը քննարկեցի գործընկերոջս հետ, նա էլ ոգևորվեց դրանով ու որդեգրեց այն: Երկուսիս գործերով էլ առաջին ատյանի դատարանները բավարարել էին սնանկության գործերով կառավարիչների պահանջները, և այդ վճիռների դեմ ներկայացվել էին վերաքննիչ բողոքներ, որոնք երկուսն էլ բավարարվեցին` մենք որոշեցինք վերը նշված պատճառաբանությամբ բեկանել բողոքարկված վճիռները: Երկուսիս որոշումներն էլ բողոքարկվեցին վճռաբեկության կարգով, բայց ՀՀ վճռաբեկ դատարանը բեկանեց միայն իմ որոշումը` գործն ուղարկելով առաջին ատյանի դատարան` նոր քննության, իսկ գործընկերոջս որոշումը մտավ օրինական ուժի մեջ: Երևի այս դեպքից է ծագել այն խոսքը, որ սանատորիա գնում է որովայնում գազեր չունեցողը: Ինչևէ, այս դեպքը խորապես ազդեց իմ ինքնասիրության և արժանապատվության վրա և դաջվեց իմ հիշողության մեջ` ապագայում հարմար մի առիթով ՀՀ վճռաբեկ դատարանին արժանի հակահարված հասցնելու վճռական ակնկալիքով: Ինչպես ասում են, կատվի վազքը մինչև մարագն է, և կատուն հասավ մարագին, ճիշտ է, ոչ քառասուն օրում, այլ երկու տարում, բայց ոչինչ, երկու տարում հիշողությունս չէր ջնջվել:
Եվ այսպես, շուրջ երկու տարի անց ես ստացա մի գործ, որով սնանկության գործով կառավարիչը դարձյալ բացառապես «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի վկայակոչմամբ պահանջել էր անհատույց օտարված գույքի վերադարձ: Ինչպիսի՜ անհամբերությամբ էի ես սպասում այդ գործին, և ի՜նչ արագությամբ մարսեցի գործի բոլոր հանգամանքները:
Ուշադիր լսեք:
Սնանկ ճանաչվածները ղարաբաղցի ամուսիններ էին: Ինչու՞ եմ շեշտում նրանց ծագումը, քանի որ այդ ժամանակահատվածում հենց նույն ծագումով անձինք էին կառավարում Հայաստանը, և այդ ծագումն ունեցող շատերը Հայաստանում իրենց զգում էին ինչպես ձուկը ջրում: Ղարաբաղցի ամուսիններն ընդամենը մի քանի ամսում կոնկրետ մի բանկից 4-5 մասնաբաժիններով շուրջ 3.000.000 ԱՄՆ դոլարի չափ վարկ էին ստացել` առանց որևէ գույք գրավ դնելու, իրենց ունեցած անշարժ գույքերը` գազալցակայաններ, բնակարաններ, ավտոտնակ և այլն, նվիրատվության գործարքներով օտարել էին իրենց զավակներին ու այլ մտերիմների, ինչից հետո սեփական սնանկությունը ճանաչելու պահանջով դիմել էին դատարան և սնանկ էին ճանաչվել: Նրանց սնանկության գործով կառավարիչն էլ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի հիման վրա դիմել էր դատարան` պահանջելով վերադարձնել ղարաբաղցի ամուսինների օտարած գույքերը: Դատարանը բավարարել էր պահանջը, և ղարաբաղցի ամուսինները վճռի դեմ վերաքննիչ բողոք էին ներկայացրել: Իրավական վրեժխնդրության ճիշտ ժամանակն էր: Վերը հիշատակված հանգամանքներն անառարկելիորեն վկայում էին այն մասին, որ ղարաբաղցի ամուսինների սնանկությունը հենց ադամանդակուռ սկուտեղի վրա էր մատուցված նրանց, ընդ որում, այդ սկուտեղը մատուցողի կամ մատուցողների մատներն էլ հավանաբար թաթախված էին սկուտեղի պարունակության մեջ, և նրանց ախորժակը չէր կարող փակ լինել: Նրանցից ոչ մեկն ինձ համար թիրախ չէր, ընդակառակը, նրանք հենց այն գործիքներն էին, որոնց միջոցով պատրաստվում էի ստիպել ՀՀ վճռաբեկ դատարանին «լիզել» երկու տարի առաջ իր «թքածը»:
Վերաքննիչ բողոքի քննությունն ավարտեցի և անմիջապես անցա որոշման շարադրմանը: Բացառիկ դեպք էր` որոշման ներածական ու նկարագրական մասերն ավելի շատ ժամանակ խլեցին, քան պատճառաբանական և եզրափակիչ մասերը, իսկ դա պայմանավորված էր նրանով, որ ես ինքնուրույն պատճառաբանական մաս չշարադրեցի: Ես պարզապես հղում կատարեցի ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից երկու տարի առաջ իմ որոշումը բեկանելու մասին դատական ակտին` որպես նախադեպի, և չակերտներում ամբողջությամբ ու նույնությամբ մեջբերեցի ՀՀ վճռաբեկ դատարանի չարաբաստիկ որոշման պատճառաբանական մասը` շուրջ 4 էջ: Չակերտները փակելուց հետո ես նշեցի, որ ՀՀ վճռաբեկ դատարանի մեջբերված մեկնա-բանությունների պայմաններում ես այլ ասելիք չունեմ: Վերջակետ: Ես անփոփոխ թողեցի ղարաբաղցի ամուսինների գույքը հետ բերելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի վճիռը:
Ի՞նչ եք կարծում, իմ որոշումը բողոքարկվե՞ց: Անշուշտ: Ընդ որում, ՀՀ վճռաբեկ դատարանը չէր ունեցել նախադեպ, որ ես իր որոշումը վկայակոչած լինեի որպես նախադեպ: Պարզ է, չէ՞, թե ինչ ինքնագոհությամբ ու հաճույքով ՀՀ վճռաբեկ դատարանը մերժեց իմ որոշման դեմ ներկայացված վճռաբեկ բողոքն ու իմ որոշումը թողեց անփոփոխ:
Հիմա դուք կզարմանաք, բա ի՞նչ եղավ ղարաբաղցի ամուսինների զրահաշապիկը: Մի անհանգստացեք, այն չէր ծակվել, ուղղակի երևի ժամանակավորապես հանել ու քիմիական մաքրման էին հանձնել, բայց հո չէի՞ն հրաժարվել դրանից:
Լռությունը տևեց շուրջ 7-8 ամիս, ապա` պարզ երկնքից ամպրոպ ժայթքեց: Ղարաբաղցի ամուսինները ՀՀ վճռաբեկ դատարանի սեղանին դրեցին Սահմանադրական դատարանի կողմից իրենց դիմումի քննության արդյունքում կայացված որոշումը, որը կատարելուց ՀՀ վճռաբեկ դատարանը խուսափել չէր կարող, որքան էլ ցանկանար: Սահմանադրական դատարանի որոշումը հասցեագրված էր հենց ՀՀ վճռաբեկ դատարանին` ղարաբաղցի ամուսինների գործով որոշումը վերանայելու աներկբա պահանջով, և այդ պահանջը շատ արագ կատարվեց: ՀՀ վճաբեկ դատարանը որոշեց վերանայել և փոփոխել իմ որոշումն անփոփոխ թողնելու մասին իր որոշումը, բեկանել իմ որոշումը և գործն ուղարկել առաջին ատյանի դատարան` նոր քննության: Հռետորական հարց, որը պատասխան չի պահանջում. ու՞մ որոշումը բեկանեց ՀՀ վճռաբեկ դատարանը, ի՞մ, թե՞ իր իսկ որոշումը, չէ՞ որ իմ որոշման պատճառաբանական մասը երկամյա վաղեմությամբ նույնանման մեկ այլ գործով իր որոշման պատճառաբանական մասի նույնական մեջբերումն էր, որն արել էի հենց այն նպատակով, որ մի օր դրա ձայնը հնչի, և այն հնչեց, այն էլ ինչպե՜ս:
Երկնքից երեք խնձոր ընկավ, մեկը` Սահմանադրական դատարանին, երկուսը ղարաբաղցի ամուսիններին: Ես ու ՀՀ վճռաբեկ դատարանը ոչ միայն խնձոր չկերանք, այլև դրանից հոտ էլ չքաշեցինք:



