Skip to main content

Ձմռան խաղաղ երեկո էր:  Խաղաղ էր նաև Ընկերության նորաբաց սրճարանում, որի սրահի մի մասը դեռևս կահավորված չէր սեղաններով և աթոռներով, իսկ կահավորված մասում էլ հաճախորդների թիվը սակավ էր:  Սակայն այդ խաղաղությունն ընդհատվեց, երբ ներս մտան պաշտոնական հագուկապով երկու տղամարդ, ներկայացան որպես տարածքային հարկային տեսչության աշխատակիցներ և սկսեցին կատարել ստուգողական գործողություններ, մասնավորապես, Ընկերության կողմից վճարվող ամենամսյա հաստատագրված վճարի չափի հաշվարկման ելակետային տվյալներից մեկի` հանրային սննդի սպառմանը ծառայող մակերեսների, չափումներ:  Ստուգումն ավարտվեց Ընկերությանը վերագրված խախտումների արձանագրմամբ և կազմված ակտով Ընկերությանը լրացուցիչ հարկային պարտավորությունների առաջադրմամբ:  Առարկելով ակտի դեմ, Ընկերության տնօրենը հրաժարվեց այն ստորագրելուց և հայտարարեց դատական կարգով այն վիճարկելու իր մտադրության մասին:

            Անցավ որոշ ժամանակ, և Ընկերության տնօրենն իրականացրեց իր մտադրությունը` Ընկերությունն իր և հարկային տեսչության միջև ծագած վեճը համապատասխան հայցադիմումի ներկայացմամբ հանձնեց Դատարանի քննությանը:

            Վրա հասավ օրը, և վեճի կողմերը կանգնեցին Դատարանի առաջ:

            Գործի քննությունը երկար տևեց:  Դատավորը լսեց կողմերին, մանրակրկիտ ուսումնասիրեց ներկայացված ապացույցները, ապա` սկսեց հարցեր տալ հարկային տեսչության ներկայացուցչին, ով մասնակցել էր Ընկերությունում կատարված ստուգմանը:  Հարցերը բազմաթիվ էին, և դրանց մի մասին սպառիչ ու արժանահավատ պատասխաններ այդպես էլ չտրվեցին:

            Ի վերջո, Դատավորը հանգիստ ձայնով հարցրեց. «Սրճարանի կոնկրետ ո՞ր մակերեսներն եք համարել հանրային սննդի սպառմանը ծառայող և դրանց չափերը ներառել Ձեր հաշվարկներում»:

            Հարկային տեսչության ներկայացուցիչը սկսեց թվարկել հանրային սննդի սպառմանը ծառայող համարվող մակերեսները, շեշտելով, որ սրճարանի սրահի չկահավորված մասի մակերեսը չի ներառվել հաշվարկում:

            Դատավորն ուշադիր լսում էր, և երբ հարկային տեսչության ներկայացուցիչն ավարտեց իր խոսքը, նրան ուղղեց հետևյալ հարցը. «Դուք սրճարանի սանհանգույցի մակերեսը չհիշատակեցիք, արդյո՞ք այն չափել և ներառել եք Ձեր հաշվարկներում, եթե ոչ, ապա` ինչո՞ւ»:

            Դահլիճում լռություն տիրեց:  Հարկային տեսչության ներկայացուցիչն այլայլված դեմքով նայում էր Դատավորին և չէր կողմնորոշվում, թե ինչպես պատասխանի հարցին:  Ակնհայտորեն նրան թվում էր, թե Դատավորը թերի է համարում ստուգումն իրականացրած անձանց կատարած հաշվարկը, և այդպիսի փաստ արձանագրվելու դեպքում ինքը, հանդիսանալով այդ անձանցից մեկը, կարող է աշխատանքային խնդիրներ ունենալ իր ղեկավարության հետ հարաբերություններում:

            Այլայլված էր նաև Ընկերության ներկայացուցիչը:  Նրան էլ էր թվում էր, թե Դատավորը ցանկանում է ավելացնել Ընկերության հարկային բեռը` վիճահարույց հաշվարկում ներառելով նաև սանհանգույցի մակերեսը:

            Ակնհայտ էր, որ երկու կողմերից ոչ մեկը վստահ չէր այն հարցում, թե արդյո՞ք սանհանգույցի մակերեսը հանրային սննդի սպառմանը ծառայող մակերես է և պետք է ներառվի հաստատագրված վճարի հաշվարկում:

            Հարկային տեսչության ներկայացուցիչն սկսեց խառնիխուռն կերպով թերթել իր առջև դրված փաստաթղթերը.  նա ինչ-որ բան էր որոնում, որն այդպես էլ չգտավ և անվստահ ձայնով պատասխանեց Դատավորի հարցին. «Սանհանգույցի մակերեսը հանրային սննդի սպառմանը ծառայող մակերես չէ»:

            Դատավորը կարծես հենց այդպիսի պատասխանի էր սպասում ու առանց հապաղելու և  ամենայն լրջությամբ հարկային տեսչության ներկայացուցչին ուղղեց հաջորդ և վերջին, թերևս, հռետորական հարցը.

«Իսկ որտե՞ղ է կատարվում հանրային սննդի սպառման եզրափակիչ ակտը»:

Պատասխանն այդպես էլ չհնչեց, բայց Դատավորն ստացավ իր ակնկալած արձագանքը` դահլիճը պայթեց ներկաների ծիծաղից:  Անզուսպ քրքջում էին նաև կողմերի ներկայացուցիչները:

Դահլիճի լարված մթնոլորտը խաղաղվեց, իսկ թե ինչ եղավ հետո, կարևոր չէ, և սանհանգույցի առեղծվածն էլ թող մնա որպես առեղծված:  Բոլորը չէ, որ հանրային սննդի և ընդհանրապես սննդի սպառման եզրափակիչ ակտն իրականացնում են սանհանգույցում:

Leave a Reply