Զուռնի ձայնը հեռվից քաղցր է հնչում: Մեր բազմաթիվ երբեմնի հայրենակիցների համար հեռվից է քաղցր հնչում նաև հայրենիքի ձայնը: Սովետական միության փլուզումից և Հայաստանի անկախության հռչակումից հետո, երբ թվում էր, թե հայրենի հողն ավելի կամրանա Հայաստանում ծված և մեծացած հայերի ոտքերի տակ` մագնիսական ձգողականության ուժով նրանց պահելով հայրենիքում, տեղի ունեցավ հակառակը: Հայաստանում կյանքը լի էր զրկանքներով, որոնց վերացման համար ժամանակ, ջանքեր և հայրենասիրություն էին պահանջվում, բայց շատերը նախընտրեցին հեռանալ արտերկիր` ձեռնպահ մնալով հայրենիքի վերածննդի և բարգավաճման կնքահայրերը դառնալուց: Հատկապես Ամերիկայի ձայնը հեռվից շատ քաղցր հնչեց նրանց ականջին, և նրանք որոշեցին արտագաղթել ու քաղցրացնել նաև Հայաստանի ձայնը` այն միայն հեռվից լսելու միջոցով: Ոչ, ոչ, խոսքը չի վերաբերում «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին. այդ ձայնը նույն կերպ է հնչում աշխարհի բոլոր կետերում և ոչ դառն է, ոչ էլ քաղցր: Ես խոսում եմ Ամերիկայի միացյալ նահանգների մասին, որի ձայնն իմ պատանեկության և երիտասարդության տարիներին օվկիանոսից այսդին քաղցր էր հնչում նաև իմ ականջին, քանի դեռ չէի հատել օվկիանոսն ու առաջին անգամ հայտնվել այդ երկրում: Ինձ թվում էր, թե Ամերիկայում բոլորն անխտիր ապրում են սիրով ու ջերմությամբ լի անհոգ կյանքով` ինչպես դրախտում, հեռու բոլոր այն հոգսերից, որոնց ծանրության տակ կքած էր նորանկախ Հայաստանում ապրողների մեծ մասը, հատկապես Արցախյան պատերազմի դաժան տարիներին: Իհարկե, գտնվեցին նաև Ամերիկայում ծնված և մեծացած հայեր, ովքեր ոգևորվեցին մեր երկրի անկախացմամբ, կամովին հրաժարվեցին ամերիկյան բարեկեցիկ կյանքից ու եկան Հայաստան` կանգնելով նոր ապագայի կերտման հայրենանվեր ու անձնուրաց մարտիկների շարքում: Նրանց թիվը շատ մեծ չէր, բայց նրանց գործն անուրանալի էր: Այդ նվիրյալներից մեկն էլ ԱՄՆ Հայ Իրավաբանների Միության անդամ Թոմ Սամուելյանն էր, ով մշտական բնակության էր եկել Հայաստան և իր ակտիվ ներդրումն էր կատարում մեր երկրում իրավունքի զարգացման հույժ կարևոր գործում, որի բաղադրիչներից մեկն ամերիկյան առաջադեմ փորձի փոխանցումն էր հայրենիքին:
1992 թվականն էր: Ես աշխատում էի ՀՀ Գերագույն դատարանում` օրենսդրության համակարգման և դատական պրակտիկայի ամփոփման բաժնի պետի պաշտոնում, և արդեն ունեցել էի Թոմ Սամուելյանի հետ ծանոթանալու առիթ: Ավելին, ես տիրապետում էի անգլերեն լեզվին, ինչը հիմք ծառայեց նաև մեր համագործակցության համար, ու այն գնալով ավելի էր ծավալվում:
Օրերից մի օր Թոմն ինձ հայտնեց, որ ԱՄՆ Հայ Իրավաբանների Միությունը որոշել է կազմակերպել ՀՀ Գերագույն դատարանի նախագահի գլխավորությամբ մի պատվիրակության երկշաբաթյա այց Ամերիկա` միության տարեկան ժողովին մասնակցելու և տեղի դատական իշխանությանը մոտիկից ծանոթանալու համար: Մենք միասին մտանք ՀՀ Գերագույն դատարանի նախագահ Տարիել Բարսեղյանի մոտ, և Թոմը նրան հրամցրեց ԱՄՆ Հայ Իրավաբանների Միության հայալեզու հրավերը: Ամեն ինչ շատ արագ կազմակերպվեց: Ի հեճուկս ինձ, Գերագույն դատարանի նախագահի նախաձեռնությամբ պատվիրակության կազմում ընդգրկվեցի նաև ես` Գերագույն դատարանի դատավորներից մեկի և Հայաստանի իրավաբանների միության անդամներից մեկի հետ միասին: Մեզ ուղեկցելու էր Թոմ Սամուելյանը:
Եկավ ուղևորության մեկնարկի օրը, և մեզ հաճելի անակնկալ մատուցվեց: Պարզվեց, որ մեր երթուղին անցնելու է Փարիզով, և մենք մեկ օր խարիսխ ենք ձգելու այնտեղ` վայելելով ֆրանսահայ իրավաբանների հյուրընկալությունը և հնարավորինս ծանոթանալով Ֆրանսիայի մայրաքաղաքին: Վաղ առավոտյան մեր ինքնաթիռը վայրէջք կատարեց Փարիզի Շառլ դը Գոլի անվան օդանավակայանում: Մեզ գրկաբաց դիմավորեցին ու փոխադրեցին հյուրանոց, որտեղ յուրաքանչյուրիս համար առանձին բարձրակարգ սենյակ էր ամրագրված: Միասին նախաճաշեցինք հյուրանոցի ռեստորանում և արդեն պատրաստ էինք շրջագայելու: Մնում էր որոշել, թե որտեղից սկսենք, և մեզ ուղղված այդ հարցը չուշացավ: Տարբեր պատասխաններ հնչեցին, բայց վճռական ձայնով արված իմ առաջարկությունը հաղթեց և ընդունվեց միաձայն: Մենք ուղևորվեցինք դեպի Պեր Լաշեզ` զորավար Անդրանիկի գերեզմանին խոնարհվելու և ծաղիկներ դնելու համար: Տպավորությունն անմոռանալի էր: Դեռ հեռվից մենք տեսանք ազգային բացառիկ հերոսին` ձիուն հեծած, և առաջին պահին մեզ թվաց, թե դա հուշարձան չէ, թե ուր որ է Անդրանիկը սուրը ձեռքին առաջ կնետվի: Ավա՜ղ, Անդրանիկն այլևս չկար, բայց հուշարձանից նրա մարտական ոգին ու շունչն էին ճառագայթում: Ամենայն պատկառանքով ու ակնածանքով կատարեցինք մեր անելիքը, հետո, անշուշտ, լուսանկարվեցինք հուշարձանի ֆոնին, և անխուսափելիորեն ծագեց մեր հաջորդ նշանակետի հարցը:
Ոգեպնդված արդեն իսկ ձեռք բերածս հաղթանակով, ես առաջ ընկա բոլորից և արդեն խնդրանքի տոնով դիմեցի նրանց. «Ես պատանեկության տարիներից երազել եմ սուրճ խմել Էյֆելյան աշտարակի վրա: Հուսով եմ, որ դուք էլ եք այն հրաշալիք համարում և իսկապես ուզում եք այն տեսնել մոտիկից»: Ես դարձյալ չսխալվեցի, և շատ չանցած մեր առջև վեր խոյացավ Փարիզի պարծանքը: Այդ պահից ի վեր ես էլ կարող էի պարծենալ: Իհարկե, Փարիզի և իմ պարծանքները տարբեր էին, Փարիզը տերն էր Էյֆելյան աշտարակի, իսկ ես` ընդամենը դիտորդ, բայց այլընտրանք չունեի` չէի կարող աշտարակը խլել Փարիզից: Խանդավառված էին նաև մյուսները: Մենք աշտարակի բարձունքում էինք, իսկ ողջ Փարիզը մեր ոտքերի տակ էր: Մենք հնարավորինս արագ վայելեցինք սուրճը. ժամանակը չէր սպասում, իսկ մենք ուզում էինք առավելագույն չափով հագեցնել աշխարհի ամենահայտնի քաղաքներից մեկի տեսարժան վայրերում լինելու մեր քաղցը: Ուրեմն առա՜ջ: Ես այլևս նախապատվություններ չունեի, իսկ մեզ հյուրընկալողների ճաշակին ու ընտրությանն ապավինելուն պատրաստ էին նաև մյուսները, և այդպես էլ վարվեցինք: Առջևում Ելիսեյան դաշտերն էին, Հաթանակի կամարը, Սենա գետը, թանգարաններ և այլն: Այսպես մինչև ուշ երեկո: Մեր աչքերը չէին հոգնել, բայց ոտքերը հոգնել էին ու շատ, և մենք վերադարձանք հյուրանոց: Անհրաժեշտ էր փոքր-ինչ հանգստանալ և պատրաստ լինել վաղ առավոտյան մեզ սպասող հաջորդ թռիչքին` դեպի Վաշինգտոն: Գիշերն անցավ մի ակնթարթի պես, և մենք ճանապարհվեցինք դեպի օվկիանոսից այնդին` մեր հետ տանելով Փարիզում անցկացրած մեկ օրվա անմոռանալի հիշողությունները:
Թռիչքը տևեց շուրջ 9 ժամ: Ինձ արդեն թվում էր, թե ինքնաթիռը կանգնած է օդում, և անհամբեր սպասում էի, թե երբ է երկրագունդն իր պտույտով մեր ոտքերի տակ սփռելու ամերիկյան մայրցամաքը: Վերջապես ուղևորներիս առաջարկվեց կապել ամրագոտիները. ինքնաթիռը պատրաստվում էր վայրէջքի, իսկ ներքևում մոհիկանների հայրենիքն էր` առանց մոհիկանների:
Ամերիկահայ իրավաբանները մեզ դիմավորեցին ընդգծված շուքով. մեզ սպասում էր մի շքեղ լիմուզին, որի սրահն այնքան մեծ էր, որ փոքրիկ դահլիճի էր նման, և մենք չորսով բազմել էինք այդ դահլիճում տեղադրված լայն բազկաթոռներին` իրար դեմ-դիմաց, իսկ մեզ դիմավորողները մի սովորական ավտոմեքենայով ուղեկցում էին մեզ: Հյուրընկալության ողջ ընթացքում մեզ այդպես էլ չհաջողվեց հրաժեշտ տալ լիմուզինին:
Օդանավակայանից մեկնեցինք Վաշինգտոն` «Մարիոթ» հյուրանոց, և տեղավորվեցինք առանձին շքեղ համարներում: Երկար ճանապարհն ու ժամային գոտիների փոփոխությունը զգացնել էին տալիս, և մեզ առաջարկեցին այդ օրը հանգստանալ ու հարմարվել ժամային նոր գոտուն:
Երբ մտա ինձ հատկացված համարը, առաջին բանը, որ գրավեց ուշադրությունս, սեղանին դրված մի գիրք էր: Սկզբում մտքովս անցավ, որ այն պարզապես մոռացվել է նախորդ հյուրի կողմից, բայց անմիջապես հասկացա, որ այդպես լինել չէր կարող: Սենյակը մաքրամաքուր և բծախնդրորեն հարդարված վիճակում էր` լիովին պատրաստ նոր հյուրի տրամադրվելու, և մոռացված որևէ իր մաքրուհու կողմից ոչ թե այնտեղ կթողնվեր, այլ կհանձնվեր հյուրանոցի ադմնիստրացիային: Հետաքրքրությունից դրդված` մոտեցա սեղանին ու զարմանքից քար կտրեցի: Գրքի կազմին գրված էր «Holy Bible», իսկ գրքի տեսքից ակնհայտ էր, որ տպարանից դուրս գալուց հետո երբևէ չէր բացվել: Սուրբ Աստվածաշունչն էր` անգլերեն լեզվով, բայց ինչու էր դրվել իմ համարում, առավել ևս, որ ես երբեք հավատացյալ չեմ եղել ու չեմ: Ամեն ինչ միանգամից պարզ դարձավ, երբ տեսա նաև գրքի կողքին դրված ցուցանակը, որի վրա անգլերեն լեզվով գրվածը թարգմանաբար հանգում էր հետևյալին` «Այս գիրքը Ձեզ է պատկանում, և Դուք կարող եք այն տանել Ձեր հետ»: Հյուրանոցն այդ գիրքը որպես նվեր էր մատուցում իր հաճախորդներին, այդ թվում ինձ` երդվյալ հերետիկոսիս: Անկախ կրոնի նկատմամբ ունեցած իմ վերաբերմունքից, մտածեցի, որ նվերը նվեր է, և այն պետք է ընդունել, առավել ևս` գրքի ձևով անակնկալ նվերը: Ես չէի պատրաստվում այն կարդալ, այդուհանդերձ, անգիտակցաբար շրջեցի գրքի կազմը, և այ քեզ բա՜ն. աչքովս ընկավ հայատառ մի փոքրիկ պարբերություն` ակնհայտորեն տարբեր լեզուներով նույնածավալ ուրիշ պարբերությունների շարքում: Այդ շարքին նախորդում էր անգլերեն լեզվով մի ոչ մեծ ներածական մաս, որը չկարդալ այլևս չէի կարող: Դրանում մեկնաբանված էր, թե հաջորդող շարքն ինչ է ներկայացնում իրենից, և շեշտված էր, որ խոսքը վերաբերում է աստվածաշնչի մի հայտնի պարբերության` թարգմանված աշխարհի 20 ամենա-ամենա լեզուներով: Իմ հրճվանքը սահմաններ չուներ. մեր ոսկեղենիկ հայերենն ամերիկյան հրատարակիչների կողմից դասվել էր այդ 20 լեզուների շարքին, և դա անասելի հպարտութամբ ու երախտագիտությամբ լցրեց իմ հոգին: Գրքի հետագա ճակատագրի վերաբերյալ վերջնական որոշումը ծնվեց ակնթարթորեն: Իրավացի եք, ես աստվածաշունչը տեղավորեցի ճամպրուկիս մեջ, և այն առայսօր իմ տանն է` գրապահարանի ամենատեսանելի հատվածում, բայց որպես հուշանվեր: Աստվածաշնչի` իրենց համարներում գտնված օրինակները վերցրել էին նաև մեր պատվիրակության մյուս անդամները:
Գիշերն անցավ առանց արկածների, իսկ հաջորդող օրերը հագեցած էին այնպիսի իրա-դարձություններով, հանդիպումներով և զվարճանքներով, որոնք ամբողջությամբ շարադրվելու դեպքում արկածային գրադարանի մի ամբողջ հատորյակ կկազմեն: Ես ձեռնպահ կմնամ այդ անելուց և ձեր համբերությունը չեմ չարաշահի: Փորձեմ շատ հակիրճ ու ամբողջական ձևով ներկայացնել, թե ինչերի միջով անցանք երկու շաբաթվա ընթացքում:
Առաջինը միության տարեկան ժողովն էր մի մեծ դահլիճում, որտեղ ասեղ գցելու տեղ չկար, իսկ ներկաներն էլ ընդմիջումների ժամանակ հերթ էին կանգնում մեզ հետ հաղորդակցվելու համար: Ելույթ ունեցանք նաև մենք` հրավիրվածներս: Ժողովը եզրափակվեց ուշ երեկոյան` ՀՀ Գերագույն դատարանի հետ համագործակցության ծրագրի հաստատմամբ, և հետագայում կյանքը ցույց տվեց, որ այդ ծրագիրը ձևական չէր: Փառք ու պատիվ դրա նախաձեռնողներին և իրագործողներին:
Հաջորդը մասնակցությունն էր ԱՄՆ Գերագույն դատարանում փաստաբանների մի ստվար զանգվածի երդման հատուկ արարողությանը և հանդիպումն այդ դատարանի 9 դատավորներից մեկի հետ: Մեզ հյուրընկալողները նախապես ծրագրել էին նաև հանդիպումներ տարբեր ատյանների այլ դատարաններում, և դրանք բոլորն էլ չափազանց հետաքրքիր ու արդյունավետ էին: Չզարմանաք, բայց մենք եղանք նաև ազատազրկման տարբեր ռեժիմներ ունեցող վայրերում ու շփվեցինք նույնիսկ կալանավորների հետ:
Մենք չէին հասցնում մարսել մեր տեսածն ու լսածը: Մեր աչքերն ու ականջները հանգստանում էին միայն գիշերները, երբ քնած էինք լինում: Մնացած ամբողջ ժամանակն անցնում էր գործնական դաշտում կամ հյուրընկալության հայկական ավանդական սովորույթների դաշտում:
Մեզ հյուրընկալողները չէին մոռացել նաև մեր ժամանցի մասին: Մենք առաջին անգամ էինք Ամերիկայում, և մեզ փորձում էին ծանոթացնել հնարավորինս շատ պատմական ու տեսարժան վայրերի, ինչն անկասկած հաջողվեց: Մենք այցելեցինք այն վայրը, որտեղ երկու դար առաջ հռչակվել էր Ամերիկայի անկախությունը և ընդունվել էր սահմանադրությունը, շրջեցինք այնտեղ գտնվող թանգարանում, որի ամենահիշարժան ցուցանմուշն անկախության զանգն էր, եղանք Վաշինգտոնին պատմական հմայք հաղորդող այլ վայրերում, վայելեցինք Լուիզ-Սիմոն Մանուկյանի` հանրահայտ բարեգործ Ալեք Մանուկյանի դստեր, հետ ընթրիքի սեղանի շուրջ անցկացրած հրաշալի մի երեկո:
Մեր էքսկուրսիաները չսահմանափակվեցին միայն Վաշինգտոնով: Եղանք նաև Նյու-Յորքում ու բարձրացանք Առևտրի համաշխարհային կազմակերպության` այնտեղ գտնվող երկվորյակ երկնաքերերի ամենաբարձր` 107-րդ հարկը, որտեղից նայելիս քաղաքի մյուս բազմաթիվ երկնաքերերը փոքրիկ խրճիթների տպավորություն էին թողնում, և այդ տեսարանն ավելի ահասարսուռ դարձավ, երբ իմացանք, որ շենքը, որի վերջին հարկում կանգնած էինք, աննկատելիորեն, բայց մինչև 3 մետր ճոճվում է: Խոսքը վերաբերում է այն երկու երկնաքերերին, որոնք 2001 թվականի սեպտեմբերյան հայտնի իրադարձությունների ժամանակ փլուզվեցին ու հիմնահատակ ավերվեցին ինքնաթիռների վրաերթից` կազմակերպված Բեն Լադենի գլխավորած տեռորիստական խմբավորման կողմից:
Ի վերջո, չափազանց հիշարժան է նաև Աթլանթիք Սիթի կատարած ուղևորությունը: Այդ քաղաքը Վաշինգտոնից բավական հեռու է, և մենք ավտոմեքենայով այնտեղ հասանք մոտ 3 ժամում: Քաղաքը գտնվում է օվկիանոսի ափին և Ամերիկայի այն քիչ վայրերից մեկն է, որտեղ համապատասխան նահանգի հանրաքվեով թույլատրված է խաղատների գործունեությունը: Շուրջ բոլորը շքեղ հյուրանոցներ և խաղատներ էին: Հասնել Աթլանթիք Սիթի և չմտնել խաղատուն, ծանր մեղք կլիներ: Հեռու մնալով այդ մեղքից և մոտենալով մի խաղատան, մենք ներս մտանք: Այստեղ էլ ծանր մեղք կլիներ գոնե ձևական ու կարճատև մասնակցություն չունենալ որոշ խաղերի, որոնք ոչ մեծ, բայց շահումներ խոստանում էին. փորձը փորձանք չէ, և մենք դա էլ փորձեցինք, իհարկե, տուրք չտալով հարստանալու անհիմն գայթակղությանը և մնալով ողջամիտ ու մեր համար ընդունելի չափերի սահմաններում: Բախտը մեզ համեստորեն ժպտաց, և մենք առանց կորուստների դուրս եկանք խաղատնից:
Հոգնեցի: Կարծում եմ, որ այսքանը բավարար է, առավել ևս, որ իրերը հավաքելու ժամանակն էլ վրա էր հասել:
Մենք Ամերիկայից վերադարձանք չափազանց հարուստ տպավորություններով: Մենք այն տեսել էինք տուրիստի կամ հյուրի աչքերով, որոնք սովորաբար շլանում են տեսածի արտաքին փայլից ու չեն հասցնում տեսնել խորքերը: Ես հետագայում ունեցա ոչ միայն այդ երկիրը ևս երկու անգամ այցելելու առիթներ, այլև այդ երկրում մշտական բնակություն հաստատելու բազմաթիվ հնարավորություններ, այդ թվում` Միավորված ազգերի կազմակերպությունում աշխատանքի անձնական հրավերը, բայց իմ հայրենիքի ձայնն ինձ համար առավել քաղցր էր մոտիկից, ու ես հաստատակամ մնացի իմ այն համոզմունքում, որ մեր երկրի համ ու հոտն ուրիշ է և անփոխարինելի, իսկ ամերիկյան բարեկեցության և բարքերի մասին էլ ավելի լավ է քաղցրությամբ լսել հեռվից, քան դրանց հնչողությունը դառնացել դրանցում թաթախվելով:
Այո, ամերիկյան իրականությունն էլ գեղեցիկ ու շլացնող է, երբ հագուստն ու զարդերը վրան են, բայց երբ այն աստիճանաբար մերկանում է, տեսնում ես այն նույն մարմինը, որը երկրից երկիր միայն գույներն է փոխում, իսկ երբ մոտիկից ես լսում դրա ձայնը, այն միանգամից կորցնում է հեռվից կախարդող քաղցրությունը:
Վերջ, մենք պետք է ապրենք մեր հայրենիքում` օվկիանոսից այսդին, այն շենացնենք մեր ձեռքերով` հային վայել արժանապատվությամբ, և երբեք չկշտանանք մոտիկից լսվող դրա ձայնի շարունակաբար աճող քաղցրությամբ:
Ամե՜ն, ինչպես կասեն Ամերիկայից բերածս աստվածաշնչի ընթերցողները:



