Skip to main content

ՀՀ տնտեսական դատարանի դահլիճն ուներ մեկ մուտք, որից ելումուտ անելու համար օգտվում էին թե՛ Դատավորը, թե՛ կողմերը և դռնբաց դատական նիստերին ներկա գտնվել ցանկացողները:  Այդ օրն առավոտյան դահլիճում մեկնարկած դատական նիստի ավարտը ներկաներից ոչ մեկը չէր կարողանում կանխատեսել.  չնայած կողմերին ներկայացնող անձանց դեմքերին արդեն հոգնածություն էր դաջված, այդուհանդերձ, գործի քննությունը հետաձգելու հիմքեր չկային, և Դատավորն էլ շատ աշխույժ տեսք ուներ ու որոշել էր երկաթը տաք-տաք ծեծել` տվյալ նիստում սպառել գործի քննության հետ կապված բոլոր հարցերը և անցնել վճռի կայացմանը:

Գործը բավականին բարդ էր և վերաբերում էր տնտեսավարող Ընկերությունում հարկային տեսչության աշխատակիցների կատարած ստուգման արդյունքում կազմված ու Ընկերությանը լրացուցիչ հարկային պարտավորություններ առաջադրող ակտի վիճարկմանը, իսկ ակտը վիճարկվում էր այն հիմքով, որ ստուգումը կատարվել էր օրենքի բազմաթիվ խախտումներով:

Դատարանում Ընկերության շահերը ներկայացնում էին երեք փաստաբան, իսկ  հարկային տեսչության շահերը` տեսչության իրավաբանական բաժնի երիտասարդ աշխատակիցը և այն երկու տեսուչները, ովքեր Ընկերությունում կատարել էին ստուգումը և կազմել վիճահարույց ակտը:  Դրա օրինականությունը և հիմնավորվածությունն ապացուցելու պարտականությունն օրենքի ուժով կրում էր պատասխանողը` հարկային տեսչությունը, և կողմերի բացատրությունները լսելուց ու գրավոր ապացույցները հետազոտելուց հետո Դատավորի բոլոր հարցերն ուղղված էին հարկային տեսչության ներկայացուցիչներին, առավելապես` ստուգումը կատարած և ակտը կազմած երկու տեսուչներին:   Հարցերը ոչ միայն բազմաթիվ էին ու վերաբերում էին կատարված ստուգման տարբեր մանրամասներին ու տեսուչների թույլ տված խախտումներին, այլև տեսանելի խուճապ ու տագնապ էին առաջացրել տեսուչների մոտ, քանի որ նրանք չէին կարողանում հստակ և իրավական պատշաճ հիմնավորումներով պատասխանել այդ հարցերի մեծ մասին ու հաճախ պապանձվում էին` շիկնելով անթաքույց ամոթից:  Նրանց արդեն մտահոգում էր ոչ այնքան գործի ելքը, որքան այն, թե երբ կավարտվի իրենց «խոշտանգումը»:

Վերջապես Դատավորն ազդարարեց գործի քննության ավարտը և ոտքի կանգնեց, պատրաստվելով հեռանալ դահլիճից:  Այդ պահին պետք էր տեսնել հարկային տեսչության ներկայացուցիչների դեմքերը.  դրանք շողում էին անասելի երջանկությունից:  Թեթևացած շունչ քաշելով ու չսպասելով, որ Դատավորը դուրս գա դահլիճից, նրանք ոտքի թռան ու շտապ քայլերով մոտեցան դահլիճի դռանը:  Երկու տեսուչներն արագ դուրս եկան դահլիճից, իսկ  հարկային տեսչության իրավաբանը վերջին պահին իր թիկունքին զգաց Դատավորի խիստ ու սաստող հայացքը, կանգ առավ և շրջվեց դեպի Դատավորը` սպասելով, որ նա իրենից առաջ դուրս գա դահլիճից:  «Ձեր բախտը  բերեց, Դուք ժամանակին կողմնորոշվեցիք», ասաց նրան Դատավորը, «Դատարանին մեջքով շրջվելը շա՜տ վտանգավոր է»:

Դատավորը դուրս եկավ միջանցք:  Այն մարդաշատ էր, բայց Դատավորին տեսնելով` մարդիկ հետ էին քաշվում, ճանապարհ բացելով նրա համար:  Դատավորից առաջ դահլիճից ելած տեսուչները դեռ չէին հասցրել հեռանալ և տեսանելի էին Դատավորի  համար:  Ոգևորված այն մտքից, որ վերջապես ազատվեցին անտեսանելի «կապանքներից» ու «կտտանքներից», նրանք աշխույժ զրուցելով ու կայտառացած քայլում էին դեպի աստիճանավանդակը:  Նրանց մտքով անգամ չէր անցնում, որ դեռևս ամեն ինչ ավարտված չէ, և Դատավորը որոշել է մի նոր փորձության ենթարկել իրենց:  Քայլերն արագացնելով, Դատավորն սկսեց մոտենալ նրանց թիկունքից:  Տեսուչները լսեցին Դատավորի ոտնաձայները, հետ նայեցին և, տեսնելով, որ մոտեցողը Դատավորն է, կանգ առան ու իրենք ևս հետ քաշվեցին դեպի նեղ միջանցքի պատը` ի ցույց բոլորի նրան զիջելով ճանապարհը:   Բայց Դատավորը չօգտվեց նրանց «շնորհած պատվից»:

Հավասարվելով տեսուչներին, Դատավորը կանգն առավ ու բոլորի համար լսելի և խիստ ձայնով դիմեց նրանց.  «Մի՞թե Ձեզ չեն ասել, որ չի կարելի մեջքով շրջվել դեպի դատարանը` Դատավորից առաջ դուրս գալով դահլիճից»:  Մի նոր խուճապ պատեց տեսուչներին, և նրանք կմկմալով փորձեցին արդարանալ.  «Ներեցեք, հարգելի Դատավոր, մենք առաջին անգամ էինք մասնակցում դատավարության և չգիտեինք այդ մասին»:

«Ներողություն խնդրելով` հարցը չի կարգավորվում», նույն խստությամբ Դատավորն ընդհատեց նրանց, «հենց  հիմա վերադարձեք դահլիճ և կրկին դուրս եկեք այնտեղից»:

Միջանցքում գտնվողների ուշադրությունը սևեռվել էր Դատավորի և տեսուչների խոսակցության վրա:  Բոլորն անհամբեր սպասում էին, թե ինչով է ավարտվելու այն:

Իսկ Դու՞ք ինչ եք կարծում:

Այո, չսխալվեցիք, տեսուչները խոնարհաբար հետ դարձան, նորից մտան դահլիճ ու րոպեներ անց ներկաների անզուսպ ծիծաղի ուղեկցությամբ դուրս եկան դահլիճից:  Հասկանալով, թե ինչ կատարվեց, նրանք շփոթված ժպտացին ու շարունակելով ներողություն խնդրել Դատավորից, արագ հեռացան:

Օրենքով սահմանված ժամկետում և կարգով Դատավորը հրապարակեց կայացված վճիռը, որով անվավեր ճանաչվեց տեսուչների կազմած ակտը, բայց տեսուչների համար այլևս հետաքրքիր չէր այդ ակտի ճակատագիրը` նրանք արդեն «վճարել էին» իրենց թույլ տված խախտումների գինը:  Այստեղ են ասել` ուրիշի համար փոս փորողը ինքն է տալիս էքսկավատորի փողը:

Leave a Reply