Օրե՞նք, թե՞ պրակտիկա. որո՞վ առաջնորդվել, որ ոտքդ քարին չառնի: Սա հռետորական հարց չէ և հատկապես իրավունքի հարցեր լուծելիս պահանջում է ստույգ պատասխան, իսկ այդ պատասխանը մեկն է` օրենք: Պրակտիկան օրենքի կենսագործումն է, և եթե այն համատասխանում է օրենքին, ուրեմն դրան հղում անելու կարիք չկա, իսկ եթե չի համապատասխանում, ուրեմն դրան հղում անել չի կարելի, և դրանից պետք է շուտափույթ կերպով ձերբազատվել:
Ես արդեն պատմել եմ մեր պրակտիկայում լայնորեն տարածված ու օրենքին չհամապատասխանող, իրականությունն անթույլատրելի ձևով քողարկող ու խեղաթյուրող մի արատի մասին: Խոսքը վերաբերում է այն տխրահռչակ դեպքերին, երբ փաստաթուղթը ստորագրելու լիազորություն ունեցող անձի պաշտոնը, անունը և ազգանունը նշված լինելու պայմաններում պաշտոնի նշումից առաջ գրիչով սեպագիր մի արձանագրություն է կատարվում` թեք գծիկի տեսքով, և փաստաթուղթն ստորագրվում է բոլորովին այլ և անհայտ անձի կողմից: Այս արատի ջատագովները փորձում են իրավական շունչ հաղորդել դրան, մեկնաբանելով, թե պաշտոնի նշմանը նախորդող գծիկը նշանակում է, որ փաստաթուղթն ստորագրելու լիազորություն ունեցող անձի բացակայության պայմաններում այն ստորագրել է նրան փոխարինող անձը: Ես, իհարկե, ուրարտական սեպագրերի մասնագետ չեմ և չեմ կարող ասել, թե ինչ է նշանակում պաշտոնից առաջ գրիչով արված գծիկը, բայց գիտեմ, որ մեր երկրի դատական համակարգում հայերենի օգտագործումը բարձրացված է կայուն սկզբունքի մակարդակի, և օրենքը չի նախատեսում փաստաթղթի ստորագրման իրավաչափ հնարավորություն` չնշելով փաստացի ստորագրողի կարգավիճակը, անունը և ազգանունը: Այլապես ունենում ենք, ինչպես վերևում նշեցի, անհայտ անձի կողմից կատարված ինչ-որ գրառում, որը զուրկ է իրավական նշանակությունից և նույնիսկ ստորագրություն համարվել չի կարող:
Ասեմ ավելին, հիշատակածս արատը երբեմն հանգեցնում է զավեշտալի իրավիճակների: Դրանցից մեկի ականատեսն ու կնքահայրը եղել եմ ես: Գիտեմ, զավեշտալի բառն արդեն գրավեց ձեր ուշադրությունը, և դուք ուզում եք հաղորդակից դառնալ այդ զավեշտին: Համոզեցիք, կպատմեմ:
ՀՀ տնտեսական դատարանում իմ նախագահությամբ քննվելու էր տնտեսավարող սուբյեկտի և հարկային մարմնի մասնակցությամբ գործ: Կողմերը կազմ ու պատրաստ ներկայացել էին դատական նիստին, և նրանց ներկայացուցիչների դեմքերից երևում էր, որ երկու կողմն էլ վճռական էին տրամադրված ու միայն սեփական հաղթանակն էին ակնկալում:
Տնտեսվարող սուբյեկտը հայցվորն էր, որի ներկայացուցիչների ինքնությունը և լիազորությունները ստուգելուց հետո անցա հարկային մարմնի` պատասխանողի, անունից ներկայացած երիտասարդի փաստաթղթերը ստուգելուն: Երբ նրա լիազորագիրը հայտնվեց իմ ձեռքում, միանգամից աչքիս զարնեց ստորագրության տողում պաշտոնից առաջ գրիչով արված գծիկը: Ակնհայտ ու անվիճելի էր, որ կատարված «ստորագրության» հեղինակը նույն տողում նշված պաշտոնը զբաղեցնող և անունն ու ազգանունը կրող անձը չէր: Բայց սա դեռ բոլորը չէր:
Լիազորագրում նշված էր համապատասխան հարկային տեսչության պետի պաշտոնը, որին հաջորդում էին նրա անունը և ազգանունը` Երեմ Զավարյան: Կատարված «ստորագրությունը» շատ պարզ էր ու բաղկացած էր երկու մեծատառից միայն: Այլ վարկած, քան այն, որ «ստորագրության» հեղինակը որպես ստորագրություն օգտագործել էր իր անվան և ազգանվան սկզբնատառերի համակցումը, տեսանելի չէր: Բայց համակցված տառերը ոչ թե Ե-ն և Զ-ն էին, այլ Է-ն և Շ-ն:
«Ո՞վ է ստորագրել այս լիազորագիրը», հարցրեցի ես լիազորագիրը ներկայացրած երիտասարդին:
«Հարկային տեսչության պետը, հարգելի՛ դատարան», հնչեց պատասխանը:
«Նշեք նրա անունը և ազգանունը», շարունակեցի ես:
«Երեմ Զավարյան», պատասխանեց երիտասարդը:
«Իսկ ի՞նչ է նշանակում նրա պաշտոնից առաջ դրված գծիկը», իմ այս հարցը շփոթեցրեց երիտասարդին, բայց նա արագ հավաքեց իրեն և փոխեց նախորդ հարցերին տված պատասխանը: «Կներեք, հարգելի՛ դատարան, ես սխալվեցի, լիազորագիրը ստորագրել է ոչ թե հարկային տեսչության պետը, այլ նրա բացակայության ժամանակ նրան փոխարինած տեղակալը` Էդուարդ Շահինյանը»:
Ես չբավարարվեցի երիտասարդի պատասխանով ու հաջորդ հարցն ուղղեցի նրան. «Ես չգիտեմ, թե որքանով ճիշտ թարգմանեցիք գծիկը: Հիմա ասացեք, խնդրեմ, Ձեր այդ թարգմանությունն իրավական ի՞նչ բառարանով կարելի է ստուգել: Ես ինչպե՞ս կարող եմ հավաստիանալ Ձեր ասածի ճշմարտացիության և իրավական թույլատրելիության հարցում»:
Լռություն տիրեց: Երիտասարդն այդ անելանելի վիճակից դուրս գալու ճանապարհ էր փնտրում` շփոթահար հայացքով չափչփելով դահլիճը: Հանկարծ նրա դեմքը լուսավորվեց այնպես, կարծես թե նա գտավ փակուղուց դուրս գալու ելքը: Խեղճն ինչ իմանար, որ այդ ելքը մեկ այլ փակուղու մուտքն էր:
«Հարգելի՛ դատարան», վճռական ձայնով սկսեց խոսել երիտասարդը, «ես պնդում եմ, որ լիազորագիրը ստորագրել է հարկային տեսչության պետը: Դրանում նշված են հենց նրա պաշտոնը, անունը և ազգանունը, իսկ Ձեր մատնանշած գծիկը երևի պատահաբար է հայտնվել լիազորագրում»:
Ա՜յ քեզ միամիտ հնարամիտ: Ես հասկացա, որ նա որոշել է Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալ, չափել երդվյալ հերետիկոսիս խելքը և մուկն ու կատու խաղալ ինձ հետ:
«Լավ, մարտահրավերն ընդունում եմ, խաղանք, բայց ոչ թե մուկն ու կատու, այլ ԷՇ ու ԵԶ», որոշեցի ես:
«Խնդրեմ, մոտեցեք, վերցրեք լիազորագիրը և բարձրաձայն ընթերցեք դրանում առկա ստորագրությունը», դիմեցի երիտասարդին:
Նա երևի որոշել էր, որ այլևս չի նահանջելու, խրոխտ քայլերով մոտեցավ, վերցրեց լիազորագիրը և առանց երկար-բարակ մտածելու կարդաց ստորագրությունը` ԷՇ: Կարդաց ու պապանձվեց:
«Լավ», ասացի ես նրան, «Դուք ընդունու՞մ եք, որ ստորագրությունը կազմված է դրա հեղինակի անվան և ազգանվան սկզբնատառերից միայն»: Ամեն ինչ ակնհայտ էր, և երիտասարդը լուռ գլխով արեց. նա համաձայն էր ինձ հետ:
«Այդ դեպքում նույն սկզբունքով պատկերացրեք և կարդացեք այն ստորագրությունը, որը միայն անվան և ազգանվան սկզբնատառերի նշումով կկատարեր հարկային տեսչության պետը», ամենայն լրջությամբ դարձյալ դիմեցի երիտասարդին:
«ԵԶ», հազիվ լսելի ձայնով հնչեց պատասխանը:
Դահլիճում ներկաները, որ մինչ այդ հազիվ էին զսպում իրենց ծիծաղը, այլևս չդիմացան:
Երիտասարդն ինքն էլ հասկացավ, թե ինչ թակարդն է գցել ինքն իրեն, բայց արդեն շատ ուշ էր:
Մնում էր իմ վերջին խոսքը, բայց կատարվածի համատեքստում, ու ես չկարողացա այն պահել իմ մտքում. «Այս լիազորագրով Դուք կարող եք ներկայացնել կենդանաբանական այգու շահերը, եթե Ձեզ բախտ վիճակվի առնչվել այդ այգու մասնակցությամբ գործի: Իսկ սույն գործով վեճը կապված չէ կենդանիների իրավունքների կամ բնապահպանական այլ խնդիրների հետ: Դուք կարող եք մնալ դահլիճում` առանց խոսելու իրավունքի, կամ հեռանալ, ինքներդ որոշեք: Միայն թե դատարանին վերադարձրեք լիազորագիրը, այդ գանձը պետք է կարվի գործում»:
Երիտասարդը վերադարձրեց լիազորագիրը և ճողոպրեց դահլիճից: Թերևս, նա հասկացավ, որ կենդանական աշխարհի դեսպանի առաքելություն էր ստանձնել, չիմանալով, որ դատարանում համապատասխան դեսպանատուն չկա:



