Skip to main content

Խոհանոցային գրքերում այս ճաշի բաղադրատոմսը չփնտրեք, չեք գտնի:  Այս ճաշի խոհարարները ճանապարհային ոստիկանության տեսուչներ էին, բայց ճաշի բաղադրատոմսը չեք գտնի նաև ճանապարհային երթևեկության կանոններում:  Ես ճաշի շեֆ-խոհարարն էի, բայց ես էլ չգիտեի, թե ինչ բաղադրատոմսով է այն եփվելու:  Երևի բոլոր ճաշերն էլ առաջին անգամ եփվում են տեղում հորինվող բաղադրատոմսով:  Իսկ ի՞նչ ճաշի մասին է խոսքը, ո՞վ եփեց և կերավ այն, և ի՞նչ կապ ունեի ես դրա հետ:

Դեպքը տեղի ունեցավ կրկեսի մատույցներում, շուրջ 15-20 տարի առաջ, երբ արդեն փորձառու դատավոր էի:  Ես իմ սեփական «Ժիգուլի ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայի աջ եզրային շարքով մոտեցա խաչմերուկին և լուսաֆորի կանաչ սեկցիայի պայմաններում միանգամից թեքվեցի աջ` մտնելով Ագաթանգեղոսի փողոց, բայց անմիջապես նկատեցի, որ Ագաթանգեղոսի փողոցի աջ եզրային շարքի ամբողջ լայնությամբ խորը փոս էր գոյացել, որը կամ պետք է հատեի` նախապես կտրուկ արգելակելով, կամ պետք է շրջանցեի միակ հնարավոր տարբերակով` կտրուկ երկրորդ շարք տեղափոխվելով:  Հայելու մեջ տեսնելով, որ իմ հետևից նույն շարքով մեքենա է գալիս, իսկ երկրորդ շարքն ազատ է, քանի որ այդ շարքի համար լուսաֆորի գույնը կարմիր էր, ես ակնթարթորեն ընտրեցի երկրորդ տարբերակը` միացրեցի ձախ թարթիչը և արագ տեղափոխվեցի երկրորդ շարք, բայց չհասցրեցի մարսել արածս:  Հանդիպակաց երթևեկության գոտով ինձ ընդառաջ եկող ճանապարհային ոստիկանության մեքենայի հեռահար լույսերն սկսեցին թարթել, ձայնային ազդանշանը հասավ մինչև «Հայրենիք» կինոթատրոն, և բարձրախոսով հնչեց տեսուչի հրամայական ձայնը. ««ՎԱԶ 2106» ավտոմեքենայի վարորդ, աջ քաշի, կանգնի»:  Կարգադրությունն ակնհայտորեն ինձ էր վերաբերվում, և ես միացրեցի աջ թարթիչն ու, մոտենալով մայթեզրին, կանգնեցրի մեքենան հենց այն հատվածում, որը ժողովրդին հայտնի էր «ֆայլա բազար» անվանմամբ.  այդ հատվածում հավաքվում էին գործազուրկ մարդիկ, ակնկալելով, որ մասնավոր հիմունքներով կներգրավվեն տարբեր աշխատանքների մեջ:  Նման դեպքերում ես երբեք չէի իջնում մեքենայից և այս դեպքում էլ բացառություն չարեցի ու սպասում էի, որ տեսուչները մոտենան ինձ:

Ճանապարհային ոստիկանության մեքենան հետադարձ կատարեց` հատելով հանդիպակաց գոտիների բաժանարար գիծը, հետևից մոտեցավ իմ ավտոմեքենային ու մի քանի մետր հեռավորությամբ կանգ առավ:  Ես հայելու միջոցով հետևում էի, թե ինչ էր կատարվում հետևում:  Մոտ մեկ րոպե ոչ ոք չիջավ ոստիկանության մեքենայից.  երևի սպասում էին, որ ես դուրս գամ իմ ավտոմեքենայից և մոտենամ իրենց, ինչպես անում էր վարորդների մեծ մասը:  Այդ հարցում ես համառ էի և եմ, ու տեսուչների սպասելիքը չիրականացավ:  Ստիպված նրանցից մեկը` վարորդի կողքին նստածը, իջավ մեքենայից ու սկսեց մոտենալ:  Նա մայորի ուսադիրներ էր կրում:  Ես նկատեցի, որ քիչ-քիչ սկսեցին մոտենալ նաև «ֆայլա բազարում» հավաքված պարապ-սարապները.  նրանք էլ էին զգացել, որ ինչ-որ անսովոր բան է կատարվելու:

Ակնհայտ էր, որ ամեն ինչից առաջ տեսուչը պահանջելու էր իմ վարորդական իրավունքի վկայականը:  Այն և իմ ծառայողական վկայականը գտնվում էին միևնույն ծալովի կաշվե պատյանում` թափանցիկ պոլիէթիլենային գրպանիկներում, որը բացելիս` ձախ կողմում երևում էր ծառայողական վկայականս` լուսանկարով և պաշտոնիս նշումով, իսկ աջ կողմում` վարորդական իրավունքի վկայականս:  Ես իջեցրի ավտոմեքենայի դռան ապակին և վկայականները պարունակող պատյանը պատրաստեցի ներկայացնելու տեսուչին:  Նա ինքնավստահ քայլվածքով մոտեցավ ու միանգամից հրամայական տոնով ասաց. «Տեսնենք փաստաթղթերդ»:  Ես անմիջապես հիշեցի հանրահայտ կայսրերից մեկին, ով սիրում էր ասել` «Մենք` Լյուդովիկոս 14-րդս»:  Իհարկե, ես վկայականներով պատյանը պարզեցի տեսուչին, բայց նաև չկարողացա լռել. «Իսկ Դու՛ք ինչու՞ եք ինձ հետ «դու»-ով խոսում»:  Տեսուչը կամ չլսեց, կամ չհասկացավ իմ ասածը և շարունակեց. «Խախտումդ գիտես, չէ՞»:  Ես ավելի բարձր ու խիստ տոնով, նաև շեշտելով «Դուք» բառը, կրկնեցի հարցս. «Իսկ Դու՛ք ինչու՞ եք ինձ հետ «դու»-ով խոսում»:  Այս անգամ տեսուչը լսեց հարցս և հասկացավ, որ ինչ-որ «Ժիգուլու» վարորդ իրեն նկատողություն է անում:  Նա չկարողացավ հանդուրժել դա, բացեց իմ ներկայացրած պատյանը, բացարձակապես ուշադրություն չդարձրեց ծառայողական վկայականիս, հանեց վարորդական իրավունքի վկայականս, պատյանը ծառայողական վկայականիս հետ միասին վերադարձրեց ինձ և հեռացավ դեպի ոստիկանության մեքենան` ակնհայտորեն երթևեկության կանոնների խախտման վերաբերյալ ակտ գրելու:  Ես դուրս եկա մեքենայից, հենվեցի դրան ու սկսեցի ծխել:  «Ֆայլա բազարում» հավաքվածներն ավելի մոտեցան:  Նրանց գրավել էր վարորդի` իմ, անտարբեր վերաբերմունքը տեսուչի կողմից ակտ կազմվելու նկատմամբ:  Սովորաբար վարորդները չէին հեռանում տեսուչներից` փորձելով բանակցել նրանց հետ:

Մոտավորապես 10 րոպե հետո տեսուչը կրկին մոտեցավ ինձ` ակտը ձեռքին:  «Այստեղ ստորագրեք», արդեն «Դուք»-ով ինձ դիմեց տեսուչը, մատնացույց անելով ակտի մի հատվածը և ինձ վերադարձնելով վարորդական իրավունքի վկայականս:

«Ես նախ կկարդամ, թե Դուք ինչ եք գրել, հետո կմտածեմ ստորագրելու մասին», ասացի ես և տեսուչի ձեռքից վերցրեցի ակտը:  Ես միանգամից տեսա, թե ինչ մտացածին խախտում է վերագրել ինձ տեսուչը և ինչ տուգանք է նշանակել, բայց րոպեներ շարունակ դիտավորյալ  ձևացնում էի, թե կարդում եմ ակտը:  Տեսուչն արդեն անհամբեր շարժումներ էր կատարում` մի ոտքից մյուսին հենվելով:  «Ֆայլա բազարի» անձնակազմն արդեն մեր կողքին էր:

Վերջապես ես որոշեցի սկսել գրոհը:

«Ձեր ցույց տված տողում չեմ ստորագրելու», ասացի ես, «իսկ ահա այս մասում գրում եմ, որ առարկություններ ունեմ և դրանք կներկայացնեմ գրավոր ձևով` դատական կարգով:  Ահա իմ այս գրառման տակ ստորագրում եմ:  Պատրաստվեք դատական նիստի, հետո` ծառայողական քննության:  Դատական նիստին լավ կպատրաստվեք, ես ինքս եմ գալու` առանց փաստաբանի»:

Ես ակտը, որով իմ նկատմամբ տուգանք էր նշանակվել, վերադարձրեցի տեսուչին, ով կարծես չէր հասկանում, թե ինչ է կատարվում:  Այդ պահին մոտեցել էր նաև երկրորդ տեսուչը` կապիտանի ուսադիրներով, ով նույնպես զգացել էր, որ ինչ-որ անսովոր բան է կատարվում:  Նա լսել էր մայորին ուղղված իմ խոսքը և շատ զուսպ ձևով դիմեց ինձ. «Իսկ մեզ կասե՞ք, թե ինչ առարկություններ ունեք»:  «Չեմ ասի, քանի որ Ձեր գործընկերն ակտը կազմելուց առաջ ինձ նույնիսկ չասեց, թե ինչ խախտում է վերագրում ինձ», պատասխանեցի ես:  Կապիտանը կարկամեց, հետո խաղաղության միտված ձայնով ասաց. «Կարելի՞ է, որ ես էլ տեսնեմ Ձեր փաստաթղթերը»:  «Խնդրեմ», ասացի ես և նրան հանձնեցի ծառայողական ու վարորդական վկայականներս պարունակող պատյանը:  Տեսուչը բացեց այն և սևեռվեց ծառայողական վկայականիս վրա, ապա` սկսեց կարդալ մայորի գրած ակտը:  Տևական լռություն տիրեց, որի ընթացքում մայորն էլ վիզը ձգել և նայում էր ծառայողական վկայականիս:  Համակ ուշադրություն էր տիրում  նաև «ֆայլա բազարի» հանդիսատեսների մոտ:

Ի վերջո, կապիտանը փաստաթղթերը վերադարձրեց ինձ ու սկսեց կիսաձայն կմկմալ. «Կներեք, պարոն դատավոր, ադրբեջանցիները հետիս մայորին ժամանակին ամիսներ շարունակ Շուշիի բանտում են պահել, և նա մի քիչ խելքը թռցրել է:  Իր հետ գործ չունեք:  Ես նորից ներողություն եմ խնդրում ու առաջարկում եմ …»:  Կապիտանի խոսքը կիսատ մնաց:  Այդ պահին մեզ մոտեցավ ճանապարհային ոստիկանության մեկ այլ մեքենա և կանգնեց հենց իմ մեքենայի կողքին:  Մեքենայում երկուսն էին.  մեկը վարորդն էր, իսկ մյուսն այնպես էր փռվել նրա կողքի նստատեղին, որ կարծես Քաջ Նազարը լիներ:  Երևի հեռվից էլ էր տեսանելի, որ իմ, մայորի և կապիտանի միջև ինչ-որ արտասովոր բան էր կատարվում:  Կանգնելուն պես Քաջ Նազարակերպն իշխանական տոնով հարցրեց կապիտանին. «Բան ա՞ պատահել:  Պետք ա՞ խառնվենք»:  Նա չէր էլ պատկերացնում, որ խառնվելու դեպքում երանի էր տալու մայորին ու կապիտանին:  «Չէ, չէ, ամեն ինչ նորմալ ա, հանգիստ գնացեք», արագ ասաց կապիտանը և դարձյալ շրջվեց դեպի ինձ:  «Պարոն դատավոր, ես առաջարկում եմ գնալ մի լավ տեղ ու հացի սեղանի շուրջը շարունակել մեր զրույցը:  Ես եմ հրավիրում», սա կապիտանի խոսքի շարունակությունն էր, և նա հույս ուներ, թե ես կընդունեմ հրավերը:  Բայց սա միայն կոչվում էր հրավեր:  Իրականում սա ընդամենը փորձ էր կարգավորելու հարաբերությունները և խուսափելու հետագա հնարավոր բարդություններից.  դատավորի հետ դատական վեճի մեջ մտնելը կապույտ երկինք չէր խոստանում:

«Դուք կարող եք հրավիրել Ձեր գործընկերոջը` պարոն մայորին, իսկ ինձնից պետք է հեռու մնալ:  Ես կփակեմ Ձեր ախորժակը:  Մի՞թե խախտում հայտնաբերած անձինք խախտում թույլ տված անձին հրավիրում են ճաշկերույթի:  Թե՞ Դուք ուզում եք առաջինը լինել այդ հարցում և նախադեպ ստեղծել:  Կապրի՞ արդյոք Ձեր նախադեպը», պատասխանեցի ես կապիտանին:  Վերջինը չգիտեր, թե ինչ անել և ինչ ասել:

Մայորը փորձեց արդարանալ, ապաշխարհող տոնով ասելով, թե ես իրոք խախտում եմ թույլ տվել, և իր գրած ակտն էլ իրավաչափ է:

«Խնդիր չկա», ասացի ես, «դատարանում կպարզվի ամեն ինչ, բայց նկատի ունեցեք, որ անկախ ակտի հետ կապված վեճի լուծումից, ես նախանձախնդիր կերպով հետամուտ եմ լինելու Ձեր նկատմամբ ծառայողական քննության հարուցմանը, և դրա արդյունքում Ձեր ուսադիրների վրայի աստղի չափերը կփոքրանան:  Դուք կդառնաք նախկին մայոր և այդպես էլ կմնաք, մինչև սովորեք «Դուք»-ով խոսել:  Իսկ հիմա արագացրեք, պատրաստեք և ինձ հանձնեք ակտի իմ օրինակը` տուգանքի մասին նշումով:  Ես շտապում եմ»:  Պարզվեց, որ միայն ես էի շտապում:  Ոչ տեսուչները, ոչ էլ առավել ևս «ֆայլա բազարի» հանդիսատեսները, ովքեր անվճար ներկայացում էին դիտում, չէին շտապում:  Կապիտանն անընդհատ փորձում էր ինչ-որ կերպ ձեռք բերել իմ բարեհաճությունը և վեր թռցնել խաղաղության աղավնուն, բայց ես անդրդվելի էի և սպիտակ դրոշ էլ չունեի, որ բարձրացնեի, իսկ ունենալու դեպքում էլ այն չէի բարձրացնի որևէ պարագայում:  Մայորը գլխահակ կանգնած լռում էր.  երևի նա արդեն պատկերացնում էր, թե ինչպես են իր ուսադիրները փոխում:  Ակտի օրինակն ինձ տալու մասին ոչ ոք չէր մտածում:

Երբ համբերությունս սպառվեց, ես բացեցի մեքենայիս դուռը, նստեցի ղեկի մոտ, դուռը փակեցի և գործի գցեցի շարժիչը:  Իմ դռան ապակին իջեցված էր, և ես այդ բացվածքով հրաժեշտի խոսք ուղղեցի տեսուչներին. «Դուք այդպես էլ ակտի իմ օրինակը չտվեցիք ինձ, բայց ոչինչ, ամբողջ կատարվածի ականատես վկաները լսեցին ամեն ինչ և հարկ եղած դեպքում դատարանում հաճույքով հանդես կգան որպես վկաներ:  Նրանց գտնելը դժվար չի լինի, նրանք ամեն օր այստեղ են:  Մնաք բարով»:

Վերջին ակնթարթին, երբ մեքենան դանդաղ պոկվեց տեղից, կապիտանը կռացավ և գրեթե շշուկով, այնպես, որ միայն ես լսեմ, ասաց. «Պարոն դատավոր, մենք հենց հիմա կգնանք և կվճարենք Ձեր նկատմամբ նշանակված տուգանքը:  Կներեք, ակտերը համարակալված են, և մենք չենք կարող պարզապես ոչնչացնել կազմված ակտը, բայց տուգանքն ամբողջությամբ կվճարենք, և Ձեզ ոչ ոք չի անհանգստացնի:  Եթե կուզեք, մենք վճարային փաստաթուղթն էլ կբերենք դատարան և կհանձնենք Ձեզ:  Միայն խնդրում եմ, մոռացեք այս ապուշի արածը և դատարան մի դիմեք»:

«Կապրենք, կտեսնենք, բայց տուգանքը վճարելու հարցում լավ մտածեք և ինքներդ կողմնորոշվեք, ես Ձեզ նման առաջարկ չեմ ներկայացրել և չեմ ներկայացնի երբեք», ասացի և բաց թողեցի մեքենայի արգելակը:  Ներկայացումն ավարտվեց:  Ափսոս, ես չլսեցի «ֆայլա բա-զարի» հանդիսատեսների ծափահարությունները, եթե, իհարկե, այդպիսիք հնչեցին:

Անցան օրեր, շաբաթներ, ամիսներ:  Ես այդպես էլ ոչինչ չստացա ճանապարհային ոստիկանությունից, կարծես թե իմ նկատմամբ ակտ չէր կազմվել և տուգանք չէր նշանակվել:  Բայց ես հո տեսել էի ակտը` տուգանքի մասին նշումով:  Սա նշանակում էր բացառապես մեկ բան` տեսուչներն իմ փոխարեն վճարել էին տուգանքի գումարը, իհարկե, ոչ մարդասիրական ու բարեգործական դրդումներով, այլ սեփական կաշին փրկելու համար:  Վստահ եմ, որ իրենք էլ համոզված չէին, թե դատարանում կկարողանան պաշտպանել իրենց իսկ կազմած ակտը:  Ես արդեն նշել եմ, թե ինչու խաչմերուկից աջ թեքվելուց և աջ եզրային շարքում առկա լայնակի փոսը տեսնելուց հետո նախընտրել եմ ոչ թե կտրուկ արգելակել` ստեղծելով իմ հետևից եկող մեքենայի և իմ մեքենայի բախման վտանգ, այլ ձախ թարթիչը միացնելուց հետո կտրուկ տեղափոխվել եմ երկրորդ շարք, որը լրիվ ազատ էր:  Այստեղ միակ խախտումը կարող էր լինել այն, որ ես հատած լինեի առաջին և երկրորդ շարքերի բաժանարար հոծ գիծը, բայց այդ խախտումն ուներ այնպիսի արդարացում, ինչպիսին ծայրահեղ անհրաժեշտությունն է` հնարավոր վնասներից խուսափելու բարեհաջող փորձը, և հատկապես իմ մասնակցությամբ գործով որևէ դատարան չէր վարանի գործն ի նպաստ ինձ լուծելու հարցում` առաջնորդվելով ոչ թե իմ անձով, այլ գործի փաստերով:

Այսպես ճանապարհային ոստիկանության մայորը եփեց անհամ ու անհոտ մի ճաշ, ու ինքն էլ կերավ իր եփած ճաշը, բայց իմ ավելացրած համեմունքներով:  Անուշ լինի, բայց թող վերջինը լինի:

Leave a Reply