Ուզու՞մ ես բերք հավաքել, առո՛ղջ սերմեր ցանիր: Ուզու՞մ ես ձմերուկի բերք հավաքել, հենց ձմերուկի առողջ սերմեր ցանիր: Այս կոչերն ուղղված են բոլորին, ոչ միայն գյուղատնտեսությամբ զբաղվողներին, իսկ սերմերը հիշատակված են լոկ փոխաբերական իմաստով: Այո, կյանքում ինչով էլ զբաղվես, արածիդ արդյունքներն ես ճաշակելու` դառը կամ քաղցր: Ուրեմն ինչ-որ բան անելիս ավելի լավ է զերծ մնալ ուրիշների արածը կուրորեն կրկնելուց, չզլանալ և նախքան կտրելը յոթ անգամ չափել. առանց չափելու կտրածը կորած է ճիշտ այնպես, ինչպես գիշերվա կերածը:
Հիմա պատմեմ, թե Հայաստանում գործող բանկերից մեկն ինչ ցանեց և ինչ հնձեց:
Շատ խոշոր մի գործարքի կողմերը` բաժնետիրական ընկերություններ հանդիսացող պարտատերը և պարտապանը, դիմեցին բանկին` պարտավորության կատարումն ապահովելու համար երաշխիք տրամադրելու խնդրանքով, որը չմերժվեց բանկի կողմից: Երաշխիքի տրամադրման համար սահմանված ոչ մեծ վճարը բանկի կողմից պարտապանից գանձվելուց հետո ստորագրվեց եռակողմ պայմանագիր, որի հիման վրա բանկը պարտատիրոջը տրամադրեց 2 մլն ԱՄՆ դոլարի չափ երաշխիք: Երաշխիքի պայմանագրի համաձայն` բանկը պարտավորվեց պարտատիրոջ հանդեպ պարտապանի ստանձնած պարտավորության կետանցի դեպքում պարտատիրոջ գրավոր պահանջի հիման վրա հինգ աշխատանքային օրվա ընթացքում նրան վճարել երաշխիքի գումարն ամբողջությամբ: Նույն պայմանագրով ամրագրվեց նաև բանկի իրավունքը` երաշխիքի գումարը պարտատիրոջը վճարելուց հետո այդ գումարի չափ հետադարձ պահանջով դիմելու պարտապանին և նրանից ստանալու նրա փոխարեն պարտատիրոջը վճարած գումարը:
Անցավ ժամանակ, և բանկը ստացավ երաշխիքի գումարը վճարելու մասին պարտատիրոջ գրավոր պահանջը` այն հիմնավորող փաստաթղթերի հետ միասին: Պարտատիրոջ հանդեպ պարտապանի ստանձնած պարտավորության կատարման ժամկետը լրացել էր, իսկ պարտապանն անբարեխիղճ էր գտնվել ու չէր կատարել իր պարտավորությունը: Բանկն այլընտրանք չուներ և իր դրամական միջոցներից պարտատիրոջը վճարեց 2 մլն ԱՄՆ դոլար, ապա` պարտապանի դեմ ուղղված հետադարձ պահանջով դիմեց դատարան, վճարելով նաև հայցադիմումի համար օրենքով սահմանված պետական տուրքի գումարը` 2 մլն ԱՄՆ դոլարի 2 տոկոսի չափ:
Գործը քննելու հաճույքը բաժին ընկավ ինձ:
Հայցադիմումը ներկայացվել էր դատավարական օրենսգրքի պահանջների պատշաճ պահպանմամբ: Ես այն վարույթ ընդունեցի, նշանակեցի դատական նիստի օրը և ժամն ու այդ մասին ծանուցեցի բանկին և պարտապանին:
Իմ աշխատաոճը միշտ անփոփոխ էր. յուրաքանչյուր գործում եղած հայցադիմումը, դրա պատասխանը և դրանց կցված գրավոր ապացույցները ես մանրակրկիտ հետազոտում էի համապատասխան դատական նիստի նախորդ օրը, որպեսզի դատական նիստը սկսելու պահի դրությամբ գործի հանգամանքների մասին տեղյակ լինեմ առնվազն այնքան, որքան կողմերը, և իմ ուշադրությունից ոչինչ չսպրդի: Նույն կերպ վարվեցի նաև բանկի հայցադիմումի հիման վրա հարուցված գործով: Պատասխանողը` պարտապանը, հայցադիմումի պատասխան կամ որևէ այլ փաստաթուղթ չէր ներկայացրել. թերևս, ինքն էլ գիտակցել և ընդունել էր իր մեղքը, մտովի լսել էր վերահաս պարտության անողոք ապտակի շառաչը և ձեռնպահ էր մնացել դատարկախոսությամբ զբաղվելուց: Ի՜նչ իմանար պարտապանը, որ դատավորը կտեսնի ավելին, քան նույնիսկ կողմերը, և ընդամենը մի փոքրիկ գծիկը գլխիվայր կշրջի ամեն ինչ:
Իսկ ինչի՞ մասին է խոսքը, ի՞նչ էի տեսել ես: Այո, դատական նիստի նախորդ օրը երաշխիքի պայմանագիրը հետազոտելիս ես տեսել էի կես սանտիմետրանոց մի գծիկ, որն ինձ մոտ կասկած առաջացրեց պայմանագրի վավերականության հարցում: Պայմանագրի ներածական մասում նշված էր, որ բանկի անունից հանդես է գալիս բանկի ղեկավարը, իսկ պարտատիրոջ և պարտապանի անունից` նրանց ղեկավարները, այսինքն` ի պաշտոնե ներկայացուցիչները, ովքեր իրավասու էին պայմանագիրը կնքել զուտ իրենց պաշտոնեական լիազորությունների բերումով` առանց որևէ լիազորագրի: Պայմանագիրը եզրափակվում էր բանկի, պարտապանի և պարտատիրոջ անունից կատարված ստորագրություններով, ընդ որում, դրանցից յուրաքանչյուրի համար նախատեսված տողում տպագիր եղանակով նշված էին այն անձի պաշտոնը, անունը և ազգանունը, ով պետք է ստորագրեր դրանց դիմաց: Բնականաբար, այդ տողերում տպագիր եղանակով նշվածը լիովին համապատասխանում էր պայմանագրի ներածական մասում նշված անձանց տվյալներին, և առաջին հայացքից թվում էր, թե պայմանագիրը ստորագրված է հենց այդ անձանց կողմից: Բայց դա միայն առաջին հայացքից, որը հաճախ խաբուսիկ է լինում, և միայն նրանց համար, ովքեր ծանոթ չեն փաստաթղթերի ձևակերպման պրակտիկայում տարածված արատներին: Ես դատավոր էի և իմ անձնական փորձով ծանոթ էի այդ արատներին, իսկ պայմանագրում առկա արատը տեսնելու համար էլ երկրորդ հայացքի կարիք չունեի: Բանկի ղեկավարի ստորագրության համար նախատեսված տողում առկա էր գրիչով կատարված ստորագրություն, բայց համապատասխան պաշտոնի տպագիր նշման առաջին տառին նախորդում էր նաև գրիչով արված կես սանտիմետրանոց կիսաթեք մի գծիկ, որն ակնհայտորեն ստորագրության մաս չէր կազմում ու չէր կարող կազմել, քանի որ այդ գծիկի և ստորագրության միջև պաշտոնի տպագիր նշումն էր: Ինձ համար ակնհայտ էր տեսածս գծիկի` օրենքի և իրավունքի հետ որևէ կապ չունեցող ու կամայական նշանակությունը. գծիկն աղաղակում էր այն մասին, որ ստորագրությունը կատարված է ոչ այն անձի կողմից, ում պաշտոնը, անունը և ազգանունը նշված են, իսկ թե ով է ստորագրության ինքնահռչակ հեղինակը, պարզ չէր: Եթե դա չպարզվեր դատական նիստի ընթացքում և բանկի ներկայացուցիչը չապացուցեր, որ ստորագրության հեղինակը համապատասխան լիազորություն ունեցած կոնկրետ անձ է եղել, ապա պայմանագրի իրավական դերն ու նշանակությունը կհավասարվեին զրոյի, և կհամարվեր, որ պայմանագիրն ընդհանրապես չի ստորագրվել բանկի անունից ու պարտապանի համար բանկի հանդեպ որևէ պարտավորություն չի ստեղծել, ինչն էլ իր հերթին անվերապահորեն կբացառեր բանկի հայցի բավարարումը:
Վրա հասավ դատական նիստի օրը, ինչին անհամբեր սպասում էի: Պատասխանող պարտապանի կողմից որևէ մեկը չէր ներկայացել դատական նիստին: Բանկի ներկայացուցիչը երիտասարդ մի աղջիկ էր, ում ինքնությունը և լիազորությունները ստուգելուց հետո ձեռնամուխ եղա գործի քննությանը: Բանկի ներկայացուցիչը բարձրաձայն ընթերցեց հայցադիմումը, վկայակոչեց պարտատիրոջ իրավաչափ պահանջով երաշխիքի գումարը բանկի կողմից նրան վճարված լինելու փաստը, պայմանագիրը և դրա այն դրույթը, որը վերաբերում էր բանկի` պարտապանի հանդեպ հետադարձ պահանջ ներկայացնելու իրավունքին, ու խնդրեց պայմանագրի հիման վրա հայցը բավարարել` պարտապանից հօգուտ բանկի բռնագանձել 2 մլն ԱՄՆ դոլար կամ դրան համարժեք ՀՀ դրամ, ինչպես նաև դատական ծախսերի գումարը: Նա շատ ինքնավստահ էր խոսում, առավել ևս պարտապանի բացակայության պայմաններում, երբ ընդդիմախոս չկար և հայցի դեմ առարկություններ չէին հնչելու: Ոգեշնչված մոտալուտ հաղթանակի բերկրանքով, նա ավարտեց իր խոսքը և սպասողական հայացքն ուղղեց դեպի ինձ, բայց նա սպասում էր ոչ թե հարցերի, այլ գործի քննությունն ավարտված լինելու մասին իմ հայտարարությանը և հայցի բավարարման մասին վճռի հրապարակմանը: Ավա՜ղ, նրա սպասելիքը հօդս ցնդեց, երբ ես առաջին հարցն ուղղեցի նրան.
«Ասացեք խնդրեմ, բանկի անունից ո՞վ է ստորագրել պայմանագիրը»:
«Բանկի ղեկավարը, հարգելի՛ դատարան», վստահ ձայնով հնչեց պատասխանը, բայց և տեսանելի տարակուսանք հայտնվեց աղջկա դեմքին:
«Ինչպե՞ս է կոչվում բանկի ղեկավարի պաշտոնը: Նշեք նաև նրա անունը և ազգանունը», սա իմ հաջորդ հարցն էր, և դրա պատասխանը ևս չուշացավ:
Ես բանկի ներկայացուցչին առաջարկեցի մոտենալ, զննել պայմանագրի` ստորագրությունները պարունակող էջը և նորից պատասխանել նախորդ հարցերին: Պատասխանները նույնն էին, և ես ստիպված մատնացույց արեցի գծիկն ու հարցական հայացքով նայեցի աղջկա դեմքին: Այն միանգամից սևակնեց, և մինչև այդ պահը դրանից ճառագայթող հաղթական վստահությունից հետք անգամ չմնաց: Ակնհայտ էր, որ նա նույնպես ծանոթ էր գծիկի տխրահռչակ նշանակությանը:
Վերադառնալով իր տեղը, բանկի ներկայացուցիչը սկսեց բացատրություններ ներկայացնել այն մասին, որ բանկի ղեկավարի` տվյալ պահին բացակայության պատճառով պայմանագիրը ստորագրել է նրան փոխարինող անձը, բայց չկարողացավ պատասխանել իմ այն հարցերին, թե ինչով էր պայմանավորված բանկի ղեկավարի բացակայությունը, կոնկրետ ով և ինչ իրավական հիմքով է փոխարինել նրան, ինչ ապացույցներ կան դրա վերաբերյալ, ինչու թեկուզև ձեռագրով չեն նշվել ստորագրողի իրական պաշտոնը, անունը և ազգանունը, ինչ իրավական ակտով է նախատեսված պայմանագրում նշված այլ անձի անվան դիմաց ստորագրելու հնարավորությունը: Նախորդ օրը գործին ծանոթանալիս ինձ մոտ ծագած կասկածը վերջնականապես հիմնավորվեց` ստեղծված իրավիճակում չէր կարող արվել այլ եզրակացություն, քան այն, որ պայմանագիրը բանկի անունից ստորագրվել էր անհայտ անձի կողմից: Դա նույնն էր, թե պայմանագիրը բանկի կողմից ստորագրված չէր և զուրկ էր իրավական նշանակությունից, այսինքն` տվյալ փաստաթղթում նշված սուբյեկտներից որևէ մեկի համար դրանում նշված իրավունքներից և պարտավորություններից որևէ մեկն իրականում չէր ծագել, և դրանք սոսկ պատրանքային բնույթ ունեին:
Կարծում եմ, որ բոլորի համար պարզ է, թե ինչ վճիռ կայացվեց և ինչ հիմքով: Իհարկե, հայցը մերժվեց պայմանագրի, որպես իրավունքներ ու պարտավորություններ ծնող իրավական փաստաթղթի, բացակայության հիմքով, իսկ վճիռն էլ բանկի կողմից չբողոքարկվեց:
Ահա թե ինչ արժեցավ կես սանտիմետրանոց գծիկը բանկի համար. բանկը գծիկ էր ցանել և 2 մլն ԱՄՆ դոլարի փոխարեն գծիկ էլ հնձեց, միաժամանակ զրկվելով նաև կատարած դատական ծախսերի գումարը հետ ստանալու հնարավորությունից: Բանկին մնաց միայն այն գումարը, որը պարտապանից գանձվել էր երաշխիքի տրամադրման համար, բայց այդ գումարն այնքան չնչին էր 2 մլն ԱՄՆ դոլարի համեմատությամբ, որքան կես սանտիմետրանոց գծիկը կես կիլոմետրանոց գծի համեմատությամբ:



