Ո՞վ կարող է ասել, թե ի՞նչ արժե ամսաթիվը: Գիտեմ, հարցը տարօրինակ է հնչում, բայց ես կարող եմ պատասխանել դրան: Կա մի պատմություն, որը կփարատի նաև Ձեր զարմանքը, և Դուք կհամաձայնեք, որ ամսաթիվը ևս կարող է գին ունենալ: Ես ականատես ու մասնակից եմ եղել այդ պատմությանը և կփորձեմ Ձեզ էլ հեռակա մասնակից դարձնել դրան:
Եվ այսպես, վերադառնանք 25 տարի դեպի հետ: Այդ ժամանակ գործում էր ՀՀ տնտեսական դատարանը, որտեղ քննվում էին, մասնավորապես, տնտեսավարող սուբյեկտների և պետական մարմինների, այդ թվում` հարկային մարմինների, միջև ծագած վեճերը: Ես այդ դատարանի դատավորներից մեկն էի և միատեսակ սկզբունքայնությամբ ու բծախնդրությամբ էի վերաբերվում բոլոր գործերին ու դրանց մասնակցող անձանց. պետական որևէ մարմին չէր կարող ինձնից ակնկալել հանդուրժողականություն կամ զիջողամտություն, չնայած դատավորներից շատերն այդ ժամանակ պետական մարմիններին որոշակի արտոնյալ կարգավիճակ էին վերապահում, հնարավորության դեպքում անտեսելով նրանց թույլ տված սխալներն ու բացթողումները: Ես այդ հարցում անդրդվելի էի և ամեն հարմար առիթ օգտագործում էի նրանց ներկայացուցիչներին քարոզելու, որ պետական մարմինները պետք է աշխատեն անսխալ ու անբասիր` իրենց գործելակերպով որպես օրինակ ծառայելով բոլորին, առավել ևս, որ պետական մարմնի և մասնավոր սուբյեկտի միջև վեճ ծագելու դեպքում դատարանում ապացուցման պարտականությունն օրենքի ուժով վերագրված էր պետական մարմնին: Ճիշտն ասած, իմ աշխատաոճը նրանց սրտով չէր, բայց դա ինձ չէր հետաքրքրում. կարևորն արդարության բացահայտումն ու սերմանումն էր, և այդ առաքելությանը դավաճանել ես չէի կարող:
Լավ, քանի դեռ ամսաթիվը չի փոխվել, անցնենք ամսաթվի և դրա գնի պատմությանը:
Հարկային տեսչության պետի տված հանձնարարագրի հիման վրա տեսչության աշխատակիցները ստուգում էին իրականացրել մի Ընկերությունում և կազմել էին ակտ, որով Ընկերությանը վճարման էին առաջադրել շուրջ 50 միլիոն դրամի չափ լրացուցիչ հարկային պարտավորություններ: Ընկերությունը հապաղել էր գումարը վճարելու հարցում, և հարկային տեսչությունը դատարան էր ներկայացրել հայցադիմում` ակտում նշված գումարն Ընկերությունից Հայաստանի Հանրապետության օգտին բռնագանձելու և այն հետևյալ կերպ բաշխելու պահանջի մասին` 90 տոկոսն ուղղել պետական բյուջեի համապատասխան մասին, իսկ 10 տոկոսը` հարկային մարմինների խրախուսման ֆոնդին: Նշված ֆոնդում կուտակվող գումարներից պարգևավճարներ էին տրվում ստուգումներն իրականացրած և լրացուցիչ հարկային պարտավորություններ առաջադրող ակտերը կազմած տեսուչներին, և անձնական շահագրգռվածությունից դրդված` այդ անձինք սովորաբար հարկային տեսչության իրավաբանի հետ միասին դատարանում մասնակցում էին գործերի քննությանը:
Սահմանված ընթացակարգով ես սկսեցի դատական նիստը, որին հայցվորի կողմից ներկայացել էին հարկային տեսչության իրավաբանը և ստուգումն իրականացրած չորս տեսուչները, իսկ պատասխանողի կողմից` Ընկերության տնօրենը և Ընկերության շահերը ներկայացնող մեկ փաստաբան: Նրանց ինքնությունը և լիազորությունները ստուգելուց հետո ես ձայնը տվեցի հայցվորին: Հարկային տեսչության իրավաբանն ընթերցեց հայցադիմումը և իր խոսքը եզրափակեց հայցը բավարարելու խնդրանքով: Ես ստուգումն իրականացրած տեսուչներին ևս հայցի հիմնավորմանն ուղղված փաստարկներ ներկայացնելու հնարավորություն ընձեռեցի, բայց նրանք հայտարարեցին, որ ամեն ինչ սպառիչ կերպով շարադրված է հայցադիմումում:
Հերթը պատասխանողինն էր: Թե՛ Ընկերության տնօրենը, թե՛ Ընկերության շահերը ներկայացնող փաստաբանը շատ հակիրճ ու անվստահ խոսեցին: Նրանք առարկում էին հայցի դեմ, բայց այդ առարկությունները զուրկ էին որոշակիությունից և ստուգման ակտի վավերականությունը գոնե կասկածի տակ դնող փաստարկներից: Դատական նիստին նրանց մասնակցությունն ակնհայտորեն ձևական բնույթ էր կրում, և դա զգում էին նաև հայցվորի ներկայացուցիչները, որոնց դեմքերը շողում էին վերահաս հաղթանակի հրճվանքից:
Թերևս, հայցը բավարարման ենթակա լինելու մասին տպավորություն էր ձևավորվել նաև ինձ մոտ, քանի դեռ չէի ծանոթացել հայցի հիմքում դրված ստուգման ակտին:
Կողմերի բացատրությունները լսելուց հետո ես անցա գրավոր ապացույցների հետազոտմանը, և առաջինը ստուգման ակտն էր, որի լուսապատճենն առկա էր գործում: Ստուգման ակտը կազմված էր ձևաթղթի վրա, որի ստանդարտ մասերը տպագիր էին, իսկ կոնկրետ ստուգմանը և դրա արդյունքում Ընկերությանը վերագրված խախտումներին ու կատարված հաշվարկներին վերաբերող մասերը` ձեռագիր: Ձեռագիրն ընթեռնելի էր, և ես սկսեցի կարդալ այն, բայց ինձ բախտ չվիճակվեց կարդալ ամբողջը: Հենց սկզբից իմ ուշադրությունը սևեռվեց ստուգման հանձնարարագրին վերաբերող տվյալների վրա:
«Հայցվոր, դատարանին ներկայացրեք ստուգման հանձնարարագրի և ակտի բնօրինակները, իսկ Դու՛ք, պատասխանող` ակտի այն օրինակը, որը ստուգումն ավարտվելուց հետո հանձնվել է Ձեզ», դիմեցի ես կողմերին: Հարկային տեսչության իրավաբանն ինձ հանձնեց ակտի բնօրինակը, իսկ Ընկերության տնօրենը` ակտի լուսապատճենը, շեշտելով, որ ակտն իրեն հանձնվել է լուսապատճենի տեսքով, և հարկային տեսչության ներկայացուցիչներն էլ չառարկեցին դրա դեմ:
Ստուգման հանձնարարագրի և ակտի բնօրինակները համեմատելով ակտի` հայցվորի կողմից հայցադիմումի հետ միասին ներկայացված և գործում առկա լուսապատճենի, ինչպես նաև Ընկերությանը հանձնված լուսապատճենի հետ, ես համոզվեցի, որ ակտի հետագա շարադրանքը գործի լուծման համար որևէ նշանակություն չունի, և այն ամբողջությամբ կարդալու համար ժամանակ վատնել պետք չէ: Մի զարմացեք, կան բաներ, որ մանրուք են թվում, բայց իրենց նշանակությամբ ահռելի գին ունեն և կարող են գլխիվայր շրջել այն, ինչն ամեն տեսակի կասկածից վեր ու հավաստի է թվում: Ես հենց այդպիսի մանրուք էի բացահայտել ստուգման ակտում:
Բանն այն է, որ ստուգման ակտի բնօրինակում ստուգման իրականացման համար հիմք հանդիսացած հանձնարարագրի տրման ամսաթիվը, ամիսը և տարեթիվը ձեռագրով նշված էին ու համապատասխանում էին այդ հանձնարարագրի բնօրինակում առկա տվյալներին, բայց ակտի` Ընկերությանը հանձնված լուսապատճենում հանձնարարագրի ամսաթիվը նշված չէր` ակնհայտորեն դրա տեղը բաց էր թողնված հետագայում լրացնելու նպատակով և չէր լրացվել, ընդ որում, այդ լուսապատճենում ջնջում կատարված լինելու մասին վկայող հետքեր առկա չէին, և այն եզրափակվում էր հարկային տեսուչների և Ընկերության տնօրենի բնօրինակ ստորագրություններով, որպիսի պարագայում դրա իսկությունն օբյեկտիվորեն կասկածի տակ դրվել չէր կարող:
«Իսկ ինչի՞ մասին էր վկայում Ընկերությանը հանձնված լուսապատճենում բացահայտված արատը` ամսաթվի բացակայությունը», կհարցնեք Դուք: Ձեր հարցը տեղին է, և ես էլ այդպես համարեցի ու հետևյալ հարցն ուղղեցի հայցվորին ներկայացնող հարկային տեսուչներին.
«Ե՞րբ է տրվել ստուգման հանձնարարագիրը` ստուգումն սկսելուց առա՞ջ, թե՞ հետո»:
«Հարգելի դատարա՛ն, իհարկե ստուգումն սկսելուց առաջ, առանց հանձնարարագրի ստուգում իրականացվել չէր կարող», վստահ ձայնով հնչեց պատասխանը:
«Այդ դեպքում բացատրեք, թե ինչպես է պատահել, որ Ընկերությանը հանձնելու համար ստուգման ակտի բնօրինակը պատճենահանելիս` դրանում նշված և ստուգման հանձնարարագրի ամսաթվին վերաբերող տվյալը սպրդել է պատճենահանող սարքի ուշադրությունից», շարունակեցի ես:
Տարակուսանք հայտնվեց թե՛ հայցվորի, թե՛ պատասխանողի ներկայացուցիչների դեմքերին: Նրանցից ոչ մեկը չէր նկատել այն, ինչը նկատել էի ես:
Կողմերի տարակուսանքը փարատելու նպատակով ես ակտի լուսապատճենը տրամադրեցի նրանց: Դահլիճում տևական լռություն տիրեց: Բոլորի համար պարզ դարձավ, թե ինչ վճիռ էր կայացվելու: Բացատրեմ նաև Ձեզ:
Դատական նիստին ներկայացած տեսուչները գլխիկոր կանգնած լռում էին: Նրանք արդեն ընդունել էին, որ առանց ստուգման հանձնարարագրի ստուգում իրականացնելն անօրինական է: Անվիճելի էր նաև, որ ստուգման ակտի բնօրինակը պատճենահանելու պահի դրությամբ դրանում ևս նշված չէր եղել ստուգման հանձնարարագրի տրման ամսաթիվը, ինչը նշանակում էր, որ ստուգումը կատարվել էր առանց պատշաճ ձևակերպված և վավերական հանձնարարագրի` հետագայում այդպիսին ստանալու և դրա ամսաթիվը լրացնելու մտայնությամբ, բայց տեսուչները մոռացել էին այդ անել: Այս փաստը տեսուչների կողմից ընդունվեց քար լռությամբ և ինքնին բավարար էր նրանց կազմած «ստուգման ակտի» վավերականությունը ժխտելու և դրա հիման վրա Ընկերությունից գումար բռնագանձելու մասին հայցվորի պահանջը մերժելու համար, ինչն էլ անվերապահորեն կատարվեց իմ կողմից: Ահա թե ինչ արժեցավ ամսաթիվը հարկային տեսչության համար` 50 միլիոն դրամ: Նրան թվում էր, թե այդ գումարն արդեն գրպանում է, բայց պարզվեց, որ գրպանը ծակ էր:



