Ես արդեն պատմել եմ, թե իրավաբանական ինչ ծառայություններ մատուցեցի Սորոսի հիմնադրամին` ապահովելով դրա ներկայացուցչության գործունեության մեկնարկը Հայաստանում: Շատ կարևոր էր Հիմնադրամի ներկայացուցչության կանոնադրության գրանցումն իրավաբանական անձանց ու դրանց ստորաբաժանումների` ՀՀ արդարադատության նախարարության կողմից վարվող ռեգիստրում, ինչն առանձնահատուկ ջանքեր չպահանջեց ու կատարվեց հաշվված օրերի ընթացքում: Նույնքան կարևոր էր այն տարածքի վարձակալության պայմանագրից Հիմնադրամի համար ծագող իրավունքի պետական գրանցումը, որը ծառայելու էր որպես Հիմնադրամի ներկայացուցչության աշխատավայր: Սա ևս կատարվեց արագ, բայց պահանջեց որոշակի ջանքեր և հատկապես կարևորվեց նրանով, որ առաջինն էր Հայաստանում ու կատարվեց պետական գրանցամատյանի ձևը կառավարության կողմից դեռևս հաստատված չլինելու պայմաններում: Մանրամասները ես արդեն ներկայացրել եմ նախորդ դասին ու չեմ կրկնի, բայց այդ նույն դասի ավարտին ես խոստացա հաջորդ դասին պատմել նույն Հիմնադրամի հետ կապված մեկ այլ պատմություն, որը նույնպես վերաբերում է շատ բացառիկ ու եզակի մի իրադարձության, և որի կնքահայրը դարձյալ ես էի` ինքս կնքված չլինելով հանդերձ:
Ահա և զանգը հնչեց, ժամանակն է սկսել հաջորդ դասը: Այն նախատեսված է նրանց համար, ովքեր ներկա են եղել նախորդ դասին: Պատրա՞ստ եք, ուրեմն առաջ, գնացինք:
1996 թվականն էր: Ոգևորված այն փաստից, որ ներկայացուցչության գործունեության մեկնարկի տևական ձգձգումից հետո իմ օժանդակությամբ այն ապահովվեց ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում, Հիմնադրամն ինձ հետ կնքեց ընթացիկ իրավաբանական ծառայությունների մատուցման պայմանագիր, որով աշխատանքիս մեկ ժամվա սակագինը սահմանվեց 100 ԱՄՆ դոլարի չափ, իսկ վաստակածս գումարի վճարման ժամկետը` իմ կողմից հաշիվը ներկայացվելուց հետո երկու շաբաթ: Հիմնադրամի անունից պայմանագիրը ստորագրեց Հիմնադրամի ներկայացուցչության տնօրենը` ամերիկացի Էլիզաբեթ Ուինշիփը, և պայմանագիրը սկսեց գործել, ընդ որում, պայմանագրով սանկցիաներ չէինք նախատեսել` ապավինելով փոխադարձ վստահությանը և բարեխղճությանը:
Ես պարտաճանաչ կերպով ու շատ արագ կատարում էի պայմանագրի շրջանակներում Հիմնադրամի ներկայացուցչությունից ստացածս պատվերները` աշխատանքը կատարելով զուգահեռաբար հայերեն և անգլերեն լեզուներով, Էլիզաբեթ Ուինշիփին էի ներկայացնում ծախսածս ժամանակի հաշվարկը և վճարման ենթակա գումարների հաշիվներն ու պայմանագրով սահմանված ժամկետում Հիմնադրամի ներկայացուցչության դրամարկղից կանխկ գումարով ստանում էի ինձ հասանելիք վարձատրությունը: Այսպես շարունակվեց շուրջ կես տարի: Հետո Հիմնադրամն սկսեց տարբեր պատճառաբանություններով կամ առանց դրանց կետանցել իմ վճարումները: Սկզբում ես հանդուրժողաբար էի վերաբերվում դրան, բայց շուտով հասկացա, որ Հիմնադրամի համար կետանցը պարզապես դարձել է արատավոր սովորույթ ու հիվանդագին կենսակերպ: Նրանք տեսնում էին իմ պարտավորությունները միայն, իսկ սեփական պարտավորությունների և իմ իրավունքների նկատմամբ անտարբեր էին: Երբ համբերությանս բաժակը լցվեց և Հիմնադրամի վարքագիծն ինձ համար վիրավորական ու անհանդուրժելի դարձավ, որոշեցի խրատել և բուժել Էլիզաբեթ Ուինշիփին:
Ես պատրաստեցի պայմանագրում կատարվելիք լրացման մասին համաձայնագիր, որով նախատեսված էր պատվիրատուին վերաբերվող սանկցիա` վճարման կետանցի յուրաքանչյուր օրվա համար կետանցված գումարի 10 տոկոսի չափ տույժի ձևով: Գործարար հարաբերությունների շրջանակներում և իրավաբանական պրակտիկայում այս չափի տույժ չի եղել և չկա: Համեմատության համար ասեմ, որ սովորաբար կիրառվող տույժի չափը նույնիսկ 1 տոկոս չի կազմում, բայց ես տույժի ֆանտաստիկ չափ էի ընտրել հենց Հիմնադրամին սթափեցնելու համար, միաժամանակ հաշվի առնելով նաև Հիմնադրամի հանրահայտ ռեսուրսներն ու անսահմանափակ վճարունակությունը, որոնք անհամատեղելի էին շարունակական կետանցի հետ:
Մտնելով Էլիզաբեթ Ուինշիփի աշխատասենյակը, նրան ներկայացրեցի իմ կողմից ստորագրված համաձայնագիրը, հստակ գիտակցելով, որ այն ժպիտներ ու բերկրանք չի առաջացնելու: Ես սխալվեցի միայն մեկ հարցում. ճիշտ չէի պատկերացրել դիմացինիս խուճապի աստիճանը` թերագնահատելով այն:
Էլիզաբեթ Ուինշիփը կարդաց համաձայնագիրը և որոշ ժամանակ պապանձված էր. կարդացածն անսպասելի և աննախադեպ էր: Նրա դեմքը մթագնել էր ու խորը զայրույթ էր ճառագայթում, ձեռքերը դողում էին, և ինձ թվում էր, թե լսում եմ նրա սրտի զարկերը: Խիստ անհանգստացած` ես նրան առաջարկեցի հետաձգել մեր հանդիպումը և շտապ օգնություն կանչել, բայց նա հրաժարվեց ու սկսեց խոսել բորբոքված ձայնով. «Սա վրիպա՞կ է, թե՞ նկատի ունեք հենց այն, ինչ գրել եք»:
Համոզվելով, որ նա գիտակցությունը չի կորցրել և ի վիճակի է դիմակայել իմ հաջորդ գրոհին, ես նախահարձակ եղա. «Իմ կատարած աշխատանքներում վրիպակներ չեն սպրդում, և դուք բազմիցս համոզվել եք դրանում: Թե՞ ես սխալվում եմ: Երևի ես սխալվել եմ այն ժամանակ, երբ ապահովեցի ձեր գործունեության մեկնարկը»:
Էլիզաբեթ Ուինշիփը շփոթվեց: Նա չէր սպասում, որ ես կհիշեցնեմ անցյալը, բայց ես դա արեցի նրան զգաստացնելու և վերջնականապես սթափեցնելու համար:
Էլիզաբեթ Ուինշիփն անցավ ինձ համոզելու փորձերի. «Բայց ամբողջ աշխարհում ընդունված չէ տույժի այսպիսի դրույքաչափ»:
«Իրավացի եք», հեգնական ձայնով շարունակեցի ես, «իսկ մի՞թե կետանցն ընդունված է ձեր ճանաչած աշխարհում, մի՞թե դուք կծափահարեիք, եթե ես կետանցով կամ այլ թերություններով կատարեի ձեր պատվերները: Այդպիսիք թույլ տալու դեպքում ես պատրաստ կլինեմ կրելու ցանկացած սանկցիա, և հենց հիմա էլ պատրաստ եմ ստորագրելու ինձ վերաբերելի սանկցիաներ նախատեսող ցանկացած համաձայնագիր` առանց վիճարկելու դրանց խստությունը, միայն թե դրա նախաձեռնողը դուք պետք է լինեք»:
Էլիզաբեթ Ուինշիփը խեղճացավ և անցավ խնդրանքների, բայց ես անդրդվելի էի:
«Ես չեմ կարող ինքնուրույն որոշում կայացնել և պետք է խորհրդակցեմ Հիմնադրամի` Նյու Յորքում գտնվող գրասենյակի ղեկավարների հետ», սա Էլիզաբեթ Ուինշիփի վերջին և հուսահատ փորձն էր` խուսափելու համաձայնագրի ստորագրումից:
«Խորհրդակցեք ում հետ և որքան ուզում եք, միայն նկատի ունեցեք, որ այս պահից ես կասեցնում եմ ձեր պատվիրած բոլոր աշխատանքների կատարումը և դրան վերստին ձեռնամուխ կլինեմ միայն այն բանից հետո, երբ դուք կստորագրեք իմ ներկայացրած համաձայնագիրը», սա էլ այն վերջնագիրն էր, որ ես ուղղեցի Էլիզաբեթ Ուինշիփին նրան հրաժեշտ տալուց առաջ:
Անցավ մեկ ամիս: Հիմնադրամը լռում էր, և ես արդեն համարում էի, որ մեր համագործակցությունը դադարեցված է, երբ անակնկալ հեռախոսազանգ ստացա Էլիզաբեթ Ուինշիփից: Նա ստորագրել էր համաձայնագիրը:
Մեր համագործակցությունը շարունակվեց, և երբ ես վճարման էի ներկայացնում հերթական հաշիվն ու Հիմնադրամի ներկայացուցչության դրամարկղում այդ պահին եղած գումարը չէր բավարարում, Էլիզաբեթ Ուինշիփը բացում էր իր անձնական պայուսակը, որպեսզի րոպե առաջ ինձ ճանապարհի, և կետանցի մութ ամպերը չկուտակվեն Հիմնադրամի գլխին: Թվում էր, թե Հիմնադրամն ուղղվել է, բայց դա սոսկ պատրանք էր ու շատ կարճ կյանք ունեցավ:
Օրերից մի օր ես Էլիզաբեթ Ուինշիփին ներկայացրեցի հերթական հաշիվը, բայց նա ափսոսանք հայտնող արտահայտություններով ներողություն խնդրեց և ասաց, որ վճարումը կկատարվի պայմանագրով սահմանված երկշաբաթյա ժամկետում: Անիմաստ կերպով առարկել չէի կարող և չէի էլ փորձի, քանի որ կաշկանդված էի պայմանագրով, չնայած կարծում էի, թե Հիմնադրամը որոշել է հակագրոհի անցնել և իրեն հասանելի միակ ձևով վրեժխնդիր լինել իմ նկատմամբ` վճարումը կատարելով սահմանված ժամկետի վերջին օրը: Ահա այստեղ ես դարձյալ սխալվեցի, բայց դարձյալ հօգուտ ինձ:
Երկշաբաթյա ժամկետի վերջին օրը վրա հասավ, բայց գումարը ստանալու վերաբերյալ ծանուցում ինձ չհասավ: Ես ոչ միայն չանհանգստացա, այլև խանդավառվեցի այն մտքից, որ համաձայնագրով Հիմնադրամին հասցված ապտակը վերջապես շառաչեց օդում: Կետանցը շարունակվեց 8 օր, և ինձ վճարման ենթակա գումարը գրեթե կրկնապատկվեց` ավելանալով 80 տոկոսով, իսկ երբ այն ստանալու համար գնացի Հիմնադրամի ներկայացուցչություն, Էլիզաբեթ Ուինշիփը խուսափեց ինձ հետ հանդիպելուց: Իհարկե, ես չէի կարոտել նրան, բայց կուզեի տեսնել նրա դեմքն այն պահին, երբ գանձապահը հաշվում էր գումարը: Ափսոս, չտեսա, բայց ոչինչ, ես պատկերացնում էի այդ դեմքը` պարտության դրոշմը վրան: Դա իմ վերջին այցելությունն էր Հիմնադրամի ներկայացուցչություն, և դրանից հետո ես այլևս որևէ պատվեր չստացա այնտեղից: Ահա այսպես, տոտալ կապիտուլյացիա, զարկեցեք հաղթանակի թմբուկները:
Իսկ ի՞նչ հաղթանակի մասին է խոսքը: Ոչ, դուք սխալվեցիք, խոսքն ամենևին գումարի մասին չէ: Բարոյական հաղթանակը շատ ավելի կարևոր է, ընդ որում, այդ հաղթանակի դափնեպսակն այն էր, որ ես դարձա կնքահայրը միակ փաստաթղթի, որով ոչ միայն սահմանվեց աշխարհում իսկապես չլսված ու չտեսնված դրույքաչափով տույժ, այլև շառաչուն ապտակ հասցվեց Հիմնադրամի անբարեխղճությանը, ամբարտավանությանն ու գործընկերոջը թերագնահատելու պախարակելի վարքին:
Բոլորիդ մաղթում եմ բարոյական հաղթանակներ. հաղթողին չեն պատժում:



