Skip to main content

Ժուկով-ժամանակով բոլոր տղամարդիկ մորուք էին պահում:  Այն արական սեռի զարդն էր ու հպարտությունը:  Հետո ժամանակները փոխվեցին, և տղամարդիկ սկսեցին սափրվել:  Այժմ կրկին մորուքի վերածննդի դարաշրջանն է, և սափրված տղամարդ` ահել, թե ջահել, հազվադեպ կտեսնես:

Պատմությունս վերաբերվում է այն ժամանակաշրջանին, երբ մորուք պահում էին գրեթե միայն արվեստագետները, իսկ տղամարդկանց մեծ մասը հրաժեշտ էր տվել այդ զարդին:

1995 թվականի օգոստոս ամիսն էր:  Ես աշխատում էի ՀՀ Գերագույն դատարանում` որպես բաժնի պետ, և անգլերենի իմացության բերումով ընդգրկված էի Հայաստանի վերածննդին ուղղված և տարբեր միջազգային կառույցների կողմից մարդասիրական օգնության կարգով իրականացվող տարբեր ծրագրերում:

Մի գեղեցիկ օր ՀՀ Գերագույն դատարանի նախագահն ինձ հրավիրեց իր մոտ ու տեղեկացրեց, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը Լոնդոնում քառամսյա ուսումնական դասընթաց է կազմակերպում նոր զարգացող երկրների իրավաբանների համար, և այդ դասընթացին մասնակցելու համար 2 տեղ է հատկացրել Հայաստանին:  Մասնակիցներից մեկն արդեն հայտնի էր` ես էի:  Իմ անունն արդեն նշված էր բրիտանական հրավերում:  Հաջորդ մասնակիցը հայտնի էր դառնալու հավակնորդների մրցույթի արդյունքում, ընդ որում, հավակնորդների թվում էր նաև Գերագույն դատարանի նախագահի որդին, բայց նա չհաղթահարեց մրցույթի պայմանները:  Մրցույթի արդյունքներով իմ ուղեկիցը դարձավ ինձ հասակակից մի տղա` Արմեն Ղազարյանը, ում չէի ճանաչում մինչ այդ և առաջին անգամ հանդիպեցի օդանավակայանում` թռիչքից քիչ առաջ:  Ինձ էլ, Արմենին էլ ճանապարհելու էին եկել մեր հայրերը, ովքեր, ի զարմանս մեզ, հանդիպելուն պես ջերմորեն ողջագուրվեցին ու սկսեցին զրուցել:  Պարզելով, որ նույն նպատակով են օդանավակայանում, մեր հայրերը, երկուսն էլ բժիշկ, մեզ ծանոթացրին միմյանց հետ ու պատգամեցին շարունակել իրենց ընկերությունը Լոնդոնում և այնտեղից վերադառնալուց հետո, ինչն էլ մենք արեցինք և անում ենք առայսօր:  Լավ սկիզբը գործի կեսն է:  Մեր ուղևորության սկիզբն առավել, քան լավն էր, և այդ լավը հետագայում ավելի ու ավելի ծավալվեց` մեր հայրերի մտերիմ ընկերությունը փոխանցելով որդիներին` մեզ:

Եկավ հրաժեշտի պահն ու մեր հայրերը մեզ բարի ճանապարհ մաղթելուց հետո հեռացան, իսկ մենք էլ մտանք օդանավակայանի համապատասխան սրահը` անձնագրային հսկողությունը հաղթահարելու և դեպի ինքնաթիռ տեղաշարժվելու համար:  Ամեն ինչ անցավ հարթ ու սահուն, և շուտով մենք ինքնաթիռում զբաղեցրել էինք մեր տեղերը:

Երկու նորաթուխ իրավաբան, ընդ որում` հասակակից և ընկերության հարցում հայրերի իրավահաջորդ:  Ողջ թռիչքի ընթացքում մենք չէինք լռում և նույնիսկ չզգացինք, թե ինչպես սպառվեց թռիչքի ժամանակն ու մենք հայտնվեցինք Լոնդոնի օդանավակայանում:

Մեզ պատշաճ դիմավորեցին ու հայտնեցին, որ դասընթացի բոլոր մասնակիցները տեղավորվելու են Լոնդոնի համալսարանի մերձակայքում գտնվող վարձակալված բնակարաններում, ընդ որում, բրիտանական կառավարությունը հոգալու էր մեր ուղևորության ու կացության բոլոր ծախսերը, ներառյալ` այսպես կոչված գրպանի փողը` անձնական ծախսերի համար:

Իմ ու Արմենի խնդրանքով մեզ հատկացրին միևնույն բնակարանը, և քանի որ այն երեք ննջասենյակ ուներ, մեզ հետ միասին այնտեղ ներմուծեցին նաև մի վրացի երիտասարդի, ով ամենևին մեր ճաշակով չէր, բայց ոչինչ անել չէինք կարող:

Ժամանման օրն ամբողջությամբ նվիրվեց մեզ հատկացված բնակարանում տեղավորվելուն և դրա շրջակայքը զննելուն:  Մեզ անհրաժեշտ ամենակարևոր օբյեկտը սուպերմարկետն էր, որը շատ մոտ էր մեր շենքին ու հարուստ տեսականի ուներ:

«Ուտելու հարցը լուծվեց, ես ստանձնում եմ մեր խոհարարի դերը», ասաց Արմենը, ով, ինչպես պարզվեց հետագայում, խոհանոցի հանդեպ ջերմ զգացմունքներ ուներ:

Ես խանդավառվեցի. «Հրաշալի է, ես խոհարարությունից շատ հեռու եմ և կարող եմ միայն ձու խաշել:  Այսօրվանից դու շեֆ-խոհարարն ես, և վստահ եմ, որ քաղցած չենք մնա:  Իսկ ես աշակերտի դեր կկատարեմ ու դասընթաց կանցնեմ ոչ միայն համալսարանում, այլև քեզ մոտ:  Չորս ամիսը բավարար է, որ ես էլ շեֆ-խոհարարի գլխարկ դնեմ»:  Իհարկե, ես չափազանցում էի և այդպես էլ չդարձա նույնիսկ շարքային խոհարար, բայց Արմենը սիրով ու ջանասիրաբար կատարեց իր առաքելությունը` ամեն օր հագեցնելով մեր քաղցն անուշաբույր ճաշատեսակներով:  Ընդ որում, Արմենի շնորհիվ մենք Լոնդոնում վայելում էինք նաև հայկական խոհանոցի գոհարները:

Սափրվելն ինձ համար միշտ տառապանք է եղել:  Լոնդոն ժամանելուն պես ես որոշեցի, որ չեմ սափրվելու և մորուք եմ պահելու:  Մեկ ամիս անց դեմքս արդեն զարդարված էր սև մորուքով, և ես ընդամենը խնամում էի այն:  Ի՜նչ իմանայի, որ այդ մորուքը մի օր դավաճանելու է ինձ:

Լոնդոնում արդեն աշուն էր, և շատ հաճախ անձրևներ էին մաղում:  Եղանակը որոշակիորեն ցրտել էր, և ես անսպասելիորեն հիվանդացա:  Շուրջ 2 օր տնից դուրս չեկա, ջերմությունս 39-40 աստիճանից ներքև չէր իջնում, և արդեն ապրում էի հալյուցինացիաների աշխարհում:  Երեկոյան Արմենը վերադարձավ դասընթացից, ընթրեց, և մենք միասին սկսեցինք մտածել առողջական անմխիթար վիճակս կարգավորելու միջոցների մասին:

«Ավելի լավ կլինի, որ ինքնագործունեությամբ չզբաղվենք և շտապ օգնություն կանչենք», մի կերպ ասացի Արմենին:  Նա անմիջապես վերցրեց հեռախոսը և հավաքեց շտապ օգնության համարը:  Արձագանքը չուշացավ, և Արմենն իջավ բակ` բժիշկներին դիմավորելու:  Րոպեներ անց ես արդեն շրջապատված էի սպիտակ խալաթներ կրող անձանցով:  Անձնական տվյալներս լրացնելուց և ջերմությունս չափելուց հետո նրանք այլևս չշարունակեցին նախնական հետազոտություններ անել կամ հարցեր տալ ինձ:

«Օգնեք, որ Ձեր ընկերը հագնվի», դիմեցին բժիշկներն Արմենին, «նրան շտապ հիվանդանոց պետք է տեղափոխել»:

Շտապ օգնության մեքենան կատաղի արագությամբ ինձ հասցրեց հիվանդանոց:  Ինձ պատգարակով տեղափոխեցին ընդունարանի` նախնական զննության համար նախատեսված սենյակներից մեկը, որի մուտքը վարագույրով էր փակված:  Արմենն իմ կողքին էր:   Մեզ ասացին, որ շուտով բժիշկը կմոտենա և կսկսի հետազոտությունները:

Քիչ անց վարագույրը բացվեց և մուտքին հայտնվեց մի բժիշկ` ձեռքին շտապ օգնության բժիշկների լրացրած փաստաթուղթը:  Նայելով դեմքիս, նա հապաղեց ներս մտնել:  Նրա հայացքը մի քանի անգամ ուղղվեց իմ դեմքին և հետ` ձեռքի փաստաթղթին:  Ոչինչ չասելով, նա շրջվեց ու հեռացավ:

«Երևի շփոթել էր սենյակը», մտածեցինք մենք:

Քիչ անց նույնը կրկնվեց մի բժշկուհու կողմից:  Պարբերաբար իմ դեմքին ու իր ձեռքի փաստաթղթին ուղղվող նրա հայացքը զարմանք ու տարակուսանք էր արտահայտում:  Նա էլ հեռացավ` մեզ թողնելով անորոշության մեջ:

Ես այրվում էի ջերմությունից ու գրեթե ոչինչ չէի հասկանում, բայց երբ նույն պատմությունը կրկնվեց երրորդ անգամ, ես կարծես սթափվեցի ու միտքս ակնթարթորեն պայծառացավ:  Ես հասկացա բժիշկների անգործության պատճառը և տարակուսանքը:  Բացահայտեմ նաև ձեր համար:

Նայելով փաստաթղթին, բժիշկները տեսնում էին անգլերեն գրված իմ անունը` Karen, որը նրանց լեզվով հնչում է ոչ թե որպես Կարեն, այլ որպես Կարին, իսկ դա կանացի անուն է:  Նայելով փաստաթղթին, նրանք ակնկալում էին հիվանդասենյակում տեսնել կնոջ, բայց վարագույրը բացելուց հետո նրանք տեսնում էին մորուքով տղամարդու և կարծում էին, թե շփոթել են սենյակը:

«Արմեն ջան, այսպես ինձ ոչ ոք չի մոտենա», դիմեցի ես Արմենին, «Նրանք կարծում են, թե ես կին եմ` ըստ փաստաթղթի, բայց աչքով տեսնում են մորուքով տղամարդու և համարում են, թե փաստաթուղթը վերաբերվում է ոչ թե ինձ, այլ հիվանդ մի կնոջ, որին որոնում են:  Խնդրում եմ մոտեցիր նրանց և բացատրիր, որ փաստաթղթում նշված անձը ես եմ, և որ մեր երկրում Karen-ը տղամարդու անուն է և արտասանվում է ոչ թե որպես Կարին, այլ որպես Կարեն»:

Արմենը դուրս եկավ սենյակից և գրեթե անմիջապես վերադարձավ մի քանի բժիշկների հետ:  Նրանք արագ գործի անցան:  Լայնածաված գործողություններ սկսելուց առաջ նրանք ինձ ջերմ իջեցնող դեղեր տվեցին, հետո կատարեցին գործիքային մի շարք հետազոտություններ և վերջում, երբ ջերմությունս կտրուկ իջել էր, ժպտալով նայեցին ինձ ու ասացին.  «Անհանգստանալու կարիք չկա:  Ոչ մի լուրջ բան չի հայտնաբերվել:  Դուք պարզապես մրսել եք, և լավ է, որ մեզ դիմելու հարցում չեք հապաղել:  Այս գիշեր կմնաք հիվանդանոցում` մեր հսկողության տակ, և կստանաք անհրաժեշտ ու արդյունավետ դեղամիջոցներ, որոնք ևս մի քանի օր կխմեք հիվանդանոցից դուրս գրվելուց հետո:  Իսկ մեր ուշացման համար ներեցեք մեզ, մենք կարծում էինք, թե հիվանդը կին է, քանի որ մեր մոտ Ձեր անունը կանայք են կրում:  Բայց կանայք մորուք չեն ունենում, իսկ Դուք մորուքով եք, և մենք վստահ էինք, որ փաստաթղթում նշված հիվանդը Դուք չեք»:

Ես կատարեցի բժիշկների ցուցումները և օրեր անց արդեն մոռացել էի բարձր ջերմության կտտանքները, բայց մորուքիս դավաճանությունը չեմ մոռացել մինչև հիմա:  Հենց ինքն էր բժիշկներին վանում ինձնից, ուստի ապաքինվելուց հետո նրան մահապատժի դատապարտեցի` սափրեցի, որ այլևս չբուսնի իմ ու բժիշկների միջև և առողջությունս էլ սակարկության առարկա չդարձնի:

Ահա և վերջ:  Մի դավաճանից էլ ազատվեցինք, այն էլ` տնեցի դավաճանից:  Ճիշտ են ասում` գողը որ տնից լինի, եզը երդիկից կելնի, իսկ որ դավաճանը տնից լինի, բժիշկը երդիկից էլ չի մտնի:     

Leave a Reply