Եթե չեմ սխալվում, այսպես ասում են, երբ մեկը հանիրավի շտապում է ինչ-որ հարցում, և նրան համբերությամբ ու լավատեսությամբ զինվելու կոչ են անում:
Լինում է նաև այնպես, որ էշը չի սատկում, սպասում է մինչև գարնան անխուսափելի գալուստը, բայց յոնջա չի գտնում, որ ուտի: Բախտի բան է, ոչինչ անել չես կարող:
Սա, իհարկե, փոխաբերական իմաստ ունեցող ժողովրդական ասացվածք է և վերաբերում է ոչ թե էշին ու յոնջային, այլ մարդուն ու նրա ակնկալիքներին: Կուժ, քեզ ասեմ, կուլա, դու հասկացիր: Դե ինչ, կուժի մասին պատմեմ, կուլան ինքը թող հասկանա:
1999-2008թթ. գործում էր ՀՀ տնտեսական դատարանը, որտեղ քննվում էին տնտեսավարող սուբյեկտների միջև առևտրային վեճերը, ինչպես նաև տնտեսավարող սուբյեկտների մասնակցությամբ այն վեճերը, որոնց մյուս կողմը պետական մարմին էր: Նշված երկրորդ խմբի վեճերն ակնհայտորեն գերակշռում էին մյուսների համեմատությամբ, իսկ դրանց շարքում էլ առավել շատ էին հարկային ու մաքսային մարմինների մասնակցությամբ վեճերը: Հարկային մարմինները տարված էին տնտեսավարողների մոտ անգամ գոյություն չունեցող խախտումներ «հայտնաբերելու» և ՀՀ պետական բյուջե գանձվելիք լրացուցիչ հարկային պարտավորություններ առաջադրելու անդիմադրելի մոլուցքով ու հաճախ դրան տուրք էին տալիս օրենքի շրջանցմամբ, օրենքի կամայական մեկնաբանությամբ ու անթույլատրելի անուշադրությամբ: Այս մանրամասներին քաջատեղյակ եմ, քանի որ նշածս ժամանակահատվածում հենց ՀՀ տնտեսական դատարանի դատավոր էի և ամեն օր առնչվում էի հարկային մարմինների գլուխգործոցներին: Դրանց հեղինակներն ինձ չէին սիրում, բայց վախենում էին ինձնից ու ցուցադրական ընդգծված հարգանքով էին վերաբերվում ինձ. աչքը տեսածից է վախենում: Այս դեպքում խոսքը ոչ թե իմ, այլ նրանց աչքին է վերաբերվում, քանի որ իմ աչքը տեսնում և արձանագրում էր նրանց արած ամեն ինչը, իսկ նրանց աչքը վախենում էր իմ աչքի տեսածից, քանի որ այդ տեսածը միշտ օգտագործվում էր նրանց դեմ: Այդպիսի տեսածիս մասին եմ պատմելու, որը դիտավորությամբ լռության մատնեցի ամբողջ մեկ տարի, չնայած այն կարող էի բացահայտել անմիջապես ու խուսափել մեկ տարի շարունակվող դատավարությունից: Դա էլ իր պատճառն ուներ, և լուրջ պատճառ: Հատկապես պետական մարմինների սխալների հանդեպ անհանդուրժողականությանս բերումով ես հալածական էի, իմ գլխին միշտ կախված էր կարգապահական պատասխանատվության դամոկլյան սուրը, որն անընդհատ ճոճվում էր` ինձ հնազանդության դաշտում պահելու ձախողված միտումով, և ես պետք է յոթ անգամ չափեի` մեկ անգամ կտրելուց առաջ: Տվյալ դեպքում, որի մանրամասներին կանդրադառնամ քիչ հետո, տեսածս կարող էր որակվել որպես ձևական արատ կամ վրիպակ, իսկ միայն այդ հիմքով գործի լուծումն էլ կարող էր որակվել որպես խուսափում գործի լիարժեք քննությունից: Բացի այդ, ուզում էի վեր հանել հարկային մարմնի թույլ տված բոլոր սխալները: Ահա թե ինչու տեսածս քողարկեցի հեռատեսությամբ և դրա մասին խոսեցի միայն վերջում` վարագույրը փակվելուց անմիջապես առաջ:
Ստացածս հերթական գործերից մեկը վերաբերում էր Ալավերդու պղնձա-մոլիբդենային կոմբինատում հարկային մարմնի կատարած ստուգմանը և ստուգման ակտով 198.000.000 դրամի չափ լրացուցիչ հարկային պարտավորությունների առաջադրմանը: Գործը հարուցվել էր ստուգման ակտն ամբողջությամբ անվավեր ճանաչելու պահանջի մասին կոմբինատի հայցի հիման վրա: Պատասխանողը ստուգումն իրականացրած հարկային մարմինն էր:
Առաջին դատական նիստի նախորդ օրը ծանոթանում էի գործում եղած փաստաթղթերին` գործի մասին գոնե նախնական պատկերացում կազմելու համար: Ըստ այդ փաստաթղթերի, ստուգումը սկսվել էր հարկային մարմնի ղեկավարի կողմից տրված և նույնականացման ու հաշվառման խիստ որոշակի համար ունեցող ստուգման հանձնարարագրի հիման վրա, ապա` նույն հարկային մարմնի ղեկավարի հրամանով տվյալ ստուգման ընթացքն ինչ-ինչ հանգամանքների բերումով կասեցվել էր անորոշ ժամկետով, և վերջապես նույն հարկային մարմնի ղեկավարի մեկ այլ հրամանով վերսկսվել էր: Լրացուցիչ հարկային պարտավորությունների առաջադրմանը ծառայած բոլոր խախտումներն արձանագրվել էին ստուգումը վերսկվելուց հետո, ինչը նորմալ կլիներ, եթե ստուգումը վերսկսելու մասին հրամանում ճիշտ նշված լիներ այն հանձնարարագրի համարը, որի հիման վրա ի սկզբանե սկսվել էր ստուգումը: Բայց այստեղ առկա էր մի ճակատագրական սխալ, և աչքս անմիջապես տեսավ այն. ստուգումը սկսելու մասին հանձնարարագիրն ուներ վեցանիշ նույնականացնող համար, իսկ ստուգումը վերսկսելու մասին հրամանում վեցանիշ այդ համարի մեկ նիշը սպրդել էր, և այդ վրիպակը հետագայում չէր ուղղվել, ինչը նշանակում էր, որ այդ հրամանը կասեցված ստուգումը վերսկսելուն վերաբերելի չէր ու չէր կարող հիմք ծառայել կասեցված ստուգումը շարունակելու, ստուգողական գործողություններ կատարելու և ստուգվող սուբյեկտի համար անբարենպաստ ինչ-որ հետևանքներ առաջացնելու համար: Սա միանգամայն բավարար էր մեկ դատական նիստում գործի քննությունն ավարտելու և ստուգման ակտն անվավեր ճանաչելու համար, բայց ես որոշեցի այդ անել ստուգման ակտի բոլոր դրվագներին անդրադառնալուց և դրանց գնահատականներն ինձ համար պարզելուց հետո:
Ստուգման ակտով խախտումներ էին արձանագրվել գրեթե բոլոր հարկատեսակների գծով, և գործի ծավալը շատ մեծ էր: Շատ մեծ էր նաև ստուգման ակտով վճարման առաջադրված լրացուցիչ հարկային պարտավորությունների գումարը, և երկու կողմերն էլ խիստ շահագրգռված էին հաղթանակի հասնելու հարցում: Շուրջ մեկ տարի տևած դատավարության ընթացքում կայացած բազմաթիվ դատական նիստերից յուրաքանչյուրին հայցվորի կողմից պարտադիր ներկայանում էին կոմբինատի ֆինանսական տնօրենը և փաստաբանը, իսկ պատասխանողի կողմից` ՀՀ պետական եկամուտների նախարարության և հարկային տեսչության չորսից հինգ պատասխանատու աշխատակից` հարկային տեսչության իրավախորհրդատուի ուղեկցությամբ: Դատական նիստերի ընթացքում երկու կողմից էլ ներկայացվում էին բացատրություններ, հարկային փաստաթղթեր ու այլ ապացույցներ, և գործի ծավալը գնալով ավելի էր մեծանում:
Ես գործի քննության կոնկրետ ու որոշակի ժամկետով կաշկանդված չէի ու չէի շտապում, դրամ առ դրամ ստուգում էի վիճարկված ակտի դրվագներից յուրաքանչուրի օրինականությունը և հիմնավորվածությունը, ինչի հիման վրա պետք է լուծվեր ակտի ամբողջական կամ մասնակի վավերականության կամ անվավերության հարցը: Փորձս ինձ հուշում էր, որ ստուգումն իրականացրած անձանց երևակայությունը պետք է, որ գերազանցած լիներ օրենքի պահանջներին, և ես չսխալվեցի: Իհարկե, բացահայտումներիս մասին լռում էի` դրանք վերջնական դատական ակտում արձանագրելու համար, և կողմերից ոչ մեկը կանխատեսումներ անել չէր կարողանում:
Դատական նիստերը հաջորդում էին միմյանց, և նույնիսկ ես չգիտեի, թե ինչքան ճանապարհ ունենք դեռ անցնելու: Զարմանալին և ողջունելին այն էր, որ միջամտության փորձեր չէին արվում ոչ մեկ, ոչ էլ մյուս կողմից: Ակնհայտ էր նաև, որ կողմերից ոչ մեկը չէր նկատել այն, ինչ նկատել էի ես` ստուգման հանձնարարագրի համարին կատարված արատավոր հղումը: Այս մասին ոչ ոք անգամ չէր ակնարկում:
Վերջապես եկավ գործի քննությունն ավարտելու երկար սպասված օրը: Վերջին դատական նիստն էր, ինչի մասին գիտեի միայն ես: Ինձ համար ամեն ինչ արդեն պարզ էր, ակտի յուրաքանչյուր տառը ստուգված էր, բոլոր ապացույցները հետազոտված էին, կողմերն այլևս նոր միջնորդություններ և նոր ասելիք չունեին:
Ես դատական նիստը հայտարարեցի բացված, մտահոգ հայացքով նայեցի կողմերին ու տխուր ձայնով ասացի. «Այսօր բոլորիս համար տխուր լուր ունեմ հայտնելու»:
Բոլորը լրջացան ու լարված հայացքներով լուռ հարցրին. «Ի՞նչ է պատահել: Ի՞նչ տխուր լուրի մասին է խոսքը»:
«Այսօր գործի քննությունն ավարտվելու է, և ես վճիռ եմ կայացնելու», ասացի ես նույն մտահոգ ձայնով:
«Իսկ ինչու՞ է այդ լուրը տխուր, կարծես, թե պետք է հակառակը լիներ», հարցրեց հարկային տեսչության իրավախորհրդատուն, ով ամենաակտիվն էր դատավարության ողջ ընթացքում:
«Իսկ մի՞թե դուք չեք տխրում, որ մի ամբողջ տարի այս դահլիճում անթիվ ժամեր անցկացնելուց ու միասին արդարությունը որոնելուց հետո հրաժեշտ ենք տալու իրար: Ես երկու կողմիդ էլ նույն կերպ եմ հրաժեշտ տալու, իսկ ինձ ձեզնից միայն մեկն է գոհունակությամբ հրաժեշտ տալու», շարունակեցի ես:
Դահլիճում նստածները հասկացան, որ կատակում եմ: Նրանք սկսեցին ծիծաղել, լարվածությունը թուլացավ, կողմերի ներկայացուցիչներն սկսեցին հավաքել իրերը: Նրանք չգիտեին, որ անցած ամբողջ տարվան փոխարինող ու վճռորոշ մի հարց դեռ չի հնչել, և վերջին դատական նիստը նվիրված էր հենց դրան:
«Մի շտապեք հավաքել ճամպրուկները», դիմեցի ես կողմերին, «մենք դեռ մի կարևոր հարց ունենք ճշտելու, և ես այդ հարցն ուղղում եմ պատասխանողին»:
Հարկային տեսչության իրավախորհրդատուն հանգիստ ոտքի կանգնեց: Նրան երևի թվում էր, թե ես դեռ շարունակելու եմ կատակել:
«Ասացեք, խնդրեմ, ստուգման ընթացքը կասեցվելուց հետո ի՞նչ ակտի հիման վրա է այն վերսկսվել»: Հարցս շատ պարզ էր, ու պատասխանն էլ չուշացավ: Հարկային տեսչության իրավախորհրդատուն նշեց համապատասխան ակտի տվյալները:
«Վստա՞հ եք», հարցրի ես:
«Այո», հնչեց պատասխանը:
«Այդ դեպքում համեմատեք ստուգման հանձնարարագրի համարը և կասեցված ստուգումը վերսկսելու մասին ակտում նշված ստուգման հանձնարարագրի համարը: Ըստ գործում առկա փաստաթղթերի, այդ համարները տարբերվում են մեկ նիշով, իսկ դա նշանակում է, որ կասեցված ստուգումը վերսկսելու մասին ակտը չի վերաբերում այն ստուգման հանձնարարագրին, որի հիման վրա հայցվորի մոտ սկսվել է ստուգումը: Դա էլ իր հերթին նշանակում է, որ հայցվորի մոտ սկսված և կասեցված ստուգումն առայսօր կասեցված է մնացել: Այս պայմաններում ի՞նչ իրավական հիմքով են հայցվորի մոտ շարունակվել ստուգողական գործողությունները, արձանագրվել խախտումներ և վճարման առաջադրվել լրացուցիչ հարկային պարտավորություններ: Պատասխանելուց առաջ լավ մտածեք ու խորհրդակցեք մյուսների հետ: Եթե ունեք ներկայացված փաստերի այլ մեկնաբանություն, խնդրեմ, ներկայացրեք»:
Հարկային տեսչության իրավախորհրդատուն ձեռքն առավ իմ նշած երկու փաստաթղթերը, հայացքը մի քանի անգամ փոխանցեց մեկից մյուսին, գունատվեց, փաստաթղթերը դրեց սեղանին, երկու ձեռքով բռնեց գլուխն ու լուռ նստեց: Նրա գործընկերները հասկացան, որ նա ի վիճակի չէր խոսել, նրա առջևից վերցրին փաստաթղթերը, փոխանցեցին ձեռքից ձեռք ու հայտնվեցին նույն վիճակում:
Այլ բան էր տեղի ունենում հակառակ կողմում: Կոմբինատի ֆինանսական տնօրենն ու փաստաբանն արդեն շնորհավորում էին միմյանց և քիչ էր մնում գրկախառնվեին:
Իմ վերջին հարցն այդպես էլ մնաց անպատասխան, բայց տվյալ դեպքում լռությունը և խոնարհված գլուխներն ավելին էին քան, կլիներ բանավոր պատասխանը:
Ես գործի քննությունն ավարտված հայտարարեցի ու հեռացա խորհրդակցական սենյակ` բոլորի համար արդեն իսկ կանխատեսելի վճիռը կայացնելու: Երբ վերադարձա դահլիճ` վճիռը հրապարակելու, այնտեղ պատասխանողի ներկայացուցիչներից ոչ մեկը չկար: Նրանք ինձնից շուտ իրենց համար հրապարակել էին վճիռը և հեռացել էին. երևի մտածել էին, թե այդ կերպ կկասեցնեն նաև վճռի հրապարակումը և այն կթողնեն երիցս կասեցված:
Վճռի հրապարակումը կատարվեց հայցվորի ներկայացուցիչների ծափահարությունների ուղեկցությամբ, որոնք չէին լռում անգամ վճռի հրապարակումն ավարտվելուց հետո:
Ստուգումն իրականացրած անձանց ու նրանց վերահսկողների չարչարանքը ջուրը լցվեց: Չէ, սա այն դեպքը չէր, երբ լավություն ես անում ու ջուրը գցում, որ մի օր այն դիմացդ դուրս գա: 1 թիվ պակաս էր գրվել ոչ լավություն անելու համար, իսկ մնացածն էլ արվել էր, որ գարունը շուտ գա, էշը չսատկի և յոնջա ուտի: Գարունը բացվեց, էշը չսատկեց, բայց յոնջա չկերավ. յոնջա չկար:



