Skip to main content

1999-2008թթ. Հայաստանում գործում էր ՀՀ տնտեսական դատարանը (սկզբում կոչվում էր ՀՀ տնտեսական գործերով վերաքննիչ դատարան, հետո վերանվանվեց), որտեղ ես աշխատում էր որպես դատավոր:  Մինչ այդ աշխատել էի ՀՀ Գերագույն դատարանում և բազմաթիվ գործուղումների էի մեկնել տարբեր երկրներ` Հունգարիա, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Իսպանիա, Իտալիա, Պորտուգալիա:  Լավ ծանոթ էի թե անգլո-սաքսոնական, թե կոնտինենտալ իրավական համակարգերին:  Եղածս երկրներում ամենից շատ ինձ զարմացրել և հիացրել էին դատավորի նկատմամբ վերաբերմունքը և դատավորի խոսքի կշիռը ցանկացած հարցում:  Այդ երկրներում դատավորը Տեր Աստվածն էր երկրի վրա, և ինքն էլ իրեն պահում էր իր տիտղոսին վայել արժանապատվությամբ ու հպարտությամբ:  Ես երազում էի նույնը տեսնել նաև մեր երկրում և հպարտանալ նրանով, որ մեր երկրում էլ դատավորի խոսքը քար է ծակում:  Ինձնից անկախ, երեք անգամ բախտ ունեցա տեսնել խոսքիս կշիռը, ավա՜ղ, երեք անգամ էլ օտարերկրյա հյուպատոսություններում:

Առաջին դեպքը կապված էր իմ աշխատակազմում ընդգրկված` դատական նիստերի քարտուղարի` Նազիկի հետ:  Նրա մայրը մշտական բնակություն էր հաստատել Հունաստանում, և նրանց տեսակցությունները հազվադեպ էին:  Հերթական տարեկան արձակուրդից մոտ մեկ շաբաթ առաջ Նազիկն աշխատանքի եկավ խիստ անտրամադիր վիճակում, մտահոգ ու լարված դեմքով:  Երբ փորձեցի պարզել պատճառները, նա լացակումած ձայնով խուսափողական պատասխան տվեց:  Ամբողջ օրը նրա տրամադրությունը չփոխվեց, և նա ոչ մեկի հետ չկիսվեց, բայց ակնհայտ էր, որ խնդիրն աշխատանքի հետ կապված չէր:

Օրվա վերջին, երբ դատական նիստերն արդեն ավարտվել էին, Նազիկին հրավիրեցի իմ աշխատասենյակը` առանձին զրուցելու:  Սկզբում նա դարձյալ խուսափողական դիրք էր ընդունել, բայց ես կարողացա շարժել սառույցը, և ահա թե ինչ պարզվեց:

Նազիկը որոշել էր կարճատև այցելության մեկնել Հունաստան` մորը տեսակցելու, և Շենգենյան երկրների մուտքի վիզա ստանալու համար նախ դիմել էր Հունաստանի դեսպանատուն և ստացել մերժում, ապա` դիմել էր Ֆրանսիայի դեսպանատուն:  Ըստ իր ստացած տեղեկությունների, Ֆրանսիայի դեսպանատնից վիզա ստանալն ավելի դյուրին էր:  Բայց բախտի անիվը շուռ էր եկել նրա դեմ, և այնտեղից էլ նրան տեղեկացրել էին, որ վիզայի տրամադրման դիմումը մերժվելու է վերադառնալու հեռանկարը հավաստող բավարար ապացույցներ ներկայացված չլինելու պատճառով:  Փոքր-ինչ մտածելուց հետո ես որոշեցի պաշտոնապես միջամտել այդ հարցում:  Իհարկե, ես ինքս էլ չէի կարող վստահ լինել` Նազիկը կվերադառնա՞, թե՞ ոչ, բայց նրա անկեղծ արցունքներին դիմակայել չկարողացա:

«Հանգիստ նստիր, չհեռանաս, մինչև ես չասեմ», ասացի Նազիկին ու նստեցի համակարգչի առաջ:  Սկսեցի իմ, որպես ՀՀ տնտեսական դատարանի դատավորի, անունից անգլերեն լեզվով նամակ գրել Ֆրանսիայի հյուպատոսին, ումից կախված էր հարցի լուծումը:

Կես էջանոց նամակի շարադրումը տևեց մոտ մեկ ժամ, քանի որ աշխատում էի գրել կարճ, բայց ոչ կիսատ:  Կարծես թե ստացվեց այն, ինչ ուզում էի:  Ես խնդրում էի, բայց խնդրանքս պահանջի տոնով էր հնչում, երաշխավորում էի, բայց սոսկ անձնական խոստումներով ու առանց որևէ պատասխանատվության ստանձնման, ներկայացված փաստաթղթերի ոչ լիարժեքությունն ընդունում էի, բայց պնդում էի, որ մարդկային հավատը չի կարող կառուցվել միայն դրանց վրա, և այլն:  Նամակը տպեցի դատարանի ձևաթղթի վրա, ստորագրեցի որպես դատավոր և ստորագրությունս վավերացրի անվանական կնիքովս, ապա նամակը փակ ծրարով հանձնեցի Նազիկին:  Ծրարը հասցեագրված էր Ֆրանսիայի հյուպատոսին` ՀՀ տնտեսական դատարանի դատավորի կողմից:

«Վաղը ևեթ, նախքան աշխատանքի գալը, կգնաս Ֆրանսիայի դեսպանատուն և այս ծրարը պաշտոնապես կհանձնես համապատասխան աշխատակցին ու կասես, որ այն հանձնի հասցեատիրոջը:  Կասես նաև, որ ես սպասում եմ պատասխանի:  Հիմա կարող ես գնալ, բայց նախ չորացրու արցունքներդ, որ կարողանաս գտնել դեսպանատան ճանապարհը», ես հրաժեշտ տվեցի Նազիկին ու ինքս իմ արածից շատ գոհ էի:  Չգիտեմ ինչու, բայց վստահ էի, որ ուղերձս չի վրիպի:

Հաջորդ օրը Նազիկը փոքր-ինչ ուշացումով ներկայացավ աշխատանքի և հայտնեց, որ ծրարը հանձնել է:

Երկու օր հետո Նազիկը ոչ թե ներկայացավ աշխատանքի, այլ թռչկոտելով ու լիաթոք ծիծաղելով ներխուժեց իմ աշխատասենյակը:  Ձեռքին անձնագիրն էր` բաց վիճակում, այնպես, որ վիզան երևա:  Խոսքս ծակել էր հյուպատոսաքարը:  Օրեր անց Նազիկը մեկնեց Հունաստան և խոստացած ժամկետում վերադարձավ, ու մենք շարունակեցինք սիրով աշխատել իրար հետ:

Անցան տարիներ:  Ամառ էր:

Առավոտյան նոր հասել էի դատարան, երբ հարևան աշխատասենյակիս դատավորի` Անատոլի Մաթևոսյանի օգնականը մտավ ինձ մոտ ու հրավիրեց սուրճ խմելու:  Երկու րոպե անց արդեն սուրճ  էինք խմում ու զրուցում, նախապատրաստվելով այդ օրվա նիստերին:  Գործընկերս նկատելիորեն անտրամադիր էր:  Նրա տրամադրությունն ավելի ընկավ, երբ կարճատև հեռախոսազրույց ունեցավ դստեր հետ:  Բնականաբար, ես հետաքրքրվեցի, թե ինչումն է բանը, և ես ինչով կարող եմ օգնել:

«Դժբախտաբար, դու ոչնչով չես կարող օգնել:  Դուստրս դիմել էր ամառային արձակուրդների ընթացքում Լոնդոնում կայանալիք մեկամսյա մի դասընթացի մասնակցելու համար և հաղթահարել էր մրցույթի բոլոր փուլերը, բայց բրիտանական դեսպանատունը մերժեց վիզայի տրամադրումը, և ամեն ինչ ջուրը լցվեց:  Մերժման մասին հենց նոր դուստրս հայտնեց ինձ:  Անձնագիրն արդեն վերադարձրել են նրան», տխուր ու հուսահատ ձայնով ասաց գործընկերս:

«Մի շտապիր հուսահատվել:  Հույսը վերջինն է մեռնում:  Մենք կփորձենք փոխել իրավիճակը», հուսադրեցի գործընկերոջս, բայց նա ամեն ինչ արդեն ավարտված էր համարում:

Ես հենց նրա աշխատասենյակում վերցրեցի հեռախոսափողը, «Սփյուռ» համակարգի միջոցով պարզեցի բրիտանական դեսպանատան համարը և միանգամից զանգահարեցի այնտեղ:  Պատասխանը չուշացավ:  Ես ներկայացա որպես ՀՀ տնտեսական դատարանի դատավոր, հայտնեցի, որ ցանկանում եմ մեկ այլ դատավորի հետ միասին հանդիպել հյուպատոսի հետ, և խնդրեցի նրա համաձայնության դեպքում ինձ տեղեկացնել հանդիպման օրվա և ժամի մասին:  Գործընկերոջս դեմքին անորոշություն էր.  նա չէր պատկերացնում անգամ, թե հյուպատոսը կհանդիպի ինձ հետ կամ արդեն իսկ ձևակերպված մերժումից հետո հանդիպումը որևէ դրական արդյունք կտա:  Երկու ժամ անց զանգ ստացա Մեծ Բրիտանիայի դեսպանատնից:  Ինձ տեղեկացրին հյուպատոսի հետ հանդիպման օրվա և ժամի մասին:  Գործընկերոջս տրամադրությունը որոշակիորեն փոխվեց:  «Բայց ի՞նչ ես ասելու հյուպատոսին, նրանք պահանջել էին դստերս անվամբ բանկային հաշիվների և/կամ այլ սեփականության մասին որոշակի վաղեմություն ունեցող փաստաթղթեր, որպիսիք առկա չեն և նոր ստեղծվելու դեպքում էլ չեն ընդունվի», սկսեց հարցուփորձ անել գործընկերս:  «Լույսը կբացվի, բարին հետը, համբերիր, մինչև օրը գա, իսկ թե ինչ կասեմ ես հյուպատոսին, դու՛ էլ կլսես»:

Եկավ նշանակված օրը, և ես ու գործընկերս դատարանից մեկնեցինք Մեծ Բրիտանիայի դեսպանատուն:  Նշանակված ժամին մեզ արդեն սպասում էին:  Հյուպատոսը եկավ թարգմանչի ուղեկցությամբ:  Ես կանխամտածված ձևով խոսում էի հայերեն լեզվով ու նախ ներկայացրի գործընկերոջս, ապա` ներկայացա ես:  Այստեղ թարգմանիչը կոպիտ սխալ թույլ տվեց ու մեզ ներկայացրեց որպես փաստաբանների, ինչն անհանդուրժելի էր:  Ստիպված անգլերեն լեզվով ներողություն խնդրեցի նրան ընդհատելու համար և անգլերեն լեզվով հյուպատոսին ներկայացրեցի, թե իրականում ովքեր ենք մենք, ապա` դարձյալ անցա հայերենի:  Հյուպատոսը հասկացավ, որ ես տիրապետում եմ անգլերենին, իսկ թարգմանչի ներկայությունը զուտ ձևական  բնույթ էր կրում և առավելապես ծառայում էր գործընկերոջս զրույցից դուրս չթողնելու նպատակին:  Ես հյուպատոսին տեղեկացրի գործընկերոջս դստեր խնդրի մասին, և նա հավաստեց, որ պահանջվող փաստաթղթերը զուտ երաշխիքի դեր են կատարում այն հարցում, որ վիզա ստացողը չի մնա Մեծ Բրիտանիայում և կվերադառնա Հայաստան:  «Լիովին հասկանում և կիսում եմ վերադարձի երաշխիքների հարցում Ձեր ունեցած մտահոգությունը, բայց Ձեր պահանջած երաշխիքները ներկայացնել չենք կարող:  Փոխարենը ես Ձեզ առաջարկում եմ այլ երաշխիք, որը, ըստ իս, շատ ավելի զորեղ է, քան Ձեր պահանջածը»:  Հյուպատոսի դեմքը լարվեց հետաքրքրությունից.  «Իսկ ի՞նչ երաշխիք եք առաջարկում Դուք»:  «Ընդամենը երկու դատավորի խոսք, որը Դուք հիմա կլսեք.  գործընկերոջս դուստրը վերադառնալու է», ասացի ես, «հիմա Դուք որոշեք, թե որքանով է արժանահավատ մեր տրամադրած երաշխիքը»:  «Շատ լավ», ասաց հյուպատոսը, «մենք կմտածենք և Ձեզ կտեղեկացնենք»:  Սրանով հյուպատոսի հետ մեր զրույցն ավարտվեց, ու մենք վերադարձանք դատարան:  Ես ամբողջ օրն այլևս գործընկերոջս հետ չխոսեցի այդ օրվա հանդիպման և դրա հնարավոր ակնկալիքների մասին:

Հաջորդ օրը դատարանում դեռ նոր էի հանդիպել գործընկերոջս հետ, երբ նրա հեռախոսը զնգաց:  «Ցավդ տանեմ, դե շուտ արա», այս բառերը հնչեցին գործընկերոջս բերանից, և ես տեսա, որ նա բոլորովին այլ մարդ դարձավ:  «Հենց նոր դեսպանատնից զանգահարել են դստերս և ասել, որ անձնագիրը կրկին ներկայացնի:  Վիզայի հարցը լուծված է», գործընկերս պապանձվեց ու երախտագիտությամբ լի հայացքով ինձ նայեց:  Երևում էր, որ նա շատ բան էր ուզում ասել, բայց չգիտեր, թե որտեղից սկսել:  «Թթու է, թան չի, ամեն մարդու բան չի, հիմա անցնենք մեր գործերին, քանի դեռ հյուպատոսը չի խառնվել դրանց», գլուխ գովելով ասացի ես գործընկերոջս, սեղմեցի նրա ձեռքը և շնորհավորեցի հաղթանակի կապակցությամբ:  Նույն օրը գործընկերոջս դուստրը ստացավ պահանջվող վիզան և ժամանակին մեկնեց Լոնդոն, իհարկե, ժամանակին էլ վերադարձավ այնտեղից` հարուստ տպավորություններով:

Երրորդ անգամ պատվո հյուպատոսի դեր ստանձնեցի դարձյալ մեր դատավորներից մեկի` Ռուզաննա Հակոբյանի, դստեր համար:  Այս դեպքը մի քիչ ավելի բարդ էր նրանով, որ խնդիրը չէր սահմանափակվում միայն երաշխիքային նշանակություն ունեցող փաստաթղթերի ամբողջականությամբ կամ թերություններով:  Խնդիրն այն էր, որ Ռուզաննա Հակոբյանի որոշ հարազատներ մեկնել էին Ֆրանսիա և անլեգալ մնացել այնտեղ, եթե չեմ սխալվում, փախստականների անորոշ կարգավիճակով:  Ռուզաննա Հակոբյանի դուստրը` Մարին, ցանկանում էր մեկ ամսով մեկնել Փարիզ, և նրան վիզայի տրամադրումը մերժել էին ոչ այնքան երաշխիքային  փաստաթղթերի թերությունների, որքան Ֆրանսիա մեկնած և ապօրինաբար այնտեղ մնացած հարազատների առկայության պատճառով:

Ռուզաննան աշխատանքի էր գալիս սգավորված ու սկզբում չէր բացահայտում պատճառը, հետո ես աստիճանաբար կորզեցի նրանից այդ պատճառը:  Ունեցածս փորձը հուշում էր, որ այս դեպքում էլ դատավորի խոսքը կարող էր վճռորոշ լինել:  Միայն թե ինձ մտահոգում էր այն հարցը, թե արդյոք Նազիկի համար նամակը գրելու պահից ի վեր Ֆրանսիայի հյուպատոսը փոխվե՞լ էր, թե՞ ոչ:  Նույն հյուպատոսի պարագայում նա կարող էր հիշել իմ անունն ու միջամտությունը և համարել, թե ես չարաշահում եմ դատավորի խոսքը:  Սա ինքնին մերժման պատճառ կարող էր դառնալ` անկախ մնացած ամեն ինչից:  Ռուզաննան քաջատեղյակ էր նախորդ երկու դեպքերի մասին, բայց Ֆրանսիայում ապօրինաբար մնացած հարազատների առկայության փաստը նրան լրիվ հուսահատության էր հասցրել:  Ի՞նչ անել:  Երկար մտածելուց հետո ես եկա մեկ եզրակացության.  դատավորին վայել չէ ստելը, և հյուպատոսի հետ պետք էր զրուցել ամենայն անկեղծությամբ, բայց այդ զրույցը պետք է վարեր հենց Ռուզաննան` որպես դատավոր և վիզայի համար դիմած ու մերժում ստացած անձի հարազատ մայր:  Այստեղ էլ խնդիրն այն էր, որ Ռուզաննան օտար լեզվի չէր տիրապետում:  Դարձյալ բոլորի հայացքն ուղղվեց ինձ:  Ես արդեն նշել եմ, թե ինչու չէի ցանկանում հանդես գալ սեփական անվամբ` գրավոր, թե բանավոր, ուստի որոշեցի այս անգամ գրավոր նամակ ուղարկել հյուպատոսին, բայց Ռուզաննայի անունից:

«Կարո՞ղ ես ձեռք բերել հյուպատոսի անձնական էլեկտրոնային փոստի հասցեն», հարցրեցի Ռուզաննային:

«Վաղը կլինի», խանդավառված պատասխանեց նա:

«Դե ուրեմն մինչ այդ ես էլ նամակը կգրեմ, ժամանակ չկորցնենք», ասացի և անմիջապես անցա գործի:

Նամակը շարադրվեց անգլերեն լեզվով` Ռուզաննայի անունից, որոշակի հարցուփորձ անելուց և անհրաժեշտ մանրամասները ճշտելուց հետո:  Այն սկսվում էր Ռուզաննայի հարազատների մեկնման և Ֆրանսիայում անլեգալ կերպով ապաստանի որոնման պատմությամբ, ապա` շարունակվում էր այն մտքի ներկայացմամբ, որ յուրաքանչյուր չափահաս անձ ինքն է պատասխանատու իր գործողությունների համար, և որ Ռուզաննայի դուստրն ամենևին չէր պատրաստվում կրկնել հարազատների արածը:  Նամակը եզրափակվում էր Ռուզաննայի, որպես Հայաստանի Հանրապետության դատավորի, անձնական երաշխիքային խոսքով ու այն ակնկալիքով, որ դատավորի խոսքը կընդունվի որպես ծանրակշիռ երաշխիք:

Հաջորդ օրը Ռուզաննան շնչակտուր մտավ իմ աշխատասենյակը. «Հասցեն բերել եմ»:  Շատ լավ, նամակն էլ պատրաստ էր, և այն Ռուզաննայի համար թարգմանելուց ու նրա կողմից ստորագրվելուց հետո էլեկտրոնային փոստով ուղարկեցինք հյուպատոսին:

Ասում են, որ Աստված երրորդություն է սիրում և այս դեպքում էլ սիրեց:

Մի քանի օր անց Ռուզաննան դարձյալ շնչակտուր մտավ իմ աշխատասենյակը. «Մարիին կանչել են դեսպանատուն` անձնագրով ու այլ փաստաթղթերով, այդ թվում` իմ և նրա միջև ծնողական կապը հաստատող փաստաթղթերով:  Հուսով եմ, որ հարցը կլուծվի»:

«Հուսալ պետք չէ, հույսերը միշտ չէ, որ արդարանում են, պետք է վստահ լինել:  Մարին այսօր կստանա վիզան, իսկ դու սկսիր ճամպրուկը դասավորել», ինքնավստահ ձայնով պատասխանեցի ես նրան, «ո՞վ և քանի՞ գլուխ ունի, որ մերժի քո դիմումը»:

Իմ կանխատեսումն իրականացավ:  Օրեր անց Մարին մեկնեց Ֆրանսիա և սահմանված ժամկետում վերադարձավ, իսկ իմ հյուպատոսական առաքելությունը երրորդությամբ էլ ավարտվեց:  Այլևս երբեք առիթ չունեցա դեսպանատներում փորձելու խոսքիս կշիռը, և դրա կարիքն էլ արդեն չկար.  փորձված թանն անփորձ մածնից լավ է:

Leave a Reply