Skip to main content

Հավատացյալներն ասում են, որ աստված երրորդություն է սիրում, և սա նրանց համար աքսիոմա է:  Բայց աթեիստ հերետիկոսների դեպքում այն թեորեմա է և ապացուցման կարիք ունի:  Սեփական փորձով եմ համոզվել դրանում:  Բարեբախտաբար, իմ պարագայում երրորդությունը չապացուցվեց, իսկ այն որպես թեորեմա հրամցնողներն այդպես էլ չհասկացան, որ պարզապես զառանցել են, և որ իմ դեպքում հակառակն է աքսիոմա:  Աստծո գոյությունը չճանաչողին երրորդությունը բաժին չի ընկնում:  Լա՞վ է դա, թե՞ վատ, կորոշեք ինքներդ, երբ շրջեք այս պատմության վերջին էջը:

Եվ այսպես, ինչի՞ն է վերաբերում այն երրորդությունը, որը հետ քաշվեց` բախվելով արդարությանը և աստծուն չթողնելով սիրել իրեն:

Ոչ վաղ անցյալում ամբողջ աշխարհը դարձել էր կորոնավիրուսի գերին:  Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն իրավիճակը գնահատել էր որպես համավարակ, որի թելադրանքով բազմաթիվ սահմանափակումներ էին մտցվել ամենուր:  Մեր երկիրն էլ չէր արժանացել կորոնավիրուսի բարեհաճությանը, և կառավարության որոշմամբ հայտարարվել էր արտակարգ դրություն, որի ժամկետը պարբերաբար երկարացվում էր, քանի որ հիվանդությունը համառորեն չէր նահանջում:  Մարդիկ դիմակներ էին կրում, խուսափում էին իրար հետ շփվելուց, ապրում էին կարանտինի ռեժիմով, պատվաստվում էին, բայց վիրուսի զոհերի թիվը գնալով աճում էր:

Մի օր էլ կորոնավիրուսը որոշեց ընկերություն անել ինձ հետ:  Ես ծանր չէի տանում հիվանդությունը և նույնիսկ անկողնուն չէի գամվել, բայց քանի որ տեստավորման արդյունքներով ախտորոշումը հաստատվել էր, ստիպված էի երկու շաբաթ տնից դուրս չգալ և կատարել բժշկի կողմից հեռակա կարգով տրվող հրահանգները:  Բախտն ինձ ժպտաց, և ես արագ կազդուրվեցի:  Սա առաջին փորձությունն էր, որին ինձ ենթարկեց կորոնավիրուսը:

Երկրորդ փորձությունը դուռս թակեց չորս ամիս անց:  Դարձյալ հիվանդության թեթև ընթացք, երկշաբաթյա կարանտին և արագ կազդուրում:

Ըստ հավատացյալների, հերթը հասավ երրորդ փորձությանը, և այն մեկնարկեց:  Ճիշտ է, ես չհիվանդացա, բայց կորոնովիրուսի մատը խառն էր այդ փորձության հարցում:  Իհարկե, երրորդությունը չկայացավ, բայց ոչ թե որովհետև գոյություն չունեցող աստվածը դադարել էր այն սիրել, այլ որովհետև արդարությունը սիրելու հարցում այդ աստվածը գոյություն ուներ:

Հիմա ամեն ինչ հերթով:

Ես վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր էի:  Այդ դատարանում վերաքննիչ բողոքների հիման վրա երեք դատավորի կազմով վերանայվում էին առաջին ատյանի դատարանների կայացրած վճիռները, ընդ որում, օրենքը սահմանում էր, որ վերաքննիչ բողոքները, որպես կանոն, քննվում են գրավոր ընթացակարգով, քանի դեռ վերաքննիչ դատարանը սեփական նախաձեռնությամբ կամ կողմերից մեկի միջնորդության բավարարման արդյունքում չէր որոշի կոնկրետ գործով բողոքը քննել բանավոր ընթացակարգով` դատական նիստում:

Ես միշտ նախընտրում էի իմ նախագահությամբ բողոքների քննությունն իրականացնել դատական նիստում` անմիջականորեն հաղորդակցվելով կողմերի և նրանց ներկայացուցիչների հետ:  Բայց կորոնավիրուսի և երկրում արտակարգ դրություն հայտարարված լինելու պայմաններում իրավիճակը փոխվել էր:  Յուրաքանչյուր գործով ես սկզբնապես նշանակում էի դատական նիստ, կողմերին նախապես ծանուցելով դրա ժամանակի և վայրի մասին, քանի որ ոչ ոք չէր կարող կանխատեսել, թե որքան կերկարաձգվեն կորոնավիրուսի հաղթարշավն ու արտակարգ դրությունը, բայց նաև բացառված չէր, որ մինչև նշանակված դատական նիստի օրը իրավիճակը փոխված կլիներ:  Յուրաքանչյուր դատական նիստի նախօրյակին իրավիճակը փոխված չլինելու պարագայում ես կայացնում էի գրավոր ընթացակարգի անցնելու մասին որոշում, զերծ մնալով դատական նիստ անցկացնելուց:  Դա ոչ միայն անում էի փակ դահլիճում մարդկանց շփումը բացառելու և վիրուսի տարածումից խուսափելու նպատակով, այլև հետևելով Բարձրագույն դատական խորհրհդի` դատական նիստերից հնարավորինս ձեռնպահ մնալու հորդորներին ու հաշվի առնելով արտակարգ դրության պայմաններում մարդկանց տեղաշարժման սահմանափակումները:  Այս աշխատաոճը կիրառեցի բազմաթիվ գործերով, յուրաքանչյուր դեպքում որոշման մեջ հստակ ու մանրամասնորեն պատճառաբանելով, թե ինչով է պայմանավորված անցումը գրավոր ընթացակարգի, ընդ որում, մեկ առ մեկ հիշատակվում էին թե՛ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, թե՛ ՀՀ կառավարության, և թե՛ ՀՀ բարձրագույն դատական խորհդի համապատասխան որոշումները:  Արդյունքը հրաշալի էր.  արդարադատությունը տեղում չէր դոփում, վիրուսի տարածման ռիսկն էլ նվազում էր:  Բայց որոշ մարդանման արարածներ այլ կերպ էին մտածում կամ էլ թիրախավորել էին ինձ:

Օրերից մի օր տեղեկացա, որ կոնկրետ մի գործով արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի կողմից իմ և գործը քննող դատական կազմում ինձ հետ ընդգրկված մյուս երկու դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել այն բանի համար, որ գործով սկզբնապես դատական նիստ նշանակված լինելու պայմաններում նիստի նախօրյակին կայացրել ենք գրավոր ընթացակարգի անցնելու մասին որոշում և բողոքը քննել ու դատական ակտ ենք կայացրել գրավոր ընթացակարգով:  Ըստ նախարարի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը մեզ նման հնարավորություն չէր ընձեռում, և, այդ անելով, մենք, իբր, խախտել էինք օրենքը:  Այսպես սկսվեց կորոնավիրուսի երրորդ փորձությունը, բայց այս անգամ պարկուճը դատարկ էր, և Բարձրագույն դատական խորհրդում անցկացված տեստավորմամբ ինձ մոտ կորոնավիրուսին առնչվող ոչինչ չախտորոշվեց:  Փոխարենն ախտորոշվեց մտացածին վարույթը նախաձեռնած և Բարձրագույն դատական խորհրդում այն հիմնավորել փորձող արարածների մասնագիտական անձեռնհասությունը, որի արդյունքը պարտությունն էր, այն էլ` խայտառակ:

Ստանալով կարգապահական վարույթ հարուցելու մասին նախարարի որոշումը, ես գրավոր պատասխան ուղարկեցի նրան, բացատրելով, որ վերաքննիչ բողոքի քննությունը գրավոր կամ բանավոր ընթացակարգով իրականացնելու հայեցողությունն օրենքը վերապահել է դատարանին, և դատարանի կողմից մեկից մյուսին անցումը չի կարող որակվել որպես օրենքի խախտում:  Նույն պատասխանում մանրամասնորեն ներկայացրի նաև կորոնավիրուսի հետ կապված այն շարժառիթը, որը դատարանին դրդել էր բանավոր ընթացակարգից անցնել գրավոր ընթացակարգի:  Պատասխանը եզրափակվում էր երեք դատավորներիս կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին Բարձրագույն դատական խորհրդին ներկայացված միջնորդությունը հետ վերցնելու և վարույթը կարճելու մասին առաջարկությամբ:  Բայց ասողին լսող էր պետք:  Ավա՜ղ, լսողը «խլացել» էր:

Եկավ Բարձրագույն դատական խորհրդի նիստի օրը: Մեղադրող կողմից նիստին ներկայացել էին արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը և երկու երիտասարդ:  Ամբաստանյալները երեք դատավորներս էինք, ընդ որում, ես ներկայացել էի փաստաբանի ուղեկցությամբ, հիմա բացատրեմ, թե ինչու:  Դատավորին կարգապահական տույժի ենթարկելու մասին նախարարի միջնորդությունը Բարձրագույն դատական խորհրդի կողմից մերժվելու դեպքում դատավորն իրավունք ունի պահանջելու և ստանալու իր փաստաբանի խելամիտ վարձատրության գումարը, ընդ որում, անկախ նրանից, թե փաստաբանի հետ կնքված պայմանագրում ինչ գին է նշված, խորհուրդն է որոշում դրա խելամիտ չափը:  Հենց այս ակնկալիքով ես պայմանագիր էի կնքել մի փաստաբանի հետ և ապահովել էի նրա  ներկայությունը խորհրդի նիստին:  Մենք նախապես քննարկել էինք ամեն ինչ, և իմ դիրքորոշումները պետք է ներկայացներ ու իմ հարցադրումները պետք է աներ փաստաբանը, որպեսզի նրա աշխատանքը տեսանելի դառնար, և նրա խելամիտ վարձատրության գումարի հատուցման վերաբերյալ իմ պահանջը հիմնավորվեր:  Պայմանագրում նշված էր, որ փաստաբանն իր մատուցած ծառայության դիմաց ստանալու էր այնքան գումար, որքանը խելամիտ կհամարվեր խորհրդի կողմից, և ստացած գումարն էլ հինգ աշխատանքային օրվա ընթացքում փոխանցելու էր հանրային պաշտպանի գրասենյակին` անապահով մարդկանց իրավաբանական ծառայությունների մատուցմանն օժանդակելու համար:

Խորհրդի նիստն սկսվելուց անմիջապես հետո ես խորհրդի նախագահին ներկայացրի փաստաբանիս լիազորագիրը և նրա հետ կնքածս պայմանագիրը:  Լռություն տիրեց:  Իմ պաշտպանությունն իրականացնելու համար փաստաբան ներգրավածս լինելու փաստն անսպասելի էր բոլորի համար:  Մեղադրող կողմի ներկայացուցիչների դեմքերը մտահոգ էին.  իմ փաստաբանի ներկայությունը որոշակի լարվածություն էր առաջացրել նրանց մոտ:  Բոլորը սպասում էին, թե երբ կխոսի խորհրդի նախագահը, և արդյո՞ք իմ փաստաբանի լիազորությունները կճանաչվեն, ու նրան կթույլատրվի մասնակցել նիստին:  Ներկայացրածս փաստաթղթերում խորասուզված նախագահը հանկարծ սկսեց ջղաձիգ շարժումներ անել և, կորցնելով ինքնատիրապետումը, գոչեց.  «Սա ի՞նչ բան է:  Պայմանագրում դրա գինը նշված չէ:  Ի՞նչ է, մե՞նք պետք է որոշենք այդ գինը»:  Այս բարձրագոչ հռետորական հարցից փոխնախարար Գրիգոր Մինասյանը ոգևորվեց և առանց թույլատրության շարունակեց նախագահի խոսքը.  «Եթե պայմանագրում գինը նշված չէ, ուրեմն այն առչինչ է:  Հետևաբար նիստին փաստաբանի մասնակցությունն էլ ապօրինի է և չպետք է թույլատրվի»:

«Առոչինչ է ոչ թե պայմանագիրը, այլ քո ասածը», մտքումս ասացի ես և դիմեցի խորհրդի նախագահին` արտահայտվելու թույլատրություն ստանալու համար:  Այն չէր կարող չտրվել, և ես սկսեցի հանգիստ ավելի պարզաբանել այն պարզ բաները, որոնք հասու չէին դարձել ինձ պատժելու մոլուցքով տարվածներին:  Սկսեցի նրանից, որ նիստին փաստաբանի մասնակցության իրավական հիմքը ոչ թե պայմանագիրն էր, այլ լիազորագիրը, որի հետ կապված որևէ արատ չէր արձանագրվել:  Այնուհետև անցա պայմանագրում դրա գինը նշված լինելու կամ չլինելու հանգամանքին:  Չնայած շուրջ բոլորը պատասխանատու պաշտոններ զբաղեցնող իրավաբաններ էին, այդուհանդերձ, ստիպված էի անդրադառնալ այն տարրական ճշմարտություններին, որ պայմանագրում գինը նշված էր բանաձևի տեսքով` խոհրդի որոշիչ դերի ընգծմամբ, ինչը միանգամայն թույլատրելի էր, որ նույնիսկ գինը նշված չլինելու դեպքում պայմանագիրն առոչինչ համարվել չէր կարող` օրենքով այդպիսի հետևանք նախատեսված չլինելու պատճառով, և այդ դեպքում որպես պայմանագրի գին պետք է ընդունվեր համանման ծառայությունների համար սովորաբար կիրառվող գինը` համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 340-րդ հոդվածի:

Փոխնախարարն այլևս չհանդգնեց խոսել, և խորհուրդն անցավ գործի քննությանը:

Մեղադրող կողմի ներկայացուցիչները փորձում էին որպես ծանր խախտում ներկայացնել այն, ինչը ոչ միայն խախտում չէր ընդհանրապես, այլև միտված էր մարդկանց առողջության պահպանմանը:  Նրանց փաստարկներն անթաքույց քմծիծաղ էին առաջացնում նույնիսկ խորհրդի անդամների մոտ, ովքեր հարկ չհամարեցին անգամ հարցեր տալ նրանց:  Երևի վստահ էին, որ պատասխանները նույնքան առոչինչ էին լինելու, որքան պայմանագիրը` նրանց պնդմամբ:

Խոսեց նաև իմ շահերը ներկայացնող փաստաբանը:  Մեղադրող կողմին ուղղված նրա հարցերը ստացան լոկ խուսափողական պատասխաններ.  գայլի գլխին ավետարան էին կարդում, իսկ նա ասում էր` շուտ արեք, ոչխարը սարն անց կացավ:

Ի վերջո, իմ փաստաբանն էլ ավարտեց իր խոսքը, մյուս երկու դատավորները ձեռնպահ մնացին ասվածը լրացնելուց, և խորհուրդը հեռացավ որոշում կայացնելու:

Դահլիճում ներկա գտնվողները ոտքի կանգնած լսեցին դատավորներիս կարգապահական տույժի ենթարկելու մասին արդարադատության նախարարի միջնորդության մերժումն ամրագրող որոշումը:  Այսպիսով, կորոնավիրուսի երրորդ փորձությունը մնաց սոսկ որպես ձախողված փորձ ու որևէ կերպ չախտահարեց ինձ, իսկ դուք ասում եք, թե աստված երրորդություն է սիրում:  Աստված սիրում է միայն հավատացյալներին ու երրորդություն` լավ, թե վատ, պարգևում է միայն նրանց:

Մնաց միայն մեկ հարց.  ինչպե՞ս լուծվեց իմ փաստաբանի վարձատրության հարցը:  Դժբախտաբար, այս հարցում խորհուրդն իր անձեռնհասությամբ գերազանցեց նախարարին, պատճառաբանելով, թե պայմանագրում գինը նշված չէ:  Իհարկե, խորհրդի անդամներն ընկալել էին իմ փաստարկները, և նրանց պատճառաբանությունը մանկական շուտասելուկի էր նման, բայց ունենք այն, ինչ ունենք:  Խորհուրդը խուսափել էր պետական բյուջեից իմ փաստաբանի օգտին գումար բռնագանձելուց, իսկ պատճառն այն էր, որ նախադեպ չստեղծվի, ինչպես հետագայում ինձ ստիպված խոստովանեց խորհրդի անդամներից մեկը:  Դե ինչ, նրանք հավատացյալ են և աստծո հետևորդները, թող աստված նրանց արածը սիրով երկրորդի և երրորդի հենց իրենց նկատմամբ:

Leave a Reply