Ամեն ընթերակա վկա է, բայց ամեն վկա ընթերակա չէ: Ընթերական տիտղոսով վկա է և տիտղոսը ստանալուն պես արդեն գիտի, թե գալիք ինչ որոշակի իրադարձության վկան է լինելու: Օրենքով սահմանված դեպքերում այդ տիտղոսը նրան տրվում է հենց նախապատրաստվող իրադարձության վկան լինելու համար, և քանի դեռ այդ տիտղոսը շնորհված չէ կոնկրետ անձի, իրադարձությունը տեղի ունենալ չի կարող: Ընդ որում, ընթերակայի տիտղոսը ստանալու համար անհրաժեշտ է բավարարել որոշակի պահանջներ և համապատասխանել որոշակի պայմանների: Այս առումով ընթերական որոշակի մրցույթի հաղթողն է, և այդ հաղթանակը շնորհվում է այն անձին, ով հաստատապես չեզոք է այն ամենի նկատմամբ, ինչը նախապատրաստվում է, և այն բոլոր անձանց նկատմամբ, ովքեր այս կամ այն կերպ մասնակից են լինելու դրան: Կարճ ասած` ընթերական անաչառ դիտորդ է, ում տեսածով և լսածով հավաստվելու է այն, ինչը նախապատրաստվում է կատարել և դրա արդյունքները: Այս հնարքն օգտագործվում է իրավապահ և որոշակի այլ պետական մարմինների այնպիսի գործառույթները և դրանց արդյունքներն ու այլ մանրամասները կասկածից զերծ պահելու համար, ինչպիսիք են, օրինակ, խուզարկությունը, հսկիչ գնումը և այլն: Որպես կանոն, ընթերական ամեն անգամ ընտրվում է նախապատրաստվող իրադարձությունից անմիջապես առաջ` տվյալ միջավայրում ներկա գտնվող անձանցից, և իրադարձության ավարտից հետո ընթերական հրաժեշտ է տալիս իր տիտղոսին, այսինքն` ընթերակայի տիտղոսը շարունակական չէ: Կարծում եմ, որ այսքանը բավական է ընթերակայի մասին շոշափելի պատկերացում կազմելու համար:
Չմոռանամ ասել նաև, որ լավ կլինի, որ ընթերական միշտ զվարթ լինի: Դե ինչ, եկեք դիմավորենք ընթերականերից ամենաԶվարթին:
ՀՀ տնտեսական դատարանի յոթ դատավորներից մեկը ես էի: Այդ դատարանում քննվող գործերի գերակշռող մասը հարկային մարմինների մասնակցությամբ գործեր էին, որոնց շարքում զգալի տեղ էին զբաղեցնում հարկային մարմինների կողմից տնտեսավարող սուբյեկտների մոտ հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ստուգումների հետ կապված գործերը: Այդ ստուգումներն իրականացվում էին ընթերակաների ներգրավմամբ, ովքեր ստուգումների կապակցությամբ կողմերի միջև վեճ ծագելու դեպքում իրենց ցուցմունքով ժխտում կամ հաստատում էին հարկային մարմնի աշխատակիցների կողմից հսկիչ գնում (գնում կատարող անձի քողարկմամբ կատարվող գնում) կատարված և դրանից հետո տնտեսավարողի կողմից գնում կատարած անձին հսկիչ-դրամարկղային կտրոն տրամադրված լինելու կամ չլինելու փաստերը: Այսպիսի ստուգումները ծառայում էին տնտեսավարողների կողմից կատարվող բոլոր գործարքների հաշվառումն ապահովելու և հսկիչ-դրամարկղային մեքենայի շրջանցմամբ գործարքներ կատարողներին բացահայտելու, նրանց պատասխանատվության ենթարկելու և նաև այդ կերպ հարկային պարտավորությունների անօրինական նվազեցումն ու քողարկումը բացառելու նպատակին:
Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ստուգումների հետ կապված գործերն աչքի չէին ընկնում բարդությամբ և իրարից շատ չէին տարբերվում: Դրանք շարքային և անարժանահիշատակ գործեր էին: Բայց եկավ մի ժամանակաշրջան, երբ այդ գործերի շարքում ես սկսեցի առանձնահատուկ ուշադրություն դարձնել Երևանի Էրեբունի համայնքի տարածքային հարկային տեսչության աշխատակիցների կողմից կատարված համապատասխան ստուգումներին առնչվող գործերին, և դա ուներ իր տեսանելի պատճառը: Բանն այն է, որ նշածս գործերի մեծ մասով ստուգմանը որպես ընթերակա մասնակցած անձը նույն Զվարթ Կարապետյանն էր: Երկու անգամ նույն գետը մտնել չես կարող, բայց Էրեբունու տարածքային հարկային տեսչությունում կամ չէին լսել այս ասացվածքը, կամ այն ընկալել էին իրենց կողմից վերախմբագրված իմաստով, համարելով, որ պարբերաբար տարբեր տնտեսավարողների մոտ իրականացվող ստուգումներում ընդգրկվելով որպես ընթերակա, Զվարթ Կարապետյանը տարբեր գետեր է մտնում:
Իմ ընկալումը բոլորովին այլ էր` Զվարթ Կարապետյանը կարծես դարձել էր հաստիքային ընթերակա և գրեթե ամեն անգամ «պատահաբար» հայտնվում էր այնտեղ, որտեղ Էրեբունու տարածքային հարկային տեսչության աշխատակիցները ձեռնամուխ էին լինում հսկիչ-դրամարկղային մեքենայի կիրառման ստուգման: Երբ Զվարթ Կարապետյանը դարձավ ընթերակայի կերպար, և նրա անվանը սկսեցի հանդիպել ավելի հաճախ, քան դա կարող էր լինել պատահական համընկնումների դաշտում, որոշեցի վերջնականապես փարատել կասկածներս և պարզել Զվարթ Կարապետյանի առեղծվածային ինքնությունը: Կայուն կերպով ձևավորված թնջուկը լուծման կարիք ուներ, և ես անհամբերությամբ սպասում էի հերթական գործին: Այն երկար սպասեցնել չտվեց:
Ծանոթանալով նոր ստացված` Էրեբունու տարածքային հարկային տեսչության մասնակցությամբ գործի փաստաթղթերին և տեսնելով Զվարթ Կարապետյանի անունը, ես նշանակված դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցագիր ուղարկեցի ոչ միայն տեսչությանը, այլև անձամբ Զվարթ Կարապետյանին` որպես վկայի:
Դատական նիստին ներկայացան ստուգումն իրականացրած երկու տեսուչները և տնտեսավարողի ներկայացուցիչը: Զվարթ Կարապետյանը չէր ներկայացել: Նա երևի մտածել էր, որ դատական նիստի ընթացքում հսկիչ-դրամարկղային մեքենայի կիրառման ստուգում չի իրականացվելու, և իր կարիքը չի զգացվելու. ինքը ծնվել էր որպես ընթերակա և պետք է ապրեր ու մեռներ որպես ընթերակա, ի՜նչ գործ ուներ դատարանում:
Տվյալ դատական նիստում ես լսեցի կողմերի ներկայացուցիչների բացատրությունները, հետազոտեցի գրավոր ապացույցները, այդ թվում` ընթերակային վերաբերվողները: Հարկային տեսչության ներկայացուցիչները պնդեցին, որ ստուգումն իրականացվել է ընթերակա Զվարթ Կարապետյանի մասնակցությամբ, իսկ տնտեսավարողի ներկայացուցիչը հայտնեց, որ Զվարթ Կարապետյանի ընդգրկվածության մասին տեղեկություններ չունի: Ես գործի քննությունը հետաձգեցի և նշանակեցի նոր դատական նիստ: Միաժամանակ ես կայացրեցի Զվարթ Կարապետյանին դատական նիստին բերման ենթարկելու մասին որոշում և համապատասխան կատարողական թերթն ուղարկեցի դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը:
Եկավ հերթական դատական նիստի օրը:
Երբ մոտեցա դատական նիստերի դահլիճին, դռան մոտ կանգնած էին երկու տղամարդ` դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության համազգեստով, և մի կին, ով ամենևին զվարթ չէր, բայց ամենայն հավանականությամբ Զվարթ Կարապետյանն էր: Ավելի ուշ դա հաստատվեց. նրան բերման էին ենթարկել: Ինձնից քիչ հետո նրանք մտան դահլիճ: Կնոջն ուղեկցող տղամարդիկ ներկայացրեցին Զվարթ Կարապետյանին և նրա հետ միասին տեղ զբաղեցրին դահլիճում` նրա աջ և ձախ կողմերում: Նրանք պարտավոր էին ապահովել Զվարթ Կարապետյանի ներկայությունը մինչև դատական նիստի ավարտը:
Դատական նիստին ներկայացել էր տնտեսավարողի ներկայացուցիչը: Հարկային տեսչության որևէ ներկայացուցիչ, մասնավորապես` ստուգումն իրականացրած երկու տեսուչները, դատական նիստին չէին ներկայացել, բայց դա դատական նիստի անցկացման խոչընդոտ չէր ինձ համար, քանի որ ես արդեն լսել էի նրանց բացատրությունները, և դրանց արձանագրություններն առկա էին գործում: Տվյալ դատական նիստի ողջ նշանակությունը հանգում էր ընթերակա Զվարթ Կարապետյանի, որպես վկայի, ցուցմունքը լսելուն և նրան հարցաքննելուն, ինչի հնարավորությունն արդեն ապահովված էր:
Իմ կանչով Զվարթ Կարապետյանը մոտեցավ ամբիոնին: Առաջին բանը, որ նա պետք է աներ և արեց իմ ցուցումով, այն փաստաթուղթը ստորագրելն էր, որով հավաստվում էր, որ դատարանի կողմից նրան բացատրվել են նրա իրավունքներն ու պարտականությունները և դրանք չկատարելու հետևանքները, մասնավորապես` սուտ ցուցմունք տալու համար քրեական պատասխանատվության սպառնալիքը: Դրանք իմ կողմից չէին բացատրվել, բայց այն դիտավորությամբ, որ ստուգեմ Զվարթ Կարապետյանի ինտելեկտը, պատասխանատվության զգացումը, ինքնաապաշտպանության բնազդի առկայությունը, սեփական գործողությունների նշանակության գիտակցման մակարդակը, մեխանիկորեն փաստաթուղթ ստորագրելու հակումը և այլն: Փաստաթուղթը Զվարթ Կարապետյանի կողմից ստորագրվեց առանց կարդալու` մեխանիկորեն, ինչն արդեն շատ բան էր ասում նրա մասին: Իհարկե, փաստաթղթի ստորագրումից հետո ես նրան բացատրեցի նրա իրավունքներն ու պարտականությունները, հատուկ շեշտադրմամբ նախազգուշացնելով սուտ ցուցմունք տալու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, ապա` ստուգողական հարց տվեցի այն մասին, թե արդյո՞ք ամեն ինչ պարզ ու հասկանալի էր նրա համար, և արդյո՞ք լրացուցիչ պարզաբանումների կարիք կար: Ըստ Զվարթ Կարապետյանի պատասխանի` նրա համար ամեն ինչ պարզ էր, չնայած ես համոզված էի, որ ոչ միայն նրա համար ոչինչ էլ պարզ չէր, այլև նա չէր էլ լսել ու ընկալել այն ամենը, ինչ նրան պարզաբանվել էր: Նրա դեմքին վախ և տագնապ էին դրոշմված, ձայնը հազիվ էր լսվում, ձեռքերը դողում էին: Նրա գլխում միայն մեկ միտք էր պտտվում` հնարավորինս շուտ ավարտել ամեն ինչ և մի կերպ դուրս պրծնել դատական դժոխքից, բայց ես չէի շտապում. ամեն օր Զվարթին տեսնելու և լսելու առիթ չէի ունենալու:
Ես Զվարթ Կարապետյանին ուղղեցի նրա անձնական տվյալներին վերաբերող հարցերը, և դրանցից մեկի պատասխանը համոզմունքիս ձևավորման հարցում այլևս կասկածներ չթողեց: Կարո՞ղ եք գուշակել, թե ինչի մասին է խոսքը: Ճիշտ է, ես էլ էի այդպես գուշակել. պարզվեց, որ Զվարթ Կարապետյանն աշխատում էր Էրեբունու տարածքային հարկային տեսչությունում` որպես մաքրուհի, և այս խոսուն փաստն արդեն իսկ գործի կեսն էր: Հիմա անցնենք գործի մյուս կեսին:
Ես Զվարթ Կարապետյանին առաջարկեցի պատմել այն ամենը, ինչն իրեն հայտնի էր տվյալ գործով քննության առարկա հանդիսացող ստուգման մասին, ինչպես նաև նկարագրել, թե կոնկրետ ինչ հանգամանքներում և ինչպես է ինքն ընդգրկվել որպես ընթերակա:
Զվարթ Կարապետյանն սկսեց խոսել այնպես, ինչպես դպրոցական աշակերտը` անգիր արած տեքստն արտասանելիս: Ակնհայտ էր, որ դատական նիստից առաջ նա հատուկ հրահանգավորում էր անցել, և նրան սովորեցրել էին, թե ինչի մասին խոսի և ինչ ասի: Ավա՜ղ, հրահանգավորողները չգիտեին, թե Զվարթ Կարապետյանի ազատ ցուցմունքից հետո ես նրան ինչ հարցեր կուղղեի, իսկ այդ հարցերը բազմաթիվ էին ու խճճող: Զվարթ Կարապետյանն սկսեց կմկմալ ընդհուպ մինչև այն պահը, երբ ես նրան հարցրեցի նախկինում որպես ընթերակա հանդես եկած լինելու կամ չլինելու մասին: Այս հարցի պատասխանը Զվարթի ոչ զվարթ լռությունն էր: Ի՜նչ արած, մարդը չգիտեր պատասխանը, ոչ ոք նրան չէր սովորեցրել այն, և անհրաժեշտ էր օգնել նրան: Իսկ ինչպե՞ս: Իհարկե, հարցեր տալու միջոցով և ոչ միայն: «Ոչ միայն»-ը նախընտրելի էր ինձ համար, և ես սկսեցի սեղմել օղակը:
Ես Զվարթ Կարապետյանին ասացի, որ ՀՀ տնտեսական դատարանի և, մասնավորապես, իմ կողմից քննված գործերի շրջանակներում հանրահայտ է և ապացուցման կարիք չունի այն փաստը, որ Էրեբունու տարածքային հարկային տեսչության աշխատակիցների կողմից հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ստուգումներին բազմաթիվ դեպքերում որպես ընթերակա մասնակցել է Զվարթ Կարապետյանը, ապա` հարց ուղղեցի նրան. «Արդյո՞ք իմ նշած դեպքերում որպես ընթերակա հանդես եկած Զվարթ Կարապետյանը Դուք եք, թե՞ նա եղել է նույն անվամբ մեկ այլ անձնավորություն»: Հարցիս հետևեց այն նախազգուշացման կրկնությունը, որը վերաբերվում էր սուտ ցուցմունք տալու համար քրեական պատասխանատվությանը: Զվարթ Կարապետյանը կարծես ուրիշ մարդ դարձավ: Նրա հիշողությունից ջնջվեցին հրահանգիչների ասածները, և վերջապես նա սկսեց պատմել ճշմարտությունը: Ամեն ինչ շրջվեց գլխիվայր: Թերևս, դրան նպաստեց նաև ստուգումն իրականացրած երկու տեսուչների` հավանական հրահանգիչների, բացակայությունը, կամ էլ Զվարթ Կարապետյանը կշեռքի մի նժարին դրեց աշխատանքից ազատման հնարավոր վտանգը, իսկ մյուսին` սուտ ցուցմունք տալու համար քրեական պատասխանատվության իրական սպառնալիքը, համոզվեց, որ երկրորդ նժարի բեռն ավելի ծանր է, և նախապատվությունը տվեց աշխատանքից հնարավոր ազատմանը. մաքրուհու աշխատանք այլ տեղ էլ կգտներ, բայց քրեական պատասխանատվությունից չէր կարող մաքրվել, ինչքան էլ բարձրակարգ մաքրուհի լիներ:
Եվ այսպես, Զվարթ Կարապետյանն սկսեց խոստովանել: Իրականում շատ բան էլ չկար խոստովանելու, բայց այն, ինչ նա ասաց, վերջակետ դրեց գործի քննությանը: Էլ ի՞նչը քննես, եթե ընթերական խոստովանում է, որ ամեն անգամ գրվել է իր անունը և ազգանունը, բայց ինքն ընդհանրապես ոչ մի ստուգման չի մասնակցել, այդ թվում` տվյալ գործի քննության առարկան հանդիսացող ստուգմանը, ականատես չի եղել որևէ հսկիչ գնման և չի կարող ասել, թե որ դեպքում է տնտեսավարողի կողմից գնորդին հսկիչ-դրամարկղային կտրոն տրամադրվել, և որ դեպքում` ոչ: Զվարթ Կարապետյանը գաղափար չուներ անգամ այն մասին, թե ինչ բան է հսկիչ գնումը, և ինչպես պետք է կիրառվեր հսկիչ-դրամարկղային մեքենան: Ինչ վերաբերվում է փաստաթղթերը որպես ընթերակա ստորագրելուն, ապա Զվարթ Կարապետյանը խոստովանեց, որ դրանք ստորագրել է հարկային տեսչությունում` տեսուչների աշխատասենյակներում, նրանց ցուցումով, և երբևէ չի էլ իմացել, թե ինչ է ստորագրում և ինչու: Նրան պարզապես ցույց են տվել, թե որտեղ ստորագրի, և երաշխավորել են, որ իր համար երբևէ որևէ բացասական հետևանք չի առաջանա, և որևէ մեկը երբևէ չի հետաքրքրվի նրա ստորագրություններով: Բայց փուչիկը չես կարող անընդհատ փչել, ինչ-որ մի պահի այն կպայթի: Հարկային տեսուչների փչած փուչիկը ևս պայթեց, այն էլ` դատարանում: Զվարթ Կարապետյանի դեմքից երևում էր, որ նա իրեն խաբված է զգում և վիրավորված է այն բանից, որ խաղալիք է դարձել հարկային տեսուչների ձեռքում, բայց արդեն ուշ էր: Միգուցե նրա խոստովանությունը պայմանավորված էր ինչ-որ կերպ վրեժխնդիր լինելու ցանկությամբ, ո՜վ գիտի, իսկ միգուցե նա ինքը որոշեց այլևս չաշխատել նման մարդկանց շրջապատում և հեռանալ` դուռը շրխկացնելով, սա էլ ոչ ոք չիմացավ, բայց Զվարթ Կարապետյանի անկեղծանալու ներքին շարժառիթը կարևոր էլ չէր գործի լուծման համար: Կարևոր էր այն, որ նրա ցուցմունքով հաստատվեց հարկային տեսուչների կողմից տնտեսավարողի մոտ ստուգումն օրենքի խախտումներով և կեղծարարությամբ իրականացված լինելու փաստը, և դա միանգամայն բավարար էր գործը տնտեսավարողի օգտին լուծելու համար, ինչն էլ արեցի կայացրածս վճռով, որը նույնիսկ չբողոքարկվեց ու մտավ օրինական ուժի մեջ:
Ես ավարտեցի:
Կյանքը հերթական անգամ ցույց տվեց, որ ժողովրդի դարավոր փորձառությունից ծնված ասացվածքները ճշմարիտ են, և դրանց խրատական իմաստն ու նշանակությունն արհամարհելը բումերանգի նման հարվածում է արհամարհողին: Տվյալ դեպքում այդպիսի հարված ստացավ ոչ թե Զվարթ Կարապետյանը, այլ Էրեբունու տարածքային հարկային տեսչությունը, և «ասա ով է ընկերդ, ասեմ ով ես դու» հայտնի ասացվածքի կողքին ծնվեց ու Էրեբունու տարածքային հարկային տեսչության ճակատը խարանեց դրա նմանակը`
«եթե ընթերակադ Զվարթ Կարապետյանն է, ուրեմն դու Էրեբունու տարածքային հարկային տեսչության տեսուչ ես»:



