Ես հավատացյալ չեմ և Աստվածաշունչը չեմ կարդացել, բայց լսել եմ, որ այնտեղ գրված է` մի դատիր, որ չդատվես: Տարօրինակ ու ինձ համար անընդունելի խոսքեր են: Իսկ ի՞նչ է, ով դատում է, ինքն է՞լ հետո պարտադիր դատվում է, թե՞ դատավորներն ինքնահռչակ անձինք են ու մեղք են գործում` մեղավորներին դատելով: Միգուցե պետք է վերացնել արդարադատության համակարգը և սրբադասե՞լ ոճրագործներին: Ոչ, ավելի լավ է առավել խստացնել այդ համակարգը և դատելու իրավունքը վերապահել միայն բացառիկ անձանց, ովքեր կդատեն ու չեն դատվի, քանզի երբեք թույլ չեն տա դատվելու արժանի արարք: Արդարության առաքյալներ, դատեք արդար և չեք դատվի: Եվ ամենակարևորը, ուրիշներին դատելուց առաջ դատեք ինքներդ Ձեզ, Ձեր մեջ սերմանեք օրինապաշտությունը և Ձեր կենսակերպով օրինակ ծառայեք մյուսներին: Հիշեք, բոլորն ազատ են իրենց բռունցքն օդում ճոճելու հարցում, բայց այդ ազատությունն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է դիմացինի քիթը:
Ես վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր էի և արդեն դատել էի բավական շատ` մեկ տասնամյակից ավելի, երբ դուռս թակեց Աստվածաշնչի խոսքը, ավելի ճիշտ` այդ խոսքի խոսնակը: Ես դուռս բացեցի և անմիջապես մարտահրավեր նետեցի նրան: Մենամարտը կայացավ և տևեց ամիսներ, բայց ի վերջո Աստվածաշնչի խոսնակը մեղայականով ծնկի եկավ իմ առաջ, իսկ ես չդատվեցի, այլ շարունակեցի դատել ու դատել:
Ուզում եմ համոզվեք, որ չեմ ճամարտակում, ուստի ամեն ինչ կպատմեմ հերթականությամբ:
Իմ նախագահությամբ քննվող գործերով դատական նիստերը ես նշանակում էի շաբաթվա 1 օր` հինգշաբթի օրը, 7-8 նիստ իրար հետևից: Նիստերի միջև ընկած ամենամեծ միջակայքը չէր գերազանցում 1 րոպեն և ծառայում էր սոսկ այն բանին, որ ավարտված նիստով կողմերին փոխարինեն սկսվելիք նիստով կողմերը: Դա շատ ժամանակ չէր պահանջում: Դատական նիստերի նախորդ օրը լիարժեք ծանոթանում էի քննվելիք գործերին, և յուրաքանչյուր գործով վերաքննիչ բողոքի քննությունն էլ երկար չէր տևում` 10-20 րոպե:
Հերթական հինգշաբթի օրն էր: Առաջին բանը, որ առավոտյան աշխատասենյակս մտնելուն պես ինձ ասաց գործավարս, այն էր, որ ներքին հեռախոսով, այսինքն` դատարանի շենքի ներսից, զանգահարել էր մի տղամարդ, ներկայացել որպես Արցախից ժամանած փաստաբան և ինձ հետ հանդիպելու ցանկություն հայտնել: Այդ ժամանակ դատավորների և նրանց աշխատակազմերի զբաղեցրած հարկաբաժիններն արդեն մեկուսացված էին դատական նիստերի հարկաբաժիններից, և քաղաքացիները չէին կարող մուտք գործել այնտեղ առանց դատավորի կարգադրությամբ տրված անցագրի, ընդ որում, դատավորն էլ անձնական պատասխանատվություն էր կրում իր արտոնած յուրաքանչյուր անցագրի համար, քանի որ իրավունք չուներ առանձին հանդիպել դատարանի վարույթում գտնվող գործերով կողմերից մեկի կամ մյուսի հետ:
Ես արդեն հագել էի պատմուճանս և պատրաստվում էի իջնել դահլիճ` իմ նախագահությամբ նիստերը վարելու համար, ուստի գործավարիս խորհուրդ տվեցի, որ եթե արցախցի փաստաբանը կրկին զանգի, ապա նրան առաջարկի գալ դահլիճ և այնտեղ հանդիպել ինձ հետ: Ուսանողական տարիներին ունեցել եմ արցախցի համակուրսեցիներ, և չէի բացառում, որ ինձ հետ հանդիպել ցանկացողը կարող էր լինել նրանցից մեկը` օգտագործելով Երևանում գտնվելու առիթը:
Ես և դատական կազմի մյուս երկու դատավորները մտանք դահլիճ և զբաղեցրինք մեր տեղերը: Դահլիճը մարդաշատ էր, քննվելիք բոլոր գործերով կողմերը և նրանց փաստաբանները ներկայացել էին, բայց նրանց շարքում ես ծանոթ դեմք չտեսա և անմիջապես անցա պարտականություններիս կատարմանը: Մի քանի նիստ ավարտելուց հետո հանկարծ մտքովս անցավ, որ Արցախից ժամանած փաստաբանը երևի պետք է վերադառնա Արցախ, և կարիք չկա նրան երկար սպասեցնել դահլիճում, առավել ևս, որ չգիտեի, թե ինչ հարցով է նա ցանկանում հանդիպել ինձ հետ. ես Արցախում մայրական կողմից հարազատներ ունեի և մտածում էի, որ հարցը կարող էր նաև կապված լինել նրանց հետ:
Ընթացիկ նիստը փակված հայտարարելուց հետո ես դիմեցի դահլիճում ներկաներին. «Ձեր շարքերում կա՞ Արցախից ժամանած փաստաբան, ով ցանկանում է ինչ-որ հարցի շուրջ խոսել ինձ հետ»:
Ոտքի կանգնեց տղամարդու արտաքինով 45-50 տարեկան կարճահասակ անծանոթ մեկը, որը, ինչպես պարզվեց հետո, տղամարդ կոչվելու իրավունք չուներ. «Այդ փաստաբանը ես եմ, կարո՞ղ եմ առանձին խոսել Ձեր հետ»:
Ես գործընկերներիս խնդրեցի փոքր-ինչ շունչ քաշել և որպես արցախցի փաստաբան ներկայացած աձին հրավիրեցի դահլիճից դուրս` միջանցքում նրան առանձին լսելու:
Առանց պատշաճ ներկայանալու, անծանոթն անմիջապես սկսեց իր խոսքը. «Քիչ առաջ Դուք քննեցիք մի խեղճ կնոջ գործ` 7200 ԱՄՆ դոլարի պահանջի մասին: Այդ կինն իմ բարեկամն է: Նրան խաբել են: Խնդրում եմ օգնել նրան: Առաջին ատյանի դատարանը նրա օգտին է լուծել գործը և ամբողջությամբ բավարարել է նրա պահանջը, բայց մյուս կողմը վերաքննիչ բողոք է ներկայացրել: Խնդրում եմ մերժել այդ բողոքը և վճիռը թողնել ուժի մեջ»:
Ես միանգամից մտաբերեցի գործն ու դրա մանրամասները: Գործը միանշանակ սխալ էր լուծված, և վճիռը ենթակա էր բեկանման, քանի որ 7200 ԱՄՆ դոլարից 4200-ի մասով արդեն իսկ մեկ այլ գործով օրինական ուժի մեջ մտած վճիռ կար, և իմ վարույթում գտնվող գործով այդ նույն գումարի ճակատագրին որևէ անդրադարձ կատարվել չէր կարող, ու գործն այդ մասով ենթակա էր կարճման: Ինչ վերաբերում է մնացած 3000 ԱՄՆ դոլարին, ապա դրա մասով առաջին ատյանի դատարանը պատշաճ քննություն չէր կատարել, և գործն այդ մասով ենթակա էր նոր քննության, ինչը նշանակում էր, որ վճիռը ենթակա էր բեկանման ամբողջությամբ, այսինքն` ի վնաս ինձ դիմած անծանոթի կողմից որպես իր բարեկամուհին ներկայացված կնոջ:
Ես իհարկե գործի ճակատագրի մասին ոչինչ չասացի անծանոթ միջնորդին, բայց երկու հարց տվեցի նրան:
«Ասացեք խնդրեմ, Դուք իսկապե՞ս փաստաբան եք», սա առաջին հարցն էր, որին տրվեց հաստատական պատասխան:
«Այդ դեպքում ասացեք, թե Դուք ինչպե՞ս եք պատկերացնում այդ կնոջն օգնելը, դրա իրավական ճանապարհը ո՞րն է», սա էլ երկրորդ հարցն էր, որի պատասխանը հնչեց կմկմոցով, «Դե, ես չգիտեմ, Դուք ինձնից ավելի լավ կիմանաք»:
Ամեն ինչ պարզ էր, դիմացինս շարքային միջնորդ էր, բայց թե ինչ շահագրգռվածությամբ, մտքովս անգամ չանցավ:
«Ուշադիր լսեք», դիմեցի ես նրան, «Դուք ինքներդ ընդունեցիք, որ ես Ձեզնից ավելի լավ գիտեմ, թե ինչ և ինչպես անել: Դուք չեք սխալվել: Միայն հիշեք, որ ես ինչ էլ անեմ, դա լինելու է իրավունքի դաշտում` օբյեկտիվ և անաչառ մոտեցմամբ, իսկ թե ում օգտին կլինի այդպիսի դատական ակտը, կիմանաք, երբ այն հրապարակվի: Հիմա գնացեք և զբաղվեք Ձեր գործերով, Դուք այստեղ անելիք չունեք»:
Մեր զրույցը տևեց շատ կարճ` ընդամենը 1 րոպե: Ես միջանցքից վերադարձա դահլիճ և շարունակեցի իմ գործը: Այդ օրն արտառոց ոչինչ չպատահեց, և ես մոռացա արցախցուն էլ, նրա խնդրանքն էլ, առավել ևս, որ այդ խնդրանքը, ումից էլ այն ելներ, չէր կարող ինձ շեղել օբյեկտիվ, անկողմնակալ ու անաչառ դատավորի երդումից:
Այդ օրն ավարտված գործերով կայացված դատական ակտերը հրապարակվեցին օրենքով սահմանված 15-օրյա ժամկետում: Դրանց շարքում էր նաև այն դատական ակտը, որի մասին ակնկալիքներ էր ներկայացնում արցախցին: Նրա ակնկալիքը չիրականացավ. վճիռն ամբողջությամբ բեկանվեց, 4200 ԱՄՆ դոլարի մասով գործի վարույթը կարճվեց, իսկ մնացած գումարի մասով գործն ուղարկվեց առաջին ատյանի դատարան` նոր քննության: Այս դատական ակտը նույնիսկ չբողոքարկվեց և մտավ օրինական ուժի մեջ, բայց դրան զուգահեռ տեղի ունեցան իրադարձություններ, որոնք, շատերի թյուր համոզմամբ, ինձ իբր կանգնեցրին Աստվածաշնչյան խոսքի առաջ:
Դատական ակտի հրապարակումից օրեր անց ինձ զանգահարեց Ներքին գործերի նախարարությունում աշխատող ընկերներիցս մեկը և հայտնեց, որ ՆԳՆ ամփոփագրում տեղ է գտել ինձ վերաբերող մի տեղեկություն, ըստ որի` ես իբր 1000 ԱՄՆ դոլարի չափ կաշառք եմ ստացել: Նույնաբովանդակ հաղորդագրություններ հայտնվեցին նաև թերթերում: Իմ շրջապատում շատերը սկսեցին խուսափել ինձ հետ շփվելուց: Նրանց թվում էր, թե իմ երգն արդեն երգված է, քրեական պատիժն էլ` անխուսափելի, իսկ այդ պատժի նվազագույն սահմանը 7 տարի ժամկետով ազատազրկումն էր: Որպեսզի ընտանիքիս անդամները կողմնակի ու կասկածելի աղբյուրներից չիրազեկվեն ինձ սպառնացող քրեական վարույթի մասին ու խուճապի չմատնվեն, ես ինքս տեղեկացրի նրանց իմ դեմ ուղղված հրապարակումների մասին ու պահանջեցի հանգիստ սպասել, բացատրելով, որ կատարվածն ընդամենը թյուրիմացություն է կամ ակնհայտ սուտ մատնություն, և որ երկուսի վերջն էլ կլինի այնպես, ինչպես հանրահայտ չարի վերջը:
Շատ չուշացավ նաև Հատուկ քննչական ծառայության կարևորագույն գործերով քննիչի պաշտոնական զանգը: Նա ներկայացավ և ցանկություն հայտնեց ծանոթանալ հենց այն գործին, որով միջամտության ձախողված փորձ էր կատարվել արցախցու կողմից: Գործը դեռևս գտնվում էր իմ տիրապետության տակ, և ես նրան առաջարկեցի գալ դատարան ու ծանոթանալ դրան: Նույն օրը երեկոյան քննիչը եկավ դատարան: Ես նրան ընդունեցի իմ աշխատասենյակում և գործը հանձնեցի նրան` տեղում ծանոթանալու համար, ինչից հետո խնդրեցի պարզաբանել, թե ինչ է կատարվում: Քննիչը գիտակցում էր, որ գործ ունի դատավորի հետ, և շատ զուսպ ու կոռեկտ էր պահում իրեն. մեր զրույցը կայացավ: Այդ պահի դրությամբ պարզվեց հետևյալը:
Գործով հայցվորը` արցախցու այսպես կոչված բարեկամուհին, ով, ինչպես պարզվեց հետագայում, ամենևին էլ նրա բարեկամուհին չէր, ոստիկանությանը հաղորդում էր ներկայացրել այն մասին, որ ինչ-ինչ հանգամանքների բերումով իր հետ ծանոթացած և իր գործի մասին իրազեկված արցախցին իրենից պահանջել և ստացել էր 1000 ԱՄՆ դոլար, ասելով, թե այդ գումարը հանձնելու է ինձ` գործի բարենպաստ լուծումն ապահովելու համար: Իր համար անբարենպաստ դատական ակտի հրապարակումից հետո կինը դիմել էր արցախցուն և պահանջել էր ոչ միայն ներկայացնել ձախողման բացատրությունը, այլև վերադարձնել իր տված գումարը: Խուսափելով գումարը վերադարձնելուց, արցախցին խոստացել էր առաջին ատյանի դատարանից մինչև վճռաբեկ դատարան ապահովել գործի բարենպաստ ընթացքը և դրա համար պահանջել էր ևս 2000 ԱՄՆ դոլար: Կինը վրդովվել էր և հուսախաբ վիճակում դիմել էր ոստիկանություն: Այնտեղ նրան տվել էին մշակված 2000 ԱՄՆ դոլար և հանձնարարել էին այդ գումարը հանձնել արցախցուն` ստեղծելով պատրանք նրա հետ երբեմնի ունեցած հանցավոր համագործակցությունը վերականգնելու վերաբերյալ: Կնոջ կողմից գումարն արցախցուն հանձնվելու պահին հայտնվել էին ոստիկանության աշխատակիցները, ձերբակալել էին արցախցուն և տարել ՆԳՆ 6-րդ վարչություն: Հարցաքննության ժամանակ արցախցին ցուցմունք էր տվել այն մասին, թե իբր սկզբնապես կնոջից ստացած 1000 ԱՄՆ դոլարը հանձնել է ինձ` որպես կաշառք, գործը կնոջ օգտին լուծելու համար: Այս ցուցմունքի հիման վրա հարուցվել էր քրեական գործ և ուղարկվել Հատուկ քննչական ծառայություն` նախաքննության իրականացման համար: Ահա թե ինչին էին վերաբերվում ինձ մեղսագրող հրապարակումները, և ինչի համար էր քննիչը հայտնվել իմ աշխատասենյակում:
Հրաժեշտից առաջ քննիչը փոքր-ինչ վարանելով ասաց. «Գիտե՞ք, երևի կարիք կլինի, որ Դուք ցուցմունք տաք որպես վկա»: «Իհարկե կտամ, միայն թե ինչքան շուտ, այնքան լավ», վստահ ձայնով ու լայն ժպիտով պատասխանեցի ես: Չգիտես ինչու, քննիչին թվում էր, թե ես կխուսափեմ ցուցմունք տալուց, թերևս, նա կարծում էր, թե իմ ձեռքերը մաքուր չեն:
Վրա հասավ այն օրը, երբ քննիչը զանգահարեց ինձ և հրավիրեց Հատուկ քննչական ծառայություն` ցուցմունք տալու: Ես անմիջապես հետաձգեցի բոլոր անելիքներս և շատ չանցած նստած էի քննիչի առաջ: Բացելով հարցաքննության արձանագրության ձևաթուղթը, քննիչը սկսեց հարցեր տալ ինձ, բայց ես դրանց չպատասխանեցի և առաջարկեցի նախ արձանագրել իմ ցուցմունքի ազատ շարադրանքը: Ես դրա իրավունքն ունեի, և քննիչը ստիպված սկսեց գրի առնել այն, ինչ ես ասում էի իրականության մասին: Ես խոսքս ավարտեցի քննիչին ուղղված հետևյալ հարցով. «Ի՞նչ եք կարծում, ընդամենը 3000 ԱՄՆ դոլարի հավանական սպասելիք ունեցող կինը 1000 ԱՄՆ դոլարի չափ կաշառք է տվել, որպեսզի իր օգտին կայացված վճիռը բեկանվի, և գործն ուղարկվի նոր քննությա՞ն: Ո՞րն է դրա տրամաբանությունը: Կամ ի՞նչ տրամաբանությամբ է ինձ մոտ պարտությունից հետո արցախցին այդ կնոջից պահանջել ևս 2000 ԱՄՆ դոլար: Ո՞ր ողջամիտ մարդը 3000 ԱՄՆ դոլարի չափ կաշառք կտա` 3000 ԱՄՆ դոլար ստանալու համար: Տնտղեք այդ կարճահասակ արցախցուն և կհամոզվեք, որ նա ինչքան գետնի երեսին է, այնքան էլ գետնի տակ է: Իզուր չեն ասում, կոլոտ մարդու կողքով անցնելիս` նրա վզին մի հատ հարվածեք, նա գիտի, թե ինչի համար եք հարվածում»:
Երբ սպառվեցին նաև քննիչի` ինձ ուղղված հարցերն ու դրանց պատասխանները, քննիչն ինձ ծանոթացրեց արցախցու տված ցուցմունքին: Նա պնդել էր, թե կնոջ գործով դատական նիստն ավարտվելուց հետո ինձ հետ միասին եկել է իմ աշխատասենյակը, այնտեղ ինձ է հանձնել 1000 ԱՄՆ դոլարը, և մենք կրկին վերադարձել ենք դատական նիստերի դահլիճ: Արցախցին նույնիսկ գծել էր դատարանի միջանցքի հատակագիծը` նշելով, թե որ մասում է գտնվում իմ աշխատասենյակը, գծել էր նաև աշխատասենյակիս հատակագիծը: Թե՛ մեկը, թե՛ մյուսը սոսկ երևակայության արդյունք էին, և այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ արցախցին չէր եղել ոչ փակ գոտում գտնվող այն միջանցքում, որտեղ իմ աշխատասենյակն էր, ոչ էլ առավել ևս իմ աշխատասենյակում: Ծանոթանալով արցախցու ցուցմունքին, ես հարց ուղղեցի քննիչին. «Հարգելիս, Դուք եղել եք իմ աշխատասենյակում, արդյո՞ք արցախցու գրածը և գծածը համապատասխանում են իրականությանը: Իմ աշխատասեղանին կպած դիմադիր սեղան չկա, ինչպե՞ս է արցախցին տեսել այն: Իմ աշխատասենյակում շուրջ 30 ինքնաթիռի մոդել կա, ինչը Ձեզ ապշեցրեց` սենյակ մտնելուն պես, ինչպե՞ս արցախցին դրանցից ոչ մեկը չի տեսել: Ի վերջո, ես առաջարկում եմ կատարել քննչական փորձարարություն, ընտրել դատական նիստերի միջև ընկած ամենամեծ միջակայքը և փորձել այդ ժամանակահատվածի ընթացքում 4-րդ հարկում գտնվող դահլիճից վազելով հասնել 5-րդ հարկում գտնվող իմ աշխատասենյակին ու վերադառնալ դահլիճ: Եթե ինձ ու արցախցուն դա հաջողվել է անել, ուրեմն կհաջողվի անել նաև Ձեզ, և եթե հաջողվի, ես ձեռքերս կբարձրացնեմ ու կհանձնվեմ»: Քննիչը լռում էր, բայց քիչ անց նա ասաց. «Գիտե՞ք, ինձ մոտ կա համոզմունք, որ արցախցու ասածը համապատասխանում է իրականությանը»: «Դա Ձեր իրավունքն է, շարունակեք քննությունը, բայց մի բան հիշեք: Ես Ձեր հետ հավասար քննություն եմ կատարում, և թող Ձեր մտքով անգամ չանցնի ինչ-որ կեղծ ապացույցներ ստեղծել: Սկսեք իմ առաջարկած փորձարարությունից, ես դահլիճի համակարգչից արդեն էլեկտրոնային սկավառակի վրա եմ գրանցել այդ օրը տեղի ունեցած բոլոր նիստերի ձայնագրությունները, և դրանք հստակ ցույց են տալիս, որ նիստերի միջև եղած ամենամեծ միջակայքը տևում է 1 րոպե, այնպես որ չփորձեք համակարգչում ինչ-որ բան փոխել», ասացի ես ու հիասթափված հրաժեշտ տվի քննիչին:
Հաջորդ օրը ես գրավոր հաղորդում ուղարկեցի ՀՀ գլխավոր դատախազին` առաջարկելով տուժած կնոջ նկատմամբ խարդախության մեղադրանքի հետ միասին արցախցուն առաջադրել նաև իմ նկատմամբ ակնհայտ սուտ մատնության մեղադրանք:
Որոշ ժամանակ անց քննիչն ինձ տեղեկացրեց, որ իմ և արցախցու միջև առերես հարցաքննություն է նշանակել: Եկավ նաև այդ հարցաքննության օրը: Մինչ այդ ես կարծում էի, թե արցախցին կալանավորված է, բայց երբ ներկայացա առերես հարցաքննության, պարզվեց, որ նա ազատության մեջ է և չի ներկայացել հարցաքննության, իսկ նրա պաշտպանն էլ միջնորդել է հետաձգել առերեսումը, պատճառաբանելով, թե նոր է ներգրավվել գործում և ուզում է ծանոթանալ դրա նյութերին: Ես հասկացա, թե արցախցին ինչու է թողնվել ազատության մեջ. թերևս, քննիչը հույս էր ունեցել, որ իմ և արցախցու միջև ինչ-որ հանդիպում կամ այլ շփում կլինի, և իրենք օպերատիվ-հետախուզական միջոցառումների դաշտում կարձանագրեն իմ ենթադրյալ մեղքը հաստատող տվյալներ: Իհարկե, քննիչի հույսերը հօդս ցնդեցին, քանի որ ես արցախցուն ասելիք կամ նրանից լսելիք չունեի:
Առերեսումն այդպես էլ չկայացավ, իսկ նախաքննությունն էլ երկար չտևեց, քանի որ արցախցին հասկացավ, որ անզոր է իմ դեմ: Նա ընդունեց կնոջ նկատմամբ` խարդախություն, իսկ իմ նկատմամբ` ակնհայտ սուտ մատնություն կատարած լինելու փաստերը, և քննիչն այլևս չանհանգստացրեց ինձ. նրան այլ բան չէր մնում անել, քան գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկել դատարան: Բնականաբար, իմ, որպես վկայի, դատավարական կարգավիճակը պահպանվում էր, և ինձ նույնպես ծանուցեցին դատական նիստի ժամանակի և վայրի մասին: Ես բարեխղճորեն ներկայացա դատական նիստին, բայց մնացի դիտորդի կարգավիճակում: Ցուցմունք տալու անհրաժեշտություն չառաջացավ, քանի որ խարդախ արցախցին, ով անընդհատ իր վրա էր զգում իմ այրող հայացքն ու այդպես էլ ոչ մի անգամ չնայեց իմ կողմը, ամեն ինչ արեց հնարավորինս շուտ դատարանի դահլիճը կալանախցով փոխարինելու համար: Նա անվերապահորեն ընդունեց իր մեղքն ինչպես կնոջ հանդեպ խարդախություն, այնպես էլ իմ հանդեպ ակնհայտ սուտ մատնություն կատարած լինելու հարցում, զղջաց կատարածի համար և միջնորդեց կիրառել արագացված դատաքննություն ու անցնել դատավճռի կայացմանը: Այն շատ արագ կայացվեց` երկու հանցավոր արարքների համար ազատազրկում 5 տարի ժամկետով: Սա, իհարկե, շատ մեղմ պատիժ էր` համեմատած այն պատժի հետ, որը ես կստանայի, եթե իսկապես կաշառք վերցրած լինելի, և դա ապացուցվեր: Արցախցու պատիժը շատ մեղմ էր նաև դատաքննության ընթացքում հրապարակված այն փաստի լույսի ներքո, որ ժամանակին աշխատելով Քաշաթաղի տեղական ինքնակառավարման մարմնում` որպես իրավախորհրդատու, նա խարդախություն էր կատարել մի անձի նկատմամբ և դատապարտվել ազատազրկման, բայց պատիժը պայմանականորեն չէր կիրառվել, և սահմանվել էր փորձաշրջան 1 տարի ժամկետով, և այդ ժամկետը դեռևս չլրացած, արցախցին կատարել էր երկու նոր հանցագործություն, խարդախություն` գրպանելով իմ վարած գործով հայցվորից ինձ մատնացույց անելով վերցրած 1000 ԱՄՆ դոլարը, և ակհայտ սուտ մատնություն` իմ դեմ տված այն ցուցմունքով, թե իբր հայցվորից վերցրած 1000 ԱՄՆ դոլարն ինձ է տվել: Երևի դատավճիռը կայացրած դատավորին էլ Աստվածաշնչյան խոսքն այլ կերպ էր հասել` խիստ մի՛ դատիր, որ չդատվես:
Ահա և վերջ, ես դատեցի, բայց չդատվեցի ու շարունակեցի դատել: Ես, անմեղ մեղավորս: Անմեղ, որովհետև կաշառք չէի վերցրել, մեղավոր, որովհետև խարդախ թափթփուկին թույլ էի տվել խոսել ինձ հետ:



