Մեր ժողովրդի մեջ տարածված է այն միտքը, թե 666-ը սատանայական թիվ է: Իմ անձնական փորձով համոզվել եմ, որ դրանում ճշմարտություն կա: Իհարկե, սատանայական բառը ես չեմ օգտագործում կրոնական լեգենդներում օգտագործվող իմաստով, քանի որ հավատացյալ չեմ, բայց այն ընկալում եմ որպես ամեն չարի և բացասականի հոմանիշ: Ուրեմն պետք է հեռու մնալ ամեն սատանայական բանից, անկախ նրանից, թե հակասատանայական ուժերդ ինչ աստիճանի են: Շառից ու փորձանքից հեռու:
Անշուշտ, Ձեզ հետաքրքրեց, թե ինչ կապ կա 666 և 23 թվերի միջև: Երկրորդն արժանահիշատակ չէ որևէ առումով, և 666 թվի հետ դրա առճակատումը բացատրության կարիք ունի: Կարծում եմ, որ այդ բացատրությունն ակնհայտ կդառնա, երբ ծանոթանաք 2000-ական թվականների մեր օրենսդրի և անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի այն գլուխգործոցին, որի մասին պատրաստվում եմ պատմել:
Ես ՀՀ տնտեսական դատարանի դատավորներից էի և ստացա մի գործ, որով հայցվորի` դատարան դիմած սուբյեկտի, անվանումն էր «666» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն: Պատասխանողը, ում դեմ ներկայացվել էր հայցադիմումը, ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն էր: Ի՞նչ էր տեղի ունեցել, ինչի՞ց և ի՞նչ վեճ էր ծագել կողմերի միջև:
Հայցվորն իր ձեռք բերած շինությունների նկատմամբ իր սեփականության իրավունքի գրանցման վերաբերյալ դիմում էր ներկայացրել պատասխանողին, բայց դիմումին կցված իրավահաստատող փաստաթղթերի կազմում չէր ներառել այն հողամասի վերաբերյալ իրավահաստատող փաստաթղթերը, որին ամրակայված էին շինությունները: Հենց այդ փաստաթղթերի բացակայության պատճառաբանությամբ ու դրանք ներկայացվելու ակնկալիքով պատասխանողը վերադարձրել էր դիմումը: Հայցվորը շտկել էր մատնանշված թերությունը և դիմումն արդեն ամբողջական փաստաթղթերի ուղեկցությամբ կրկին ներկայացրել էր պատասխանողին: Վերջինը երևի շատ էր սիրում կրկնաբանությունը և ինքն էլ կրկին վերադարձրել էր դիմումը, այս անգամ` այլ պատճառաբանությամբ և վերջնական: Պատասխանողը պատճառաբանել էր, թե հայցվորը բաց է թողել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի` տվյալ պահի խմբագրությամբ գործող 23-րդ հոդվածով սահմանված մեկամսյա ժամկետը:
Դիմումը երկրորդ անգամ վերադարձվելուց հետո հայցվորը դիմել էր դատարան, խնդրելով պարտադրել պատասխանողին կատարելու հայցվորի իրավունքի պետական գրանցումը: Հայցադիմումը շարադրված էր կամայական դատողություններով, առանց որևէ հիմնավոր և ուշադրության արժանի փաստարկի: Բովանդակային առումով հայցադիմումին արժանի պատասխան էլ ներկայացվել էր պատասխանողի կողմից` «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով սահմանված մեկամսյա ժամկետի վկայակոչմամբ:
Դատական նիստին ներկայացել էր միայն հայցվորի ներկայացուցիչը: Պատասխանողը երևի ապահովագրված էր զգում իրեն իր վկայակոչած հոդվածով և, ջուրը չտեսած, բոբիկացել էր, ի՜նչ իմանար, որ բոբիկանալն էլ չէր փրկի, քանի որ առջևում ոչ թե պարզապես ջուր էր, այլ իրավական ջրհեղեղ:
Դատական նիստի ընթացքում որևէ առանձնահատուկ բան տեղի չունեցավ: Ես հասկացա, որ հայցվորի ներկայացուցիչն էլ չի պատկերացնում իրերի իրական և իրավական վիճակն ու արագ ավարտեցի գործի քննությունը: Ժամանակն ինձ ավելի շատ պետք էր վճիռը գրելու համար:
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի` տվյալ պահի դրությամբ գործող խմբագրությամբ 23-րդ հոդվածով անշարժ գույքի հետ կապված գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցման տարօրինակ ժամկետ էր սահմանված` գործարքի կնքման պահից մեկ ամիս: Իզուր չէ, որ այդ կերպ սահմանված ժամկետը տարօրինակ եմ համարում: Բանն այն է, որ «գործարքի կնքման պահ» արտահայտությունը չէր կարող մեկնաբանվել կամայական կերպով, իսկ «կնքում» բառն էլ իր իրավական իմաստով չէր կարող նույնականացվել «ստորագրում» կամ «վավերացում» բառերի հետ, առավել ևս` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 449-րդ հոդվածի 3-րդ մասով ամրագրված այն կանոնի պայմաններում, ըստ որի` պայմանագիրը, որից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման, կնքված է համարվում այդ իրավունքի պետական գրանցման պահից: Այսպիսով, անշարժ գույքի պարագայում առկա էր «գործարքի կնքման պահ» հասկացության սահմանումն ու կարող էինք «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածում «գործարքի կնքման պահից» արտահայտությունը փոխարինել այդ սահմանմամբ, և այդ դեպքում կստացվեր, որ անշարժ գույքի հետ կապված գործարքից ծագող իրավունքի պետական գրանցումը կատարվում է իրավունքի պետական գրանցման պահից մեկ ամսվա ընթացքում:
Ակնհայտ տաֆտալոգիա, որի արդյունքում անվիճելի էր դառնում, որ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածը` տվյալ պահի դրությամբ գործող խմբագրությամբ, անշարժ գույքի հետ կապված գործարքից ծագող իրավունքի պետական գրանցման որևէ ժամկետ չէր սահմանում: Կարող է հարց ծագել, թե իրավունքի գրանցման ժամկետ սահմանված չլինելու դեպքում ի՞նչ ժամկետում կարող էր իրավաչափ կերպով կատարվել այդ գրանցումը կամ ի՞նչ ժամկետի սպառումից հետո գրանցման մերժումը կլիներ իրավաչափ: Պատասխանն այնքան պարզ ու թափանցիկ է, որ վարանում եմ` ներկայացնե՞լ այն, թե՞ ոչ: Լավ, առաջնորդվեմ այն սկզբունքով, որ փոշմանում են ոչ թե արածի, այլ չարածի համար, ուրեմն` անեմ:
Որևէ գործողության կատարման համար ժամկետ սահմանված չլինելու դեպքում այդ գործողությունը կարող է կատարվել ցանկացած ժամանակ` առանց որևէ սահմանափակման: Սա նշանակում է, որ օրենքով նախատեսված որևէ գործողության կատարման պահանջի ներկայացումն էլ ժամանակավրեպ համարվել չի կարող, եթե այդ պահանջի ներկայացման համար ժամկետ սահմանված չէ:
Իսկ ինչպե՞ս հասկանալ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածը: Այն պետք էր հասկանալ այնպես, ինչպես ձևակերպված էր` «գործաքի կնքման պահից» արտահայտությունը փոխարինելով իրավական բովանդակության առումով լիովին համարժեք «իրավունքի պետական գրանցման պահից» արտահայտությամբ, և այդ միակ ճիշտ մոտեցման ու մեկնաբանության պայմաններում ակնհայտ կդառնար, որ վերը նշված հոդվածը եղել էր մեռելածին` օրենսդիրն այն վիժել էր: Ուրիշ ի՞նչ գնահատական կարելի է տալ օրենքում ներառված իրավական նորմին, որը ոչինչ չի սահմանում, չի նախատեսում, չի կարգավորում, չի թույլատրում, չի արգելում, չի …, չի …, չի …
Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, թե ես հիմա գործով կայացրածս վճիռն եմ գրում: Այն բառ առ բառ պարունակում էր վերևում շարադրված դատողություններն ու եզրահանգումները, որոնց հիման վրա ես հայցը բավարարեցի` ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին պարտադրեցի կատարել «666» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության պահանջը և պետական գրանցման ենթարկել անշարժ գույքի նկատմամբ ընկերության իրավունքը` անկախ նրանից, թե ընկերության կողմից այդ պահանջը երբ էր ներկայացվել կամ երբ կներկայացվեր: Ի դեպ, այս վճիռը չբողոքարկվեց և մտավ օրինական ուժի մեջ` դառնալով ուղեցույց և կանոն բոլոր այն դեպքերի համար, երբ որևէ սուբյեկտ փաստաթղթերի լիարժեք փաթեթի ուղեկցությամբ ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին կներկայացներ անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման մասին դիմում: Այդպիսի դիմումը ենթակա կլիներ բավարարման նույնիսկ անշարժ գույքի հետ կապված գործարքի (պայմանագրի) ստորագրման և/կամ նոտարական վավերացման պահից 100 տարի հետո, եթե … «Եթե»-ն տեղի ունեցավ, բայց դրա մասին կպատմեմ մի քիչ ավելի ուշ:
Երևի բոլորի համար պարզ դարձավ, որ այս պատմության վերնագիրը խորհրդանշում է «666» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի առճակատումն ու մենամարտը: Առերևույթ ընկերության զենքը 666 թիվն էր, իսկ ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեինը` 23 թիվը: Պարզ է, որ 666-ն առնվազն իր սատանայական էությամբ սովորական 23-ից ավելի զորեղ էր և պետք է հաղթեր: Պարզ չէ, թե ինչո՞ւ և ի՞նչ հույսով էր կոմիտեն իր խղճուկ զենքով ելել 666-ի դեմ. արդյո՞ք ընկերության այդ անվանումը նրան ոչինչ չէր հուշել: Միգուցե հուշել էր, իսկ միգուցե կոմիտեում էլ հավատացյալներ չկային: Ամեն դեպքում կոմիտեում էլ ոչ ոք ականջալուր չէր եղել օրենքի 23-րդ հոդվածի իրական բովանդակությանը և չէր հասկացել, որ այն պարզապես բառերի կույտ էր, որը խոցելի էր ոչ միայն 666-ի կողմից, այլև սովորական խեթ հայացքով:
Լավ, շարունակենք «666-ն ընդդեմ 23-ի» մենամարտի պատմությունը, որն իմ վճռով ոչ թե ավարտվեց, այլ սկսվեց:
Շուրջ մեկ տարի անց ես քննեցի նույնանման փաստերով ևս մեկ գործ, և ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն կրկին տանուլ տվեց գործն ու կրկին չբողոքարկեց վճիռը: Այնպիսի տպավորություն էր, թե կոմիտեն չէր ցանկանում, որ իմ վճռում շարադրված դատողությունները լայն տարածում ստանային: Թե ինչու, ես գիտեմ, բայց դա կարևոր չէ, և ես այդ մասին կլռեմ:
Այդ ժամանակաշրջանում ես միակ դատավորն էի, որ նմանատիպ վեճերը լուծել էի օրենքի չարաբաստիկ 23-րդ հոդվածի մեռելածին բնույթը վկայակոչելով: Այլ դատավորներ ևս վեճերը լուծում էին ի նպաստ իրավունքի պետական գրանցում ակնկալողների, բայց դա անում էին բաց թողնված ժամկետը վերականգնելու միջոցով, ինչի իրավունքը չունեին. օրենքն այդպիսի հնարավորություն չէր նախատեսում:
Շուրջ երեք տարի անց դատավորների սեմինարի ժամանակ զրուցում էի առաջին ատյանի դատավորներից մեկի հետ, և նա ինձ ասաց, որ իր վարույթում ունի նմանատիպ մի գործ, որը պատրաստվում է լուծել ի նպաստ իրավունքի պետական գրանցում ակնկալողի` բաց թողնված ժամկետը վերականգնելու միջոցով: Ես նրան բացատրեցի այդպիսի լուծման անօրինականությունը, տրամադրեցի «666» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գործով կայացրածս վճռի օրինակը, բացատրեցի դրա էությունը և խորհուրդ տվեցի վարվել նույն կերպ: Գործընկերս խանդավառությամբ ընդունեց իմ խորհուրդը և, ըստ էության, արտագրեց իմ կայացրած վճիռն ու հրապարակեց նույնաբովանդակ վճիռ: Երևի տիեզերքում ինչ-որ բան էր փոխվել, և ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն բողոքարկեց այդ վճիռը: Բանը հասավ «դիվան-բաշուն»` ՀՀ վճռաբեկ դատարանին, բայց ես շատ հանգիստ էի ոչ թե այն պատճառով, որ բողոքարկվածն առերևույթ իմ վճիռը չէր, այլ այն պատճառով, որ իմ վճռից արտագրված ու բողոքարկված վճիռն անխոցելի էր: Այդուհանդերձ, ես էլ անհամբեր սպասում էի, թե ինչ որոշում կկայացնի բարձրագույն դատական ատյանը: Ես այդ մասին իմացա ավելի շուտ, քան որոշումը կկայացվեր: Մի օր հեռախոսազանգ ստացա ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական գործերով պալատի նախագահից, ով խնդրեց իրեն տրամադրել «666»-ի գործով տարիներ առաջ կայացրածս վճիռը: Սա արդեն խոսում էր այն մասին, որ ՀՀ վճռաբեկ դատարանն էլ է պատրաստվում կրկնել իմ արածը: Իհարկե, ես տրամադրեցի վճիռը, և որոշ ժամանակ անց այն հրապարակվեց արդեն ՀՀ վճռաբեկ դատարանի որոշման տեսքով:
Մի քիչ էլ համբերեք, սա էլ դեռ վերջը չէ: Սատանայական թիվն իր գործը շարունակում էր և հակառակորդի` օրենքի 23-րդ հոդվածի, արատի մասին աղմուկը հասցրեց ՀՀ կառավարությանը: Այնտեղ արագ հասկացան, որ սատանայի մատը խառն էր այս հարցում, և որ 23-րդ հոդվածի գլխացավից ազատվելու համար ավելի լավ և ճիշտ կլիներ կտրել ցավող գլուխը: ՀՀ վճռաբեկ դատարանի որոշման հրապարակումից ընդամենը ամիսներ անց ՀՀ կառավարությունը ՀՀ ազգային ժողով ներկայացրեց «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծ, որը շատ արագ ընդունվեց, և նշված օրենքի 23-րդ հոդվածում «գործարքի կնքման պահից» բառերը փոխարինվեցին «գործարքի նոտարական վավերացման պահից» բառերով: Հոդվածը վերածնվեց և իրավական շունչ ու հոգի ստացավ:
Այսպիսով, 666-ը վերջնական ու անշրջելի հաղթանակ տարավ 23-ի նկատմամբ, և դա իրավաչափ ու արդարացի էր: Հիմա ինքներդ որոշեք` 666-ը սատանայակա՞ն թիվ է, թե՞ հրեշտակային:



