«Էմ Ջի Էմ Փարտներս» ընկերությունում յուրաքանչյուր գործ, գործի յուրաքանչյուր հարց մանրամասն քննարկվում է, տարբեր մասնագետներ հայտնում են իրենց կարծիքները, որոնք հաճախ կարող են չհամընկել, և դա հանգեցնում է կառուցողական քննարկման։
Հերթական քննարկումը վերաբերում էր ժամկետների հաշվարկմանը։ Թվում է, թե «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով, «Քաղաքացիական օրենսգրքով», «Քաղաքացիական դատավարության մասին» ՀՀ օրենսգրքերով և այլ իրավական ակտերով ամեն ինչ պարզ շարադրված է, սակայն գործնականում բազմաթիվ հարցեր են ծագում։
Ընդհանուր սկզբունքը, որը նշվում է տարբեր օրենքներում, հետևյալն է՝ օրենքով, այլ իրավական ակտերով, գործարքով սահմանված կամ դատարանի նշանակած ժամկետը որոշվում է օրացուցային տարով, ամսով, ամսաթվով կամ տարիներով, ամիսներով, շաբաթներով, օրերով կամ ժամերով հաշվարկվող որոշակի ժամանակահատվածի ավարտով: Ժամկետի ընթացքն սկսվում է այն օրացուցային տարվա, ամսվա և ամսաթվի կամ այն իրադարձության վրա հասնելու հաջորդ օրվանից, որով որոշված է ժամկետի սկիզբը:
Տարիներով հաշվարկվող ժամկետը լրանում է ժամկետի վերջին տարվա համապատասխան ամսին և ամսաթվին, ամիսներով հաշվարկվող ժամկետը լրանում է ժամկետի վերջին ամսվա համապատասխան ամսաթվին, շաբաթներովը՝ շաբաթվա համապատասխան օրը:
Եթե ժամկետի վերջին օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա ժամկետի ավարտի օր է համարվում դրան հաջորդող աշխատանքային օրը: Սրանք օրենքներում ներկայացված ընդհանուր սկզբունքներն են։
Սակայն գործնական աշխատանքում տարբեր մոտեցումներ են ցուցաբերվում վերը նշված նորմերի մեկնաբանմամբ։
Մասնավորապես, եզրափակիչ դատական ակտը պետք է հրապարակվեր ամսի 5-ին Դատական տեղեկատվական համակարգում, այն գեներացվել, այսինքն՝ հասանելի է դարձել բոլորին ամսի 15-ին, և հարց է ծագում, թե ինչպես հաշվարկել այդ դատական ակտի բողոքարկման մեկամսյա ժամկետը։
«Էմ Ջի Էմ Փարտներս» ընկերության նախագահի խորհրդական Կարեն Չիլինգարյանը խորհուրդ է տալիս ժամկետները հաշվարկելիս նկատի ունենալ մի քանի սկզբունք։ Նրա խոսքով՝ նախ պետք է տարանջատել ժամկետի սկիզբը ժամկետի ընթացքի մեկնարկումից, որպեսզի կարողանանք ճիշտ որոշել ժամկետի ավարտը։
Կարեն Չիլինգարյանը նշում է, որ ժամկետի սկիզբը հանդիսացող օրը որոշում ենք այն իրադարձությամբ, որով պայմանավորված է այդ ժամկետի սկիզբը, այս դեպքում այն վճռի հրապարակումն է։ Այժմ հարց է առաջանում՝ ժամկետի սկիզը ամսի 5-ն է, 15-ը, իսկ գուցե կողմի՝ ակտը ստանալու օրը, որը կարող է լինել շատ ավելի ուշ։
Կարեն Չիլինգարյանը բացատրում է, որ հրապարակման պահ պետք է համարվի ոչ թե նշանակման օրը, այլ գեներացման օրը և դրա հաջորդ օրվա առաջին իսկ ակնթարթից մեկնարկում է բողոքարկման մեկամսյա ժամկետի ընթացքը։ Իսկ հաջորդ ամսվա համապատասխան օրվա, այսինքն՝ բողոքարկման մեկամսյա վերջին օրվա ամսաթիվ հանդիսանում է ոչ թե ժամկետի ընթացքի մեկնարկի ամսաթիվը, այլ ակտի հրապարակման ամսաթիվը, այսինքն՝ ամսի 15-ը, ոչ թե 16-ը, այլապես մեկամսյա ժամկետում նույն ամսաթիվը կներառվի երկու անգամ, և դա որևէ ողջամիտ բացատրություն չի ունենա։ Այս հարցի վերաբերյալ Կարեն Չիլինգարյանը բազմաթիվ հատուկ կարծիքներ է գրել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորի պաշտոնը վարելիս։
Ժամկետի հաշվարկման նույն սկզբունքը պետք է կիրառվի նաև տարիներով և շաբաթներով հաշվարկվող ժամկետների նկատմամբ՝ նկատի ունենալով, որ տարին չի կարող երկու անգամ ներառել նույն ամիս, ամսաթիվը և շաբաթն էլ չի կարող կազմված լինել ավելի քան 7 օրից։
Ի դեպ, Վճռաբեկ դատարանը այլ դիրքորոշում ունի ժամկետների հաշվարկման վերաբերյալ, ըստ որի՝ ժամկետը ավարտվում է գեներացման հաջորդ օրը, այսինքն՝ ամսի 16-ին։



