Skip to main content

Նորաստեղծ ՀՀ տնտեսական դատարանը ժամանակավորապես տեղավորված էր երբեմնի Էրեբունի համայնքի առաջին ատյանի դատարանի շենքում, որտեղ երկու մեծ սենյակ առանձնացվել էին որպես դատական նիստերի դահլիճներ:  Դրանք կահավորված չէին այնպես, ինչպես հարիր է դատարանին.  Դատավորի գրասեղանը պետք է տեղադրված լիներ հատակից բարձր բեմահարթակի վրա, բայց սենյակում բեմահարթակ չկար, և Դատավորի գրասեղանը տեղադրված էր այն նույն ընդհանուր հատակի վրա, որի վրա տեղադրված էին դատական նիստերի քարտուղարի և կողմերի համար նախատեսված գրասեղաններն ու դռնբաց դատական նիստերին ներկա գտնվելու ցանկություն ունեցող անձանց համար նախատեսված աթոռները:  Ահա այդ դահլիճներից մեկում տեղի ունեցածի մասին է այս պատմությունը, որը եզակի ու բացառիկ է, թերևս, ամբողջ աշխարհում:

Քննվող գործի կողմերն էին մաքսային ծառայությունը և մի Ընկերություն, որն իր գործունեության շրջանակներում զբաղվում էր նաև արտերկրից տարբեր ապրանքների ներկրմամբ և Հայաստանից տարբեր ապրանքների արտահանմամբ:  Կողմերի միջև վեճը ծագել էր այն կապակցությամբ, որ հերթական անգամ երկրի մաքսային սահմանը հատող ապրանքների վերաբերյալ Ընկերության ներկայացրած բեռնա-մաքսային հայտարարագրերի և դրանց վերաբերելի բեռների զննության ու համեմատության արդյունքում մաքսային ծառայության աշխատակիցներն Ընկերությանը վերագրել էին մաքսային կանոնների խախտումներ և Ընկերությանը վճարման էին առաջադրել բեռների մաքսազերծման հետ կապված լրացուցիչ գումարներ, այդ թվում` տուգանային գումարներ, որոնք վճարելուց Ընկերությունը հրաժարվել էր:

Դահլիճը լեփ-լեցուն էր.  դռնբաց դատական նիստին ներկա գտնվելու ցանկություն ունեցողների թիվն անսովոր մեծ էր:  Դահլիճում առկա միակ թափուր աթոռը տեղադրված էր Դատավորի գրասեղանից քիչ հեռու` նրա աթոռին զուգահեռ, և ուղղված էր դեպի դահլիճը:

Մաքսային ծառայության ներկայացուցիչը հապճեպ ու կցկտուր ձևով Դատարանին ներկայացրեց գործին վերաբերվող փաստերը և իր խոսքն ավարտեց Ընկերությանն ուղղված պահանջով, որը հանգում էր Ընկերությունից պետության օգտին որոշակի գումարի բռնագանձմանը: «Ավարտեցի՞ք», հարցրեց Դատավորը:

«Այո, հարգելի Դատարան», հնչեց պատասխանը:

«Իսկ ի՞նչ ապացույցներով են հաստատվում Ձեր վկայակոչած փաստերը, ներկայացրեք դրանք».  սա Դատավորի հաջորդ հարցն էր, որին ի պատասխան մաքսային ծառայության ներկայացուցիչը բացեց գրասեղանի վրա դրված իր պայուսակը, այնտեղից դուրս բերեց փաստաթղթերի մի ստվար փաթեթ, հանդիսավոր քայլերով մոտեցավ Դատավորի գրասեղանին և դրա վրա դրեց փաթեթը` «Ահա բոլոր ապացույցները, հարգելի Դատարան»:

Դատավորը սպասեց, մինչև մաքսային ծառայության ներկայացուցիչը վերադարձավ իր տեղը, ապա` շատ հանգիստ և լուրջ ձայնով հարցրեց նրան.  «Որքա՞ն է Ձեր ներկայացրած փաթեթի քաշը, կես կիլիոգրամ կլինի՞»:  Պատասխանը չուշացավ. «Երևի կլինի»:

Դատավորը հայացքն ուղղեց դատական նիստերի քարտուղարին, ով զարմացած նրան էր նայում, և կարգադրեց արձանագրել, որ մաքսային ծառայության ներկայացուցիչը որպես ապացույցներ Դատարանին ներկայացրեց մոտավորապես կես կիլոգրամ փաստաթուղթ:

Բոլորն անակնկալի եկան և ապշած սպասում էին իրադարձությունների հետագա ընթացքին:

Ի վերջո, մաքսային ծառայության ներկայացուցիչը սթափվեց և խեղճացած դիմեց Դատարանին.  «Չէ, այդպես մի արձանագրեք, հարգելի Դատարան»:

«Իսկ ինչպե՞ս արձանագրենք, եթե Դուք հենց այդպես ներկայացրիք Ձեր ապացույցները», խիստ տոնով հարցրեց Դատավորը և որոշակի դադար տվեց` սպասելով մաքսային ծառայության ներկայացուցչի արձագանքին, բայց տեսնելով, որ նա չի կողմնորոշվում, շարունակեց.  «Վերցրեք Ձեր ներկայացրած փաթեթը:  Հիմա ես ընդմիջում կհայտարարեմ, որի ընթացքում Դուք կպատրաստեք ներկայացվող ապացույցների գրավոր ցանկը և ուղեկցող բացատրական գրության ու ապացույցների հետ միասին Դատարանին կներկայացնեք դատական նիստը վերսկսվելուց հետո»:

Դատական նիստն ընդմիջվեց որոշակի ժամանակով, և Դատավորը հեռացավ:

Նշանակված ժամին Դատավորը վերադարձավ դահլիճ և վերսկսեց դատական նիստը:

Մաքսային ծառայության ներկայացուցիչն ընդմիջման ընթացքում կատարել էր Դատավորի հանձնարարությունը:  Թռուցիկ կերպով ծանոթանալով նրա ներկայացրած փաստաթղթերին, Դատավորը սկսեց դրանց հետ կապված հարցեր տալ նրան:  Ընկերության կողմից մաքսային ծառայությանը ներկայացված բեռնա-մաքսային հայտարարագրերի հետ կապված հարց հնչեց այն մասին, թե ինչում է կայանում դրանց անճշտությունը, և մաքսային ծառայության ներկայացուցիչն սկսեց անորոշ բացատրություններ տալ, միաժամանակ մոտենալով Դատավորի գրասեղանին այն ակնկալիքով, որ Դատավորը փաստաթղթերն իրեն կտրամադրի կամ առնվազն դրանք կշրջի իր կողմը, բայց նրա ակնկալիքը չիրականացավ:  Դատավորը լուռ ու անշարժ հետևում էր մաքսային ծառայության ներկայացուցչի գործողություններին:  Վերջինս արդեն կանգնած էր Դատավորի գրասեղանին այնքան մոտ, որ դրա վրա դրված փաստաթղթերը տեսանելի էին նրա համար, բայց գլխիվայր շրջված ու դժվար ընթեռնելի:  Նա շարունակում էր խոսել ավելի ու ավելի ոգևորված ու տարված էր փաստաթղթերն իր համար առավել ընթեռնելի դարձնելու մտայնությամբ:  Չհամարձակվելով այդ անել Դատավորի առջև դրված փաստաթղթերը վերցնելու կամ դրանք շրջելու միջոցով, նա սկսեց վիզը ձգել դեպի առաջ և կողք, ինքնաբերաբար շրջանցեց Դատավորի գրասեղանը և ի վերջո հայտնվեց Դատավորի կողքին:  Փաստաթղթերը լիարժեք ընթեռնելի դարձան նրա  համար, և նա ինքնամոռաց կերպով խոսում էր` չնկատելով դահլիճում ներկաների տարակուսած հայացքները:  Դատավորն արդեն չէր լսում նրան:  Փոքր-ինչ հապաղելով, Դատավորն իր աթոռը տեղաշարժեց դեպի հակառակ կողմը, հայացքն ուղղեց դեպի վեր` մաքսային ծառայության ներկայացուցչի դեմքին, և ձեռքը պարզելով նրանից քիչ այն կողմ գտնվող միակ թափուր աթոռի ուղղությամբ` հանգիստ և լուրջ ձայնով ասաց.  «Աթոռը մոտեցրեք և նստեք»:  Առանց ընդհատելու իր խոսքը, մաքսային ծառայության ներկայացուցիչն արագ և վստահ շարժումներով մոտեցրեց աթոռը և բազմեց Դատավորի  կողքին:

Դահլիճում ներկա  գտնվողներն այլևս չկարողացան զսպել իրենց.  դահլիճը թնդաց նրանց լիաթոք ծիծաղից:  Մաքսային ծառայության ներկայացուցիչը ծիծաղի այդ պոռթկումից ակնթարթորեն սթափվեց, հասկացավ, թե ինչ է արել ու տեղից վեր թռավ այնպես, ինչպես շամպայնի շշի խցանն է թռչում:  Նա վազելով վերադարձավ իր  տեղը և շփոթված ու զղջացող ձայնով անընդհատ կրկնում էր. «Ներեցեք, ներեցեք, հարգելի Դատարան, ես գիտակցաբար չարեցի, պատահաբար այդպես ստացվեց, ներեցեք»:

«Բավական է ներողություն խնդրեք», խիստ ձայնով ընդհատեց նրան Դատավորը, «դրանով ցանկալի արդյունքի չեք հասնի»:

Մաքսային ծառայության ներկայացուցիչը պապանձվեց, իսկ Դատավորը շարունակեց.  «Այստեղից կվերադառնաք Ձեր աշխատավայրը և անմիջապես դիմում կգրեք, ստուգելու եմ»:

«Հարգելի Դատարան, ախր ես դիտավորյալ չարեցի, ես ամենայն հարգանքով եմ վերաբերվում Դատարանին, չէ՞ որ ես ներողություն խնդրեցի և կրկին խնդրում եմ, ի՞նչ կարիք կա դիմում գրելու». մաքսային ծառայության ներկայացուցչի ձայնը մատնում էր նրա տագնապած ու ահաբեկված վիճակը, նա բոլորովին նման չէր քիչ առաջ Դատավորի կողքին բազմած ու խրոխտ ձայնով խոսող մարդուն:  Ականատեսների համար պարզ էր, որ դրա պատճառը դիմում գրելու վերաբերյալ Դատավորի ասածն էր, ընդ որում, նրանց կարեկցող հայացքները վկայում էին այն մասին, որ նրանք մաքսային ծառայության ներկայացուցչին արդեն պատկերացնում էին աշխատանքը կորցրած մարդու վիճակում:

«Իսկ ինչու՞ եք այդպես խուճապի մատնվել, ի՞նչ է պատահել», շատ հանգիստ ու մեղմ ձայնով հարցրեց Դատավորը:

«Դուք ասացիք, որ աշխատավայր վերադառնալուն պես դիմում գրեմ:  Պարզ է, որ աշխատանքից ազատվելու դիմումի մասին է խոսքը, և եթե պարզեք, որ այդ դիմումը չեմ գրել, Դուք իմ ղեկավարությանը կտեղեկացնեք տեղի ունեցածի մասին». սա մաքսային ծառայության ներկայացուցչի վերջին խոսքն էր:

«Դուք նորից սխալվեցիք», հեգնական ժպիտով շարունակեց Դատավորը, «խոսքն այն մասին է, որ Դուք, հանդիսանալով քննվող գործի կողմերից մեկը, դատական նիստի ժամանակ բազմել եք Դատավորի  կողքին:  Թերևս, այդպիսի բան երբևէ չի կատարվել այս մոլորակի վրա, և Դուք հեղինակել եք բացառիկ ու անկրկնելի ռեկորդ, որը չի կարելի մոռացության մատնել:  Դուք պետք է դիմում գրեք Գինեսի ռեկորդների գիրքը վարողներին, և նրանք առանց վարանելու կգրանցեն Ձեր ռեկորդն այդ գրքում»:

Դահլիճում կարճատև լռություն տիրեց, ապա` բոլորը ոտքի ելան ու անթաքույց հիացմունքով սկսեցին ծափահարել ու անզուսպ քրքջալ:  Սա էլ դահլիճում ներկա գտնվողների ռեկորդն էր.  դատական նիստերի դահլիճում ծափահարությունները սովորական բան չեն:

Leave a Reply