Առանց կնքվելու չես կարող դառնալ կնքահայր, բայց ես` ի ծնե անուղղելի հերետիկոսս, դարձա, և այդ կնունքն օրհնվեց հայկական օրենքով: Հայաստանում Սորոսն աշխարհիկ կյանք մտավ հենց այդ կնունքով, բայց դրան նախորդեցին ծանր երկունքի րոպեներ: Մի զարմացեք, հիմա կպատմեմ, թե դա ինչպես տեղի ունեցավ, և Դուք կհամոզվեք, որ ես չեմ չափազանցում:
1996 թվականն էր: Այդ ժամանակաշրջանում անգլերենին տիրապետող իրավաբանները սակավ ու խիստ պահանջված էին, և ես նրանցից մեկն էի: Ես պետական պաշտոն էի զբաղեցնում արդարադատության համակարգում և ոչ միայն պաշտոնապես ընդգրկված էի նաև կառավարության հետ ակտիվորեն համագործակցող ամերիկյան USAID կազմակերպության թիմում, այլև իմ ազատ ժամանակի հաշվին զուգահեռաբար իրավաբանական ծառայություններ էի մատուցում միջազգային տարբեր կազմակերպությունների և օտարերկրյա ընկերությունների: Նորանկախ Հայաստանում օտարերկրյա փորձագետների մասնակցությամբ նոր օրենքներ էին մշակվում, և աշխույժ կերպով տարատեսակ օտարերկրյա ներդրումներ էին կատարվում բոլոր ոլորտներում: Բացառություն չէր կազմում նաև բարեգործության ոլորտը, ուր ոտք դնելու նպատակով Երևան էին ժամանել Սորոսի հիմնադրամի ներկայացուցիչները: Տևական մի ժամանակահատվածի ընթացքում նրանք փորձել էին տեղացի որոշ իրավաբանների օժանդակությամբ պատրաստել Հիմնադրամի ներկայացուցչության գրանցման համար պահանջվող փաստաթղթերի փաթեթը և այն ներկայացրել էին արդարադատության նախարարություն, բայց ինչ-ինչ թերությունների պատճառով մերժում էին ստացել, ինչից հետո դիմեցին ինձ` փակուղուց դուրս գալու համար:
Հիմնադրամի ներկայացուցչության գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերից մեկն այն անշարժ գույքի տիրապետման և օգտագործման իրավունքն ամրագրող փաստաթուղթն էր, որի տարածքը պետք է ծառայեր որպես Հիմնադրամի ներկայացուցչության աշխատավայր: Նախկինում այդօրինակ փաստաթուղթ տրամադրվում էր գույքագրման բյուրոյի կողմից, բայց տվյալ պահի դրությամբ արդեն ուժի մեջ էր մտել «Անշարժ գույքի մասին» ՀՀ օրենքը, որով նախատեսված էր անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման նոր համակարգ` նոր ստեղծվելիք պետական մարմնով և նոր նմուշի փաստաթղթերով, մասնավորապես, գույքագրման բյուրոն պետք է փոխարինվեր անշարժ գույքի կադաստրով, կառավարությունը պետք է սահմաներ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցամատյանի ձևը, և այդ գրանցամատյանում գրանցում կատարվելուց հետո իրավատիրոջը պետք է հանձնվեր իրավունքի պետական գրանցման վկայական: Այո, օրենքն ուժի մեջ էր մտել, բայց կադաստրի համակարգը դեռևս ստեղծված չէր, և անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցամատյանի ու այդ իրավունքների պետական գրանցման վկայականի ձևերն էլ դեռևս հաստատված չէին, իսկ անշարժ գույքի հետ կապված որոշակի սահմանափակ գործառույթներ էլ դեռևս իրականացվում էին գույքագրման բյուրոյի կողմից:
Ինձ դիմելու պահի դրությամբ Հիմնադրամի ներկայացուցիչները Երևանի Այգեձոր անվամբ հայտնի թաղամասում գտնվող մի առանձնատան սեփականատիրոջ հետ արդեն իսկ համաձայնություն էին ձեռք բերել այդ առանձնատունը որոշակի պայմաններով վարձակալելու մասին: Անհրաժեշտ էր կազմել վարձակալության պայմանագիր և կողմերի ստորագրություններով հաստատվելուց ու նոտարական կարգով վավերացվելուց հետո ապահովել դրանից Հիմնադրամի համար ծագող իրավունքի պետական գրանցումը, առանց որի պայմանագիրը կնքված չէր համարվի:
Քանի որ կադաստրի համակարգը և կիրառելի փաստաթղթերի ձևանմուշները դեռևս կյանքի կոչված չէին, ես նախ ձեռնամուխ եղա Հիմնադրամի ներկայացուցչության կանոնադրությունը և այլ անհրաժեշտ փաստաթղթերը կազմելուն ու ձեռք բերելուն: Մեկ շաբաթ հետո ամեն ինչ պատրաստ էր, Հիմնադրամի ներկայացուցչության կանոնադրությունն արդարադատության նախարարությունում գրանցված էր, կնիքը մեր ձեռքում էր, իսկ վարձակալության պայմանագիրն էլ արդեն երկկողմանի ստորագրված ու նոտարի կողմից վավերացված էր: Մնում էր ավարտել վարձակալության պայմանագրի կնքման գործընթացը` հասնել այդ պայմանագրից վարձակալի համար ծագող իրավունքի պետական գրանցմանը: Համապատասխան գրանցամատյանի ձևը դեռևս հաստատված չլինելու պայմաններում այդ անելն անհնար էր թվում, բայց ես կաշկանդված էի սեղմ ժամկետում Հիմնադրամի ներկայացուցչության գործունեության մեկնարկն ապահովելու մասին տվածս խոստմամբ: Միտքս անընդհատ ինչ-որ ելք էր որոնում ու սևեռվեց որոշակի մի գաղափարի վրա: Կարծես թե թունելի վերջում լույս երևաց, բայց այն վարագուրված էր պետական գրանցամատյանի բացակայությամբ, և անհրաժեշտ էր գտնել նաև այդ վարագույրը բացելու բանալին: Դա հեշտ լինել չէր կարող, քանի որ վարագույրի փականն ուներ երկու բանալի, որոնցից միայն մեկն էր իմ ձեռքում, իսկ մյուսին տիրապետում էր գույքագրման բյուրոյի համապատասխան բաժնի պետը` Արմեն Առաքելյանը: Ես նրան ճանաչում էի USAID կազմակերպության հետ համագործակցության շրջանակներում կատարված աշխատանքներից, որոնց ակտիվորեն ներգրավված էր նաև նա, ընդ որում, նա ինձ վրա շատ գրագետ, բանիմաց և արհեստավարժ անձի տպավորություն էր թողել, և հենց դա էր հուսադրում ինձ: Բայց մի բան է հույսը, մեկ այլ բան է լույսը, իսկ ինձ հենց լույսն էր պետք: Այլընտրանք չունեի:
Առավոտ վաղ` աշխատանքային օրն սկսվելուն պես, ես գնացի գույքագրման բյուրո, հետս տանելով նաև վարձակալության պայմանագիրը: Լարված մտածում էի` արդյո՞ք կհասնեմ իմ նպատակին, արդյո՞ք իմ փաստարկները համոզիչ կլինեն, արդյո՞ք Արմեն Առաքելյանը կողջունի իմ մտահղացումը, որի դեմ հնարավոր հակափաստարկները ես արդեն պատկերացնում էի: Սրտիս զարկերը լսելի էին, համբերությանս բաժակը բերնեբերան լցված էր:
Արմեն Առաքելյանն ինձ ընդունեց գրկաբաց ու քարտուղարուհուն խնդրեց մեզ սուրճ տալ: Փոխադարձ որպիսության մասին սովորական հարցուփորձից հետո անցանք գործնական զրույցի, որը համեմվեց քարտուղարուհու մատուցած սուրճի բուրմունքով, բայց սուրճն այդպես էլ չխմեցինք, քանի որ արդեն տարված էինք անշարժ գույքին առնչվող տարբեր խնդրահարույց հարցերով: Ի վերջո, հնչեց այն հարցը, որին անհամբեր սպասում էի.
«Իսկ կոնկրետ ի՞նչ խնդիր է քեզ բերել ինձ մոտ: Քո զբաղվածությունն իմանալով, վստահ եմ, որ հենց այնպես չես եկել»:
«Այո, կոնկրետ խնդրի լուծում եմ ակնկալում», պատասխանեցի ես ու թղթապանակիցս հանեցի վարձակալության պայմանագիրը: «Այս պայմանագրից ծագող իրավունքի պետական գրանցումն եմ ակնկալում», շարունակեցի ես:
Արմեն Առաքելյանի դեմքին զարմանք հայտնվեց, և նա սկսեց առարկել. «Ախր դու էլ գիտես, որ պետական գրանցամատյանի ձևը կառավարության կողմից դեռևս հաստատված չէ: Ներիր, բայց խնդրանքդ պետք է մերժեմ, քանի որ չեմ կարող գրանցում կատարել գոյություն չունեցող գրանցամատյանում»:
Իհարկե, լսածս ինձ համար անսպասելի չէր, և ես պատրաստ էի դրան:
«Այս պայմանագիրը պարունակում է կողմերի և վարձակալության տրվող գույքի վերաբերյալ օրենքով պահանջվող բոլոր տվյալները: Ինձ մոտ են նաև Ձեր իսկ կողմից վարձատուին տրված` գույքի նկատմամբ նրա տիտղոսը հավաստող վկայականը և վարձակալի իրավասուբյեկտությունը հավաստող փաստաթղթերը: Ձեզ մնում է միայն ստուգել բոլոր փաստաթղթերը և գրի առնել բոլոր անհրաժեշտ տվյալները. հենց դա է պետական գրանցման էությունը»,- հեռվից սկսեցի ես, բայց Արմեն Առաքելյանը վճռական ձայնով ընդհատեց ինձ.
«Դու իրավացի ես, բայց որտե՞ղ կատարենք այդ տվյալների գրանցումը, եթե չունենք պետական գրանցամատյան: Ներիր, բայց պետք է սպասես, մինչև կառավարությունը հաստատի գրանցամատյանի ձևը, և մենք ստանանք այդ ձևին համապատասխանող գրանցամատյան»:
«Իսկ ի՞նչ պատճառաբանությամբ կմերժեք ինձ, եթե ես գրավոր դիմում ներկայացնեմ: «Անշարժ գույքի մասին» ՀՀ օրենքն արդեն ուժի մեջ է մտել առանց վերապահումների, և ես հղում եմ կատարում այդ օրենքին ու դրա հիման վրա եմ պահանջում կատարել պետական գրանցում, ընդ որում, օրենքով սահմանված է նաև գրանցման որոշակի ժամկետ: Եթե ես ձեր մերժումը վիճարկեմ դատական կարգով, ի՞նչ եք ասելու դատարանում», ես նույնպես անդրդվելի էի ու չէի հանձնվում:
«Ասելու ենք այն, ինչ կա, իսկ թե ինչ կորոշի դատարանը, չեմ կարող ասել», Արմեն Առաքելյանի ձայնում արդեն չէր հնչում նախկին վճռականությունը, բայց և հարցին լուծում տալու պատրաստակամություն էլ չէր զգացվում:
Ինձ մոտ մնացել էր վերջին փամփուշտը, և ես կրակեցի այն. «Ես հարցի լուծման ժամանակավոր ձև եմ ուզում առաջարկել: Քարտուղարուհուն հանձնարարիր, որ սովորական ու լրիվ նոր գրասենյակային մի մատյան բերի: Այդ մատյանի վրա գրեք դրա անվանումը` անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցամատյան, մատյանում նշեք օրենքով պահանջվող բոլոր տվյալները, իսկ երբ ստանաք կառավարության սահմանած ձևին համապատասխանող գրանցամատյանը, այդ տվյալները փոխանցեք այնտեղ»:
Արմեն Առաքելյանը լուռ էր: Նրա դեմքը մտազբաղ էր. սառույցն ակնհայտորեն շարժվել էր իմ առաջարկից, և նա ծանրութեթև էր անում այն: Լռությունը երկար չտևեց: Արմեն Առաքելյանի դեմքը միանգամից պայծառացավ ու նա խանդավառված ձայնով ասաց. «Շատ լավ առաջարկ է, արի այդպես էլ անենք»:
Քիչ անց քարտուղարուհին բերեց պահանջված մատյանը, և Արմեն Առաքելյանն անձամբ դրա կազմի վրա գրեց դրա անվանումը, ապա` բացեց մատյանը, առաջին էջում գծեց գրանցման ենթակա տվյալների սյունակները և դրանք լրացրեց: Աշխատանքն ավարտելով, նա բարձրացրեց գլուխը, և մենք հաղթական հայացքներ փոխանակեցինք:
«Անշարժ գույքի մասին» ՀՀ օրենքի հիման վրա թիվ 1 համարի ներքո կատարվեց անշարժ գույքի նկատմամբ Հիմնադրամի ներկայացուցչության իրավունքի պետական գրանցումը, և դա առաջինն էր Հայաստանում, իսկ դրա կնքահայրերը մենք էինք` Արմեն Առաքելյանը և ես: Թերևս, այդ կնունքը Հայաստանում առաջինն էր նաև նրանով, որ կնքահայրերից մեկը կնքված չէր: Այդ կնքահայրը ես էի:
Հաջորդ օրվանից Հիմնադրամի ներկայացուցչությունն սկսեց աշխատել, իսկ թե ինչպես և ինչ արդյունքներով` դատեցեք ինքներդ, ես ամիսներ անց հրաժեշտ եմ տվել Հիմնադրամի ներկայացուցչությանը և դրա հետ կապ չեմ ունեցել: Չմոռանամ ասել, որ նախքան հրաժեշտ տալն առիթ եմ ունեցել մասնակցել Հիմնադրամի ներկայացուցչության հետ կապված ևս մեկ կնունքի, ու դարձյալ չկնքված կնքահոր կարգավիճակով, բայց այդ մասին հաջորդ դասին:



