Ես չեմ խոսում մայիս ամսվա մասին, որի խենթացնող բույրը չի կարող հաճելի գլխապտույտ չառաջացնել: Դա մի ամիս է, որը կարելի է համարել բոլորի ծննդյան ամիսը, անկախ նրանից, թե ով երբ է լույս աշխարհ եկել: Դա մի ամիս է, որով սիրով կփոխարինեի տարվա մյուս բոլոր 11 ամիսները, եթե ձեռքիս ճար լիներ: Դա մի ամիս է, որը գարնան և ամբողջ տարվա թագ ու պսակն է: Դա մի ամիս է, որը… Այսպես կարելի է երկար շարունակել մինչև հաջորդ մայիսի գալուստը:
Բայց ես ստիպված եմ մոռանալ մայիս ամիսը և, չուզելով հանդերձ, հիշել այդ շքեղ ու վարդաբույր անունն անարժան կերպով կրող մի տղամարդու և նրա հետ կապված պատմությունը, որն օրինակ է այն բանի, թե ինչպիսին չպետք է լինի Մայիս տղամարդը:
1990-ական թվականների ցուրտ ու մութ օրերն էին: Արցախյան պատերազմի երանելի հաղթանակից ու Հայաստանի անկախության հռչակումից հետո երկիրը դեռ չէր հասցրել ոտքի կանգնել: Դժվարությունները շատ էին, բայց սառույցն արդեն շարժվել էր, իսկ ժողովուրդն էլ համախբված էր ու տոգորված երկիրը ծաղկեցնելու` շուրջտարյա վարդաբույր դարձնելու, հեռանկարով:
Ես այդ ժամանակ ՀՀ Գերագույն դատարանում օրենսդրության համակարգման և դատական պրակտիկայի ամփոփման բաժնի պետի պաշտոնն էի զբաղեցնում: Խիստ ծանրաբեռնված էի աշխատանքով, առավել ևս, որ անգլերենին տիրապետելու բերումով պաշտոնապես ընդգրկված էի նաև մեր կառավարության կողմից միջազգային փորձագետների օժանդակությամբ իրականացվող տարբեր ծրագրերում: Այդ ամենով հանդերձ, պետք էր նաև գոյատևել և հոգալ ընտանիքի ապրուստը, ինչն ապահովելու համար ամբողջ անձնական ժամանակիս հաշվին զբաղվում էի նաև մասնավոր գործունեությամբ` միջազգային և օտարերկրյա կազմակերպություններին ու անհատներին իրավաբանական ծառայությունների մատուցմամբ:
Մի օր հեռախոսազանգ ստացա HSBC նորաբաց բանկում աշխատող մի ծանոթից, ով հարցրեց, թե արդյոք իրվաբանական օգնություն կմատուցեմ իրենց հաճախորդը հանդիսացող ամերիկահայ մի կնոջ, ով ցանկանում էր գործարար ծրագրեր իրականացնել Հայաստանում:
Ես տվեցի համաձայնությունս և քիչ անց հենց իմ աշխատասենյակում ընդունեցի տիկնոջը` Անժելային, ում ուղեկցում էր Արթուր անունով մի երիտասարդ տղա: Բոլոր անելիքների մասին պայմանավորվելուց հետո մեր զրույցն ավելի ընդարձակվեց, և ինձ հայտնի դարձան Անժելային ու Արթուրին վերաբերող որոշ մանրամասներ:
Տարիներ առաջ Անժելան արտագաղթել էր ԱՄՆ, ստացել ամերիկյան քաղաքացիություն և ապրում ու որոշակի գործունեություն էր իրականացնում Ամերիկայում: Նախքան արտագաղթելը շատ մտերիմ էր եղել ծագումով Վարդենիսցի մի հարևանուհու հետ, ում եղբոր` Վարդենիսում բնակվող Մայիսի, երկու որդիներից մեկն էր Արթուրը: Վարդենիսում Մայիսն իր ընտանիքի հետ ապրել և աշխատել էր որպես շինարարական վարչության պետ: Ապրել էին լիուլի, ամեն ինչով ապահովված: Բայց տվյալ պահի դրությամբ Մայիսը դատապարտված էր ազատազրկման 6 տարի ժամկետով` յուրացման համար, և նրա ընտանիքը` կինը, որդիները, հարսը և փոքր թոռները, հայտնվել էին շատ թշվառ վիճակում: Անժելան պարբերաբար ֆինանսական օգնություն էր ցուցաբերում նրանց, իսկ Արթուրն էլ տնից տեղից կտրված Երևանում տրանսպորտային ծառայություններ էր մատուցում Անժելային` հորը պատկանող «Վոլգա ԳԱԶ 3102» ավտոմեքենայով փոխադրելով նրան տեղից տեղ: Այդ ժամանակաշրջանում «Վոլգա ԳԱԶ 3102» ավտոմեքենան շռայլություն էր համարվում և քչերին էր տրված:
Ես սկսեցի զբաղվել Անժելայի գործերով, և ամեն ինչ հալած յուղի պես առաջ էր գնում: Անժելան պարբերաբար գալիս էր ինձ մոտ` խորհրդատվություն ստանալու կամ տվյալ պահին անհրաժեշտ փաստաթղթեր ստորագրելու համար, իսկ Արթուրը նրա վարորդը և մշտական ուղեկիցն էր:
Մի օր Արթուրը փաստաթուղթ պետք է բերեր ինձ մոտ, բայց ուշանում էր: Հանկարծ նա ներս խուժեց իմ աշխատասենյակը` գզգզված շորերով ու արնահոսող քթով: Ակնհայտ էր, որ դրսում ծեծ էր կերել: Նախ ես նրան տրամադրեցի անհրաժեշտ բժշկական պարագաներ` քթի արնահոսությունը դադարեցնելու համար, ապա` սկսեցի հարցուփորձ անել կատարվածի մասին: Պարզվեց, որ Արթուրը մեքենայով բախվել էր Գերագույն դատարանի հարևանությամբ գտնվող սեփական տներից մեկի տիրոջ մեքենային, ինչից հետո նրանց միջև սկսվել էր վիճաբանություն, որն էլ վերածվել էր փողոցային ծեծկռտուքի: Արթուրի հակառակորդին միացել էին նրա ընկեր-հարևանները, և Արթուրը, մնալով մենակ, որոշել էր ճողոպրել ու ապաստան գտնել Գերագույն դատարանում, որտեղ նրա միակ ծանոթն ու հովանավորը ես էի:
«Շենքից դուրս չգաս, ես շուտով կվերադառնամ», ասացի Արթուրին ու դուրս եկա: Վթարի վայրում ոչինչ չէր փոխվել: Մեքենաներն իրենց տեղում էին, շրջապատված Արթուրի հակառակորդներով, որոնք դեռ սպասում էին Արթուրի վերադարձին` մարտական տրամադրվածությամբ: Ինձ հաջողվեց արագ ընդհանուր լեզու գտնել նրանց հետ և խաղաղեցնել այն աստիճանի, որ նրանք սկսեցին ինձ տուն հրավիրել` մի բաժակ կոնյակ խմելու: Իհարկե, ես քաղաքավարությամբ հրաժարվեցի և փորձեցի պարզել, թե ինչպես է տեղի ունեցել պատահարը: Մեքենաների դիրքից և լսածս պատմությունից ակնհայտ էր, որ մեղավորն Արթուրն էր, և ինքն էլ հետագայում չժխտեց դա: Բարեբախտաբար, Արթուրի մեղքով տուժածի մեքենային մեծ վնաս չէր պատճառվել, և խաղաղ սակարկություններից հետո գրպանումս եղած գումարը բավարարեց նրան հրաժեշտ տալու համար: Ինչ վերաբերում է Արթուրի մեքենային, դրա հետագա շահագործումն առանց վերանորոգման անհնար էր: Ճիշտ է, մեքենայի շարժիչն աշխատում էր, և մեքենան տեղաշարժվում էր, բայց զգացվում էր, որ մեքենայի ընթացքին խոչընդոտող լուրջ վնասվածքներ կային, որոնք արտաքուստ տեսանելի չէին:
Ճար չկար, մեքենան այդպես թողնել չէր կարելի, քանի որ խանգարում էր այլ մեքենաների երթևեկությանը: Ես կանչեցի Արթուրին, և մենք հրելով մեքենան տեղափոխեցինք ավելի լայն ու հարմար տարածք, իսկ երեկոյան, երբ փողոցները գրեթե դատարկ էին, մեքենան մի կերպ տեղափոխեցինք Արեշ` ինձ ծանոթ մի արհեստավորի մոտ: Մի քանի օր անց մեքենան վերանորոգված էր ու պատրաստ շահագործման: Ես գիտեի, որ Արթուրի գրպանները դատարկ էին, և այստեղ էլ ձեռքս տարա գրպանս` արհեստավորին հավուր պատշաճի հրաժեշտ տալու համար: Գումարը բավական մեծ էր` նույնիսկ իմ հանդեպ կիրառված զեղչով, բայց ես կարող էի թույլ տալ ինձ այդ շռայլությունը. մասնավոր գործունեության շրջանակներում ես լուրջ գումարներ էի վաստակում միջազգային կազմակերպություններին պայմանագրային հիմունքներով մատուցածս ծառայությունների դիմաց: Արթուրի վիճակն առանց այդ էլ անմխիթար էր, և ես չէի կարող նրան մենակ թողնել:
Կարծես թե ամեն ինչ դարձյալ հունի մեջ ընկավ և շարունակվում էր իր բնականոն ընթացքով, բայց դա երկար չտևեց:
Մի օր Անժելան ինձ դիմեց Արթուրի հորը` վարդենիսցի Մայիսին, օգնելու խնդրանքով: Իհարկե, ես նրան ոչինչ չխոստացա, բայց նաև չմերժեցի խնդրի լուծման իրավական հնարավորությունները պարզելու և դրա առավել բարենպաստ լուծման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու համար:
Ես խորհրդակցեցի Գերագույն դատարանի մի քանի դատավորների հետ: Նրանք առաջարկեցին, որ Մայիսը կարճ ժամկետում վերականգնի իր յուրացմամբ պետությանը պատճառված վնասը, որոշակի գումար վճարի Հայաստանում գործող բարեգործական հիմնադրամներից մեկի հաշվին և կատարածի մասին անկեղծորեն զղջալու մասին դիմումով ՀՀ Գերագույն դատարանից ակնկալի պատժաչափի վերանայում:
Ամեն ինչ շատ արագ կատարվեց Անժելայի օժանդակությամբ: Նա Մայիսի ընտանիքին փոխառությամբ տրամադրեց պահանջվող գումարները` նրանց առաջարկած այն պայմանով, որ Մայիսի «Վոլգա ԳԱԶ 31»-ը կվաճառվի և պարտքը կմարվի նախքան իր Ամերիկա մեկնելը: Այս մասին տեղեկացվեց նաև Մայիսը: Երբ Մայիսի դիմումը համապատասխան փաստաթղթերի ուղեկցությամբ հասավ ՀՀ Գերագույն դատարան և քննության համար հանձնվեց երեք դատավորների, ես զրուցեցի նաև նրանց հետ ու ներկայացրի Մայիսի ընտանիքի անմխիթար վիճակը, որն ինձնից լավ ոչ ոք չգիտեր: Դա նույնպես որոշակի ազդեցություն ունեցավ, որ դատավորներն անեին օրենքով թույլատրելի առավելագույնը: Մայիսի ազատազրկման ժամկետը կրճատվեց և 6 տարվա փոխարեն սահմանվեց 1 տարի, որի մեծ մասը նա արդեն անցկացրել էր ազատազրկման վայրում: Մնում էին հաշված ամիսներ, և Մայիսը կվերադառնար Վարդենիս` իր ընտանիքի գիրկը:
Այս ամենը կարծես հեքիաթում լիներ, և բոլորս սպասում էինք, թե երբ է երկնքից երեք խնձոր ընկնելու: Բայց երկնքից խնձորի փոխարեն ընկավ խնձորի չորացած չիր: Հեքիաթում հայտնվեց մի անտեսանելի չար վհուկ, որը կախարդեց Մայիսին ու դարձրեց երախտամոռ մի արարած: Նա մոռացավ իր խոստումները և ազատազրկման վայրից մի ուղերձ հղեց Արթուրին` արգելելով վաճառել մեքենան: «Ես այդ ավտոմեքենայով պետք գամ և կանգնեմ Վարդենիսի կենտրոնում, և բոլորը պիտի տեսնեն, որ նախկին Մայիսն եմ` ազատության մեջ», սա էր Մայիսի ուղերձը, և այն հունից հանեց Անժելային: Մոտենում էր նրա Ամերիկա վերադառնալու օրը, և նա մտածում էր, որ մինչ այդ հետ չի ստանա Մայիսի ընտանիքին փոխառությամբ տված գումարները: Բարեկամաբար տված գումարների մասին նա չէր էլ մտածում, և այդ գումարների չափն էլ չէր հիշում: Բայց փոխառությամբ տրված գումարները շոշափելի էին;
Անժելայի և Արթուրի հարաբերությունները տեսանելի կերպով լարվել էին, բայց Արթուրը ոչինչ անել չէր կարող, իսկ Անժելան էլ սպասելու ժամանակ չուներ, և նրան հետաքրքրում էր միայն իր գումարները հետ ստանալու հարցը:
Երբ ինձ էլ հասանելի դարձավ Մայիսի խայտառակ ու երախտամոռ ուղերձը, որոշեցի կապերս խզել Անժելայի և Արթուրի հետ, բայց Անժելան բոլորովին այլ մարդ էր դարձել, ինքն էլ էր նետվել երախտամոռության գիրկը, մոռանալով այն ամենը, ինչ ես արել էի նրա համար, և ոչ միայն դադարել էր օգնել Մայիսի ընտանիքին, այլև պահանջատիրոջ կեցվածք էր ընդունել իմ նկատմամբ ու հանգիստ չէր տալիս ինձ:
Ես ինչ-որ տեղ հասկանում էի Անժելային, բայց ոչ իմ նկատմամբ նրա վերաբերմունքի հարցում: Ամեն ինչ չափ ու սահման ունի:
Փորձելով սթափեցնել Մայիսին, ես մի քառատող գրեցի, տվեցի Արթուրին ու պահանջեցի անպայման հանձնել Մայիսին.
Քեզ վարդաբույր մայիս ծնած Վարդենիսում էլ վարդ չկա,
Աչքը որդուդ ճամփին սառած` հարսիդ ձեռքին էլ զարդ չկա,
Դարդ ես դարձել որդուդ գլխին, քեզանից մեծ էլ դարդ չկա,
Կարծում էիր, թե մենակ չես, բայց իմացիր, որ թիկունքիդ էլ մարդ չկա:
Ոչինչ չփոխվեց: Երևի Մայիսը մոռացել էր հայերեն կարդալը կամ էլ իրեն քառատողի պանծալի հերոս էր համարել:
Հույսը կտրելով Մայիսից ու նրա ընտանիքի անդամներից, Անժելան որոշեց, որ իր պարտապանը ես եմ, և ինձ հետ պետք է խոսել շանտաժի լեզվով: Առաջին քայլը, որ նա արեց անբարոյականության դաշտում, հեռախոսազանգն էր իմ կնոջը: Անժելան ինչ-որ տեղից հայթայթել էր իմ բնակարանի հեռախոսահամարը, զանգահարել այդ հեռախոսահամարով և, ճշտելով, որ խոսում է կնոջս հետ, ներկայացել էր որպես իմ սիրուհին ու լեզվին ազատություն տվել այնպես, կարծես դրա տակ ատամ չկար: Անժելան կնոջիցս պահանջել էր նաև գումար` իր հետ իմ իբր ունեցած սիրախաղերի դիմաց: Այդ երեկո մեր տանը շատ անախորժ խոսակցություն տեղի ունեցավ իմ և կնոջս միջև: Ես նրան բացատրեցի ամեն ինչ, բայց չգիտեմ, թե արդյո՞ք նա իրապես համոզվեց իմ անմեղության հարցում: Ինչևէ, ժամանակը հարթեց կամ արտաքուստ հարթեց այդ տհաճ միջադեպը, բայց պարզվեց, որ դա միայն սկիզբն էր: Անժելայի սցենարը շատ ավելի լայն էր:
Անժելայի հաջորդ քայլն առավել վճռական ու ազդեցիկ էր: Նա եկավ ինձ մոտ ու առանց այլևայլության հայտարարեց, որ եթե ես իրեն չվերադարձնեմ 3000 ԱՄՆ դոլար, ապա ինքը հաղորդում կներկայացնի այն մասին, թե իբր Մայիսի ազատազրկման ժամկետի կրճատման հարցը լուծվել է կաշառքով` իմ միջնորդությամբ ու իրենից շորթված գումարով: Սա արդեն լուրջ սպառնալիք էր, և ես արդեն վստահ էի, որ նա չի հապաղի նաև սուտ մատնությամբ հանդես գալ, բայց այդ դեպքում կպախարակվեին ոչ միայն իմ, այլև Գերագույն դատարանի երեք դատավորների անբասիր անունները, ինչը թույլ տալ ես չէի կարող: Ես նրան առաջարկեցի հաջորդ օրը գալ գումարը վերցնելու և այլևս երբեք իմ աչքին չերևալ, եթե ցանկանում է հասնել Ամերիկա:
Հաջորդ օրը ես նրան Մայիսի անունից կազմված ստացականի դիմաց հանձնեցի 3000 ԱՄՆ դոլար ու իմ աշխատասենյակից վռնդեցի հետևյալ խոսքերով.
Քար մի գցիր այն աղբյուրը,
Որից խմել ես կենարար ջուրը,
Ու մի հարվածիր երբեք այն ձեռքին,
Որը դարման է դրել քո վերքին:
Կամուրջ մի քանդիր,
Դեռ հետ ես գալու,
Ու մի հոխորտա,
Դեռ շատ ես լալու:
Չմոռացա նաև շեշտել, որ անբարոյականության հարցում Մայիսն իրենից սովորելու շատ բան ունի:
Աշխատասենյակիս դուռը շրխկալով փակեցի Անժելայի քթի տակ ու էլ երբեք չտեսա նրան:
Շուրջ 20-25 տարի չտեսա նաև Արթուրին:
Ես արդեն վաղուց ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր էի: Դատական նիստերի հերթական օրը մտա դահլիճ, և աչքիս զարնեց մի շատ ծանոթ դեմք. Արթուրն էր, սպիտակած ու կնճռոտված: Սկզբում նա ձև արեց, թե չի ճանաչում ինձ, բայց երբ ես նրան դիմեցի անունով, անմիջապես հանձնվեց: Պարզվեց, որ եկել էր դատական նիստի` եղբոր հետ ունեցած ժառանգական վեճով: Ի՞նչ եք կարծում, ես քննեցի՞ այդ գործը: Իհարկե, ոչ, և պատճառը ոչ թե անաչառությանս հարցում կասկածն էր, այլ աններելի և տխուր հիշողությունները: Ես ինքաբացարկ հայտնեցի ու հեռացա դահլիճից` Արթուրի մեղայական ու զղջացող, բայց խեղճուկրակ հայացքի ուղեկցությամբ:
Ահա և վերջ: Մայիսը ծնվել էր վարդաբույր Վարդենիսում, բայց ինքը վարդաբույր չէր և վարդի բույրի փոխարեն էլ որդիներին փոխանցել էր ընդամենը ժառանգական վեճ:
Այո, Մայիսը վարդաբույր չէր, և թող մյուս բոլոր Մայիսները դասեր քաղեն նրանից ու իրենց կյանքն ապրեն մայիսի նման:



