Դատական նիստերի դահլիճում կողմերն արդեն զբաղեցրել էին իրենց տեղերը և սպասում էին Դատավորին: Նշանակված ժամին նա ներս մտավ, և բոլորը ոտքի կանգնած դիմավորեցին նրան: Զբաղեցնելով իր տեղը, նա բոլորին հրավիրեց նստելու և դատական նիստը հայտարարեց բացված: Քննվելու էր տնտեսավարող Ընկերության և հարկային տեսչության միջև ծագած վեճի վերաբերյալ քաղաքացիական գործ: Ընկերությունը հայցվորն էր, իսկ հարկային տեսչությունը` պատասխանողը: Ընկերությունում կատարած ստուգման արդյունքում հարկային տեսչությունն Ընկերությանը վերագրել էր որոշակի խախտումներ և կազմած ակտով վճարման էր առաջադրել լրացուցիչ հարկային պարտավորությունների որոշակի գումար, ինչին համաձայն չլինելով` Ընկերությունը ստուգման ակտն անվավեր ճանաչելու պահանջով դիմել էր Դատարան:
Դատավորն սկսեց ստուգել կողմերի ներկայացուցիչների ինքնությունը և լիազորությունները: Դատարանում հայցվորի անունից հանդես գալու համար ներկայացել էր Ընկերության տնօրենը, և համապատասխան փաստաթղթերն ստուգելուց հետո Դատավորը ճանաչեց նրա լիազորությունները:
Պատասխանողի անունից ներկայացած երիտասարդը հարկային տեսչության իրավաբանական բաժնի աշխատակից էր, ով տեսչության մասնակցությամբ այլ գործերով բազմիցս մասնակցել էր Դատավորի իրականացրած դատավարություններին ու լավ ծանոթ էր նրա աշխատաոճին ու սկզբունքներին: Նրա ինքնությունը և աշխատանքային կարգավիճակը հավաստվեցին անձնագրով և ծառայողական վկայականով, որոնք Դատավորի կողմից ստուգվելուց հետո վերադարձվեցին նրան:
Դատավորի ձեռքում մնաց երիտասարդի ներկայացրած լիազորագիրը, որը մանրակրկիտ զննելուց հետո Դատավորը դիմեց նրան. «Ո՞վ է ստորագրել այս լիազորագիրը»:
«Հարկային տեսչության պետը, հարգելի՛ Դատարան», հնչեց պատասխանը:
Դատավորի հաջորդ հարցը վերաբերում էր հարկային տեսչության պետի ազգանվանը, և այն լսելուց հետո Դատավորը դարձյալ դիմեց լիազորագիրը ներկայացրած երիտասարդին. «Լիազորագրում առկա է գրիչով կատարված ստորագրություն և հարկային տեսչության պետի ազգանունը` մեքենագիր տեսքով, բայց ազգանվան դիմաց առկա է նաև գրիչով գծված թեք գծիկ, որն ակնհայտորեն ստորագրության մաս չի կազմում: Ո՞րն է այդ գծիկի նշանակությունը»:
«Ներեցեք, հարգելի Դատարան, ես սխալվեցի` Ձեր նախորդ հարցին պատասխանելիս: Իրականում լիազորագիրն ստորագրել է հարկային տեսչության պետի տեղակալը, ով պետի բացակայության դեպքում փոխարինում է նրան և իրականացնում նրա լիազորությունները, այդ թվում` ստորագրում է լիազորագրերը: Իսկ Ձեր հիշատակած գծիկը նույնպես գծվել է նրա կողմից և նշանակում է, որ ստորագրությունը կատարվել է լիազորագրում նշված պաշտոնատար անձին փոխարինողի կողմից»:
Դատավորը շարունակեց. «Լիազորագրի ստորագրման Ձեր նկարագրած կարգը և եղանակը, մասնավորապես` լիազորագրում որոշակի պաշտոնատար անձի պաշտոնը և ազգանունը նշված լինելու պայմաններում լիազորագիրն այլ` անհայտ, անձի կողմից ստորագրվելու իրավաչափ հնարավորությունը, ինչպես նաև ազգանվան դիմաց գծիկի տեսքով կատարված սեպագիր արձանագրության նշանակությունը ո՞ր իրավական ակտով են սահմանված, և լիազորագիրն ընթերցողն ինչպե՞ս պետք է վերծանի այդ սեպագիր արձանագրությունն ու հավաստիանա այն հարցում, որ լիազորագիրն ստորագրվել է համապատասխան իրավասություն ունեցող անձի կողմից»: Դատավորի այս հարցերը մնացին անպատասխան. հարկային տեսչության աշխատակիցը շփոթված լռում էր, քանի որ ինքն էլ գիտակցում էր, որ իր ներկայացրած լիազորագիրն օրենքի պահանջներին չէր համապատասխանում, իսկ դրանում չնշված անձի կողմից գծիկի ուղեկցությամբ լիազորագրի ստորագրումն էլ սոսկ արատավոր պրակտիկայի դրսևորումներից էր:
«Ձեր ներկայացրած լիազորագիրը պատշաճ ձևակերպված չէ` դրանում նշված չեն այն ստորագրած անձի պաշտոնը և ազգանունը, և դրա հիման վրա Ձեր լիազորությունները Դատարանում ճանաչվել չեն կարող: Սա նշանակում է, որ Դուք չեք կարող մասնակցել գործի քննությանը, բայց Դուք կարող եք մնալ Ձեր տեղում և լուռ հետևել դատավարության ընթացքին». սրանով Դատավորը եզրափակեց դատական նիստի նախապատրաստական փուլը, որոշեց գործը քննել պատասխանողի բացակայությամբ և անցավ հայցվորի բացատրությունները լսելուն, ապա` գրավոր ապացույցները հետազոտելուն:
Հայցվոր Ընկերությունը հայցադիմումի հետ միասին Դատարան էր ներկայացրել նաև վիճարկվող ակտի լուսապատճենը: Այն զննելիս` Դատավորն ամսաթվի շրջակայքում նկատեց կասկածելի հետքեր, որոնք, ըստ Դատավորի, կարող էին վկայել սկզբնապես նշված ամսաթիվը հատուկ ներկանյութով քողարկված և այդ ներկանյութի վրա այլ ամսաթիվ նշված լինելու մասին: Ակտի իրական ամսաթիվը վճռորոշ նշանակություն ուներ ակտի վավերականության հարցը լուծելու համար, ուստի Դատավորը կարևորեց այն ու հայցվոր Ընկերության տնօրենից պահանջեց ներկայացնել ակտի բնօրինակը, բայց ստացավ հետևյալ պատասխանը. «Հարգելի՛ Դատարան, ակտի բնօրինակը ստուգումն իրականացրած անձանց կողմից մեզ չի հանձնվել, իսկ դրա` մեզ հանձնված լուսապատճենը ես արդեն ներկայացրել եմ հայցադիմումի հետ միասին»:
Ստեղծված իրավիճակում ակտի բնօրինակը կարող էր լինել միայն պատասխանողի մոտ, բայց Դատավորը չէր ճանաչել վերջինիս անունից Դատարան ներկայացած և դահլիճում գտնվող աշխատակցի համապատասխան լիազորությունները, ինչը նշանակում էր, որ Դատավորը չէր կարող պաշտոնապես նրանից պահանջել և զննել գործին վերաբերող որևէ փաստաթուղթ: Ակտի բնօրինակը զննելու հարցը կարծես թե փակուղի մտավ, բայց Դատավորը սովոր չէր նահանջելու, առավել ևս` գործի լուծման համար կարևոր նշանակություն ունեցող և խաթարված արդարության վերակագնմանը միտված հարցերում:
«Ես անպայման պետք է տեսնեմ ակտի բնօրինակը և փարատեմ դրա հետ կապված կասկածներս», մտածում էր Դատավորը, «բայց ինչպե՞ս անել դա, որ դատական նիստի ձայնագրությամբ չարձանագրվի, և հետագայում անհարկի խնդիրներ չառաջանան»:
Որոշումը ծնվեց միանգամից:
Դատավորը պահանջատիրական խիստ հայացքը գամեց հարկային տեսչության աշխատակցի դեմքին: Վերջինս նկատեց Դատավորի հայացքը, անմիջապես հասկացավ, թե ինչ է պահանջվում իրենից և, գիտակցելով, որ չի կարող խոսել առանց Դատավորի թույլատրության, գլուխը բացասաբար տարուբերեց. նա կամ չէր տիրապետում ակտի բնօրինակին, կամ էլ տիրապետում էր, բայց չէր ուզում այն ներկայացնել: Երկրորդ տարբերակը Դատավորին առավել հավանական էր թվում, և նա որոշեց շարունակել երկխոսությունը համրերի լեզվով: Դատավորը բարձրացրեց աջ հոնքը` առավել խստություն հաղորդելով հարկային տեսչության աշխատակցին ուղղված իր հայացքին, և ակտի բնօրինակը ներկայացնելու լռելյայն պահանջը շեշտեց նաև ցուցամատը շարժելու միջոցով: Կարծես հրաշք տեղի ունեցավ` սառույցը շարժվեց, պարոնայք երդվյալ ատենակալներ: Հարկային տեսչության աշխատակիցը կարծես հիպնոսված լիներ Դատավորի հայացքով: Նա պայուսակից հանեց փաստաթղթերի մի տրցակ, դրանցից առանձնացրեց մեկը, ոտքի կանգնեց, մոտեցավ Դատավորի գրասեղանին ու դրա վրա դրեց ակտի բնօրինակը` միաժամանակ ինքնամոռաց կերպով բարձրաձայն ընդունելով ակտի բնօրինակում հատուկ ներկանյութի օգտագործմամբ ամսաթվի ջնջում կատարված և այն փոխված լինելու փաստն ու փորձելով ինչ-որ բացատրություն ներկայացնել այդ կապակցությամբ, բայց Դատավորն արդեն չէր լսում նրան:
Ակնթարթորեն հավաստիանալով իրեն հետաքրքրող հարցում, ու համոզվելով, որ ինքը չի սխալվել, Դատավորը խիստ տոնով ու հեգնանքով հարկային տեսչության աշխատակցին ուղղեց հետևյալ հանդիմանական խոսքերը. «Բավական չէ, որ Ձեր լիազորությունները ճանաչված չլինելու պայմաններում զբոսնում եք դահլիճում, Ձեզ թույլ եք տալիս նաև բարձրաձայն մենախոսել` խանգարելով դատական նիստի կարգը: Լուռ նստեք դահլիճում կամ հեռացեք»:
Հարկային տեսչության աշխատակիցն անմիջապես լռեց, երկու ձեռքով բռնեց գլուխը և վերադարձավ իր տեղը: Այսպես է բանն աշխարհի` ինչ որ ցանես, այն կհնձես:



