Դուք սխալվեցիք. պատմությունը ժայռոտ լեռներում տեղի ունեցած դեպքի չի վերաբերում: Այն տեղի է ունեցել դատական նիստերի դահլիճում դատական մի գործի քննության ժամանակ: «Իսկ մի՞թե դատական նիստերի դահլիճում ձայնն արձագանքում է», տարակուսած կհարցնեք Դուք: Արձագանքել է, այն էլ ինչպես: Այդ արձագանքը նույնիսկ ավելի հզոր էր, քան կլիներ բարձր ժայռերով պարսպված լեռնային տարածքում: Չե՞ք հավատում: Դե լսեք: Դատական նիստերի դահլիճը մարդաշատ էր: Այդ օրը հաջորդաբար մի քանի գործերով նիստեր էին նշանակված, և այդ գործերին մասնակցող անձինք տեղ էին զբաղեցրել դահլիճում: Բացի նրանցից, դահլիճում էր գտնվում նաև իրավաբանական կրթություն ստացող երիտասարդ ուսանողների մի խումբ. քննաշրջանից առաջ նրանց հետ գործնական պարապմունքներ էին անցկացվում դատարանում: Ամեն ինչ ընթանում էր բնականոն հունով: Հերթական դատական նիստում Դատավորն արդեն լսել էր հայցվորի բացատրությունները: Հերթը պատասխանողինն էր, ում շահերը ներկայացնում էր շատ երիտասարդ ու սկսնակ մի փաստաբան: Նրա լիազորությունները ստուգելիս, Դատավորը զննել էր նաև նրա արտոնագիրը և նկատել, որ այն տրվել էր օրեր առաջ: Ակնհայտ էր, որ փաստաբանն անփորձ էր ու, թերևս, առաջին անգամ էր մասնակցում դատական նիստի: Նա փորձում էր թաքցնել հուզմունքը, և սկզբում դա նրան հաջողվում էր: Ոտքի կանգնելով, պատասխանողի ներկայացուցիչն սկսեց առարկել հայցի դեմ: Չափազանց մանրամասնորեն ու ջանասիրաբար նա շարադրեց իր առարկությունների հիմքում ընկած փաստարկներից մեկը, ապա հանդիսավոր կերպով լռեց, գլուխը բարձրացրեց ու սպասողական հայացքն ուղղեց Դատավորին: Կարծես թե նա վստահ չէր, որ Դատավորը լսում է իրեն: Իսկ Դատավորը նրա խոսքը լսելուն զուգահեռ ուսումնասիրում էր գործում եղած և տվյալ փաստարկին վերաբերելի գրավոր ապացույցներըգլուխը խոնարհած դրանց վրա, և երիտասարդի հայացքը նկատեց միայն այն պահին, երբ տևական լռությունը նրան դրդեց բարձրացնել գլուխը: «Ավարտեցի՞ք», զարմացած հարցրեց Դատավորը:
«Ոչ, հարգելի՛ դատարան, ես էլի փաստարկներ ունեմ», հնչեց պատասխանը:
«Այդ դեպքում ինչո՞ւ լռեցիք, ինչո՞ւ չեք շարունակում», դարձյալ նույն տոնով հարցրեց Դատավորը: Պատասխանողի ներկայացուցիչը հազիվ լսելի ձայնով կմկմաց. «Դե, առաջին փաստարկին որևէ արձագանք չեղավ …»: Նրա խոսքը կիսատ մնաց:
«Ահա թե ի՜նչ, Դուք սպասում եք Ձեր փաստարկի արձագանքի՞ն», հարցրեց Դատավորը և, պատասխանի չսպասելով, շարունակեց, «այդ դեպքում պետք է խնդրեմ կրկնել փաստարկը»: Պատասխանողի ներկայացուցիչը ոգևորվեց: «Դատավորը պատրաստվում է արձագանքել իմ փաստարկին», խանդավառված մտածում էր նա, պատրաստվելով ամենասկզբից կրկնել իր կողմից արդեն իսկ ասվածը: ԴԵպքերի հետագա ընթացքն անսպասելի զարգացում և ավարտ ունեցավ բոլորի համար, բոլորի, բացի Դատավորից: Նա արդեն մտովի պատկերացնում էր այդ զարգացման սցենարը: Նա վստահ էր, որ պատասխանողի ներկայացուցիչը շուտով դարձյալ կընդհատի խոսքը և հայացքը կուղղի իրեն սպասելով արձագանքի: Դատավորը չսխալվեց և պատրաստ էր այդ պահին: Երբ այն վրա հասավ, Դատավորը ցուցադրաբար բարձրացրեց բռունցքված աջ ձեռքը, ապաշեշտակի արագությամբ այն իջեցրեց, միաժամանակ դահլիճով մեկ թնդացող ձայնով հնչեցնելով երիտասարդների շրջանում լայնորեն տարածված օտարալեզու մի ձայնարկություն «WOW»:
Մի պահ լռություն տիրեց դահլիճում, և դրան անմիջապես հաջորդեց նույն ձայնարկությունն այնպես, կարծես թե դահլիճի պատերն արձագանքեցին Դատավորին: Իրականում դահլիճում գտնվող երիտասարդներն էին գոչում «WOW»: «Լսեցի՞ք արձագանքը, բավարարվա՞ծ եք», հանդուրժողաբար վերաբերվելով երիտասարդների ինքնաբուխ և իր ակնկալած պոռթկմանն ու հիացական ժպիտը դեմքին` Դատավորը դիմեց պատասխանողի ներկայացուցչին, բայց վերջինս կարկամել էր և ի վիճակի չէր ինչ-որ բան ասել: Նա արձագանքի էր սպասում և հենց արձագանք էլ ստացավ, ճիշտ է, ո՛չ իր սպասածը և ո՛չ սովորական, բայց բացառիկ ու անկրկնելի:
Այդ օրը նշանակված դատական նիստերն ավարտվեցին, բայց այդ օրը հնչած արձագանքը դեռ երկար ժամանակ արձագանքում էր դատարանի շենքում:
Այ քեզ արձագա՜նք:



